ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 83 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազորված անձ Հարություն Համբարձումյանի 3.04.2013 թ. գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազորված անձ Հարություն Համբարձումյանի կողմից ներկայացված գրությամբ վկայակոչվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, և խնդրվում է տրամադրել պարզաբանում ՀՀ ընտրական օրենսգրքի նշված հոդվածի վերաբերյալ, մեկնաբանելով այն դրույթը, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում ԿԸՀ որոշմամբ հատկացված և թափուր մնացած գովազդային վահանակների համար տվյալ ընտրություններին մասնակցող այլ թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքները գովազդային վահանակները տնօրինողի հետ քարոզչական պաստառներ փակցնելու պայմանագիր կնքելու իրավունք ունեն, թե ոչ:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.
«6. Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կամ մարմինները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում` ի գիտություն թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների: Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում են պայմանագիր` քարոզչական պաստառը փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողը ազատ է կնքելու այլ պայմանագիր:»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ վերոհիշյալ իրավանորմը մանրակրկիտ կանոնակարգում է 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառների տեղադրման կարգն ու պայմանները համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Իրավանորմով նման վահանակներ տնօրինող կազմակերպությունների և մարմինների համար սահմանվում են սովորական պայմաններից տարբերվող որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, վերջիններս որպես այդ վահանակների տնօրինողներ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառներ տեղադրելու առումով չունեն բացարձակ պայմանագրային ազատություն: Վերջիններս նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառներ տեղադրելու համար տրամադրման նպատակով առաջարկում են իրենց վահանակները, սակայն չունեն որևէ իրավունք միջամտելու վահանակների բաշխման գործընթացին: Ավելին, ունեն օրենսդրական պարտավորություն պայմանագիր կնքելիս առաջնորդվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշման պահանջներով:
Նշված իրավանորմի տրամաբանությունից ուղղակիորեն բխում է, որ.
- գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները և մարմինները եթե ցանկություն ունեն իրենց տնօրինության տակ գտնվող, 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տրամադրելու թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին, ապա պարտավոր են համապետական և Երևանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն այդ վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ.
- կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունները պետք է տեղադրվեն հանձնաժողովի համացանցային կայքում` ի գիտություն թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների.
- նշված տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ իրավասու սուբյեկտները ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում իրավունք ունեն ներկայացնելու իրենց հայտերը.
- բաշխումը պետք է իրականացվի նախապես և սահմանված ժամկետներում ներկայացված հայտերին համապատասխան:
Նույն իրավանորմի տրամաբանությունից ակնհայտորեն բխում է, որ համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակ տնօրինող կազմակերպությունը զրկված է նշված վահանակները ընտրական գործընթացի մասնակիցներին ուղղակի առաջարկելու իրավունքից: Միաժամանակ ակնհայտ է, որ եթե գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները և մարմիններն իրենց վահանակները տրամադրելու վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացրել, ապա նրանք չեն կարող շրջանցելով ընտրական օրենսգրքի պահանջներն այդ վահանակներն ուղղակի առաջարկել համապետական և Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող սուբյեկտներին, քանզի կբովանդակազրկվի վահանակների բաշխման ինստիտուտի դերն ու նշանակությունը:
Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում են պայմանագիր` քարոզչական պաստառը փակցնելու համար»: Նշված դրույթը հստակ սահմանում է պայմանագրի կնքման հիմքը և առարկան: Հիմքը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է, իսկ առարկան կոնկրետ այն վահանակը, որը նշված է հանձնաժողովի որոշման մեջ:
Նույն հոդվածում նշվում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողը ազատ է կնքելու այլ պայմանագիր:»:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանագրի ազատության սկզբունքը, ակնհայտ է, որ նշված այլ պայմանագրի սուբյեկտ չեն կարող հանդիսանալ համապետական կամ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող թեկնածուն, կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), քանզի ընտրական գործընթացին մասնակցող թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար սահմանված են որոշակի սահմանափակումներ ապահովելու համար ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովումը:
Ավելին, ընտրական օրենսգիրքը իրականացված բաշխումից հետո չի սահմանում չօգտագործված վահանակների բաշխման կամ վերաբաշխման հնարավորություն կամ ընթացակարգ: Սահմանված չեն վարքագծի կանոններ քարոզչական վահանակներ տնօրինողների համար սեփական հայեցողությամբ վահանակների բաշխում, տրամադրում իրականացնելու համար:
Վերոգրյալով պայմանավորված՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված «այլ պայմանագիր»-ը կարող է կնքվել այլ՝ համապետական կամ Երևանի ավագանու ընտրությանը չմասնակցող, սուբյեկտի հետ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերոհիշյալ իրավական դիրքորոշումները պայմանավորված են նաև ընտրական օրենսգրքի 6-րդ գլխի իրավանորմերի ու կանոնակարգումների բովանդակային տրամաբանությամբ: Նշված գլխի իրավանորմերում սահմանված են նախընտրական քարոզչության նկատմամբ ֆինանսական վերահսկողությանն առնչվող մի շարք գործառույթներ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում տեղադրվող քարոզչական պաստառների տեղադրման համար կարող են օգտագործվել բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցները, ապա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնակարգումը տրամաբանորեն շաղկապվում է նաև պատշաճ ֆինանսական վերահսկողություն իրականացնելու ինստիտուտի հետ:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները։
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»։
Վերոգրյալի հաշվառմամբ և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողը ազատ է կնքելու այլ պայմանագիր» իրավադրույթում նշված «այլ պայմանագիր»-ը արտաքին գովազդային վահանակ տնօրինող կազմակերպությունը կամ մարմինը չի կարող կնքել համապետական և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող և գովազդային վահանակների բաշխմանը մասնակցած, ինչպես նաև չմասնակցած թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հետ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |