ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՂԱՎԱԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 50423/08)
Վ Ճ Ի Ռ
5-րդ հոդվածի 3-րդ կետ • Մինչդատական կալանքի հիմնավորվածությունը • Հարկերից խուսափելուն օժանդակելու և դրդելու կասկածանքով ձերբակալվելուց հետո դիմումատուի կալանավորումը • Հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետ • Դատարանի կողմից գործի վերանայումը • Անհիմն սահմանափակում ենթադրող՝ կալանավորման հարցը դատական կարգով վերանայելուց հրաժարվելը բացառապես այն հիմքով, որ քրեական գործն այլևս մինչդատական փուլում չի գտնվում • Վերանայման ընթացակարգային երաշխիքները • Կալանքի բողոքարկման գործով դատավարության ժամանակ դիմումատուի փաստաբանի բացակայությունը հեռախոսակապի միջոցով պատշաճ ծանուցումից հետո • Փաստաբանի ծանուցման ընթացակարգի բացակայությունը • Կամայականությունը բացառող բավարար երաշխիքներով չապահովելը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
22 հոկտեմբերի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ղավալյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]՝ Նախագահ,
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Թիմ Այքը [Tim Eicke],
Ռաֆաելե Սաբատո [Raffaele Sabato]՝ դատավորներ,
և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» [եվրոպական] կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Անուշ Ղավալյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 50423/08),
գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
դիմումատուի որդու գրությունը, որով նա Դատարանին տեղեկացրել է դիմումատուի մահվան և վերջինիս կողմից ներկայացված գանգատի հետագա ընթացքին իր կողմից հետամուտ լինելու իր ցանկության մասին,
2020 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Այս գործը վերաբերում է ներպետական դատարանների կողմից դիմումատուի կալանավորման վերաբերյալ հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելուն, դիմումատուի կալանավորման ժամկետի երկարաձգման մասին դատարանի որոշման դեմ նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ քրեական դատարանի կողմից առանց քննության թողնելուն և վերաքննիչ քրեական դատարանում կալանավորման գործով դատավարության ժամանակ կողմերի իրավահավասարության սկզբունքը հարգելուն։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1972 թվականին։ Նրա մահվան օրվա դրությամբ՝ 2019 թվականի հուլիսի 21-ին, վերջինս բնակվել է Երևանում։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Զոհրաբյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Կողմերի ներկայացրած՝ գործի փաստական հանգամանքները կարելի է ամփոփել հետևյալ կերպով.
I. Դիմումատուի ձերբակալումը, մեղադրական եզրակացությունը եՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ կալանքը
5. Դիմումատուն, որը սննդի ապահովման ծառայությունների ընկերությունում աշխատել է որպես գանձապահ, 2008 թվականի մարտի 21-ին ձերբակալվել է հարկերից խուսափելուն օժանդակելու և դրդելու կասկածանքով։ Նա պնդել է, որ քննիչն իրեն հորդորել է համագործակցել և խոստացել է, որ իրեն չի ձերբակալի, եթե ընկերության ղեկավարի նկատմամբ մեղավորությունը հաստատող ցուցմունք տա։ Նրան արգելանքի տակ են վերցրել միայն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է այդպես վարվել։
6. 2008 թվականի մարտի 24-ին նրան մեղադրանք է առաջադրվել։
7. Նույն օրը քննիչը դիմել է դատարան դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու միջնորդությամբ՝ այն հիմքով, որ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությունը՝ վկաների հետ ընդհարման մեջ մտնելու միջոցով։
8. Դիմումատուն առարկություն է ներկայացրել քննիչի միջնորդության դեմ՝ պնդելով, inter alia (ի թիվս այլնի), որ իր կալանավորումը հիմնավորված չէ։ Նա միշտ բարեխղճորեն ներկայացել է քննիչի կանչով և երբեք չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությունը։
9. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ հաշվի առնելով դիմումատուին վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն փաստը, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությունը և անօրինական ազդեցություն ունենալ վարույթում ներգրավված անձանց վրա։ Համապատասխան համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանը կայացրել է՝ դիմումատուին երկամսյա ժամկետի փոխարեն քսան օր ժամկետով կալանավորելու մասին որոշում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա կին է, նրա անձը բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել և իր խնամքի տակ ունի երեխա։ Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է հինգ օրվա ընթացքում բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:
10. 2008 թվականի մարտի 26-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է բերել՝ ներկայացնելով նույնատիպ փաստարկներ։
11. 2008 թվականի ապրիլի 4-ին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել համապատասխան համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանի որոշումը։ Այն համարել է, որ առկա է՝ վարույթում ներգրավված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով դիմումատուի կողմից գործի քննությունը խոչընդոտելու իրական վտանգ, քանի որ մյուս երեք գանձապահները, որոնց նույնպես մեղադրանք էր առաջադրվել, թաքնվում են քննությունից։ Որոշման մեջ նշվել է, որ այն ուժի մեջ է մտնում ընդունումից անմիջապես հետո։
12. 2008 թվականի ապրիլի 23-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Իր բողոքում նա, ըստ էության, պնդել է, որ իր կալանավորումը եղել է ի խախտումն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քանի որ դրա հիմքում դրված չի եղել հիմնավոր կասկած, և առկա չի եղել իր կալանավորումն արդարացնող այնպիսի հիմք, ինչպիսին իր կողմից արդարադատությունից թաքնվելու վտանգն է։ Վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի առումով դիմումատուն վկայակոչել է Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը՝ պնդելով, որ իր բողոքի քննությունը Վճռաբեկ դատարանին թույլ կտա ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, և որ վերաքննիչ քրեական դատարանի թույլ տված ենթադրյալ դատական սխալը ծանր հետևանքներ է առաջացրել իր և իր ընտանիքի համար:
13. 2008 թվականի մայիսի 19-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, որ թեև վճռաբեկ բողոքում դիմումատուն նշված է որպես բողոք բերած անձ, այնուամենայնիվ դրանում առկա չէ նրա ստորագրությունը, և այն ստորագրված է միայն դիմումատուի փաստաբանի կողմից:
II. Դիմումատուի կալանԱՎՈՐՄԱՆ ժամկետը երկարաՁԳելը
Ա. Առաջին անգամ երկարաձգելը
14. 2008 թվականի մարտի 31-ին քննիչը դիմել է դատարան՝ դիմումատուի կալանավորման ժամկետը երկու ամսով երկարաձգելու միջնորդությամբ, որպիսի ժամկետը պետք է լրանար 2008 թվականի ապրիլի 10-ին։
15. 2008 թվականի ապրիլի 7-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանը մասամբ բավարարել է տվյալ միջնորդությունը և դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգել է մեկ ամսով՝ մինչև 2008 թվականի մայիսի 10-ը։ Դատարանը հաշվի է առել դիմումատուին վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, այն փաստը, որ դիմումատուն, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել գործի քննությունը, ինչպես նաև այն փաստը, որ նա կին է, իր խնամքի տակ ունի երեխա և մայր, նախկինում դատված չի եղել, և նրա անձը բնութագրվում է դրական։ Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է հինգ օրվա ընթացքում բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:
16. 2008 թվականի ապրիլի 8-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։
17. Չպարզված օրը բողոքի քննությունը նշանակվել է 2008 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 15։00-ին։
18. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի ներկայացուցիչները ծանուցվել են լսումների մասին և ներկայացրել է «հեռախոսագիր» վերնագիրը կրող մի քանի ձեռագիր փաստաթղթեր՝ ի հիմնավորումն իր պնդման։ Ըստ այդ հեռախոսագրերից մեկի, 2008 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 16։10-ին, վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնականը զանգահարել է դիմումատուի ներկայացուցիչների գրասենյակ և գործավարին տեղեկացրել, որ գործի լսումը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 15։00-ին։ Գործավարը խոստացել է փոխանցել հաղորդագրությունը: Ժամը 16։30-ին օգնականը կրկին զանգահարել է գրասենյակ և գործավարից տեղեկացել, որ դիմումատուի փաստաբան պրն Զոհրաբյանը տեղյակ է գործի լսման մասին, և որ վերջինիս ինքը կրկին կտեղեկացնի դրա մասին։
19. 2008 թվականի ապրիլի 17-ին վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է գործի լսումը՝ ըստ նշանակվածի։ Նախագահող դատավորը սկզբում պնդել է, որ դիմումատուի փաստաբանը պատշաճ կերպով ծանուցված է։ Մասնավորապես օգնականը զանգահարել և տեղեկացրել է նրան ու նույնիսկ առավոտյան փորձել է կրկին զանգահարել նրան։ Նախագահող դատավորը դատարանում ներկա գտնվողներին հարցրել է՝ արդյո՞ք նրանք որևէ տեղեկություն ունեն փաստաբանի բացակայության առնչությամբ։ Քննիչը նշել է, որ տեղյակ չէ նրա բացակայության պատճառների մասին, սակայն ավելացրել է, որ ինքը լսումների մասին տեղեկացել է փաստաբանից նախորդ օրը՝ նույնիսկ նախքան դատարանի կողմից իր հետ այդ առնչությամբ կապ հաստատելը։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անցկացնել գործի լսումը և լսել է թե՛ դատախազին, թե՛ քննիչին։ Պարզվում է, որ գործի լսումը տևել է մոտավորապես կես ժամ, այնուհետև հետաձգվել է մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 10։00-ը։
20. Ըստ Կառավարության կողմից ներկայացված մեկ այլ «հեռախոսագրի», լսումներից հետո՝ ժամը 16։20-ին, դատավորի օգնականը զանգահարել է պրն Զոհրաբյանի բջջային հեռախոսահամարին՝ նրա բացակայության պատճառը պարզելու համար, սակայն նա չի պատասխանել։ Այնուհետև օգնականը զանգահարել է փաստաբանական գրասենյակ և աշխատակից Ն.-ին տեղեկացրել, որ գործի լսումը հետաձգվել է մինչև հաջորդ օրվա առավոտ: Միևնույն հեռախոսագրի համաձայն՝ դատավորի օգնականը կրկին գրասենյակ է զանգահարել նաև հաջորդ օրը՝ ժամը 09:15-ին, և խոսել փորձնակ Ա.-ի հետ, որը նշել է, որ փաստաբանին կտեղեկացնի լսումների վերաբերյալ: Ժամը 09:15-10:00-ն ընկած ժամանակահատվածում դատավորի օգնականը զանգեր է կատարել պրն Զոհրաբյանի բջջային հեռախոսահամարին, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել:
21. 2008 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, վերաքննիչ քրեական դատարանը վերսկսել է լսումները: Նախագահող դատավորը նշել է, որ իրենք ևս մեկ անգամ փորձել են կապ հաստատել փաստաբանի հետ: Փաստաբանի բջջային հեռախոսահամարին բազմաթիվ զանգեր են կատարվել, սակայն նա ընդհանրապես չի պատասխանել զանգերին, մինչդեռ գրասենյակում միշտ եղել է մի գործավար կամ փորձնակ, որը պատասխանել է զանգերին և խոստացել, որ կփորձի տեղյակ պահել փաստաբանին: Դատարանը որոշել է անցկացնել գործի լսումը: Այն լսել է թե՛ դատախազին, թե՛ քննիչին և անփոփոխ է թողել համապատասխան համայնքների դատարանի որոշումը՝ գտնելով, որ դիմումատուն մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, որը պատժվում է միայն ազատազրկմամբ, ինչը մեծացնում է նրա՝ արդարադատությունից թաքնվելու հավանականությունը: Վերաքննիչ դատարանը վերահաստատել է, որ առկա է դիմումատուի կողմից գործի քննությունը խոչընդոտելու վտանգ՝ վարույթում ներգրավված այն անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալու միջոցով, որոնք թաքնվում են քննությունից: Որոշման մեջ նշվել է, որ այն ուժի մեջ է մտնում ընդունումից անմիջապես հետո։ Պարզվել է, որ 2008 թվականի ապրիլի 28-ին դիմումատուն ստացել է որոշման պատճեն:
22. Դիմումատուն վիճարկել է Կառավարության վերոհիշյալ պնդումները և նշել, որ իր փաստաբանը ներկա չի գտնվել 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացված լսումներին, քանի որ վերջինս ո՛չ հեռախոսով և ո՛չ էլ գրավոր ձևով որևէ ծանուցում չի ստացել այդ կապակցությամբ:
23. 2008 թվականի մայիսի 29-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ՝ ներկայացնելով իր՝ 2008 թվականի ապրիլի 23-ի վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին համանման փաստարկներ (տե՛ս վերոհիշյալ 12-րդ պարբերությունը): Նա այնուհետև հավելել է, որ դատարանը չի պատճառաբանել իր այդ որոշումը և իր փաստաբանին պատշաճ կերպով չի ծանուցել լսումների մասին՝ դրանով իսկ չապահովելով կողմերի իրավահավասարությունը:
24. 2008 թվականի հուլիսի 2-ին Վճռաբեկ դատարանը որոշել է առանց քննության թողնել վճռաբեկ բողոքը՝ հիմնավորելով, որ այն բերվել է Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո:
Բ. Երկրորդ անգամ երկարաձգելը
25. 2008 թվականի ապրիլի 30-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դիմումատուի՝ 2008 թվականի մայիսի 10-ին լրանալիք կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու պահանջով:
26. 2008 թվականի մայիսի 7-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանը նույն հիմքով մասամբ բավարարել է միջնորդությունը և երկարաձգել է դիմումատուի կալանավորման ժամկետը ևս մեկ ամսով՝ մինչև 2008 թվականի հունիսի 10-ը: Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է հինգ օրվա ընթացքում բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:
27. 2008 թվականի մայիսի 12-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է բերել՝ վկայակոչելով նախկինում ներկայացված փաստարկներին համանման փաստարկներ։
28. 2008 թվականի մայիսի 26-ին վերաքննիչ քրեական դատարանը նույն հիմքով անփոփոխ է թողել համապատասխան համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանի որոշումը: Որոշման մեջ նշվել է, որ այն ուժի մեջ է մտնում ընդունումից անմիջապես հետո։
29. 2008 թվականի հունիսի 26-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է բերել՝ վկայակոչելով նախկինում ներկայացված փաստարկներին համանման փաստարկներ։
30. 2008 թվականի հուլիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բողոքը համարել է անընդունելի, քանի որ ներկայացված չեն եղել Քրեական դատավարության օրենսգրքում նշված ընդունելիության հիմքերից որևէ մեկը:
Գ. Երրորդ անգամ երկարաձգելը
31. 2008 թվականի հունիսի 5-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դիմումատուի՝ 2008 թվականի հունիսի 10-ին լրանալիք կալանավորման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու պահանջով:
32. 2008 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանը նույն հիմքով մասամբ բավարարել է միջնորդությունը և դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգել քսան օրով՝ մինչև 2008 թվականի հունիսի 30-ը: Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է հինգ օրվա ընթացքում բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:
33. 2008 թվականի հունիսի 13-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ վկայակոչելով նախկինում ներկայացված փաստարկներին համանման փաստարկներ։
34. Այդ ընթացքում նախնական քննությունն ավարտվել է, և 2008 թվականի հունիսի 19-ին դիմումատուի գործը փոխանցվել է Երևանի քրեական դատարան՝ ըստ էության քննության համար:
35. 2008 թվականի հուլիսի 1-ին վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում 2008 թվականի հունիսի 13-ին ներկայացված բողոքն առանց քննության թողնելու մասին՝ այն հիմքով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակը սահմանափակվում է նախնական քննության ավարտով։ Քանի որ նախնական քննությունն ավարտվել էր, և գործն ուղարկվել էր դատարան՝ ըստ էության քննության համար, ապա այժմ այդ դատարանի հայեցողությանն էր թողնված կալանավորման օրինականության և վավերականության հարցերի քննությունը: Որոշման մեջ նշվել է, որ այն ուժի մեջ է մտնում ընդունումից անմիջապես հետո։
36. 2008 թվականի հուլիսի 8-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուի վերաբերյալ քրեական գործն ընդունել է վարույթ և մերժել նրա՝ գրավի կիրառմամբ վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը՝ «կալանքի վերաբերյալ որոշումը թողնելով անփոփոխ»:
37. 2008 թվականի հուլիսի 16-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշման դեմ՝ պնդելով, որ դատարանը 2008 թվականի հունիսի 13-ի իր բողոքն անհապաղ չի քննել, և որ ի վերջո այդ բողոքի ըստ էության քննությունից դատարանի հրաժարվելը հանգեցրել է դատարանի մատչելիության իր իրավունքի խախտման:
38. 2008 թվականի օգոստոսի 16-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել՝ գտնելով, որ այն համապատասխանում է Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին, քանի որ դրանում բարձրացված հարցերը կարևոր են օրենքի միատեսակ կիրառության տեսանկյունից:
39. 2008 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի քրեական դատարանը բավարարել է դիմումատուի՝ գրավի կիրառմամբ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը, և դիմումատուն ազատ է արձակվել կալանքից:
40. 2008 թվականի նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումը և գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Այն գտել է, որ վերաքննիչ դատարանը դիմումատուի 2008 թվականի հունիսի 13-ի բողոքն առանց քննության է թողել օրենքով չնախատեսված հիմքերով: Դատարանն այնուհետև պնդել է, որ անընդունելի է կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը բողոքարկելու անձի իրավունքը սահմանափակելն այն հիմքով, որ վերաքննիչ բողոքը բերվել է գործի քննության որոշակի փուլում: Ուստի վերաքննիչ դատարանը խախտել է դիմումատուի՝ իր կալանավորման օրինականության հիմքերին ծանոթանալու, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքը: Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ խնդրո առարկա ընթացակարգային խախտումները բավականին լուրջ բնույթ են կրում, քանի որ դրանք ազդել են գործի ճիշտ ելքի վրա և հանգեցրել վերաքննիչ դատարանի որոշման բեկանմանն ու գործը նոր քննության ուղարկելուն:
41. 2008 թվականի դեկտեմբերի 16-ին վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հունիսի 13-ի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել և գործի քննության օր է նշանակել 2008 թվականի դեկտեմբերի 24-ը: Պարզվել է, որ նախքան լսումները դիմումատուն դիմել է միևնույն դատարան՝ վարույթը դադարեցնելու պահանջով:
42. 2008 թվականի դեկտեմբերի 27-ին վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տվյալ պահանջը և դադարեցրել վարույթը:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (1995 թվական՝ 2005 թվականի փոփոխություններով)
43. Համաձայն 92-րդ հոդվածի Հայաստանի բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
II. ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2007 թվական, ուժի մեջ է ԳՏՆՎԵԼ մինչեվ 2018 թվականը)
44. Համաձայն 50-րդ հոդվածի 1-ին կետի՝ Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը: Համաձայն 50-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Վճռաբեկ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:
III. Քրեական դատավարության օրենսգիրք (1999 թվական, տվյալ ՊԱՀԻՆ գործող)
Ա. Մինչդատական կալանքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները
45. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրություններին ծանոթանալու համար տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 30-35, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործով վճիռը։
Բ. Մինչդատական կալանք կիրառելը և դրա ժամկետը երկարաձգելը
46. Համաձայն 285-րդ հոդվածի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան: Միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտությունը: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին: Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին:
Գ. Մինչդատական կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքները
47. Համաձայն 287-րդ հոդվածի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները բերվում են վերաքննիչ դատարան:
48. Համաձայն 288-րդ հոդվածի՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում: Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելը: Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`ա) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին. բ) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին. գ) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:
49. Համաձայն 376-րդ հոդվածի 1-ին մասի, 376.1 հոդվածի 4-դ կետի և 377-րդ հոդվածի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն կասկածյալը, մեղադրյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը:
50. Համաձայն 379-րդ հոդվածի 1-ին մասի՝ 3-րդ կետի առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման մասին որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ կարող են բերվել դրանց հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերի դեմ՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:
51. Համաձայն 402-րդ հոդվածի՝ վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դ. Վարույթը Վճռաբեկ դատարանում
52. Համաձայն 403-րդ հոդվածի՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
53. Համաձայն 406-րդ հոդվածի՝ վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
54. Համաձայն 414.2 հոդվածի 1-ին մասի՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե՝ i) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար. ii) վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ iii) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ե. Միջազգային դատարան դիմելու իրավունքը
55. Համաձայն 499.15 հոդվածի՝ յուրաքանչյուր անձ, որ գտնում է, որ քրեական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի: Սույն գլխի նպատակների համար վերջնական դատական որոշում է համարվում Վճռաբեկ դատարանի որոշումը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. Նախնական դիտարկումներ
56. Դատարանը սկզբում նշել է, որ դիմումատուն մահացել է 2019 թվականի հուլիսի 21-ին, երբ գործը դեռևս գտնվել է Դատարանի վարույթում: Դիմումատուի որդին՝ պրն Արթուր Ղավալյանը՝ նրա ժառանգը, 2020 թվականի փետրվարի 14-ի գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ ինքը ցանկանում է հետամուտ լինել դիմումատուի ներկայացրած գանգատի հետագա ընթացքին:
57. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի որդին չունի տուժողի կարգավիճակ՝ գանգատի հետագա ընթացքին դիմումատուի անունից հետամուտ լինելու համար: Վկայակոչելով մի շարք գործեր (Բիչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Biç and Others v. Turkey], թիվ 55955/00, § 22, 2006 թվականի փետրվարի 2-ի գործով վճիռը, Խայրուլինան ընդդեմ Ռուսաստանի [Khayrullina v. Russia], թիվ 29729/09, § 91, 2017 թվականի դեկտեմբերի 19-ի գործով վճիռը և Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia], թիվ 32631/09 և թիվ 53799/12, § 278, 2019 թվականի օգոստոսի 27-ի գործով վճիռը)՝ այն պնդել է, որ նա չէր կարող լինել Կոնվենցիայի ենթադրյալ խախտումից անուղղակի տուժած անձ, քանի որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները պատկանում են ժառանգաբար չփոխանցվող իրավունքների շարքին, եթե այն առնչություն չունի Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ տուժած անձի մահվան կամ անհետացման հարցում պետության պատասխանատվության մասով բողոքի հետ, ինչն այս դեպքում այդպես չէ:
58. Դիմումատուի որդին պնդել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դիմումատուի մերձավոր ազգականներին սովորաբար թույլատրվում է հետամուտ լինել գանգատի հետագա ընթացքին՝ պայմանով, որ նրանք հետապնդում են օրինական շահ, եթե սկզբնական դիմումատուն մահացել է գանգատը Դատարան ներկայացնելուց հետո: Սա վերաբերում է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված հարցերը վկայակոչող գանգատներին: Հարցն այն չէր, թե քննարկվող իրավունքները ժառանգաբար փոխանցվում են, թե ոչ, այլ այն՝ արդյո՞ք Կոնվենցիայով սահմանված մեխանիզմը գործի է դրվել ենթադրյալ խախտումից տուժած անձի կողմից անհատական միջնորդության իր իրավունքը կիրառելու միջոցով: Նրա կարծիքով՝ ինքն օրինական շահ է հետապնդել՝ իր մահացած մոր կողմից Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատի հետագա ընթացքին հետամուտ լինելու գործում:
59. Քանի որ Կառավարությունը վկայակոչել է Բիչը և այլք, Խայրուլինան և Մագնիտսկին և այլք (վերևում հիշատակված) գործերը, Դատարանը վերահաստատել է, որ այն տարբերակել է այն գանգատները, որոնց դեպքում անմիջական տուժած անձը մահացել է նախքան գանգատը Դատարան ներկայացնելը, և այն գանգատները, որոնց դեպքում տուժած անձը մահացել է գանգատը Դատարան ներկայացնելուց հետո, ինչպես այս գործում է: Վերջիններիս դեպքում Դատարանն ընդունել է, որ մերձավոր ազգականը, ընտանիքի անմիջական անդամը կամ ժառանգը սկզբունքորեն կարող են հետամուտ լինել գանգատի հետագա ընթացքին՝ պայմանով, որ բավարար շահ հետապնդեն տվյալ գործում (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը` ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania] [ՄՊ], թիվ 47848/08, § 97, ՄԻԵԴ 2014 թվականի գործով վճիռը, Ֆարթուշինն ընդդեմ Ռուսաստանի [Fartushin v. Russia], թիվ 38887/09, § 33, 2015 թվականի հոկտեմբերի 8-ի գործով վճիռը և Իվկոն ընդդեմ Ռուսաստանի [Ivko v. Russia], թիվ 30575/08, § 67-70, 2015 թվականի դեկտեմբերի 15-ի գործով վճիռը): Միայն նյութական շահը չէ, որ կարող է հետապնդել մահացած դիմումատուի իրավահաջորդն իր՝ գանգատի հետագա ընթացքին հետամուտ լինելու ցանկությամբ: Մարդու իրավունքների մասով Դատարանում քննվող գործերը սովորաբար կարող են նաև բարոյական հիմք ունենալ, ուստի դիմումատուի մերձավորները կարող են արդարությունը վերականգնելու օրինական շահ հետապնդել նույնիսկ դիմումատուի մահից հետո: (տե՛ս Մալհոուսն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Malhous v. the Czech Republic] [ՄՊ], (որոշում), թիվ 33071/00, § 96, ՄԻԵԿ 2000-VIII) գործով վճիռը: Այսպիսով, այն դեպքերում, երբ անմիջական տուժած անձը մահացել է գանգատը Դատարան ներկայացնելուց հետո, որոշիչ է ոչ թե այն գործոնը, թե արդյոք քննարկվող իրավունքները փոխանցվում են գանգատի հետագա ընթացքին հետամուտ լինելու ցանկություն ունեցող ժառանգներին, այլ այն, թե արդյոք այն անձինք, որոնք ցանկանում են հետամուտ լինել վարույթի հետագա ընթացքին, կարող են հետապնդել իրենց օրինական շահը՝ Դատարանից հայցելով գործի վերաբերյալ որոշում կայացնել՝ ելնելով դիմումատուի՝ Դատարան գործ ներկայացնելու իր անհատական և անձնական իրավունքից օգտվելու ցանկությունից (տե՛ս Էրգեզենն ընդդեմ Թուրքիայի [Ergezen v. Turkey], թիվ 73359/10, § 29, 2014 թվականի ապրիլի 8-ի գործով վճիռը, Վաշչենկովսն ընդդեմ Լատվիայի [Vaščenkovs v. Latvia], թիվ 30795/12, § 27, 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գործով վճիռը և Բարախոևն ընդդեմ Ռուսաստանի [Barakhoyev v. Russia], թիվ 8516/08, § 22, 2017 թվականի հունվարի 17-ի գործով վճիռը, որոնք բոլորն էլ վերաբերում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված գանգատներին):
60. Հաշվի առնելով այս գործի հանգամանքները՝ Դատարանը սահմանված նախադեպային իր իրավունքից շեղում կատարելու որևէ հատուկ հիմք չի տեսնում և պատրաստ է ընդունել, որ դիմումատուի որդին օրինական շահ ունի ի սկզբանե տկն Անուշ Ղավալյանի կողմից ներկայացված գանգատի հետագա ընթացքին հետամուտ լինելու գործում: Ուստի այն մերժում է Կառավարության նախնական առարկությունը: Նպատակահարմարության տեսանկյունից սույն վճռում Դատարանը կշարունակի որպես դիմումատու վկայակոչել տիկին Ղավալյանին:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
61. Դիմումատուն բողոքել է, որ 2008 թվականի ապրիլի 7-ին և հունիսի 9-ին իր կալանավորման ժամկետը չի երկարաձգվել ըստ ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետների: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որը շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան […] օրենքով սահմանված կարգով...»:
62. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
63. Դատարանը նշել է, որ արդեն իսկ ուսումնասիրել է նմանատիպ բողոքներ Հայաստանի դեմ ներկայացված մի շարք գործերում և գտել, որ դրանք ակնհայտ անհիմն են (տե՛ս Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 54-56, 2012 թվականի հունիսի 26-ի գործով վճիռը, Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia], թիվ 3627/06, §§ 78-80, 2012 թվականի հուլիսի 10-ի գործով վճիռը և Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 68-70, 2012 թվականի հոկտեմբերի 2-ի գործով վճիռը): Դիմումատուն չի ներկայացրել որևէ այնպիսի փաստարկ, որը Դատարանին կհամոզեր այս գործով այլ եզրակացության հանգել:
64. Դրանից հետևում է, որ գանգատի այդ մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
65. Դիմումատուն բողոքել է, որ դատարաններն իր շարունակական կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որով, այնքանով, որքանով վերաբերելի է գործին, սահմանվում է հետևյալը.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։
Ա. Ընդունելիությունը
66. Դատարանը նշել է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ հիմքով ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ որևէ այլ հիմքով անընդունելի: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
67. Դիմումատուն պնդել է, որ իրեն կալանավորելու միակ պատճառը եղել է ընկերության ղեկավարի դեմ վկայություն տալուց հրաժարվելը: Նրա կողմից արդարադատությունից թաքնվելու վտանգը չէր կարող արդարացվել միայն հավանական դատապարտման խստությամբ: Առաջին ատյանի դատարանը չի գնահատել նրա գործի բոլոր հանգամանքները, ներառյալ այն փաստը, որ նա կամավոր է ներկայացել գործով քննություն իրականացնող մարմին, ունեցել է բարի համբավ, և որ իր խնամքի տակ են գտնվել իր երեխան ու հիվանդ մայրը: Առկա չի եղել որևէ այնպիսի ապացույց, որից հնարավոր կլիներ ենթադրել, որ նա կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությունը: Նրա կալանավորման ժամկետը երկարաձգելիս դատարանները պարզապես կրկնօրինակել են նախկինում կայացրած որոշումները:
68. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի շարունակական կալանավորումը հիմնված է եղել հիմնավոր և բավարար պատճառների վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայի նախադեպային իրավունքով: Դիմումատուի նկատմամբ կալանավորում կիրառելիս և դրա ժամկետը երկարաձգելիս ներպետական դատարաններն ուսումնասիրել են դիմումատուի գործի հատուկ հանգամանքները: Նույն քրեական գործով մեղադրվող երեք այլ գանձապահներ թաքնվել են քննությունից, ինչը բավարար հիմք է հանդիսացել դատարանների համար ենթադրելու, որ դիմումատուն նույնպես կարող է թաքնվել արդարադատությունից և ապօրինի ազդեցություն ունենալ այդ անձանց վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով գործի քննությունը:
69. Դատարանը վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իր ընդհանուր սկզբունքները՝ կապված նախքան դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի հետ (տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Buzadji v. the Republic of Moldova] [ՄՊ], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 թվականի գործով վճիռը (քաղվածքներ) և Արա Հարությունյանի [Ara Harutyunyan] (վերևում հիշատակված, §§ 48-53) գործով վճիռը) և նշել, որ դիմումատուի նկատմամբ կալանավորում կիրառելիս և դրա ժամկետը երկարաձգելիս ներպետական դատարանները վկայակոչել են նրա կողմից արդարադատությունից թաքնվելու և գործի քննությունը խոչընդոտելու վտանգը: Այնուամենայնիվ, ինչպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների [առաջին ատյանի ընդհանուր իրավասության] դատարանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանն առավելապես սահմանափակվել են այդ հիմքերի՝ վերացական և կարծրատիպային կրկնությամբ՝ առանց նշելու որևէ հատուկ պատճառ այն մասին, թե ինչու են այդ վտանգը համարում հիմնավորված, կամ առանց փորձելու հերքել դիմումատուի փաստարկները (տե՛ս վերևում շարադրված 9-րդ, 15-րդ, 21-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ և 36-րդ պարբերությունները): Դատարանը նշել է, որ արդեն իսկ քննել է Հայաստանի դեմ ներկայացված մի շարք գործեր, որոնցում համանման հանգամանքներում հայտնաբերվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (տե՛ս Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26-ի գործով վճիռը, վերևում հիշատակված Մալխասյանի գործով վճիռը, §§ 74-77, վերևում հիշատակված Սեֆիլյանի գործով վճիռը, §§ 88-93, վերևում հիշատակված Արա Հարությունյանի գործով վճիռը, §§ 54-59, Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§, 36-37, 2018 թվականի հունվարի 11-ի գործով վճիռը և Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, §§ 189-192, 2018 թվականի սեպտեմբերի 20-ի գործով վճիռը):
70. Ճշմարիտ է, որ մի առիթով վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորել է իր պնդումն այն մասին, որ դիմումատուն կարող է ապօրինի ազդեցություն ունենալ մյուս երեք կասկածյալների վրա՝ վկայակոչելով այն փաստը, որ նրանք թաքնվում են քննությունից (տե՛ս վերևում շարադրված 11-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե երեք այլ կասկածյալների՝ քննությունից թաքնվելու փաստից ինչպես կարելի է բխեցնել դիմումատուի կողմից ապօրինի վարքագիծ դրսևորելու իրական վտանգը: Հատկանշական է այն, որ վերաքննիչ դատարանի հիմնավորումները որևէ կոնկրետ մանրամասներ չեն պարունակել:
71. Ի վերջո, Դատարանը նշել է, որ առկա են հակասություններ ներպետական դատարանների՝ դիմումատուի դրական բնութագրի վերաբերյալ բազմիցս արված հայտարարությունների և այն եզրահանգումների միջև, որոնցով արդարացրել են նրա՝ արդարադատությունից թաքնվելու և քննությունը խոչընդոտելու վտանգը:
72. Ուստի Դատարանը եզրակացրել է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանավորում կիրառելու և դրա ժամկետը երկարաձգելու մասին իրենց որոշումների համար:
73. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Դիմումատուն մի քանի բողոքներ է ներկայացրել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում այն մասին, որ՝ ա) վերաքննիչ դատարանը 2008 թվականի հունիսի 13-ի իր բողոքն անհապաղ չի քննել և ի վերջո հրաժարվել է այդ բողոքը քննելուց, բ) որ 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում վերաքննիչ դատարանի լսումներն անցկացվել են կողմերի իրավահավասարության սկզբունքի խախտմամբ, և գ) որ Վճռաբեկ դատարանն անհապաղ չի քննել իր՝ 2008 թվականի ապրիլի 23-ի և մայիսի 29-ի բողոքները և ի վերջո հրաժարվել է 2008 թվականի ապրիլի 23-ի բողոքը քննելուց: 5-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»։
Ա. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում անհապաղ քննությունն ու դատարանի կողմից 2008 թվականի հունիսի 13-ի բողոքի քննությունից հրաժարվելը
75. Դատարանն ի սկզբանե նշել է, որ դիմումատուն 2008 թվականի հունիսի 13-ի իր բողոքի առնչությամբ երկու դժգոհություն է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում. նախ՝ բողոքն անհապաղ չի քննվել, քանի որ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է բողոքի քննության համար համապատասխան ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետները, և երկրորդ՝ այն խախտել է նաև իր՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ ի վերջո հրաժարվելով քննել իր բողոքը: Դատարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին անդրադառնալ երկրորդ հարցին:
1. Բողոքի քննությունից հրաժարվելը
ա) Ընդունելիությունը
76. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն այլևս չի կարող հայցել իր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի ենթադրյալ խախտումից տուժած անձի կարգավիճակը, քանի որ Վճռաբեկ դատարանը 2008 թվականի նոյեմբերի 28-ի իր որոշմամբ բեկանել է վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումը՝ հրաժարվելով քննել դիմումատուի 2008 թվականի հունիսի 13-ի բողոքը, և գործն ուղարկել վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: Դրանով իսկ Վճռաբեկ դատարանը բացահայտ ընդունել է դիմումատուի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումն ու այդպիսով պատշաճ հատուցում տրամադրել:
77. Դիմումատուն պնդել է, որ իր վճռաբեկ բողոքն ընդունվել է միայն ձևական ընթացակարգային հիմքերով: Վիճարկվող հարցը չի լուծվել Վճռաբեկ դատարանի կամ այնուհետև վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Ուստի նա դեռևս իրավասու է եղել հայցելու ենթադրյալ խախտումից տուժած անձի կարգավիճակը:
78. Դատարանը վերահաստատում է, որ դիմումատուի համար բարենպաստ որոշումը կամ միջոցը սկզբունքորեն բավարար չէ նրան «տուժածի» կարգավիճակից զրկելու համար, եթե համապատասխան մարմինները բացահայտ կերպով կամ ըստ էության չեն ընդունում Կոնվենցիայի խախտման առկայությունը և այնուհետև հատուցում են տրամադրում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սկորդինոն ընդդեմ Իտալիայի [Scordino v. Italy] (թիվ 1) [ՄՊ], թիվ 36813/97, § 180, ՄԻԵԴ 2006‑V գործով վճիռը): Տրամադրվող հատուցումը պետք է լինի պատշաճ և բավարար: Դա կախված է գործի բոլոր հանգամանքներից՝ հատկապես հաշվի առնելով Կոնվենցիայի տվյալ խախտման բնույթը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [Gäfgen v. Germany] [ՄՊ], թիվ 22978/05, § 116, ՄԻԵԴ 2010 թվականի գործով վճիռը): Անհատի՝ տուժած անձի կարգավիճակը կարող է կախված լինել նաև ներպետական դատարանների կողմից հատկացված փոխհատուցման չափից և հատուցում նախատեսող պաշտպանության միջոցի արդյունավետությունից (այդ թվում՝ անհապաղ գործելակերպից) (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործով վճիռը, § 202):
79. Անդրադառնալով այս գործին՝ 2008 թվականի հուլիսի 1-ին վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վերջինիս 2008 թվականի հունիսի 13-ի բողոքի քննությունից հրաժարվելու մասին, որը նա այնուհետև վիճարկել է 2008 թվականի հուլիսի 16-ին: Այնուամենայնիվ, մինչ Վճռաբեկ դատարանը քննել և բավարարել է դիմումատուի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով վերաքննիչ դատարանի որոշումը և կարգադրելով նորից քննել նրա բողոքը (2008 թվականի նոյեմբերի 28-ին), վիճարկվող կալանավորման ժամկետը վաղուց լրացել է, իսկ դիմումատուի կալանավորման ժամկետն արդեն իսկ երկարաձգված է եղել անորոշ ժամկետով գործը քննող դատարանի կողմից 2008 թվականի հուլիսի 8-ին (տե՛ս վերևում շարադրված 36-րդ պարբերությունը): Առավել կարևոր է այն հանգամանքը, որ այդ ժամանակ դիմումատուն արդեն իսկ ազատ է արձակվել գրավի դիմաց, և այդ պայմաններում նրա բողոքի հետագա քննությունը համարվել է անարդյունավետ և անիմաստ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ս.Տ.Ս.-ն ընդդեմ Նիդեռլանդների [S.T.S. v. the Netherlands], թիվ 277/05, § 60, ՄԻԵԴ 2011 թվականի գործով վճիռը): Ուստի վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելով հնարավոր չի եղել դիմումատուին անմիջական հատուցում տրամադրել: Ավելին, նույնիսկ եթե Վճռաբեկ դատարանն իր 2008 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մեջ ընդունել է, եթե ոչ բացահայտ, ապա առնվազն ըստ էության, Կոնվենցիայի՝ խնդրո առարկա խախտման առկայությունը (տե՛ս վերևում շարադրված 40-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, դիմումատուին որևէ փոխհատուցում չի տրամադրվել կամ նույնիսկ չէր էլ կարող տրամադրվել Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքը խախտվելու դիմաց՝ տվյալ պահին ոչ նյութական վնասի՝ որպես փոխհատուցման ձևի բացակայության պատճառով (տե՛ս Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Khachatryan and Others v. Armenia], թիվ 23978/06, § 158, 2012 թվականի նոյեմբերի 27-ի գործով վճիռը, ինչպես նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Գավրիլ Յոսիֆովն ընդդեմ Բուլղարիայի [Gavril Yosifov v. Bulgaria], թիվ 74012/01, § 41, 2008 թվականի նոյեմբերի 6-ի գործով վճիռը, Մոսկովետսն ընդդեմ Ռուսաստանի [Moskovets v. Russia], թիվ 14370/03, § 50, 2009 թվականի ապրիլի 23-ի գործով վճիռը և վերը նշված՝ Ս.Տ.Ս.-ն ընդդեմ Նիդեռլանդների գործով վճիռը, § 61): Դատարանի կարծիքով՝ համապատասխան գործի հանգամանքներում խախտումը զուտ ընդունելը բավարար չի եղել դիմումատուին տուժած անձի կարգավիճակից զրկելու համար: Հետևաբար դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն դեռևս կարող է հայցել իր՝ «տուժած անձի» կարգավիճակը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
80. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ հիմքով ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
բ) Ըստ էության քննությունը
81. Դիմումատուն պնդել է, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2008 թվականի հունիսի 13-ի իր բողոքի քննությունից հրաժարվելու հետևանքով խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով երաշխավորված իր՝ դատարանի մատչելիության իրավունքը: Դատարանն իրավասու չի եղել հրաժարվելու իր բողոքի քննությունից այն հիմքով, որ նախնական քննությունն ավարտվել է, և գործը փոխանցվել է դատարան՝ ըստ էության քննության համար:
82. Կառավարությունն ըստ էության որևէ դիտարկում չի ներկայացրել։
83. Դատարանը վերահաստատում է, որ իր նախադեպային իրավունքի համաձայն, 5-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես և 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված է դատարանի մատչելիության իրավունքը, որը կարող է ենթարկվել միայն այնպիսի ողջամիտ սահմանափակումների, որոնք չեն խաթարում դրա բուն էությունը (տե՛ս Շիշկովն ընդդեմ Բուլղարիայի [Shishkov v. Bulgaria], թիվ 38822/97, § 82-90, ՄԻԵԴ 2003-I (քաղվածքներ) գործով վճիռը և Բոչևն ընդդեմ Բուլղարիայի [Bochev v. Bulgaria], թիվ 73481/01, § 70, 2008 թվականի նոյեմբերի 13-ի գործով վճիռը)։
84. Դատարանը նշում է, որ այն արդեն իսկ քննել է նմանատիպ բողոքներ Հայաստանի դեմ ներկայացված մի շարք գործերով, որոնցում այն նշել է, որ դիմումատուի կալանավորման դատական վերանայումից հրաժարվելը բացառապես այն հիմքով, որ քրեական գործն այլևս մինչդատական փուլում չէ, համարվում է 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում վարույթ հարուցելու իրավունքի անհիմն սահմանափակում (տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia], թիվ 44068/07, §§ 78-81, 2011 թվականի դեկտեմբերի 20-ի գործով վճիռը, վերևում հիշատակված Փիրուզյանի գործով վճիռը, §§ 125-127 և Մինասյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan v. Armenia], թիվ 44837/08, §§ 76-78, 2014 թվականի ապրիլի 8-ի գործով վճիռը): Դատարանն այս գործում այլ եզրակացության հանգելու պատճառներ չի տեսնում։
85. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։
2. Անհապաղ վարույթ իրականացնելը
86. Հանգելով այդպիսի եզրակացության՝ Դատարանն այս բողոքը ճանաչում է ընդունելի, սակայն անհրաժեշտ չի համարում առանձին քննության առնել այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ դիմումատուի կողմից 2008 թվականի հունիսի 13-ի իր բողոքի մասով վկայակոչված առաջին հարցի կապակցությամբ, այն է՝ արդյո՞ք վերաքննիչ քրեական դատարանն անհապաղ քննություն իրականացրել է, թե ոչ:
Բ. Կողմերի իրավահավասարությունը վերաքննիչ դատարանի կողմից 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված լսումների ժամանակ
1. Ընդունելիությունը
87. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ հիմքով ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
ա) Կողմերի փաստարկները
88. Դիմումատուն պնդել է, որ իր փաստաբանին նույնիսկ հեռախոսազանգով չեն ծանուցել 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացված լսումների օրվա և ժամի մասին: Կառավարության կողմից ներկայացված հեռախոսագրերը չեն համապատասխանել իրականությանը և կազմվել են՝ ապօրինի գործողությունները, մասնավորապես՝ դիմումատուի բողոքը վերջինիս փաստաբանի բացակայությամբ քննելն արդարացնելու համար: Կառավարությունն այդ ոչ հուսալի հեռախոսագրերից տարբեր որևէ այլ ապացույց չի ներկայացրել՝ ի պաշտպանություն իր պնդումների: Բացի այդ, փաստաբանական գրասենյակը երբևէ չի ունեցել Ն. անունով աշխատակից կամ Ա. անունով փորձնակ: Ավելին, այդ գրասենյակի աշխատանքային ժամերը եղել են ժամը 10:00-18:00-ը, ուստի 2008 թվականի ապրիլի 18-ի առավոտյան՝ այն ժամին, երբ կատարվել են ենթադրյալ հեռախոսազանգերը, գրասենյակը փակ է եղել:
89. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ իր փաստաբանն անձամբ որևէ զանգ չի ստացել: Իր կարծիքով՝ փաստաբանին զանգահարելը, որը չի պատասխանել հեռախոսազանգին, նույնը չէ, ինչ նրան ծանուցելը, իսկ դատավարության կողմին լսումներին հրավիրելը պետք է իրականացվեր այնպիսի առավել օբյեկտիվ եղանակով, որով կբացառվեր ցանկացած կամայականություն, և չէր խախտվի կողմերի իրավահավասարության սկզբունքը: Նրա փաստաբանի բացակայության պայմաններում վերաքննիչ դատարանը պետք է հետաձգեր գործի լսումը: Ավելին, 2008 թվականի ապրիլի 17-ին անցկացված լսումների ժամանակ քննիչի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ ինքը գործի լսման մասին տեղեկացել է փաստաբաններից մեկից, կեղծ է եղել: Փաստաբանը ներկայացրել է իր, այլ ոչ թե մեղադրող կողմի շահերը, ուստի նա մեղադրող կողմին գործի լսման օրվա և ժամի մասին տեղեկացնելու որևէ մանդատ կամ պարտավորություն չի ունեցել:
90. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի փաստաբանը պատշաճ կերպով ծանուցվել է 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացված լսումների մասին: Ի պաշտպանություն իր պնդումների՝ Կառավարությունը ներկայացրել է մի քանի հեռախոսագրեր, որոնք հավանաբար կազմվել են դատավորի օգնականի կողմից համապատասխան հեռախոսազանգերը կատարելուց հետո: Քանի որ փաստաբանը չի ներկայացել լսումներին, վերաքննիչ դատարանը ճիշտ է վարվել, որ շարունակել է գործի քննությունը: Կառավարությունը հավելել է, որ 2008 թվականի ապրիլի 4-ին անցկացված նախորդ լսումների մասին փաստաբանը տեղեկացվել է նույն եղանակով, այն է՝ դատավորի օգնականի կողմից արված հեռախոսազանգով: Դա վկայել է այն մասին, որ ծանուցման այդպիսի եղանակը նրանք համարել են պատշաճ և ընդունելի:
բ) Դատարանի գնահատականը
91. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետով պահանջվում է, որ կալանավորման դեմ բողոքը քննելիս դատարանն ապահովի դատավարական երաշխիքներով: Դատավարությունը պետք է լինի մրցակցային, և դրանով պետք է միշտ ապահովվի կողմերի՝ դատախազի և կալանավորված անձի միջև «իրավահավասարությունը» (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի [Nikolova v. Bulgaria] [ՄՊ], թիվ 31195/96, § 58, ՄԻԵԴ 1999‑II գործով վճիռը և Շանդրուն ընդդեմ Ռումինիայի [Şandru v. Romania], թիվ 33882/05, §46, 2013 թվականի հոկտեմբերի 15-ի գործով վճիռը):
92. Այս գործով Դատարանը նշում է, որ դատավարության ներպետական կանոններով պահանջվել է ինչպես մեղադրող կողմի, այնպես էլ պաշտպանի ներկայությունն այն լսումներին, որոնցում քննվել է մինչդատական կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշման դեմ բերված՝ դիմումատուի բողոքը, սակայն դատարանը լիազորված է եղել շարունակելու գործի քննությունը՝ գործի լսման օրվա մասին ծանուցված կողմի՝ լսումներին չներկայանալու դեպքում (տե՛ս վերևում շարադրված 48-րդ պարբերությունը): Այս գործում առկա է կողմերի անհամաձայնությունը՝ կապված 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացված լսումների մասին դիմումատուի փաստաբանի պատշաճ կերպով ծանուցված լինելու կամ չլինելու հանգամանքի հետ: Կառավարությունը պնդել է, որ նրանք պատշաճ կերպով ծանուցվել են հեռախոսազանգի միջոցով և ի պաշտպանություն իր այդ պնդման՝ ներկայացրել է «հեռախոսագիր» վերնագրով մի շարք ձեռագիր փաստաթղթեր:
93. Դատարանը, սակայն, նշում է, որ ներպետական քրեադատավարական օրենսդրությունը չի պարունակում որևէ կանոն՝ կողմերին կալանավորման վերաբերյալ լսումների մասին հեռախոսով կամ այլ միջոցներով ծանուցելու մասին: Ուստի դիմումատուի փաստաբանին ծանուցելու ենթադրյալ փորձերը հիմնված չեն եղել որևէ կանոնի վրա: Դատարանի կարծիքով՝ կանոնների այդպիսի բացակայությունը զգալիորեն մեծացրել է կամայականության հավանականությունը: Իսկապես առկա չէ որևէ օբյեկտիվ եղանակ՝ ենթադրյալ հեռախոսազանգերի՝ իրականում կատարված լինելու կամ չլինելու հանգամանքը ստուգելու համար, և եթե դա այդպես է, ապա հարց է առաջանում՝ արդյոք տվյալ հեռախոսագրերը ճշգրտորեն արտացոլում են դրանց բովանդակությունը, թե ոչ:
94. Ավելին, նույնիսկ ենթադրելով, որ կալանավորման վերաբերյալ վարույթի կողմերը սովորաբար այդ եղանակով են ծանուցվում լսումների մասին, չի բացառվում, որ տվյալ հատուկ դեպքում ծանուցման այդպիսի եղանակը չի ծառայել նպատակին: Հատկանշական է, որ ենթադրյալ հեռախոսազանգերից որևէ մեկն անձամբ չի հասել դիմումատուի փաստաբանին: Ուստի զարմանալի է, որ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ «փաստաբանը պատշաճ կերպով ծանուցվել է», և որ «[դատավորի] օգնականը զանգահարել ու տեղեկացրել է նրան» (տե՛ս վերևում շարադրված 19-րդ պարբերությունը): Դատարանը չի կարող շահարկել այն պատճառները, թե ինչու փաստաբան պրն Զոհրաբյանը չի պատասխանել իր հեռախոսահամարին կատարված զանգերին: Այնուամենայնիվ, այն գտնում է, որ այդ փաստը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ծանուցված չլինելու մեղքն ընկնի նրա վրա: Ավելին, պարզ չէ, թե ինչու է բողոքը 2008 թվականի ապրիլի 8-ին ներկայացված լինելու, իսկ գործի լսումը 2008 թվականի ապրիլի 17-ին նշանակված լինելու պայմաններում փաստաբանի հետ կապ հաստատելու առաջին ենթադրյալ փորձը կատարվել գործի լսմանը նախորդող օրը՝ կեսօրից հետո, այլ ոչ ավելի վաղ (տե՛ս վերևում շարադրված 18-րդ պարբերությունը):
95. Այդպիսի հանգամանքներում, հստակ սահմանված կանոնների բացակայության պայմաններում Դատարանին չի գոհացնում այն եղանակը, որով համապատասխան մարմինները ենթադրաբար փորձել են կատարել իրենց պարտավորությունը՝ 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելիք լսումներին դիմումատուի փաստաբանի ներկայությունն ապահովելու համար, քանի որ նրանք կամայականությունը բացառող բավարար երաշխիքներով չեն ապահովել: Արդյունքում, դիմումատուի փաստաբանը ներկա չի գտնվել այն լսումներին, որոնց ներկա են գտնվել և՛ քննիչը, և՛ դատախազը՝ ներկայացնելով իրենց փաստարկները: Դատարանը գտնում է, որ այդ լսումների անցկացման եղանակը խախտում է դատավարության մրցակցային բնույթը և կողմերի միջև իրավահավասարության սկզբունքը:
96. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։
Գ. 2008 թվականի ապրիլի 23-ին և մայիսի 29-ին Վճռաբեկ դատարան բերված վճռաբեկ բողոքների անհապաղ քննությունն ու դրա կողմից 2008 թվականի ապրիլի 23-ի բողոքի քննությունից հրաժարվելը
97. Դիմումատուն բողոքել է, որ Վճռաբեկ դատարանն անհապաղ չի քննել իր՝ 2008 թվականի ապրիլի 23-ի և մայիսի 29-ի բողոքները, և որ 2008 թվականի ապրիլի 23-ի բողոքի քննությունից ի վերջո հրաժարվելը եղել է անհիմն՝ խախտելով դատարանի մատչելիության իր իրավունքը: Դատարանն ի սկզբանե նշել է, որ կողմերից պահանջվել է դիտարկումներ ներկայացնել այն հարցի շուրջ, թե արդյոք Վճռաբեկ դատարանի վարույթը եղել է արդյունավետ պաշտպանության միջոց, թե ոչ, և թե արդյոք դրա վրա տարածվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը: Ուստի այն անհրաժեշտ է համարում առաջին հերթին այդ հարցի ուսումնասիրությունը:
98. Կառավարությունը պնդել է, որ [ՀՀ] Սահմանադրության և դատական օրենսգրքի համաձայն Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական ատյանն է, և դրան է վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու ու իրավունքի զարգացումը դյուրացնելուն ձգտելու գործը: Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի համաձայն Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝ ա) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ բ) վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ գ) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ: Այսպիսով, հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի իրավազորությունը, այն հարցը, թե արդյոք այդ դատարանի վարույթն արդյունավետ պաշտպանության միջոց է, թե ոչ, կախված է եղել գործի հատուկ հանգամանքներից, այն է՝ բողոքում բարձրացված հարցերից և այն հանգամանքից, թե արդյոք Վճռաբեկ դատարանը համարում է, որ դրանք համապատասխանում են վերը նշված ընդունելիության հիմքերին: Եթե այն ընդունել և քննել է վերաքննիչ բողոքը, ապա Վճռաբեկ դատարանի ընթացակարգը եղել է արդյունավետ պաշտպանության միջոց: Այնուամենայնիվ, եթե վերաքննիչ բողոքը չի բավարարել ընդունելիության պահանջները և չի ընդունվել քննության, ապա Վճռաբեկ դատարանի ընթացակարգը չի կարող համարվել արդյունավետ պաշտպանության միջոց: Այս գործով Վճռաբեկ դատարանը որոշել է չընդունել քննարկվող բողոքները և արդյունքում համարվել է ոչ արդյունավետ պաշտպանության միջոց:
99. Դիմումատուն պնդել է, որ Կառավարության փաստարկները եղել են անհիմն, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 499.15 հոդվածով սահմանվում է, որ անձն ունի միջազգային դատարան դիմելու իրավունք, եթե վերջնական դատական որոշմամբ խախտվել են իր իրավունքները: Նույն հոդվածի համաձայն «վերջնական որոշում» է համարվում Վճռաբեկ դատարանի որոշումը: Այսպիսով, օրենքով բարձրագույն դատական ատյանը Վճռաբեկ դատարանն է, և դրա ուժով միջազգային դատարան դիմելու իրավունքը վերապահվում է միայն տվյալ դատարան դիմելուց հետո: Ինչ վերաբերում էր դիմումատուի բողոքների քննությունից հրաժարվելուն, ապա դրանք կատարվել են զուտ ձևական և ապօրինի հիմքով:
100. Դատարանն ի սկզբանե նշել է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է հատուկ նորմի գերակայությունը (lex specialis) Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված առավել ընդհանուր պահանջների նկատմամբ, ինչը երաշխավորում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այն ձերբակալված կամ կալանավորված անձին իրավունք է տալիս դատական վարույթ սկսելու այնպիսի դատավարական և նյութաիրավական պայմաններով, որոնք էական նշանակություն ունեն նրան ազատությունից զրկելու «օրինականության» համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ա.-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [A. and Others v. the United Kingdom] [ՄՊ], թիվ 3455/05, § 202, ՄԻԵԴ 2009 թվականի գործով վճիռը): Համաձայն 5-րդ հոդվածի 4-րդ կետի՝ պաշտպանության միջոցի առկայությունը պետք է բավականաչափ հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, հակառակ դեպքում այն չի ունենա անհրաժեշտ հասանելիություն և արդյունավետություն (տե՛ս Խալիֆան և այլք ընդդեմ Իտալիայի [Khlaifia and Others v. Italy] [ՄՊ], թիվ 16483/12, § 130, 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գործով վճիռը):
101. Դատարանը նշում է, որ այն նախկինում ուսումնասիրել է կալանավորման հարցերով Վճռաբեկ դատարան վարույթներ Հայաստանի դեմ ներկայացված մի շարք գործերում՝ այս դիմումի մասին Կառավարությանը ծանուցելուց հետո: Մասնավորապես Գրիգորյանի գործում, որում Վճռաբեկ դատարանն առանց քննության էր թողել դիմումատուի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ դատական որոշման դեմ հարուցված վճռաբեկ բողոքը, Դատարանը համաձայնել էր Կառավարության հետ այն հարցում, որ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին կատարված սահմանադրական փոփոխություններից հետո դիմումատուն ներպետական օրենսդրությամբ չէր ունեցել իր նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք, և 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում դիմումատուի՝ Վճռաբեկ դատարանի մատչելիության կապակցությամբ ներկայացրած բողոքը հայտարարել էր անհիմն (տե՛ս վերևում հիշատակված Գրիգորյանի գործը, §§ 112-115): Արզումանյանի գործում, որում Կառավարությունը վկայակոչել էր համապատասխան միջոցները սպառած չլինելու հանգամանքը, քանի որ դիմումատուն վճռաբեկ բողոք չէր ներկայացրել իր նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ որոշման դեմ, Դատարանը հաստատել էր իր կողմից ավելի վաղ արված այն եզրահանգումը, որ կալանավորման հարցերով Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու կարգը սահմանված չէ Քրեական դատավարության օրենսգրքով: Դատարանն ի գիտություն է ընդունել այն փաստը, որ, մինչ դիմումատուի կալանավորման գործը գտնվել է դատական վարույթում, երկու միմյանց հետ առնչություն չունեցող կալանավորման գործերում Վճռաբեկ դատարանը քննության է ընդունել Գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները: Դատարանն, այնուամենայնիվ, եզրակացրել է, որ դա որոշիչ նշանակություն չի ունեցել այդ հարցում, քանի որ դա տեղի է ունեցել ՔԴՕ-ում փոփոխությունների կամ Վճռաբեկ դատարանի կողմից իր որոշումների մասով որևէ բացատրության բացակայության պայմաններում, և մերժել է համապատասխան միջոցները սպառած չլինելու վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված առարկությունը (տե՛ս վերևում հիշատակված Արզումանյանի գործը, §§ 31-33):
102. Դատարանը նշում է, որ առկա չեն ապացույցներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ այս գործով դիմումատուի կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս իրավիճակը զգալիորեն տարբերվել է վերոնշյալ երկու գործերում նկարագրված իրավիճակներից: Թեև ճշմարիտ է, որ Արզումանյանի գործով դեպքերից մի քանի ամիս էր անցել, և այս գործով դիմումատուն, ի տարբերություն այդ գործի դիմումատուի, փորձել էր բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, այնուամենայնիվ, ՔԴՕ-ում կամ որևէ նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանի կողմից չի արվել որևէ վերաբերելի փոփոխություն՝ կապված կալանավորման հարցերով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքի, այդ թվում՝ այդպիսի գործերում բողոքները վերանայելու իրավասության հետ: Համանման ձևով, վերաքննիչ դատարանի ոչ մի որոշման մեջ, որը դիմումատուն փորձել է վիճարկել Վճռաբեկ դատարանում, չի նշվել, որ դրանք բողոքարկման ենթակա են: Այսպիսով, դիմումատուն փորձել է օգտվել մի միջոցից, որն, ըստ էության այդ պահին չէր կարելի ասել, որ բավականաչափ համոզիչ է եղել թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետի նպատակներից ելնելով:
103. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
104. Վերջապես, դիմումատուն ներկայացրել է նաև մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
105. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով նշված բողոքների քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ դրանք չեն պարունակում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Հետևաբար գանգատի այդ մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
106. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
107. Դիմումատուն որպես նյութական վնասի փոխհատուցում պահանջել է 765 եվրո՝ կալանքի տակ պահվելու ընթացքում հնարավոր եկամտի կորստի համար, 2,334 եվրո՝ կորցրած թեյավճարների համար, 1,600 եվրո՝ կորցրած այն եկամտի համար, որը նա կարող էր վաստակել այն ամիսների ընթացքում, որոնք ծախսվել են իր ազատ արձակվելուց հետո աշխատանք փնտրելու վրա, 1,954 եվրո՝ բժշկական այն ծախսերի համար, որոնք նա կրել է՝ կալանավորման հետևանքով կրած սթրեսի պատճառով իր կորցրած առողջությունը վերականգնելու համար և 500,000 ՀՀ դրամ, որը նա վճարել էր գրավի համար, որն ըստ նրա՝ չեն վերադարձրել իրեն:
108 Դիմումատուն այնուհետև պահանջել է 30,000 ՀՀ դրամ (մոտավորապես 60 եվրո՝ տվյալ պահի դրությամբ) և 10,000 եվրո՝ կրած ոչ նյութական վնասի համար:
109. Կառավարությունը պնդել է, որ հայցվող նյութական վնասների և հայտնաբերված խախտման միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ: Ավելին, չպետք է տրամադրվի նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում, քանի որ դիմումատուն չի ապացուցել, որ ինքն այդպիսի վնաս է կրել:
110. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտումների և հայցվող նյութական վնասի միջև: Ուստի այն մերժում է տվյալ պահանջը։ Մյուս կողմից՝ արդարացիության սկզբունքի հիման վրա որոշում կայացնելով՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
111. Դիմումատուն նաև պահանջել է 161 եվրո՝ որպես փոստային ծախսերի հատուցում:
112. Կառավարությունը պնդել է, որ անհրաժեշտություն չի եղել օգտվելու թանկարժեք «Դի Էյջ Էլ» փոստային ծառայությունից այն դեպքում, երբ դիմումատուն հնարավորություն է ունեցել օգտվելու շատ ավելի էժան փոստային ծառայությունից:
113. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Դատարանը գտնում է, որ ծախսերի և ծախքերի վերաբերյալ դիմումատուի պահանջը պետք է բավարարվի, և նրան 161 եվրոյի չափով հատուցում է շնորհում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
114. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է, որ դիմումատուի որդին և ժառանգն ունի ներկայիս վարույթը դիմումատուի փոխարեն շարունակելու իրավունք.
2. Հայտարարում է դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ չներկայացնելու, 2008 թվականի հունիսի 13-ի նրա բողոքի քննությունից հրաժարվելու և 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում անցկացված լսումների ժամանակ կողմերի իրավահավասարության բացակայության վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ բողոքի մնացած մասը՝ անընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուի շարունակական կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացվել.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ հաշվի առնելով դիմումատուի՝ իր կալանավորման դեմ 2008 թվականի հունիսի 13-ի բողոքի քննությունից հրաժարվելու հանգամանքը.
5. Վճռում է, որ առկա չէ՝ դիմումատուի 2008 թվականի հունիսի 13-ի բողոքն անհապաղ քննելու մասով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-ի կետի շրջանակներում բերված բողոքն ուսումնասիրելու անհրաժեշտություն.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 17-18-ն ընկած ժամանակահատվածում նշանակված լսումներն անցկացվել են կողմերի իրավահավասարության սկզբունքի խախտմամբ.
7. Վճռում է՝
ա) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3,000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 161 եվրո (մեկ հարյուր վաթսունմեկ եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
8. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Աբել Կամպոս |
Քսենյա Տուրկովիչ |
Քարտուղար |
Նախագահ |