«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2002 թվականի N 270
քաղ. Երևան
ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները
1. Ցուցանակի տեղադրմանը և եզրաչափերին ներկայացվող պահանջներն են՝
ա) ցուցանակը պետք է տեղադրված լինի կազմակերպության ճակատային մասում (որտեղ տեղադրված են մուտքը և ցուցափեղկը) առաջին հարկի լուսամուտախորշերի կամ ցուցափեղկերի արանքում և երկրորդ հարկի լուսամուտախորշերի արանքում և չպետք է դուրս ցցվի երկրորդ հարկի լուսամուտախորշերի ներքևի եզրից վերև:
Ցուցանակի ներքևի եզրը չպետք է գտնվի հողի մակերևույթից առնվազն 2,5 մետր բարձրության վրա.
բ) ցուցանակը պատի մակերևույթից չպետք է դուրս ցցվի 0,5 մետրից ավելի.
գ) ցուցանակը չպետք է զբաղեցնի շենքի ճակատային մասի 1/6 մասից ավելին.
դ) ցուցանակի տառերի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0,8 մետր և ոչ պակաս, քան 0,1 մետր.
ե) ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի ներքին անհատական կամ արտաքին հոսանքի աղբյուրներով և չպետք է ունենա թարթող լուսավորման աղբյուրներ.
զ) ցուցանակը տեղադրվում է հակահրդեհային, սանիտարական ու սպասարկման նորմերի և անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան:
2. Ցուցանակի լեզվին և լրացման ձևերին ներկայացվող պահանջներն են՝
ա) ցուցանակի լեզուն հայերենն է: Ցուցանակի հայերեն տեղեկատվությունը կարող է զուգորդվել այլ լեզուներով նշված տեղեկատվությամբ.
բ) ցուցանակի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով շարադրված տարբերակի ծավալին.
գ) ցուցանակի այլ լեզվով շարադրանքը պետք է լինի հայերեն շարադրանքից ներքև կամ աջ հատվածում (ըստ ձախից աջ գրության):
3. Ցուցանակների վրա պետք է զետեղվեն հետևյալ տեղեկությունները՝ կազմակերպության ճակատային մասում փակցված ցուցանակի վրա նշվում են կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, իսկ մուտքի դռան ցուցանակի վրա՝ աշխատանքային ռեժիմը: