«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«8» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2001 թվականի N 838
«ՍԱՊՖԻՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 1724286 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` նախօրոք հայտնի գնորդ «Իմպերիալ-Ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` գնորդ):
2. Սահմանել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 825474 հազ. դրամ, որը համապատասխանում է 825474 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 64.6 տոկոս):
3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 533256 հազ. դրամ է, որը համապատասխանում է 533256 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4. Գնորդը մասնավորեցվող պետական գույքի դիմաց պետք է վճարի 400000 հազ. դրամ, որից 300000 հազ. դրամը` ընկերության բաժնետոմսերի, իսկ 100000 հազ. դրամը` հողի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար:
5. «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 898812 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտք` 811614 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 24606 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 14032 հազ. դրամ.
պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 11683 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարներ` 23890 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 12987 հազ. դրամ:
6. «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) գնորդի հետ վարել բանակցություններ «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գտնվող ակումբն առանձնացնելու և այն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքին հանձնելու շուրջ:
8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
ա) գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մասնավորեցման պայմանագիրը կնքելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
բ) առաջիկա 3 տարվա ընթացքում լրացուցիչ ներդրումները կկազմեն 3000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
գ) սոցիալական երաշխիքների գծով` առաջիկա 3 տարվա ընթացքում կպահպանվի 500 աշխատատեղ` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ միջին ամսական վարձատրությամբ:
9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման ընդունումից հետո 20-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 10,93 հեկտար հողատարածքի ուղղակի վաճառքի ձևով օտարումը «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերությանը` 100000 հազ. դրամով, որը ենթակա է լրիվ վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` հողի առք ու վաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել մասնավորեցված «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության գույքային իրավունքները հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ:
11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 8-ից: