Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-25.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.01/3(447)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 4

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ

 

«Գնումների մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ 2-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի համաձայն, Օրենքի իմաստով պատվիրատու են համարվում նաև հանրային ծառայությունները:

Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`

1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.

2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են նաև տեղեկագրում.

3) բողոքարկումն իրականացվում է Օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիթորինգ):

Միաժամանակ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված են գնում կատարելու ընթացակարգերը, իսկ Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը։

Վերը նշված դրույթները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս այն առումով, որ հանրային կազմակերպությունների կողմից հաստատված գնումների կատարման կարգերը պետք է համապատասխանեն նաև Օրենքի մնացած հոդվածներում սահմանված դրույթներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168-Ն որոշման (այսուհետ` Որոշում) պահանջներին և այդ կարգերում կարող են սահմանվել միայն այն լրացուցիչ պահանջները (առանձնահատկությունները), որոնք չեն կարգավորվում Օրենքով և Որոշմամբ, թե այդ կարգերը միայն պետք է համապատասխանեն Օրենքի 3-րդ հոդվածում սահմանված նպատակներին, սկզբունքներին և հանձնաժողովի սահմանած լրացուցիչ պահանջներին:

Տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս նաև այն, թե հանրային կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ բողոքները պետք է քննվեն գնումների բողոքարկման խորհրդում, թե՞ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը` պաշտոնապես պարզաբանում ենք`

1. Հանձնաժողովը պետք է քննարկի հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջները (առանձնահատկությունները) և վերջիններիս ներկայացրած հիմնավորումներն ընդունելու դեպքում միայն դրանք կարող են Հանձնաժողովի կողմից սահմանվել որպես լրացուցիչ պահանջներ և տարբերվել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից:

2. Հանրային կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ բողոքները պետք է քննվեն գնումների բողոքարկման խորհրդում, իսկ Հանձնաժողովը չի կարող քննել այդ բողոքները, քանի որ վերջինս օրենքով նման լիազորությամբ օժտված չէ: Սակայն դա չի սահմանափակում մասնակիցների իրավունքը իրենց մտահոգությունների և անհամաձայնությունների մասին որևէ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի, այդ թվում՝ Հանձնաժողովին հայտնելու վերաբերյալ:

 

Նախարար՝

Վ. Գաբրիելյան