«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1997 թվականի N 526
քաղ. Երևան
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» որոշման 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Հրազդանմեքենա», «Հայկական ավիաուղիներ», «Շողակն» և «Սապֆիր» պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (ընկերությունների) միջև 1997 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրերին «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության 46549 սովորական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականության իրավունքով հանձնելու վերաբերյալ:
2. Սահմանել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության բաժնեմասը` 138897500 դրամ, որը համապատասխանում է 55559 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2500 դրամ անվանական արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում պետական բաժնեմասի օտարման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |