040.0030.17.01.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2001 թվականի N 30
քաղ. Երևան
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հողերի օգտագործման սխեմաներ կազմելու կարգը (կցվում է).
բ) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի համաձայն հողերի օգտագործման սխեմաներ կազմելը հողերի օտարման և օգտագործման տրամադրման համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել այն համայնքների ցանկերը, որոնց համար նախատեսվում է առաջնահերթ կարգով կազմել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշման 3-րդ կետում նշված ցանկերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել անհրաժեշտ հանութային նյութեր (կադաստրային քարտեզներ կամ հողօգտագործման հատակագծեր)` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու համար:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` եռամսյա ժամկետում ապահովել մարզի համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների առաջնահերթ կազմումը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանութային նյութերի տպագրության (բազմացման) աշխատանքներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
հողերի օգտագործման սխեմաներ կազմելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է հողերի օգտագործման սխեմաների (այսուհետև` սխեմա) մշակման տեխնիկական առաջադրանքի կազմման, սխեմաների համաձայնեցման ու հաստատման կարգը, ինչպես նաև սխեմաների տեքստային և գրաֆիկական մասերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի, հիմնավորում յուրաքանչյուր հողամասի արդյունավետ օգտագործման ուղղությունները, հողերի գոտիավորումն ըստ գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական և պատմամշակութային նշանակության, նոր հողամասերի յուրացման, բարելավման հնարավորությունները, բնակավայրերի ընդլայնման ուղղությունները և սահմանում պետական պահուստային ֆոնդի հողերը, հողային ռեսուրսների տրամադրման ծավալները, ուղղություններն ու հերթականությունը, հողամասերի միավորման, բաժանման հնարավորությունները:
3. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար սխեման մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով` համայնքի բյուջեի միջոցների հաշվին, համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի սահմաններում ընդգրկված հողերի համար` մարզպետի պատվերով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սխեմայի մշակման համար որպես հանութային հիմք օգտագործվում են կադաստրային հանույթները, քարտեզները (դրանց առկայության դեպքում), հողօգտագործման հատակագծերը, տեղագրական հանույթները:
5. Սխեման կազմելիս հաշվի են առնվում նախկինում մշակված հողաշինարարական ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում ներառված և գործող նորմատիվ իրավական ակտերին չհակասող դրույթները:
II. Սխեմայի մշակման տեխնիկական առաջադրանքը
6. Սխեման մշակվում է համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի, մարզպետի կողմից կազմված տեխնիկական առաջադրանքի (այսուհետև` առաջադրանք) հիման վրա:
7. Համայնքի (Երևան քաղաքի) համար կազմված առաջադրանքում նշվում են`
ա) համայնքի (Երևան քաղաքի) անվանումը, հիմնական ցուցանիշները (տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, զարգացման հիմնական հեռանկարները).
բ) տվյալներ նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական (շրջանային հատակագծման նախագծեր, բնակավայրերի գլխավոր հատակագծեր) ծրագրային փաստաթղթերի մասին (մշակման ու հաստատման տարեթվերը, մշակող կազմակերպության անվանումը).
գ) տվյալներ նախկինում իրականացված տեղագրական հանույթների, ինժեներաերկրաբանական, երկրաբուսաբանական, հողագիտական հետազոտությունների մասին (իրականացման տարեթվերը, կատարող կազմակերպությունները).
դ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացման (ընդլայնման) հիմնական ուղղությունները.
ե) հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, պատմամշակութային և այլ սահմանափակումները, հատուկ կարգավորման դրույթները.
զ) հողերի պահպանությանը ներկայացվող պահանջները.
է) սխեմայի գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող հիմնական պահանջները (գծագրերի քանակը` համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը).
ը) հողամասերի միավորման, բաժանման, դրանց նպատակային նշանակության փոփոխման և հեռանկարային օգտագործման վերաբերյալ կանխատեսումները (առաջարկությունները).
թ) նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական և այլ միջոցառումների իրականացման հնարավորությունները:
Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համար կազմված առաջադրանքում նշվում են հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, ինչպես նաև սույն կետի «գ», «ե», «զ», «է», «ը» և «թ» ենթակետերում նշված տվյալները:
8. Համայնքի ղեկավարի կողմից մշակված և համայնքի ավագանու հավանությանն արժանացած առաջադրանքի նախագիծը ներկայացվում է մարզպետին:
9. Մարզպետն առաջադրանքի նախագիծն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում է դրա քննարկումը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համաձայնեցման:
Մարզպետը նշված պետական մարմինների կարծիքներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա, լրամշակում է առաջադրանքի նախագիծը և համայնքի ղեկավարին տրամադրում նշված նախագծի լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև սխեմայի մշակման համար ելակետային տվյալներ (այդ թվում` սեյսմապաշտպանական սահմանափակումների մասին) տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:
10. Համայնքի ղեկավարը լրամշակված նախագիծն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով համայնքի բնակչությանն իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:
Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց` 10-օրյա ժամկետում:
Երևանի քաղաքապետը մինչև առաջադրանքի նախագծի հասարակական քննարկում կազմակերպելն այն քննարկում է Երևանի խորհրդում:
11. Առաջադրանքի նախագծի մասին հասարակությանն իրազեկման օրվանից այն փակցվում է համայնքի բնակչության համար տեսանելի վայրում (վայրերում) և հրապարակվում մամուլում` նախապես ծանոթանալու համար:
12. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին) ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:
13. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:
Մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) առաջադրանքի նախագիծը լրամշակելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է այն:
III. Սխեմայի մշակումը, համաձայնեցումն ու հաստատումը
14. Համայնքի ղեկավարը, Երևանի քաղաքապետը և մարզպետը, առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակը հաստատելուց հետո, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կապալառուի հետ կնքում են սխեմայի մշակման պայմանագիր:
15. Սխեմայի կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները տրված են սույն կարգի հավելվածում:
16. Սխեմայի նկատմամբ տեխնիկական պահանջներն ու չափանիշները սահմանում են իրավասու պետական մարմինները (Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն):
17. Կապալառուն սխեմայի մշակման աշխատանքներն ավարտելուց հետո այն ներկայացնում է համայնքի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին):
18. Համայնքի ղեկավարը սխեման ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպում է դրա քննարկումը համայնքի ավագանու նիստում և այն հավանության արժանանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում մարզպետին` համաձայնեցման:
19. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սխեման ստանալուց հետո այն համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ և իր եզրակացության հետ միասին ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
20. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար սխեման մշակվում է 3 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում, համայնքի ղեկավարի և կապալառուի մոտ: Համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի տարածքում ընդգրկված հողերի համար սխեման մշակվում է 2 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում և կապալառուի մոտ:
21. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է` սխեմայի գրաֆիկական մասից` հիմնական գծագիրը, որի վրա արտացոլվում են սույն կարգի հավելվածի 3-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված պահանջները, իսկ տեքստային մասից` համայնքի հողերի փաստացի բաշխումն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի, պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման և օգտագործման տրամադրման հերթականությունն ու ծավալները` համապատասխան աղյուսակների տեսքով:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հիմնական գծագրի և աղյուսակների պատճենները տրամադրվում են շահագրգիռ պետական մարմիններին:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սխեման համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի օգտագործումը կարգավորող հիմնական հողաշինարարական ծրագրային փաստաթուղթ է:
24. Պետական սեփականություն հանդիսացող հողերն օտարվում և օգտագործման տրամադրվում են սխեմաներին համապատասխան ու դրանց հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
25. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման ցանկացած փոփոխություն, որն արտացոլված չէ հողերի օգտագործման սխեմայում, կարող է կատարվել միայն սույն կարգին համապատասխան սխեման փոփոխելուց հետո:
26. Համայնքի ղեկավարը սահմանված կարգով ապահովում է սխեմայի համաձայն քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի մշակումը, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման գծագրերի նախապատրաստումը:
27. Պետական սեփականություն հանդիսացող հողերը սխեմայով նախատեսված հերթականությամբ օտարելու կամ օգտագործման տրամադրելու արդյունքում կատարվում են դրանց նպատակային նշանակության փոփոխություններ, որոնք սահմանված կարգով ընդգրկվում են համայնքի (մարզի) հողերի առկայության և բաշխման մասին հաշվետվության (հողային հաշվեկշռի) մեջ և ներկայացվում մարզպետին:
28. Սխեմաների համաձայնեցման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված |
Հողերի օգտագործման սխեմայի կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Հողերի օգտագործման սխեման բաղկացած է գրաֆիկական ու տեքստային մասերից:
2. Գրաֆիկական մասի հիմնական գծագիրը (գծագրերը) ներկայացվում է (են) համաձայն տեխնիկական առաջադրանքի:
3. Գրաֆիկական մասի (մասերի) վրա ցույց են տրվում`
ա) հողամասերի փաստացի և հեռանկարային բաշխումն ըստ նպատակային նշանակության և հողատեսքերի.
բ) հողամասերի օգտագործման նկատմամբ բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, գյուղատնտեսական, պատմամշակութային սահմանափակումներ, հատուկ կարգավորման դրույթներ նախատեսող տարածքների սահմանները` դրանց տարբերակող նշաններով.
գ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացման (ընդլայնման) ուղղություններն ու հողերի յուրացման հերթականությունը.
դ) պետական սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման ուղղությունները, դրանց օտարման հերթականությունն ու ծավալները.
ե) հողերի գոտիավորումն ըստ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, պատմամշակութային արժեքի.
զ) ինժեներատրանսպորտային հիմնական ենթակառուցվածքներն ու դրանց զարգացման ուղղությունները:
4. Տեքստային մասում նշվում են`
ա) սխեմայի մշակման հիմքերն ու ելակետային տվյալները, դրանք տրամադրած մարմիններն ու կազմակերպությունները.
բ) նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ փոխադարձ կապը (դրանց առկայության դեպքում).
գ) գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, պատմամշակութային սահմանափակումների բնույթը, համապատասխան սահմանափակումներ նախատեսող տարածքների սահմանների նկարագիրը.
դ) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, բարելավման, պահպանման, արդյունավետության բարձրացման միջոցառումները.
ե) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացման (ընդլայնման) կամ սահմանափակման հիմնավորումները.
զ) պետական սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակության փոփոխման հիմնավորումները.
է) համայնքներին սեփականության իրավունքով հողամասերի փոխանցման հիմնավորումները.
ը) նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու
1. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (այսուհետև` ժամանակավոր սխեմա) կազմվում է պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումը և օգտագործման տրամադրումը կանոնակարգելու նպատակով` 2001-2003 թվականների համար:
2. Ժամանակավոր սխեման կազմվում է կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում հողօգտագործման հատակագծերի հիման վրա, համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 և 1:10000 մասշտաբներով, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 1:10000, 1:25000, 1:50000 մասշտաբներով:
3. Ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգելու նպատակով կարող են ստեղծվել հանձնաժողովներ` մարզպետների գլխավորությամբ, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
Հանձնաժողովները` համայնքների ղեկավարների հետ միասին, կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում` հողօգտագործման հատակագծերի վրա համայնքների վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողերից առանձնացնում են հողատարածքներ` օտարման և օգտագործման տրամադրելու նպատակով`
ա) գյուղատնտեսական գործունեության համար,
բ) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար:
Առանձնացված հողատարածքներին տրվում են առանձին համարներ` նշելով օգտագործման տրամադրելու նպատակը, տարածքը (հեկտար) և հողատեսքերի կազմը:
4. Կազմված գրաֆիկական նյութերին կցվում են տեքստային նյութեր, որոնցում նշվում են`
ա) ժամանակավոր սխեմայով նախատեսված տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմի և առկայության մասին տեղեկություններ,
բ) տրամադրվող հողերի տարեկան ծավալներն ըստ օգտագործման և գործառնական նշանակության,
գ) օտարման ենթակա հողամասերը` գյուղատնտեսական գործունեության, որպես տնամերձ կամ բնակելի տան կառուցման և սպասարկման համար, օտարման ենթակա հողամասերի չափը, հերթականությունը,
դ) գյուղատնտեսական գործունեության, բնակելի, հասարակական և արտադրական նպատակներով օգտագործման տրամադրվող հողատարածքի չափը, հերթականությունը,
ե) օտարման ենթակա հողամասերի մեկնարկային գինը, վարձավճարների մրցութային մեկնարկային արժեքն ըստ հողատեսքերի,
զ) նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է) հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, պատմական միջավայրի պահպանության սահմանափակումների բնույթը, պահպանման գոտիներ նախատեսող տարածքների սահմանների նկարագիրը,
ը) այլ լրացուցիչ միջոցառումներ:
5. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար կազմված տեքստային և գրաֆիկական նյութերը համայնքի ավագանու կողմից, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար կազմվածները` մարզպետի կողմից հավանության արժանանալուց հետո, մարզպետը դրանք, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
6. Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի համար կազմված տեքստային և գրաֆիկական նյութերը, Երևանի խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո, համաձայնեցնում է սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմինների հետ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7. Համայնքի ղեկավարը, Երևանի քաղաքապետը և մարզպետը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ժամանակավոր սխեման հաստատվելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են հողերի օտարումը կամ օգտագործման տրամադրումը` փոփոխելով ժամանակավոր սխեմայով նախատեսված հողերի նպատակային նշանակությունը:
8. Հաստատված ժամանակավոր սխեմաների հիման վրա սահմանված կարգով կազմվում է` բնակելի, հասարակական, արտադրական նշանակության հողերի համար` մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագիծ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման հատակագիծ:
Համայնքների ղեկավարները և մարզպետները տարվա ընթացքում սահմանված կարգով օտարված, օգտագործման տրամադրված հողերի, կատարված հողահատկացումների և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա հողային հաշվեկշռում կատարում են փոփոխություններ:
9. Ցանկացած նոր հողահատկացում, որը չի համապատասխանում ժամանակավոր սխեմային, կարող է իրականացվել միայն սույն կարգին համապատասխան ժամանակավոր սխեման փոփոխելուց հետո: