|
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատներ թիվ 44841/08 և 63701/09)
Վ Ճ Ի Ռ
11-րդ հոդված ● Խաղաղ հավաքների ազատությունը ● Ընդդիմության կողմնակցի կամայական հետապնդումն ու դատապարտումը՝ կապված բողոքի ակցիաներին նրա մասնակցության հետ ● Ընդդիմության ակտիվիստների՝ արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձերբակալությունների և հետապնդումների կրկնվող օրինաչափությունը
5-րդ հոդվածի 1-ին կետ ● Օրինական ձերբակալումը կամ կալանավորումը ● Ազատությունից զրկելու և ձերբակալման արձանագրություն կազմելու միջև ձգձգումները ● Ոստիկանությունում արգելանքի տակ պահելը՝ ներպետական օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի գերազանցմամբ և առանց դատական որոշման
5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ ● Իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը
5-րդ հոդվածի 3-րդ կետ ● Նախնական կալանքի հիմնավորվածությունը ● Դիմումատուի շարունակական կալանքի համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ չներկայացնելը
6-րդ հոդվածի 1-ին կետ (քրեական) ● Անաչառ տրիբունալ ● Գործը քննող դատարանի դատավորի որդու ներգրավվածությունը բողոքի ակցիաների քննությանը |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 հոկտեմբերի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski],
Ռաֆաելե Սաբատո [Raffaele Sabato]՝ դատավորներ,
Արմեն Մազմանյան [Armen Mazmanyan] ad hoc (ժամանակավոր) դատավոր,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Գագիկ Ջհանգիրյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի հուլիսի 16-ին և 2009 թվականի նոյեմբերի 17-ին համապատասխանաբար Դատարան ներկայացված գանգատները (թիվ 44841/08 և 63701/09),
դիմումատուի ձերբակալության ենթադրյալ անօրինականության, նրա ձերբակալությունը հիմնավորող հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայության, նրա կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների ենթադրյալ բացակայության, տրիբունալի անաչառության ենթադրյալ բացակայության, ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության դիմումատուի իրավունքի ենթադրյալ խախտման և քաղաքական հայացքներով պայմանավորված ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
պրն Արմեն Մազմանյանին որպես ad hoc դատավոր (Դատարանի կանոնակարգի 29-րդ կանոն) նշանակելու մասին Պալատի նախագահի որոշումը, քանի որ Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու դատավարությանը (28-րդ կանոն),
2020 թվականի սեպտեմբերի 15-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի ձերբակալությանը, այդ թվում` այն հանգամանքին, թե արդյոք դա օրինական էր և հիմնված էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով պահանջվող ողջամիտ կասկածի վրա, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով պահանջվող ներպետական դատարանների կողմից նրա կալանքի համար հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելուն, տրիբունալի անաչառության ենթադրյալ բացակայությանը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ, և այն պնդմանը, որ դիմումատուի հետապնդումը և դատապարտումը կատարվել են Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների պահանջների խախտմամբ։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1955 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Սահակյանն ու պրն Ե. Վարոսյանը, ինչպես նաև պրակտիկ գործունեությամբ չզբաղվող իրավաբան պրն Ա. Ղազարյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, ամփոփ շարադրվում են ստորև:
5. Դիմումատուն քննարկվող ժամանակահատվածում եղել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, պաշտոն, որը նա զբաղեցրել է 2006 թվականի հունվարի 17-ից: Նա նաև ունեցել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նախկինում նա նույնպես զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում՝ Հայաստանի զինվորական դատախազի պաշտոնը:
I. 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները ԵՎ հետընտրական իրադարձությունները
6. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնական թեկնածուներն էին այդ ժամանակ գործող վարչապետ պրն Սարգսյանը, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը, և հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը:
7. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին: Ինչպես պարզ է դառնում, Ազատության հրապարակում անցկացվող ցույցերին երբեմն ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։
8. 2008 թվականի փետրվարի 22-ին դիմումատուն ելույթ է ունեցել Ազատության հրապարակում անցկացվող ցույցի ժամանակ, որի ընթացքում իր աջակցությունն է հայտնել պրն Տեր-Պետրոսյանին և քննադատել է տեղի ունեցած նախագահական ընտրությունների անցկացումը՝ պնդելով տարբեր տեսակի խախտումների մասին: Նա հավաքվածներին կոչ է արել չհանձնվել և պաշտպանել իրենց ձայները՝ ասելով, որ Հայաստանում վերջապես պետք է հաստատվի օրենքի գերակայությունը:
9. Դիմումատուն պնդել է, որ այդ ելույթից հետո իշխանությունները սկսել են իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում իրականացնել:
10. Նույն օրը Գլխավոր դատախազը դիմել է Հայաստանի նախագահին` միջնորդելով դիմումատուին ազատել զբաղեցրած պաշտոնից այն հիմքով, որ վերջինս մասնակցել է ցույցի և հանդես եկել քաղաքական ելույթով`դրանով իսկ խախտելով այն օրենքը, որով դատախազներից պահանջվում է պահպանել քաղաքական չեզոքություն և չզբաղվել քաղաքական գործունեությամբ։
11. 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի նախագահը արձակել է երկու հրամանագիր՝ դիմումատուին Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու և նրան դասային աստիճանից զրկելու մասին:
II. Դիմումատուի դեմ քրեական գործով վարույթը
Ա. Դիմումատուին ձերբակալելը
12. Ըստ դիմումատուի՝ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ինքը, իր եղբայրը՝ Վ.Ջ.-ն և եւս չորս հոգի Էջմիածնից երկու մեքենայով ուղևորվում էին Երևան: Արգավանդ գյուղի մոտակայքում գտնվող խաչմերուկում մեքենան կանգնեցնելուց հետո մի խումբ դիմակավորված և զինված անձինք հարձակվել են իրենց վրա։ Այդ անձինք տարբերիչ հատկանիշներ չունեցող տրանսպորտային միջոցով դիմացից հարվածել են իրենց մեքենային, դուրս են եկել մեքենայի միջից և կրակ արձակելով զենքերից՝ շրջապատել են մեքենան։ Ինքը կամովին հանձնվել է՝ այդ անձանց հանձնելով նաև զենքը, և վերջիններս իրեն տեղափոխել են իրենց [վերջիններիս] մեքենան։ Այնուհետև այդ անձինք փորձել են մեքենայից դուրս բերել ողնաշարի տուբերկուլյոզով տառապող և շարժունակության հետ կապված խնդիրներ ունեցող Վ.Ջ.-ին։ Հարձակվողները սկսել են կոտրել մեքենայի ապակին, և քանի որ Վ.Ջ.-ն. բացել է դուռը, ատրճանակի բռնակով հարվածել են նրա դեմքին, դուրս բերել մեքենայից և գցել գետնին՝ անտեսելով Վ.Ջ.-ի ողնաշարի հիվանդության մասին նախազգուշացումները: Հարձակվողները շարունակել են կրակոցներ արձակել և մարմնական վնասվածքներ հասցնել Վ.Ջ.-ին։ Այնուհետև դիմումատուն, նրա եղբայրը և եւս երկու հոգի, ինչպես նաև իրենց մեքենաները բերվել են ոստիկանություն:
13. Համաձայն ՀՀ ոստիկանության կայքում «Գագիկ Ջհանգիրյանը կալանավորված է» վերնագրով նույն օրը արված հայտարարության՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (այսուհետ՝ ԿՀԴՊԳՎ) օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ այն անձինք, որոնք վարել են երկու մեքենաները (նշելով պետհամարանիշները), եղել են զինված և նպատակ են ունեցել ապակայունացնել իրավիճակը Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ԿՀԴՊԳՎ աշխատակիցներն Արգավանդի խաչմերուկի մոտակայքում կանգնեցրել են վերոհիշյալ մեքենաները, աշխատակիցներին զննման ընթացքում մեքենաների մեջ գտնվող անձինք դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ոստիկաններից մեկը պատահաբար կրակել է ծառայողական ատրճանակից՝ թեթև մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության մյուս երկու աշխատակիցներին, ինչպես նաև դիմադրություն ցուցաբերած Վ.Ջ.-ին։ Տվյալ անձինք, այդ թվում՝ դիմումատուն, Վ.Ջ.-ն և նրանց ուղեկցող ևս երկու անձ բերվել են ԿՀԴՊԳՎ: Դիմումատուի մոտ հայտնաբերվել է «CZ-75» տեսակի ատրճանակ, իսկ Վ.Ջ.-ի մոտ և մյուս երկու անձանցից մեկի մոտ` ևս երկու ատրճանակ:
14. Համաձայն «անձին բերման ենթարկելու մասին արձանագրության»՝ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, դիմումատուն ԿՀԴՊԳՎ աշխատակիցներ Գ.Գ.-ի, Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի կողմից Իսակովի պողոտայի և Արգավանդ գյուղի խաչմերուկից «ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու կասկածանքով և ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար» «բերման է ենթարկվել» ԿՀԴՊԳՎ: Դիմումատուն հրաժարվել է ստորագրել արձանագրությունը:
15. Նույն օրը ԿՀԴՊԳՎ-ում խուզարկության է ենթարկվել դիմումատուին ուղեկցող ավտոմեքենան, և հայտնաբերվել է «Բրաունինգ» տեսակի ատրճանակ, որը նույնպես պատկանել է նրան:
16. Նույն օրը ԿՀԴՊԳՎ մի շարք աշխատակիցներ ԿՀԴՊԳՎ պետին ներկայացրել են հետևյալ զեկուցագրերը։
17. Ոստիկանական գործողություններին մասնակցած մի քանի ծառայողներ նկարագրել են այդ գործողությունների հանգամանքները, այդ թվում`ինչպես Վ.Ջ.-ն ենթադրաբար դիմադրություն է ցույց տվել և բռունցքով հարվածել սպա Ռ.Մ.-ի դեմքին:
18. Ծառայողներից մեկը մասնավորապես հայտնել է, որ վերոհիշյալ ոստիկանական գործողությունների ընթացքում առգրավվել է «CZ-75B» տեսակի ատրճանակ, որն ուներ գործարանային համար և դիմումատուին էր տրվել 2003 թվականի հուլիսի 30-ին՝ անորոշ ժամկետով։
19. Երկու ծառայողներներ՝ Ա.Հ-ն և Տ.Ա.-ն, հայտնել են, որ մինչև դիմումատուին ԿՀԴՊԳՎ շենքի ներս տանելը վերջինս այդ շենքի բակում չի ենթարկվել իրենց օրինական հրամաններին, բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայող Ա.Հ.-ին, պատռել է ծառայող Տ.Ա.-ի համազգեստը, հայհոյանքներ և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել իրենց և իրենց ընտանիքի հասցեին:
20. Մի քանի ծառայողներ հայտնել են այն մասին, որ ԿՀԴՊԳՎ շենքի նախասրահում գտնվելու ընթացքում դիմումատուն և նրա եղբայրը չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների հրամաններին, հնչեցրել են հայհոյանքներ և սպառնալիքներ:
21. Դիմումատուն վիճարկել է իրադարձությունների վերոնշյալ վարկածը և հերքել է ոստիկանության տվյալ ծառայողների նկատմամբ իր կողմից բռնություն գործադրելու հանգամանքը։ Նա պնդել է, որ ԿՀԴՊԳՎ ժամանելու պահին շենքի բակում գտնվել են ոստիկանության մի քանի հարյուր աշխատակիցներ, և իր կողմից որևէ դիմադրություն ցույց տալը կլիներ անիմաստ: Այնուհետև դիմումատուն պնդել է, որ իրականում ԿՀԴՊԳՎ նախասրահում ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունք ցուցաբերվել է իր և իր եղբոր նկատմամբ: Ոստիկանության աշխատակիցները իրենց գցել են գետնին և սկսել ոտքերով ու բռունցքներով հարվածել իրենց: Երբ ինքը խնդրել է նրանց չհարվածել Վ.Ջ.-ին՝ ողնաշարի հիվանդության պատճառով, նրանք սկսել են էլ ավելի ուժեղ հարվածել Վ.Ջ.-ին՝ թիրախավորելով նրա ողնաշարը:
22. 2008 թվականի փետրվարի 24-ին՝ չպարզված ժամի, Վ.Ջ.-ի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):
23. Նույն օրը ժամը 01։10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ԿՀԴՊԳՎ քննիչը կազմել է դիմումատուի ձերբակալման մասին արձանագրություն՝ «01։10»-ը նշելով որպես դիմումատուի ձերբակալման ժամանակ, ինչպես նաև նշելով, որ դիմումատուն ձերբակալվել է ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով, ինչպես նախատեսված է ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մասնավորապես 2008 թվականի փետրվարի 23-ին նրա մոտ հայտնաբերվել է «CZ‑75B» տեսակի ատրճանակ`14 փամփուշտով:
24. Նույն օրը՝ ավելի ուշ, ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, պահելը կամ կրելը) դիմումատուի նկատմամբ հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որը միացվել է առաջին քրեական գործին՝ պնդելով, որ դիմումատուն անհայտ հանգամանքներում չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել «Բրաունինգ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9․0 մմ տրամաչափի փամփուշտներով, որը դիմումատուն ապօրինի կերպով պահել է 2008 թվականի փետրվարի 23-ին իրեն ուղեկցող «ՎԱԶ 21010» մեքենայում, և որը հետագայում հայտնաբերվել է այդ մեքենայի զննման ժամանակ:
25. Քննիչը ցուցմունք է վերցրել ոստիկանության մի շարք աշխատակիցներից, որոնք հաստատել են իրենց զեկուցագրերում ավելի վաղ տրամադրված տեղեկությունները: Ոստիկանության աշխատակիցներ Ա.Հ.-ն և Տ.Ա.-ն մասնավորապես նկարագրել են, թե ինչպես է դիմումատուն հրաժարվել դուրս գալ մեքենայից, և ինչպես են իրենք ստիպված եղել ուժ կիրառել, որպեսզի նրան տեղափոխեն ԿՀԴՊԳՎ շենք, որի ընթացքում նա բռունցքով հարվածել է ոստիկանության աշխատակից Ա.Հ.-ին, պատռել է Տ.Ա.-ի համազգեստը, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել: Քննիչի կողմից որևէ հարց չի առաջադրվել։
26. «Բրաունինգ» տեսակի ատրճանակը ենթարկվել է դատաձգաբանական փորձաքննության, որի 2008 թվականի փետրվարի 26-ի եզրակացության համաձայն՝ գործարանային համարի վերջում արհեստագործական եղանակով դրոշմվել է թվանշան: Դիմումատուն պնդել է, որ դա արվել է ոստիկանության ծառայողների կողմից ատրճանակն առգրավվելուց հետո, որն ինքը պահել և կրել է օրինական կերպով՝ այդ ատրճանակի առնչությամբ ապօրինի բնույթ ստեղծելու նպատակով:
Բ. Դիմումատուին առաջադրված մեղադրանքները և նրա կալանավորումը
27. 2008 թվականի փետրվարի 26-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Ինչ վերաբերում է 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, նշվել է, որ դիմումատուն դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն, մասնավորապես՝ 9․0 մմ տրամաչափի «Բրաունինգ» տեսակի ատրճանակ՝ փամփուշտներով, որը նա ապօրինի պահել է իրեն ուղեկցող մեքենայում: Ինչ վերաբերում է 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, նշվել է, որ ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով ԿՀԴՊԳՎ տեղափոխվելուց հետո դիմումատուն, գտնվելով ԿՀԴՊԳՎ շենքի բակում, չի ենթարկվել ոստիկանական մեքենայից դուրս գալու և շենք մտնելու՝ ԿՀԴՊԳՎ ծառայողների օրինական հրամաններին, բռունցքով հարվածել է ոստիկանության աշխատակից Ա.Հ.-ի ուսին, ինչի արդյունքում աշխատակիցն ընկել է: Այնուհետև դիմումատուն քաշել և պատռել է մեկ այլ աշխատակցի՝ Տ.Ա.-ի համազգեստը, հրաժարվել է մտնել շենք և սպառնացել է վերջիններիս նկատմամբ բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել:
28. 2008 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 03։30-ին, դիմումատուն բերվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որտեղ քննվել է նրան երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դիմումատուի թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու, գործի քննությանը խոչընդոտելու և հանցագործություն կատարելու հիմքերով:
29. Դիմումատուն Վարչական շրջանի դատարանում ներկայացրել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն: Մասնավորապես «Բրաունինգ» տեսակի ատրճանակը գրանցված և լիցենզավորված զենք է և օրինական կերպով պատկանում է իրեն: Իր պատասխանատվության շրջանակից դուրս է, եթե դրա գրանցման համարի հետ կապված շփոթմունք է առաջացել: Ավելին, շուրջկալի ժամանակ ինքը ոստիկանության աշխատակիցներին ինքնակամ հանձնել է իր «CZ-75» տեսակի ատրճանակը, և ամեն դեպքում իր և մյուսների մոտ հայտնաբերված բոլոր զենքերն օրինական են: ԿՀԴՊԳՎ ժամանելուց հետո իրեն դիմավորել է ոստիկանության ծառայողների մի մեծ բազմություն, որն իրեն բռնի ուժով տարել է շենքի ներս. ուստի իր կողմից դիմադրություն ցույց տալու կամ բռնություն գործադրելու մասին պնդումները անհեթեթություն են: Ամեն դեպքում հիմք չի եղել կարծելու, որ ինքը, որպես գլխավոր դատախազի նախկին տեղակալ, կխոչընդոտի քննությանը կամ կթաքնվի, մինչդեռ միայն մեղադրանքների ծանրությունը չէր կարող հիմնավորել իր կալանավորումը:
30. Վարչական շրջանի դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը` գտնելով, որ գործի հանգամանքները և ձեռք բերված ապացույցները բավարար հիմքեր են տրամադրել կարծելու, որ եթե դիմումատուն մնա ազատության մեջ, նա կարող է կատարել նոր հանցագործություն, թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը։
31. 2008 թվականի մարտի 3-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, inter alia, որ իր կալանավորումը հիմնված չէ հիմնավոր կասկածի վրա, քանի որ ինքն օրինական կերպով է պահել ու կրել «Բրաունինգ» տեսակի ատրճանակը և երբեք բռնություն չի գործադրել ոստիկանության աշխատակիցներ Ա.Հ.-ի և Տ.Ա.-ի նկատմամբ: Ավելին, Վարչական շրջանի դատարանի որոշումը հիմնավորված չէ, քանի որ հիմնավորված չեն իր կողմից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը:
32. 2008 թվականի մարտի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ ներկայացված նյութերի հիման վրա հիմնավոր կասկած կա, որ դիմումատուն կատարել է մեղսագրվող հանցագործությունները, և դիմումատուին կալանավորելու մասին Վարչական շրջանի դատարանի որոշումը պատշաճ հիմնավորված է:
Գ. 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունները, քրեական վարույթ հարուցելը և դիմումատուի գործն այդ վարույթին միացնելը
33. 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողություններ են կատարվել Ազատության հրապարակում, որտեղ ճամբարում էին մի քանի հարյուր ցուցարարներ, ինչի արդյունքում Ազատության հրապարակը ազատվել է բոլոր ցուցարարներից, որը, սակայն, հանգեցրել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների:
34. Նույն օրն Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ընդդիմության առաջնորդների և նրանց կողմնակիցների կողմից ապօրինի ցույցեր կազմակերպելու, անհնազանդություն հրահրելու և ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով (լրացուցիչ մանրամասների համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, § 15, 2018 թվականի սեպտեմբերի 20):
35. Պարզվում է, որ նույն օրը՝ ավելի ուշ, Երևանում իրավիճակը վատթարացել է, և ցույցերը շարունակվել են մի շարք փողոցներում մինչև մարտի 2-ի վաղ առավոտը՝ առաջացնելով բախումներ բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահ մարմինների ծառայողների միջև եւ պատճառ դառնալով տասը անձի, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձի մահվան, բազմաթիվ վիրավորների, ինչպես նաև հանգեցնելով Հայաստանի նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն:
36. 2008 թվականի մարտի 2-ին մեկ այլ քրեական վարույթ է հարուցվել այն հիմքերով, որ ընդդիմության առաջնորդները և նրանց կողմնակիցները Երևանի փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, այդ թվում՝ սպանություններ, բռնություններ և այլ դատապարտելի արարքներ (նույն տեղում, § 17):
37. Նույն օրը երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում և քննվել թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում:
38. 2008 թվականի մարտի 7-ին քննիչը որոշել է դիմումատուի քրեական գործը միացնել թիվ 62202608 գործին:
Դ. Դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելն ու նրան նոր մեղադրանք առաջադրելը
39. Ապրիլի 18-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել է երկու ամսով` գտնելով, որ եթե դիմումատուն մնա ազատության մեջ, նա կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
40. 2008 թվականի ապրիլի 23-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, inter alia, որ Վարչական շրջանի դատարանի որոշումը հիմնավորված չէ, և իր կողմից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը հիմնավոր չեն:
41. 2008 թվականի մայիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը` գտնելով, որ դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Վարչական շրջանի դատարանի որոշումը պատշաճ հիմնավորված է:
42. 2008 թվականի հունիսի 6-ին քննիչը հարցաքննել է դիմումատուին՝ հիմնականում խնդրելով բացատրել 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթի բովանդակությունը:
43. 2008 թվականի հունիսի 13-ին ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված՝ զենքն ապօրինի կերպով պահելու մեղադրանքը վերացվել է այն հիմքով, որ դիմումատուն ունեցել է «Բրաունինգ» տեսակի ատրճանակը պահելու և կրելու լիցենզիա, և հնարավոր չի եղել պարզել, թե ինչ հանգամանքներում է լրացուցիչ թվանշանն ավելացվել գործարանային համարին։ Միևնույն ժամանակ դիմումատուին ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) նոր մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո միացել է
Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա համակիրներին՝ իշխանությունը յուրացնելու նպատակով գործողությունները ղեկավարելու և դրանք իրականացնելու համար։ Մասնավորապես դիմումատուն, օգտագործելով գլխավոր դատախազի տեղակալի իր պաշտոնը, մասնակցել է ընտրությունների անցկացումը վարկաբեկելուն ուղղված գործընթացներին՝ միջազգային հանրության շրջանում կասկածի տակ դնելով դրա օրինականությունը, բնակչության լայն շերտերի շրջանում սերմանելով ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահություն, ստեղծելով հասարակության դժգոհությունների և ընդվզումների պատրանքներ, ինչպես նաև կազմակերպելով ու անցկացնելով ապօրինի զանգվածային ցույցեր՝ ուղղված երկրում քաղաքական իրավիճակի ապակայունացմանը: Նա պլանավորել և ձեռնարկել է գործողություններ՝ նպատակ ունենալով մեկուսացնել օրինական պաշտոնատար անձանց, ստիպել վերջիններիս հրաժարական տալ և իշխանություն իրականացնել նրանց փոխարեն, և հանդես է եկել պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված սադրիչ բնույթի հրապարակային ելույթներով ու կոչերով:
44. Նույն օրը քննիչը դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել` հաշվի առնելով, inter alia, այն փաստը, որ դա ծավալուն և բարդ քրեական գործ է, որը պահանջում է մի շարք լրացուցիչ քննչական միջոցառումների իրականացում, և որ բացի դիմումատուից ՔՕ-ի 300-րդ հոդվածով մեղադրվում են մի շարք այլ անձինք, այդ թվում` նրանք, ովքեր թաքնվում են։
45. 2008 թվականի հունիսի 19-ին Վարչական շրջանի դատարանը, հաշվի առնելով մեղսագրվող հանցագործությունների բնույթն ու ծանրությունը, դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել է ևս երկու ամսով այն հիմքով, որ եթե դիմումատուն մնա ազատության մեջ, նա կարող է թաքնվել, խոչընդոտել գործի քննությանը` դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, և իր գործողություններով խոչընդոտել գործի հանգամանքների հետագա բացահայտմանը:
46. 2008 թվականի հունիսի 23-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելով, inter alia, որ իր կալանավորումը հիմնված չէ հիմնավոր կասկածի վրա, և որ Վարչական շրջանի դատարանը չի ներկայացրել իր եզրահանգումը հիմնավորող որևէ պատճառ առ այն, որ ինքը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:
47. 2008 թվականի հուլիսի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը` գտնելով, որ ներկայացված նյութերի հիման վրա հիմնավոր կասկած կա, որ դիմումատուն կատարել է հանցագործություն, և դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Վարչական շրջանի դատարանի որոշումը պատշաճ հիմնավորված է:
48. 2008 թվականի օգոստոսի 13-ին ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված՝ իշխանությունը յուրացնելու մեղադրանքը վերացվել է բավարար ապացույցների բացակայության պատճառով: Նշվել է, որ ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ, սակայն դիմումատուի` պետական իշխանությունը յուրացնելու գործընթացին մասնակցելու վերաբերյալ նոր ապացույցներ ձեռք չեն բերվել:
49. Նույն օրը դիմումատուի քրեական գործն անջատվել է թիվ 62202608 գործով վարույթից:
50. 2008 թվականի օգոստոսի 22-ին դիմումատուի գործով քննությունն ավարտվել է, և գործը դատական քննության նպատակով ուղարկվել է Վարչական շրջանի դատարան։
Ե. Դատական վարույթը
51. 2008 թվականի օգոստոսի 22-ին Վարչական շրջանի դատարանի դատավոր Վ.Ժ.-ն որոշում է կայացրել դիմումատուի գործը վարույթ ընդունելու և դատական քննություն նշանակելու մասին՝ որոշման մեջ նշելով, որ դիմումատուի խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ:
52. 2008 թվականի սեպտեմբերի 1-ին դատավոր Վ.Ժ.-ն քննել է դիմումատուի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատավորի կողմից տվյալ գործով անաչառության բացակայության պատճառով ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, քանի որ նրա որդին՝ Ա.Վ.-ն, որն աշխատում է որպես քննիչ, եղել է քննչական խմբի անդամ, որին վստահված է եղել գործի քննությունը: Դատավոր Վ.Ժ.-ն հենց սկզբից նշել է, որ տեղյակ է, որ իր որդին եղել է համապատասխան քննչական խմբի անդամ: Այնուամենայնիվ, քանի որ իր որդին չի կատարել գործի քննության ընթացքում դիմումատուի նկատմամբ որևէ քննչական միջոցառում կամ չի մասնակցել նման միջոցառման, դատավորը գտել է, որ ինքը կարող է օբյեկտիվ քննություն իրականացնել, քանի որ իր որդու՝ քննչական խմբի անդամ լինելու փաստն իրենով ողջամիտ կասկած չի հարուցում իր անաչառության մեջ: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ գործի քննությանն ընտանիքի անդամի ներգրավվածության փաստը չի նախատեսվել որպես դատավորի ինքնաբացարկի հիմք:
53. 2009 թվականի փետրվարի 11-ին դատավորը քննել և մերժել է ազատ արձակելու մասին դիմումատուի կողմից ներկայացված միջնորդությունը` գտնելով, որ դեռևս անհրաժեշտ է դիմումատուին պահել կալանքի տակ:
54. Դատաքննության ընթացքում դիմումատուն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում ինքը որևէ դիմադրություն չի ցուցաբերել: Ժամանելով ԿՀԴՊԳՎ շենքի բակ՝ ինքը տեսել է այնտեղ հավաքված շուրջ 200-300 մարդու: Դրանից հետո ինքն իջել է մեքենայից և իրեն ուղեկցող անձանց հետ մտել ԿՀԴՊԳՎ շենք: Իր ձերբակալումն իրականացրել են տասը դիմակավորված անձինք, որոնք հարձակվել են իր և իր եղբոր վրա և իրենց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել ինչպես ձերբակալման պահին, այնպես էլ ԿՀԴՊԳՎ շենքի նախասրահում:
55. Ոստիկանության աշխատակից Ա.Հ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, գտնվելով աշխատավայրում, հրահանգ է ստացել ձերբակալված անձին բակից ուղեկցել նախասրահ և հանձնել քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներին: Նույն հրահանգը տրվել է իր գործընկերոջը՝ Տ.Ա.-ին։ Երբ իրենք մոտեցել են բակում կայանած ֆուրգոնին, ոստիկանության աշխատակիցներն արագ իջել են մեքենայից և մտել շենք: Երբ Տ.Ա.-ն բացել է ֆուրգոնի դուռը, իրենք ճանաչել են դիմումատուին և խնդրել, որ վերջինս դուրս գա մեքենայից: Դիմումատուն չի ենթարկվել և փորձել է ոտքերով հարվածել իրենց, բայց իրենց հաջողվել է ուժի գործադրմամբ նրան դուրս հանել մեքենայից, և նրա թևերից բռնած քայլել են դեպի շենքը: Այդ պահին դիմումատուին հաջողվել է ազատել իր աջ ձեռքը և բռունցքով հարվածել իր ուսին, ինչի արդյունքում ինքը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել: Երբ Տ.Ա.-ն միջամտել է, դիմումատուն, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով իրենց ու իրենց ընտանիքի անդամների հասցեին, քաշել և պատռել է Տ.Ա.-ի համազգեստի գրպանը: Դրանից հետո իրենք, ուժի գործադրմամբ դիմումատուի ձեռքերը ոլորելով, տարել են շենքի ներս և հանձնել քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներին:
56. Ոստիկանության աշխատակից Տ.Ա.-ն տվել է նմանատիպ ցուցմունքներ:
57. ԿՀԴՊԳՎ մի շարք այլ աշխատակիցներ նույնպես ցուցմունքներ են տվել դատարանում: Նրանցից յոթը նշել են, որ դիմումատուն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել ԿՀԴՊԳՎ նախասրահում, իսկ նրանցից տասնչորսը, որոնք վերահսկել են Արգավանդ գյուղի մոտակայքում իրականացված ոստիկանական գործողությունները և (կամ) մասնակցել դրանց, այդ թվում՝ Գ.Գ.-ն, Ա.Մ.-ն և Ռ.Մ-ն, նկարագրել են այդ գործողությունների հանգամանքները՝ նշելով, inter alia, որ ԿՀԴՊԳՎ ժամանելուց հետո իրենց ողջունել են ոստիկանության աշխատակիցներ Ա.Հ.-ն և Տ.Ա.-ն, և իրենք անմիջապես մտել են շենք`դեպքի մասին զեկուցելու համար:
58. Դիմումատուն միջնորդել է, որ որպես վկա կանչվեն մի շարք անձինք, այդ թվում` չորս պատգամավորներ՝ Զ․Պ-ն, Ա.Ի․-ն, Ա.Սաք.-ը և Ա.Դ.-ն, և ընդդիմության երեք այլ կողմնակիցներ՝ Ս.Ա.-ն, Վ.Կ.-ն և Ա.Սիս.-ը։ Ինչ վերաբերում է առաջին չորսին, դիմումատուն պնդել է, որ նրանք 2008 թվականի փետրվարի 27-ին այցելել են իրեն նախնական կալանքի վայրում և տեսել են ոստիկանությունում արգելանքի տակ պահվելիս վատ վերաբերմունքի հետևանքով իր ստացած մարմնական վնասվածքները: Ինչ վերաբերում է վերջին երեքին, ապա դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի փետրվարի 24-ին նրանց նույնպես տարել և պահել են ԿՀԴՊԳՎ-ում, և ենթադրաբար վերջիններս որոշակի տեղեկություններ ունեն նախորդ օրն այնտեղ տեղի ունեցածի մասին, այդ թվում` այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց ասել են, որ դիմումատուն և նրա եղբայրը նախորդ օրը ծեծի են ենթարկվել, ինչպես նաև այն մասին, որ իրենք լսել են, որ ոստիկանության աշխատակիցները քննարկել են գործը՝ որպես դիմումատուի դեմ «սարքված» գործ։ Վարչական շրջանի դատարանի կողմից միջնորդությունները մերժվել են։
59. 2009 թվականի մարտի 23-ին Վարչական շրջանի դատարանը, դատավոր Վ.Ժ.-ի մասնակցությամբ՝ մեկ դատավորի կազմով, քննելով գործը, դիմումատուին ճանաչել է մեղավոր առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ երեք տարի ժամկետով: Վարչական շրջանի դատարանը հաստատված է համարել, որ՝
«... 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, [դիմումատուն], ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելու կասկածանքով [ԿՀԴՊԳՎ] բակ բերման ենթարկվելուց հետո, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, վերջիններիս կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքով հարվածել և ֆիզիկական ցավ է պատճառել ոստիկանության աշխատակցին [Ա.Հ.-ին], ապա քաշել ու պատռել է նույն վարչության աշխատակցի [Տ.Ա.-ի] համազգեստը՝ հրաժարվելով մտնել [ԿՀԴՊԳՎ] շենք, միաժամանակ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է տվել վերջիններիս ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ... »:
60. Վարչական շրջանի դատարանը, հետազոտելով Արգավանդ գյուղի մոտակայքում դիմումատուի ձերբակալման հանգամանքները, հաստատված է համարել նաև այն, որ դիմումատուն ինքնակամ է հանձնել «CZ-75B» տեսակի իր ատրճանակը, ինչպես նաև այն, որ զննումից հետո պարզվել է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում առգրավված բոլոր զենքերը, այդ թվում՝ դիմումատուին պատկանող զենքերը կրելը և պահելը ունեցել են օրինական հիմք:
61. Վերոնշյալ եզրահանգումներին գալու հարցում Վարչական շրջանի դատարանը հիմնվել է ոստիկանության աշխատակիցներ Ա.Հ.-ի և Տ.Ա.-ի, ինչպես նաև դատարանում ցուցմունք տված այլ աշխատակիցների հայտարարությունների վրա: Որպես իրեղեն ապացույց Վարչական շրջանի դատարանը մատնանշել է ոստիկանության աշխատակից Տ.Ա.-ի պատառոտված համազգեստը: Դիմումատուի ներկայացրած պնդումներն ու փաստարկները համարվել են չհիմնավորված:
62. 2009 թվականի ապրիլի 16-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, inter alia, որ Վարչական շրջանի դատարանը պատշաճ կերպով չի գնահատել ապացույցները, մերժել է իր փաստարկներն ու անմեղությունն ապացուցելուն ուղղված միջնորդությունները և իր եզրահանգումները կառուցել՝ հիմնվելով բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Նա նաև պնդել է, որ իր նկատմամբ հետապնդման և դատապարտման իրական պատճառը 2008 թվականի փետրվարի 22-ին ընդդիմության հանրահավաքում ունեցած ելույթի համար իրեն պատժելն է՝ պնդելով, որ դրանով ինքը ենթարկվել է խտրականության՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով: Նա նաև պնդել է, որ դատավոր Վ.Ժ.-ն անաչառ չի եղել՝ քննչական խմբում իր որդու ներգրավվածության պատճառով:
63. 2009 թվականի մայիսի 20-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի դատավճիռը և մերժել է դիմումատուի բողոքը` գտնելով, որ դրանում պարունակվող փաստարկներն անհիմն են:
64. 2009 թվականի հունիսի 19-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։
65. 2009 թվականի հուլիսի 14-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
66. Այդ ընթացքում՝ 2009 թվականի հունիսի 22-ին, դիմումատուն համաներմամբ ազատ է արձակվել:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
67. Համապատասխան ներպետական օրենսդրության, ինչպես նաև համապատասխան միջազգային նյութերի համառոտ նկարագրության համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի (վերևում հիշատակված, §§ 91-134) և Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 30-37, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործերը: Ներպետական օրենսդրության մի շարք դրույթներ և միջազգային նյութերի քաղվածքներ, որոնք մեջբերված չեն այդ վճիռներում, սահմանում են հետևյալը։
Բ. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
Ա. Քրեական օրենսգիրքը (2003)
68. Քննարկվող ժամանակահատվածում գործող խմբագրությամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները, պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը (1999)
69. Քննարկվող ժամանակահատվածում գործող խմբագրությամբ 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում էր հետևյալը.
«Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`... դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: ...»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
70. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման հարցերով
ԵԽԽՎ կոմիտեն 2008 թվականի ապրիլի 15-ին պատրաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույց (փաստաթ. 11579): Համազեկուցողների կողմից պատրաստված՝ սույն զեկույցի բացատրական հուշագրի համապատասխան մասերում նշվում է.
«10. Ընդդիմությունն աջակցություն է ստացել, երբ մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ հրապարակավ դատապարտել են ընտրությունները՝ դրանք որակելով կեղծված, և հայտարարել են, որ սատարում են պրն Լևոն Տեր-Պետրոսյանին: Հետագայում այդ պաշտոնյաներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանցից ոմանք, ինչպես նաև ընդդիմության որոշ ակտիվիստներ ձերբակալվել են արհեստական թվացող մեղադրանքների հիման վրա, ինչն այնպիսի տպավորություն է ստեղծել, որ նրանց հետապնդումը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով: Ըստ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի՝ 2008 թվականի փետրվարի 20-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 14 մարդ է ձերբակալվել, և նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել»:
Բ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)
71. 2008 թվականի ապրիլից մինչև 2009 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ/ժՀՄԻԳ-ն իրականացրել է 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների գործերով շուրջ հարյուր դատաքննության մշտադիտարկման նախագիծ, որում ներառված էր դիմումատուի գործը՝ 94 համարի ներքո:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԸ ՄԻԱՑՆԵԼԸ
72. Հաշվի առնելով գանգատների նույնանման առարկան՝ դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել միասին՝ մեկ վարույթում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
73. Դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով բողոք է ներկայացրել այն մասին, որ իր նախնական կալանքը եղել է նախ անօրինական, և երկրորդ, հիմնված չի եղել հիմնավոր կասկածի վրա: Դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նաև բողոք է ներկայացրել այն մասին, որ ներպետական դատարաններն իր շարունակական կալանքի մասով չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերն այնքանով, որքանով վերաբերելի են, ունեն հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
…
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում
կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
…
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։
Ա. Ընդունելիությունը
74. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ իր ձերբակալման ենթադրյալ անօրինականության վերաբերյալ բողոքի և իր շարունակական կալանքի հետ կապված բողոքի առնչությամբ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով։ Նախևառաջ, նա Վճռաբեկ դատարանում չի վիճարկել կալանավորման մասին 2008 թվականի փետրվարի 27-ի որոշումը` համապատասխան կանոնների պահպանմամբ: Երկրորդ, նա ունեցել է դատարաններում իր ձերբակալման օրինականությունը վիճարկելու հնարավորություն ՝ Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 103-րդ և 290-րդ հոդվածների համաձայն, ինչը նույնպես չի արել:
75. Դիմումատուն նշել է, որ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելն արդյունավետ միջոց չէր լինի, քանի որ այն հաջողության հեռանկար չէր ունենա:
76. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցներ սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, նախևառաջ օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և եւս 29-ը, § 70, 2014 թվականի մարտի 25): Դատարանը նշում է, որ այն արդեն քննության է առել և մերժել Հայաստանի դեմ այլ գործերով չսպառելու վերաբերյալ Կառավարության նմանօրինակ առարկությունները (տե՛ս «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 176‑177): Հաշվի առնելով, որ Կառավարությունը որևէ նոր տարր չի ներկայացրել, Դատարանը սույն գործով որևէ հիմք չի տեսնում իր նախկին եզրակացություններից շեղվելու համար և հետևաբար մերժում է Կառավարության առարկությունները:
77. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետ
(ա) |
Դիմումատուի ձերբակալման հետ կապված հանգամանքները՝ մինչև կալանավորման մասին Վարչական շրջանի դատարանի 2008 թվականի փետրվարի 27-ի որոշումը |
78. Դիմումատուն պնդել է, որ իրեն ազատությունից զրկելը մինչև կալանավորման մասին 2008 թվականի փետրվարի 27-ի որոշման կայացումը անօրինական է եղել երկու հիմքով: Նախ, ինքն ի սկզբանե զրկվել է ազատությունից՝ «բերման ենթարկելու» ընթացակարգի համաձայն։ Մինչդեռ այդ ընթացակարգը սահմանող ՔԴՕ-ի երկու հոդվածներից և ոչ մեկը, մասնավորապես` 153-րդ և 180-րդ հոդվածները իր դեպքում կիրառելի չեն եղել: Ինքը ձերբակալված չի համարվել մինչև իրեն արգելանքի վերցնելուց հետո որոշ ժամանակ անց ձերբակալման արձանագրություն կազմելը: Այսպիսով, իրեն սկզբնական ազատությունից զրկելն անօրինական է եղել: Երկրորդ, ինքը ոստիկանությունում արգելանքի տակ է պահվել օրենքով թույլատրված առավելագույն 72 ժամը գերազանցող ժամկետով: Մասնավորապես ինքը կալանավորվել է 2008 թվականի փետրվարի 23-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին, սակայն իրեն տարել են դատարան միայն 2008 թվականի փետրվարի 27-ին՝ առավոտյան ժամը 03։30-ին: Ներպետական օրենսդրության խախտումը հիմնավորելու համար Կառավարության կողմից բերված պատճառներն անընդունելի են:
79. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին դատարան բերելն ուշացնելը հիմնավորված է եղել գործի բարդությամբ, հանցակիցների առկայությամբ և մի շարք ձևականություններով, որոնք անհնար են դարձրել դիմումատուին ավելի վաղ դատարան բերելը:
80. Դատարանը վերահաստատում է, որ «գ» ենթակետի համաձայն իրականացված ձերբակալումը կամ կալանավորումը, ինչպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ազատությունից ցանկացած զրկում, պետք է լինի «օրինական» և «օրենքով սահմանված կարգով»։ Այդ երկու արտահայտությունները, որոնք որոշակի չափով համընկնում են, հիմնականում վերաբերում են ներպետական օրենսդրությանը և սահմանում են դրա նյութական և դատավարական կանոնները պահպանելու պարտավորությունը (տե՛ս Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia [GC]], թիվ 72508/13, § 186, ՄԻԵԴ 2017 (քաղվածքներ))։
81. Դատարանը նշում է, որ նախկինում քննել է համանման բողոքներ Հայաստանի դեմ բերված գործում և հայտնաբերել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 166-174): Սույն գործով դիմումատուն նմանապես արգելանքի է վերցվել 2008 թվականի փետրվարի 23-ին՝ երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում, սակայն ձերբակալված է համարվել միայն 2008 թվականի փետրվարի 24-ի առավոտյան 01։10-ից, երբ կազմվել է իր ձերբակալման արձանագրությունը՝ այդ ժամանակահատվածում իր անձնական ազատության և անվտանգության առնչությամբ մնալով անորոշության մեջ։ Նա տարվել է դատարան միայն 2008 թվականի փետրվարի 27-ին՝ առավոտյան ժամը 03։30-ին՝ այդպիսով ոստիկանությունում արգելանքի տակ մնալով ներպետական օրենսդրությամբ թույլատրված առավելագույն 72 ժամը գերազանցող ժամկետով: Հետևաբար Դատարանն իր նախորդ եզրահանգումներից շեղվելու պատճառներ չի տեսնում և եզրակացնում է, որ դիմումատուին ազատությունից զրկելը՝ առաջին ժամերի մասով, և օրենքով սահմանված 72-ժամյա ժամկետը գերազանցող ժամանակահատվածով շարունակական ձերբակալումը՝ առանց դատական որոշման, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անօրինական են եղել:
82. Հետևաբար այդ հիմքով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
(բ) |
Դիմումատուի ձերբակալման համար հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայությունը |
83. Դիմումատուն պնդել է, որ իր ձերբակալման հիմքերը, ինչպես նշված է իր ձերբակալման մասին 2008 թվականի փետրվարի 24-ի արձանագրության մեջ, այն է` «CZ-75B» տեսակի ատրճանակն ապօրինի ձեռք բերելը, պահելը և կրելը, հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի վրա, քանի որ ինքն ունեցել է այդ զենքի համար լիցենզիա, և այդ փաստը հայտնի է եղել ոստիկանությանը: Նույնը վերաբերում է «Բրաունինգ» տեսակի ատրճանակին: Ինչ վերաբերում է Կառավարության փաստարկներին, ապա նշված օպերատիվ տեղեկությունները երբևէ չեն ներկայացվել դատաքննության ընթացքում: Իրականում, այդպիսի տեղեկություն երբևէ գոյություն չի ունեցել, և ոստիկանության կողմից հետապնդվող միակ նպատակը եղել է ոչ թե հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալում իրականացնելը, այլ դիմումատուին պատժելն ու մեկուսացնելը՝ ընդդիմության հանրահավաքում ունեցած ելույթի համար: Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելուն, ապա դա ենթադրաբար տեղի է ունեցել միայն իրեն «ոստիկանություն բերման ենթարկելուց» հետո, ուստի դա չէր կարող հիմք հանդիսանալ իրեն արգելանքի վերցնելու համար:
84. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի ձերբակալումը հիմնված է եղել նրա կողմից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի վրա: Նախ, 2008 թվականի փետրվարի 23-ին ոստիկանությունը գաղտնի տեղեկատուից օպերատիվ տեղեկատվություններ է ստացել այն մասին, որ զինված անձինք Էջմիածին քաղաքից երկու մեքենայով ընթանում են դեպի Երևան՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Այդ տեղեկությունները ստուգելու համար կազմվել է մեկ օպերատիվ խումբ, և զննելու նպատակով մեքենաները կանգնեցնելուց հետո դիմումատուի մոտ հայտնաբերվել է «CZ-75B» տեսակի ատրճանակ, իսկ նրան ուղեկցող մեքենայում՝ «Բրաունինգ» տեսակի ատրճանակ: Ավելի ուշ՝ դիմումատուին «ոստիկանություն բերման ենթարկելուց» հետո, նա ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ գործադրել է բռնություն և սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին։ Այսպիսով, բավարար հիմքեր են եղել դիմումատուին ձերբակալելու համար։
85. Դատարանը վերահաստատում է, որ կասկածի «ողջամտությունը», որի վրա պետք է հիմնված լինի ձերբակալումը, կազմում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված կամայական ձերբակալությունից և կալանավորումից պաշտպանվելու երաշխիքի հիմնական մասը։ Դրա համար պահանջվում է օբյեկտիվ դիտորդին բավարարող որոշ փաստերի կամ տեղեկությունների առկայություն այն մասին, որ տվյալ անձը կարող է հանցագործություն կատարած լինել՝ չնայած նրան, որ այն, ինչը կարող է համարվել ողջամիտ, կախված կլինի գործի բոլոր հանգամանքներից (տե՛ս Ֆոքսը, Քեմփբլը և Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության [Fox, Campbell and Hartley v. the United Kingdom], 1990 թվականի օգոստոսի 30, § 32, շարք Ա թիվ 182, և Ռասուլ Ջաֆարովն ընդդեմ Ադրբեջանի [Rasul Jafarov v. Azerbaijan], թիվ 69981/14, § 116, 2016 թվականի մարտի 17):
86. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուի ձերբակալման մասին որևէ որոշում չի կայացվել, մինչդեռ դիմումատուին ոստիկանությունում արգելանքի տակ պահելու հետ կապված միակ երկու պաշտոնական փաստաթղթերը, մասնավորապես՝ դիմումատուին բերման ենթարկելու և նրան ձերբակալելու մասին արձանագրությունները չեն պարունակել Կառավարության կողմից նշված հիմքերից գրեթե ոչ մեկը և ամեն դեպքում պարունակել են շատ քիչ մանրամասներ։ Այսպիսով, դիմումատուին բերման ենթարկելու մասին արձանագրությունը ձևակերպվել է շատ վերացական կերպով, և ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ չի պարունակել քրեական օրենսգրքի որևէ դրույթի կամ փաստական մանրամասների կամ ապացույցների վերաբերյալ որևէ հղում (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), մինչդեռ դիմումատուի ձերբակալման մասին 2008 թվականի փետրվարի 24-ի արձանագրության մեջ, որը ծառայել է որպես դիմումատուին ազատությունից զրկելու միակ պաշտոնական հիմք՝ մինչև Վարչական շրջանի դատարանի կողմից 2008 թվականի փետրվարի 27-ին կալանավորման մասին որոշում կայացնելը, դիմումատուի ձերբակալման համար որպես միակ հիմք է նշվել «CZ-75B» տեսակի ատրճանակ պահելը (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը): Կասկածվող հանցագործության մասին հետագա փաստական մանրամասներ, այդ թվում՝ այն մասին, թե ինչու է ենթադրվում, որ տվյալ ատրճանակը դիմումատուն պահել է ապօրինի կերպով, կամ որևէ ապացույց, որը կարող էր հիմք հանդիսանալ այդ կասկածի համար, չեն տրամադրվել:
87. Դատարանն այնուհետև հղում է կատարում դիմումատուի այն պնդմանը, որը Կառավարությունը հստակորեն չի վիճարկել, որ ոստիկանությունն իր ձերբակալման պահին տեղյակ է եղել այն փաստի մասին, որ ինքն ունեցել է տվյալ ատրճանակը պահելու և կրելու լիցենզիա: Իսկապես, գործի նյութերից հետևում է, որ այս տեղեկությունը հայտնի է եղել ձերբակալումն իրականացնող ոստիկանության ծառայողներին՝ չնայած պարզ չէ, թե կոնկրետ երբ է դա հայտնի դարձել՝ ոստիկանական գործողությունների ընթացքում, թե ԿՀԴՊԳՎ-ում կատարված ստուգման ժամանակ (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Ամեն դեպքում վստահաբար կարելի է ենթադրել, որ ամենաուշը դիմումատուի ձերբակալման արձանագրության կազմման ժամանակ այդ տեղեկությունն արդեն հասանելի է եղել ոստիկանությանը: Պարզ չէ, թե արդյոք դիմումատուին ձերբակալելու մասին որոշում կայացրած քննիչն ուշադրություն չի դարձրել այդ փաստին, թե պարզապես անտեսել է այն: Անկախ ամեն ինչից, քանի որ դիմումատուի ձերբակալման հետ կապված պաշտոնական փաստաթղթերն իրավական ուժ ունեն, չի կարելի ասել, որ դիմումատուի ձերբակալումը հիմնված է եղել նրա կողմից հանցագործություն կատարած լինելու ողջամիտ կասկածի վրա:
88. Հետևաբար այդ հիմքով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում։
2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետ
89. Դիմումատուն պնդել է որ ներպետական դատարաններն իր շարունակական կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։ Կառավարության այն փաստարկը, որ դիմումատուի կողմից նախկինում գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնն զբաղեցնելու հանգամանքը մեծացնում էր նրա կողմից քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ընդունելի չէ, քանի որ այս փաստն ինքնին չէր կարող բավարար լինել նման եզրակացությունների հանգելու համար:
90. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի կալանավորման համար դատարանները ներկայացրել են հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես օրինակ՝ թաքնվելու, գործի քննությանը խոչընդոտելու և նոր հանցագործություն կատարելու ռիսկը: Ավելին, այն հանգամանքը, որ դիմումատուն նախկինում երկար ժամանակ զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, մասնավորապես՝ եղել է իրավապահ մարմինների պաշտոնատար անձ՝ քննության վրա ազդելու զգալի հնարավորություններով, էապես մեծացրել է քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
91. Դատարանն անդրադառնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (Տե՛ս Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ), և Արա Հարությունյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 48-53) և նշում է, որ արդեն գտել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարացնելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և Արա Հարությունյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 54-59): Սույն գործով ներպետական դատարանները նմանատիպ կերպով հիմնավորել են դիմումատուի շարունակական կալանքը՝ միայն մեջբերելով համապատասխան ներպետական դրույթները և հղում կատարելով վերագրվող հանցագործության ծանրությանը՝ առանց անդրադառնալու նրա գործի կոնկրետ փաստերին կամ ներկայացնելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ Կառավարության փաստարկին, Դատարանը նշում է, որ ներպետական դատարաններն այս հիմքը երբեք չեն նշել դիմումատուի շարունակական կալանքը հիմնավորելու համար (տե՛ս վերևում՝ 30-րդ, 32-րդ, 39-րդ, 41-րդ, 45-րդ, 47-րդ, 51-րդ և 53-րդ պարբերությունները)։ Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ դիմումատուի կալանավորման համար:
92. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
93. Դիմումատուն բողոքել է, որ իր քրեական գործը չի քննվել անաչառ տրիբունալի կողմից: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-րդ կետի վրա, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... անաչառ դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք»։
Ա. Ընդունելիությունը
94. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
95. Դիմումատուն պնդել է, որ գործը քննող դատարանի դատավոր Ժ.Վ.-ն անկողմնակալ չի եղել, քանի որ նրա որդին` Ա.Վ.-ն, եղել է իր գործով զբաղվող քննչական խմբի անդամ: Դատավորին ինքնաբացարկ հայտնելու իր միջնորդությունը մերժելիս դատավորի կողմից վկայակոչված հիմքերն արդարացված չեն եղել և հակասել են ներպետական օրենսդրությանը, այդ թվում՝ ՔԴՕ-ի 90-րդ հոդվածին: Նախ, դատավորի եզրահանգումը, որ Ա.Վ.-ն որևէ քննչական միջոցառման չի մասնակցել, արժանահավատ չէ, քանի որ դիմումատուի գործը միացվել և քննվել է թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում, որում Ա.Վ.-ն իրականացրել է մի շարք քննչական միջոցառումներ: Երկրորդ, նույնիսկ ենթադրելով, որ Ա.Վ.-ն չի մասնակցել որևէ քննչական միջոցառման, դա որոշիչ հանգամանք չէ, քանի որ ՔԴՕ-ի 90-րդ հոդվածն արգելում է դատավորին քննել գործը, եթե նրա մերձավոր ազգականը ներգրավված է եղել «տվյալ գործի քննությանը ստորին ատյանում»՝ ի հակադրություն պարզապես կոնկրետ քննչական միջոցառմանը մասնակցելուն: Ուստի գործը քննող դատարանի դատավորի որդու ներգրավվածությունը մեղադրանքի կողմում կարող էր դատավորի անաչառության վերաբերյալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ առաջացնել:
96. Կառավարությունը պնդել է, որ այն հանգամանքը, որ դատավոր Ժ.Վ.-ի որդին եղել է դիմումատուի գործը քննելու համար կազմված քննչական խմբի անդամ, դատավորի անաչառության վերաբերյալ իրավաչափ կասկած չի առաջացնում։ Մասնավորապես, հարուցված թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունները քննելու նպատակով կազմված հատուկ քննչական խումբը բաղկացած է եղել 150 քննիչներից և օպերատիվ ղեկավարման բաժնի աշխատակիցներից, այդ թվում՝ դատավորի որդուց: Այն ժամանակահատվածում, երբ դիմումատուի գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 7-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում դատավորի որդին չի իրականացրել որևէ քննչական միջոցառում կամ կայացրել որևէ որոշում դիմումատուի առնչությամբ: Ավելին, դատավոր Ժ.Վ.-ն դիմումատուի գործը վարույթ է ընդունել միայն այն բանից հետո, երբ այն առանձնացվել է թիվ 62202608 քրեական գործից և քննվել որպես առանձին գործ:
97. Դատարանը վերահաստատում է, որ ժողովրդավարական հասարակությունում հիմնարար կարևորություն է ներկայացնում այն հարցը, որ դատարանները հանրությանը և քրեական վարույթների հետ կապված՝ նախևառաջ մեղադրյալին վստահություն ներշնչեն: Այդ նպատակով 6-րդ հոդվածով պահանջվում է, որ դրա գործողության շրջանակներում գտնվող տրիբունալը լինի անկողմնակալ: Անաչառություն սովորաբար նշանակում է կանխակալության կամ կողմնակալության բացակայություն, իսկ դրա առկայությունն այլ կերպ կարելի է ստուգել տարբեր եղանակներով: Դատարանն այդպիսով տարբերակում է դնում սուբյեկտիվ մոտեցման, այն է՝ ջանալ պարզելու կոնկրետ գործով տվյալ դատավորի անձնական համոզմունքը կամ շահը, և օբյեկտիվ մոտեցման միջև, այն է՝ որոշել, թե արդյոք նա բավարար երաշխիքներ է առաջարկել այս առումով որևէ իրավաչափ կասկած բացառելու համար (տե՛ս Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Kyprianou v. Cyprus [GC]], թիվ 73797/01, §§ 118, ՄԻԵԴ 2005-XIII, Միկալեֆն ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Micallef v. Malta [GC]], թիվ 17056/06, § 93, ՄԻԵԴ 2009, Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Morice v. France [GC]], թիվ 29369/10, § 73, ՄԻԵԴ 2015 թվական, և Ռամոս Նունես դե Կարվալո է Սան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ], Ramos Nunes de Carvalho e Sո v. Portugal [GC], թիվ 55391/13 և եւս 2-ը, § 145, 2018 թվականի նոյեմբերի 6):
98. Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գնահատմանը, ապա դատավորի անձնական անկողմնակալությունը ենթադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր (տե՛ս Կիպրիանուի գործը՝ վերևում հիշատակված, § 119, Միկալեֆի գործը՝ վերևում հիշատակված, § 94, և Մորիսի գործը՝ վերևում հիշատակված, § 74):
99. Ինչ վերաբերում է օբյեկտիվ գնահատմանը, ապա պետք է որոշվի, թե արդյոք, անկախ դատավորի վարքագծից, կան հավաստի փաստեր, որոնք կարող են նրա անկողմնակալության վերաբերյալ կասկածներ առաջացնել (տե՛ս Միկալեֆի գործը՝ վերևում հիշատակված, § 96, Մորիսի գործը՝ վերևում հիշատակված, § 76, և Ռամոս Նունես դե Կարվալո է Սայի գործը՝ վերևում հիշատակված, § 147): Այս առումով նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ (տե՛ս Կիպրիանուի գործը՝ վերևում հիշատակված , § 118): Սա ենթադրում է, որ այն ժամանակ, երբ որոշվում է, թե արդյոք տվյալ դեպքում առկա է որևէ կոնկրետ դատավորի կամ որպես դատարան հանդես եկող մարմնի մոտ անկողմնակալության բացակայության մասով մտավախություն ունենալու որևէ հիմնավոր պատճառ, տվյալ անձի տեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ: Որոշիչ է այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է համարվել օբյեկտիվորեն հիմնավորված (տե՛ս Միկալեֆի գործը՝ վերևում հիշատակված, § 96, Մորիսի գործը՝ վերևում հիշատակված, § 76, և Ռամոս Նունես դե Կարվալո է Սայի գործը՝ վերևում հիշատակված, § 147 ):
100. Օբյեկտիվ գնահատումը հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի այլ մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին, որոնք օբյեկտիվորեն հիմնավորում են տրիբունալի անկողմնակալության վերաբերյալ կասկածները և հետևաբար օբյեկտիվ գնահատման տեսանկյունից չեն համապատասխանում Կոնվենցիայի չափանիշներին։ Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ տրիբունալն անկողմնակալ չէ (տե՛ս Միկալեֆի գործը՝ վերևում հիշատակված, § 97, Մորիսի գործը՝ վերևում հիշատակված, § 77, և Ռամոս Նունես դե Կարվալո է Սայի գործը՝ վերևում հիշատակված, § 148): Օրինակ՝ գործը քննող դատարանը նախագահող դատավորի անաչառության հետ կապված կասկածները ճանաչվել են օբյեկտիվորեն հիմնավորված, երբ պարզվել է, որ դատավորի ամուսինը գլխավորել է դիմումատուների գործով զբաղվող քննիչների խումբը (տե՛ս Դորոժկոն և Պոժարսկին ընդդեմ Էստոնիայի [Dorozhko and Pozharskiy v. Estonia], թիվ 14659/04 և 16855/04, §§ 56-58, 2018 թվականի ապրիլի 24)։
101. Սույն գործում Ա.Վ.-ն, մասնավորապես` դիմումատուի գործը քննող դատարանի դատավոր Ժ.Վ.-ի որդին, եղել է թիվ 62202608 քրեական գործով զբաղվող քննչական խմբի անդամ, որի շրջանակներում քննվել է դիմումատուի կոնկրետ գործը: Հետևաբար, դատավոր Ժ․Վ․-ն և քննիչ Ա.Վ.-ն արյունակցական առաջին աստիճանի կապ ունեցող հարազատներ են (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ռամլյակն ընդդեմ Խորվաթիայի [Ramljak v. Croatia], թիվ 5856/13, § 34, 2017 թվականի հունիսի 27): Ինչ վերաբերում է քննարկվող վարույթում Ա․Վ․-ի ներգրավվածությանը, ապա Դատարանը նախևառաջ նշում է, որ ՔԴՕ-ի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Ա.Վ.-ն եղել է քրեական վարույթի մասնակից և հետևաբար դրա կողմ, ինչը, կարծես թե, արդարացնում է այդ դրույթի համաձայն դատավորի ինքնաբացարկը: Այնուամենայնիվ, այս տարրը համարվել է ոչ վերաբերելի և դատավորի կողմից գործի քննությունը չկանխող գործոն (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը)։ Հաշվի առնելով Ա.Վ․-ի՝ վարույթում փաստացի ներգրավվածության հանգամանքը, ճշմարիտ է, որ քննչական խումբը բաղկացած է եղել բազմաթիվ քննիչներից, և որևէ նշում չկա, որ Ա․Վ-ն ներգրավված է եղել դիմումատուի նկատմամբ ձեռնարկված որևէ հատուկ քննչական միջոցառման: Այնուամենայնիվ, հաշվի առնելով թիվ 62202608 քրեական գործի բնույթը և դրա տարբերվող համատեքստը, Դատարանը չի գտնում, որ դա որոշիչ է սույն գործի կոնկրետ հանգամանքներում: Հարկ է նշել, որ թիվ 62202608 քրեական գործը հարուցվել է Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ծավալված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով եզրափակված բողոքի ակցիայի հետ կապ ունեցող քաղաքական ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների, այդ թվում՝ շաժմանն աջակցություն հայտնած և դրա հետևանքով դատարանի առջև կանգնած դիմումատուի գործերը քննելու համար (տե՛ս վերևում՝ 8-րդ, 34-րդ, 36-րդ և 38-րդ պարբերությունները և ստորև՝ 116-128-րդ պարբերությունները): Գործը քննող դատարանի դատավորի որդին ներգրավված է եղել այդ քրեական գործի քննությանը, ինչը դիմումատուի մոտ հասկանալի պատճառներով դատավորի անաչառության վերաբերյալ կասկածներ է առաջացրել՝ հաշվի առնելով մասնավորապես քաղաքական տեսանկյունից զգայուն համատեքստը և արտաքին հատկանիշների կարևորությունը։
102. Դատարանի կարծիքով վերոնշյալը բավարար է եզրակացնելու համար, որ սույն գործի կոնկրետ հանգամանքներում առկա են եղել հավաստի փաստեր, որոնք գործը քննող դատավորի անաչառության վերաբերյալ կարող էին օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ առաջացնել։ Ուստի առկա է առնվազն դատավոր Ժ.Վ.-ի անկողմնակալության բացակայության արտաքին հատկանիշ՝ պայմանավորված վերջինիս որդու՝ տվյալ քրեական գործի մինչդատական վարույթին մասնակցությամբ (տե՛ս, mutatis mutandis, Դորոժկոյի և Պոժարսկու գործը՝ վերևում հիշատակված, § 58)։
103. Հետևաբար տեղի է ունեցել տրիբունալի անաչառության բացակայության հիմքով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
104. Դիմումատուն բողոքել է, որ իր հետապնդումը և դատապարտումը կատարվել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտմամբ, որոնք այնքանով, որքանով վերաբերելի են, սահմանում են հետևյալը.
Հոդված 10
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Կողմերի ներկայացրած փաստարկները
1. Կառավարությունը
105. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ունեցել տուժողի կարգավիճակ, քանի որ նա չի ներկայացրել փաստեր կամ ապացույցներ` ի հիմնավորումն իր այն պնդման, որ իր հետապնդումը կամ դատապարտումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել ազատ արտահայտվելու կամ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքների հետ: Ապօրինի կերպով զենք պահելու, պետական պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու և իշխանությունը յուրացնելու մասով դիմումատուին առաջադրված մեղադրանքները ոչ մի կապ չեն ունեցել Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված նրա իրավունքների հետ: Ուստի նրա բողոքներն անընդունելի են:
2. Դիմումատուն
106. Դիմումատուն պնդել է, որ իր հետապնդման և դատապարտման իրական պատճառը եղել է 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքին իր մասնակցությունը և ելույթ ունենալը: Իր նկատմամբ հետապնդումը հարուցվել է դրանից անմիջապես հետո, ինչը հետապնդել է իրեն պատժելու և չեզոքացնելու նպատակ, քանի որ ինքը հասարակության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող հայտնի հանրային գործիչ է եղել: Դիմումատուն նշել է, որ մի շարք գործոններ մատնանշում են իր հետապնդման և Ազատության հրապարակում իր ունեցած ելույթի միջև հստակ կապի առկայությունը: Նախ, 2008 թվականի հունիսի 6-ին կայացած հարցաքննության ընթացքում, երբ ինքը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իրեն այնպիսի հարցեր են տրվել, որոնք գրեթե բացառապես առնչվել են Ազատության հրապարակում իր ելույթին և առնչություն չեն ունեցել իրեն առաջադրված մեղադրանքների հետ: Երկրորդ, 2008 թվականի հունիսի 13-ին իր դեմ նոր մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 300-րդ հոդվածով՝ իշխանությունը յուրացնելու համար, որն ամբողջովին հիմնված էր Ազատության հրապարակում իր ունեցած ելույթի վրա: Այդ ելույթի տեքստը ներառվել է իր դեմ հարուցված քրեական գործի ապացույցների շարքում: Երրորդ, իր եզրափակիչ խոսքում դատախազը խնդրել է դատարանին դիմումատուի նկատմամբ նշանակել խստագույն պատիժ՝ պատճառաբանելով, որ երկրում ստեղծված իրավիճակում դիմումատուն վտանգ է ներկայացնում հասարակության համար:
107. Դիմումատուն նաև հղում է կատարել իր դեմ առաջադրված կասկածների և մեղադրանքների պարբերաբար փոփոխվող բնույթին, որոնք նույն կերպ ենթադրում են, որ դրանք կեղծ են եղել: Այսպիսով, իրեն «բերման են ենթարկել» ոստիկանություն մեկ հիմքով, ձերբակալել մեկ այլ հիմքով, այնուհետև մեղադրանք են առաջադրել ու կալանավորել երրորդ հիմքով և իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել են չորրորդ հիմքով: Ավելին, ինքը չորս ամիս պահվել է կալանքի տակ` ենթադրյալ ապօրինի կերպով զենք պահելու հիմքով, որը, ավելին, ի վերջո վերացվել է, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հենց սկզբից իրենց տրամադրության տակ ունեցել են ապացույցներ այն մասին, որ ինքը երկու զենքերն էլ օրինական կերպով է պահել և կրել: Վերջում դիմումատուն պնդել է, որ ինքը համարվել է Հայաստանում թիվ մեկ քաղաքական բանտարկյալ` այդ առնչությամբ հղում կատարելով իր քրեական գործի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և դեսպանատների զեկույցներին, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք պնդել են, որ իր հետապնդման հիմքում առկա են քաղաքական դրդապատճառներ: Ամփոփելով, իր հետապնդումը, կալանավորումը և դատապարտումը հանգեցրել են 11-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների միջամտության: Նման միջամտությունը եղել է կամայական, քանի որ այն հետապնդել է քողարկված նպատակներ և չէր կարող համարվել օրինական: Ավելին, դա իրավաչափ նպատակ չի հետապնդել և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում, քանի որ Ազատության հրապարակում իր ելույթը չի հրահրել բռնություն, հասարակական անկարգություններ կամ ատելություն:
Բ. Ընդունելիությունը
108. Դատարանը նշում է, որ Կառավարությունը, վիճարկելով դիմումատուի՝ տուժողի կարգավիճակը, ըստ էության, վիճարկել է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված դիմումատուի իրավունքներին միջամտելու փաստը: Այս հարցը, սակայն, սերտորեն կապված է դիմումատուի բողոքների էության հետ և պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:
109. Դատարանը նշում է, որ այս բողոքներն ակնհայտ անհիմն չեն կամ անընդունելի չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Գ. Ըստ էության քննությունը
1. Դիմումատուի բողոքների շրջանակը
110. Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները գլխավորապես հիմնված են այն պնդման վրա, որ իր հետապնդումը և դատապարտումը եղել են ցույցերին իր մասնակցությունը կանխելուն և դրա համար պատժելուն ուղղված միջոց: Նման հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի lex generalis [ընդհանուր օրենք] 11-րդ հոդվածի առնչությամբ, որը lex specialis [հատուկ օրենք] է։ Դատարանը, հետևաբար, գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է քննվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania] [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։
111. Մյուս կողմից, չնայած դրա ինքնավար դերին և կիրառության կոնկրետ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործով պետք է դիտարկվի նաև 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս Էզելինի գործը՝ վերևում հիշատակված, § 37, Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 86, և Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia] [GC]] թիվ 29580/12 և եւս 4-ը, § 102, 2018 թվականի նոյեմբերի 15)։
2. Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը
112. Դատարանը վերահաստատում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտությունը կարող է իրենից չներկայացնել ուղղակի արգելք՝ իրավական կամ փաստացի, այլ կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառված պատիժները (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 228)։
113. Սույն գործում կողմերի միջև վիճելի է այն փաստը, թե արդյոք եղել է դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքի միջամտություն: Դիմումատուն պնդել է, որ իր հետապնդման և դատապարտման իրական պատճառը եղել է Ազատության հրապարակում ունեցած ելույթի համար իրեն պատժելը և որպես բարձր պաշտոն զբաղեցնող ընդդիմության կողմնակից իրեն չեզոքացնելը, մինչդեռ Կառավարությունը հերքել է դա և պնդել, որ դիմումատուն հետապնդվել է բացառապես նշված հանցագործությունների համար:
114. Դատարանը նշում է, որ կողմերը, ըստ էության, վիճարկում են դիմումատուի նկատմամբ հետապնդման և դատապարտման փաստական հիմքը: Դատարանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ զգուշորեն է մոտենում իր դերակատարման երկրորդական լինելու հարցին և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի դատական մարմնի դերը ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից։ Որպես կանոն, Դատարանի խնդիրը չէ ներպետական մակարդակով վարույթներ անցկացված լինելու դեպքում փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջիններիս խնդիրն է այդ փաստերը հաստատել իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա։ Թեև Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրահանգումները, և այն ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, այնուամենայնիվ, բնականոն պայմաններում պահանջվում են համոզիչ փաստարկներ՝ ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումներից շեղում կատարելու համար (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], [Giuliani and Gaggio v. Italy [GC]] թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Օստինը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Austin and Others v. the United Kingdom [GC]], թիվ 39692/09 և եւս 2-ը, § 61, ՄԻԵԴ 2012)։
115. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ ապացույցները գնահատելիս այն կիրառում է ապացուցման «ողջամիտ կասկածից վեր» չափանիշը։ Այնուամենայնիվ, այն երբևէ չի ունեցել այդ չափանիշը կիրառող ազգային իրավական համակարգերի մոտեցումը որդեգրելու նպատակ։ Դատարանի դերը կայանում է ոչ թե հանցագործությունը կատարելու մեջ մեղավորության կամ քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ, այլ Կոնվենցիայի համաձայն Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորությունների վերաբերյալ որոշում կայացնելու մեջ։ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն Դատարանի ստանձնած հանձնառության (Կոնվենցիայում ամրագրված հիմնարար իրավունքները երաշխավորելու՝ Պայմանավորվող պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելը) առանձնահատկությամբ է պայմանավորված ապացույցների և ապացուցման հարցերի վերաբերյալ դրա մոտեցումը։ Դատարանում վարույթի ընթացքում ապացույցների ընդունելիության առնչությամբ դատավարական որևէ խոչընդոտ կամ դրանց գնահատման նախանշված բանաձև չկա։ Դատարանն ընդունում է այն եզրակացությունները, որոնք իր կարծիքով հիմնավորված են բոլոր ապացույցների, այդ թվում՝ փաստերից կամ կողմերի ներկայացրած փաստարկներից բխող եզրահանգումների ազատ գնահատմամբ։ Իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ այդպիսի ապացույցը կարող է բխել համատեղ գոյություն ունեցող՝ խորապես հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներից կամ նմանատիպ փաստերի անհերքելիության կանխավարկածից (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 113, ՄԻԵԴ 2005-VII)։
116. Դատարանն ի սկզբանե նշում է, որ արդեն քննել է Հայաստանի դեմ մի շարք գործեր, որոնցում դիմումատուները քաղաքական զգայունության բարձր աստիճան ունեցող այնպիսի ժամանակահատվածներում 11-րդ հոդվածի համաձայն միջամտության վերաբերյալ նմանատիպ պնդումներ են ներկայացրել, որոնք սովորաբար ներառել են ընտրությունների ժամանակաշրջանում զանգվածային բողոքներ, ինչը հանգեցրել է ընդդիմության կողմնակիցների կամ ակտիվիստների նկատմամբ վարչական կամ քրեական այնպիսի վարույթների միջոցով տարբեր տեսակի պատժամիջոցների կիրառման, որոնցում ոստիկանության ծառայողների ցուցմունքները դիմումատուներին ուղղակիորեն վերաբերող և նրանց հաջորդող դատապարտման համար, եթե այդպիսիք եղել են, բացառիկ հիմք ծառայած միակ ապացույցներն են եղել (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Others v. Armenia], թիվ 34320/04, §§ 87-90, 2012 թվականի ապրիլի 10, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, §§ 203-210, 2012 թվականի հոկտեմբերի 2, որը վերաբերում էր նմանատիպ պնդումների, սակայն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համատեքստում, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 241-243, որը վերաբերում էր նույն բողոքի ակցիաներին, ինչպես և սույն գործում է)։ Դատարանը Հակոբյանի և այլոց գործով մասնավորապես գտել է, որ այն ժամանակաշրջանում, երբ 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ անցկացվում էին ընդդիմության հանրահավաքներ, այդ հանրահավաքներին ընդդիմության ակտիվիստների մասնակցությունը խոչընդոտելու կամ կանխելու կամ դրա համար պատժելու վարչական պրակտիկա է եղել՝ կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական կալանքի ընթացակարգը, այդ թվում՝ այնպիսի հիմքերով, ինչպիսիք են հանրահավաքների հետ առնչություն չունեցող հանգամանքներում հայհոյական խոսք օգտագործելը կամ ոստիկանության աշխատողի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը։ Գտնելով, որ դիմումատուները` ընդդիմության երեք կողմնակիցները, այդ գործելակերպի զոհ են դարձել, Դատարանը մերժել է այդ հիմքերով նրանց դատապարտման փաստական հիմքը և եզրակացրել է, որ նրանց կալանքի իրական պատճառն ընդդիմության շարունակվող ցույցերին նրանց մասնակցությունը կանխելը կամ նրանց ետ պահելն է եղել (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 90-99)։ Նմանատիպ եզրակացություն է կայացվել նաև Վիրաբյանի գործով` ապօրինի կերպով զենք պահելու կասկածանքով դիմումատուի ձերբակալման առնչությամբ և ոստիկանության աշխատողի կարգադրությանը կամ պահանջին ենթադրաբար չենթարկվելու մասով հաջորդող վարչական վարույթի առնչությամբ (վերևում հիշատակված, §§ 203-210): Դատարանը կիրառել է նման մոտեցում 11-րդ հոդվածի համատեքստում նաև այլ երկրների դեմ մի շարք գործերում (տե՛ս Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի [Nemtsov v. Russia], թիվ 1774/11, §§ 66-71, 2014 թվականի հուլիսի 31, Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Karpyuk and Others v. Ukraine], թիվ 30582/04 և 32152/04, §§ 194-206, 2015 թվականի հոկտեմբերի 6, և Հուսեյնլին և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseynli and Others v. Azerbaijan], թիվ 67360/11 և եւս 2-ը, §§ 87-97, 2015 թվականի փետրվարի 11):
117. Դատարանն այնուհետև անդրադառնում է սույն գործի հանգամանքների շուրջ առկա ընդհանուր համատեքստին: Ինչպես արդեն նշվել է Մուշեղ Սաղաթելյանի գործում, այդ ժամանակահատվածը Հայաստանում քաղաքական զգայունության բարձր աստիճան ունեցող ժամանակահատված էր, ինչը ներառում էր ենթադրյալ անարդար նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքներ։ Իշխանությունների՝ դրան հետևող արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը դատապարտվել են ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել որպես «ընդդիմության de facto (փաստացի) հետապնդում»։ Նրանցից շատերին առաջադրված մեղադրանքները, հատկապես ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածների համաձայն և բացառապես ոստիկանության ապացույցների հիման վրա առաջադրված մեղադրանքները ենթադրաբար եղել են «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 125-131 և 243): Ավելին, եղել են ապացույցներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ ընդդիմության որոշ ակտիվիստներ, այդ թվում՝ ընտրությունները դատապարտելուց և բողոքի ակցիաներին իրենց աջակցությունը հայտարարելուց հետո իրենց զբաղեցրած պաշտոններից ազատված բարձրաստիճան որոշ անանուն պաշտոնյաներ, հնարավոր է, որ արդեն իսկ փետրվարի 20-29-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից և ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների դեմ թիվ 62202608 հիմնական քրեական գործը հարուցելուց առաջ դարձել են ձերբակալությունների և հետապնդումների զոհ՝ «առերևույթ արհեստական մեղադրանքների» հիման վրա (տե՛ս վերում՝ 70-րդ պարբերությունը): Հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի տարբեր մարմինների կողմից վերոնշյալ զեկույցներում ներկայացված ընդհանուր համատեքստի նկարագրությունը, որոնք լուրջ մտահոգության տեղիք են տալիս և Դատարանից պահանջում են դիմումատուի կոնկրետ գործի վարման հարցում դրսևորել հատուկ զգոնություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, Դատարանն այս կապակցությամբ կանդրադառնա հետևյալ գործոններին։
118. Նախ, Դատարանը մատնանշում է այն փաստը, որ դիմումատուն եղել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, որն իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ հրապարակավ հայտնել է իր աջակցությունը բողոքի ակցիայի մասնակիցներին և քննադատել է ընտրությունները՝ որակելով դրանք կեղծված: Ազատության հրապարակում իշխանություններին քննադատող նրա ելույթին հաջորդող օրը և նրան հենց աշխատանքից հեռացնելու օրն իրականացվել են ոստիկանական գործողություններ, որոնց արդյունքում դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
119. Երկրորդ, Դատարանը նշում է այն hակասական եղանակը, որով դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մասնավորապես, Հայաստանի ոստիկանության կայքում 2008 թվականի փետրվարի 23-ին արված հայտարարությունից պարզ է դառնում, որ դիմումատուի ձերբակալմանը հանգեցրած ոստիկանական գործողություններն իրականացվել են ԿՀԴՊԳՎ-ում ստացված, չնշված որոշ «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Այդ տեղեկությունների ճշգրիտ բնույթն ու աղբյուրը վարույթի որևէ փուլում երբևէ չեն բացահայտվել կամ ուսումնասիրվել: Ուստի անհասկանալի է, թե ինչ հիմքով են կարծել, որ դիմումատուն և նրան ուղեկցող անձինք ապօրինի կերպով զինված են եղել և ավելին, նպատակ են ունեցել, ինչպես շատ անորոշ եզրույթով նշվում է, «ապակայունացնել իրավիճակը Երևանում»: Այդ ծրագրի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել, այդ թվում` այն եղանակի, թե ինչպես այդ ապակայունացումը պետք է իրականացվեր, կամ դրա հիմքում ընկած շարժառիթների, ներառյալ`այն հանգամանքի, թե արդյոք դա որևէ կերպ կապված է եղել շարունակվող բողոքի ակցիաների հետ: Հատկանշական է, որ այն պնդումը, որ դիմումատուն եղել է զինված խմբի անդամ, որը պլանավորում էր ապակայունացնել իրավիճակը Երևանում, հաջորդող քննության ընթացքում երբևէ չի ուսումնասիրվել կամ նույնիսկ չի ներկայացվել, և գործը դիտվել է որպես ապօրինի կերպով զենք պահելու սովորական դեպք՝ առանց ավելի լայն համատեքստի, ինչն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նման որևէ տեղեկություն երբևէ չի եղել, և որ այն պարզապես օգտագործվել է որպես պատրվակ՝ դիմումատուին կանգնեցնելու և խուզարկելու համար:
Ավելին, ինչ վերաբերում է դիմումատուի մոտ հայտնաբերված «CZ-75B» տեսակի ատրճանակին, որն առնվազն պաշտոնապես ծառայել է որպես նրա ձերբակալման հիմք, ապա անվիճելի է այն հանգամանքը, որ դիմումատուն ատրճանակը պահել և կրել է օրինական կերպով, և որ այդ տեղեկությունը հայտնի է եղել ձերբակալումն իրականացրած ոստիկանության ծառայողներին (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, գործի նյութերից չի երևում, թե երբ է այդ տեղեկությունը հայտնի դարձել (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը): Ըստ դիմումատուի՝ այս տեղեկությունը ձերբակալումն իրականացրած ոստիկանության ծառայողներին տրամադրված է եղել արդեն ոստիկանական գործողությունների ժամանակ, ինչը, եթե համարենք, որ այդպես է, կենթադրեր, որ դիմումատուն արգելանքի է վերցվել կամայական կերպով: Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ այս տեղեկությունը հայտնի է դարձել միայն ԿՀԴՊԳՎ-ում ստուգման արդյունքում, միևնույն է, հարց է առաջանում, թե ինչու է անհնար եղել այդ տեղեկությունը ստուգել տեղում և դրանով կանխել դիմումատուին ազատությունից անհարկի զրկելը: Հատկանշական է, որ դիմումատուին արգելանքի վերցնելու այս նախնական պատճառը գրեթե անմիջապես մոռացվել է, երբ նրան ձերբակալելուց հետո նրա նկատմամբ հետապնդման նոր հիմքեր են ծագել: Դիմումատուն այդ նախնական կասկածի առնչությամբ երբևէ նույնիսկ չի հարցաքննվել, սակայն փոխարենը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել այլ հիմքով, այն է՝ ԿՀԴՊԳՎ-ում կատարված մեքենաներից մեկի խուզարկության արդյունքում հայտնաբերված այլ ատրճանակ ենթադրյալ ապօրինի կերպով պահելու առնչությամբ (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը)։ Վերոհիշյալ բոլոր գործոնները, ինչպես նաև դիմումատուի ձերբակալման նախնական պատճառներին վերաբերող բոլոր պաշտոնական փաստաթղթերի ցայտուն անորոշությունը (տե՛ս վերևում՝ 86-87-րդ պարբերությունները) Դատարանին դրդում են հավատալու, որ դիմումատուին արգելանքի վերցնելու համար իրական պատճառներ չեն եղել, և այն փաստը, որ նա ձերբակալվել է այդպիսի անորոշ հիմքերով, իրականում տպավորություն է ստեղծում, որ նպատակը դիմումատուին ամեն գնով ազատությունից զրկելն է եղել, և որ նրա ձերբակալումը, հնարավոր է, որ կատարվել է անբարեխղճորեն (համեմատի՛ր Վիրաբյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, §§ 205-207, և Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 249):
120. Երրորդ, Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուին առաջադրված նախնական մեղադրանքները, մասնավորապես՝ «Բրաունինգ» տեսակի ատրճանակը ենթադրյալ ապօրինի կերպով պահելը և արգելանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելը, կարծես թե կապ չեն ունեցել 2008 թվականի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում բռնկված բողոքի ակցիաների հետ, անհասկանալի պատճառներով նրա գործը միացվել է այդ բողոքի ակցիաների առնչությամբ ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների դեմ հարուցված թիվ 62202608 հիմնական քրեական գործին (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը): Ավելին, հարցաքննություններից մեկի ժամանակ դիմումատուին, երբ նրա նկատմամբ առաջադրված էին այդ մեղադրանքները, գրեթե բացառապես հարցեր են տրվել՝ կապված 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթի հետ (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը): Ընդ որում, հետագա փուլում դիմումատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 300-րդ հոդվածով՝ «իշխանությունը յուրացնելու» համար, որի նույնիսկ բավականին անորոշ ձևով կազմված լինելու պարագայում կարելի է հասկանալ, որ այն վերաբերում էր պրն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորած բողոքի ակցիաներում դիմումատուի ներգրավվածությանը, այդ թվում՝ բողոքի այդ ակցիային դիմումատուի կողմից ցուցաբերած աջակցությանը՝ Ազատության հրապարակում անցկացվող հավաքին իր մասնակցության և այնտեղ իր ունեցած ելույթի միջոցով (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Չնայած այդ մեղադրանքն ի վերջո վերացվել է, քննիչը դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել` հղում կատարելով այդ մեղադրանքին, ինչպես նաև բողոքի ակցիայի քննության համար հարուցված հիմնական քրեական գործին (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը):
121. Չորրորդ, անվիճելի է այն փաստը, որ «Բրաունինգ» տեսակի ատրճանակը, ինչպես և «CZ-75B» տեսակի ատրճանակը, օրինական կերպով է պատկանել դիմումատուին: Քննության որևէ փուլում ոչ մի բացատրություն չի տրվել առ այն, թե ինչու է ենթադրվել, որ դա ապօրինի զենք է՝ հաշվի առնելով, որ դիմումատուն ունեցել է գործող լիցենզիա (տե՛ս վերևում՝ 24-րդ և 27-րդ պարբերությունները): Մեղադրանքը կրկին մանրամասներ չի պարունակել և ի վերջո վերացվել է ապացույցների բացակայության պատճառով՝ ակնհայտորեն առանց դրա առնչությամբ կատարված որևէ էական քննության և այն հիմնավորմամբ, որով չի պարզաբանվել այն հարցը, թե ինչու էր անհրաժեշտ առաջին հերթին դիմումատուին առաջադրել այդ մեղադրանքը (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Ուստի դիմումատուի հաջորդող դատապարտման միակ հիմքը եղել է այն արարքը, որը նա ենթադրաբար կատարել էր արգելանքի վերցվելուց հետո, այն է՝ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելը (համեմատի՛ր Վիրաբյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 209): Ավելին, այդ դատապարտումը հիմնված է եղել բացառապես ոստիկանության տվյալ ծառայողների ցուցմունքների վրա, և ներպետական դատարանների կողմից այդ առնչությամբ կատարված փաստերի վերաբերյալ եզրահանգումները կարծես թե եղել են հանգամանքների զուտ և անվիճելի ամփոփում, ինչպես դրանք ներկայացված են եղել այդ ցուցմունքներում (համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ՝ վերևում հիշատակված, § 98, և Մուշեղ Սաղաթելյանի գործի հետ՝ վերևում հիշատակված, § 243): Ուստի այդ մեղադրանքի հետ կապված վարույթի անցկացման եղանակը ցայտուն կերպով նման է մյուս դեպքերին, երբ ընդդիմության ակտիվիստները հետապնդվել և դատապարտվել են նմանատիպ արարքների համար, նմանատիպ հանգամանքներում և նմանատիպ ապացույցների հիման վրա, ինչը մատնանշում է կրկնվող ձեռագրի առկայությունը և կասկածի տակ է դնում դիմումատուի նկատմամբ քրեական վարույթի արժանահավատությունը (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 97-98, Վիրաբյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 204-209, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 253)։
122. Ի վերջո, հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը, չնայած, ամբողջապես վերցրած, բողոքի ակցիաների հետ կապ չունենալուն, այնուամենայնիվ, ներառվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշտադիտարկվող գործերի շարքում՝ որպես 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների դեմ հարուցված հարյուրից ավելի գործերով դատաքննության մշտադիտարկման ծրագրի մաս (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը):
123. Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուի գործի և վերը նշվածների միջև կան մի շարք ցայտուն նմանություններ (տե՛ս վերևում՝ 116-րդ պարբերությունը): Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ գործոնները՝ Դատարանը համարում է, որ սույն գործում կան համոզիչ փաստարկներ, որոնք կասկածի տակ են դնում այն հանգամանքը, թե արդյոք դիմումատուի ձերբակալման և հետագա հետապնդման իրական պատճառները ոստիկանության համապատասխան նյութերում նշվածներն են եղել։ Դատարանի տրամադրության տակ առկա նյութերի ամբողջությունը թույլ է տալիս կատարել խորապես հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներ՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի ակցիայում դիմումատուի ներգրավված լինելու և դրան աջակցություն ցուցաբերելու հետ կապված նրա նկատմամբ հետապնդման և հետևաբար դրա արդյունքում դատապարտման առնչությամբ։ Հետևաբար Դատարանը պատրաստ է ենթադրել, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված են եղել դիմումատուի հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքի «միջամտության» օրինակ (տե՛ս, mutatis mutandis, Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 99, Վիրաբյանի գործը՝ վերևում հիշատակված, § 210, և Մուշեղ Սաղաթելյանի գործը՝ վերևում հիշատակված, § 234)։
3. Արդյո՞ք միջամտությունը սահմանված է եղել օրենքով
124. Դատարանը կրկին նշում է, որ միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «սահմանված օրենքով», չհետապնդի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Կուդրևիչիուսի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 102):
125. Դատարանի կողմից քննության առաջին քայլը որոշելն է, թե արդյոք դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտությունը «սահմանված է եղել օրենքով»: Դիմումատուն պնդել է, որ միջամտությունն անօրինական և կամայական է եղել, քանի որ իր հետապնդումը հանրահավաքներին իր մասնակցությունը կանխելու և դրա համար իրեն պատժելու քողարկված միջոց է եղել: Դատարանը կրկին նշում է, որ 11-րդ հոդվածի հիմնական էությունը պաշտպանվող իրավունքների իրականացման հարցում պետական մարմինների կամայական միջամտությունից անհատին պաշտպանելն է (տե՛ս Էլեկտրաքարշերի ինժեներների և հրշեջների միավորված միությունը (ԷԻՀՄՄ) ընդդեմ Միացյալ Թագավորության [Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom], թիվ 11002/05, § 37, 2007 թվականի փետրվարի 27): Այն նշում է, որ արդեն գտել է նմանատիպ միջամտությունների դեպքեր, որոնք անօրինական և կամայական են և հետևաբար չեն համապատասխանում օրենքով սահմանված լինելու պահանջին (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 107-108, և Հուսեյնլիի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 98-100)։
126. Հաշվի առնելով միջամտության առկայության վերաբերյալ իր եզրահանգումները` Դատարանը համարում է, որ սույն գործում առկա իրավիճակը համեմատելի է վերոնշյալ Հակոբյանի և այլոց ու Հուսեյնլիի և այլոց գործերում քննության առնված իրավիճակի հետ: Իսկապես, դիմումատուն հետապնդվել և դատապարտվել է որոշակի արարքների, մասնավորապես՝ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ այդպիսի արարքները քրեականացնող ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչդեռ նրա քրեական պատժի իրական պատճառը բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցությունն է եղել: Այս հանգամանքներում դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի վիճարկվող միջամտությունը կարող էր միայն բնութագրվել որպես Կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակներով ակնհայտ կամայական և հետևապես՝ ապօրինի (տե՛ս, mutatis mutandis, Հակոբյանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 107, և Հուսեյնլիի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, § 98):
127. Դատարանը, հետևաբար, եզրակացնում է, որ քննարկվող միջամտությունը չի բավարարել օրինականության մասով Կոնվենցիայի պահանջը: Այդպիսով, չի պահանջվում որոշել, թե արդյոք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ, և եթե այո, ապա արդյոք այն համաչափ է եղել հետապնդվող նպատակին: Նույն պատճառներով Դատարանը մերժում է դիմումատուի՝ տուժողի կարգավիճակի բացակայության մասով Կառավարության առարկությունը:
128. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
129. Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ իր հետապնդումը և դատապարտումը պայմանավորված են եղել իր քաղաքական հայացքներով և հանգեցրել են խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմամբ, որով սահմանվում է հետևյալը՝
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
130. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
131. Դատարանը, հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն արած եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 116-128-րդ պարբերությունները), հայտարարում է, որ այս բողոքն ընդունելի է, սակայն համարում է, որ անհրաժեշտ չէ քննել՝ արդյոք տվյալ գործով եղել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
132. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
133. Դիմումատուն պահանջել է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
134. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի հիմնավորել իր պնդումները որևէ ապացույցով առ այն, որ ինքը կրել է ոչ նյութական վնաս:
135. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար այն դիմումատուին շնորհում է 14 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
136. Դիմումատուն նաև պահանջել է 3 000 000 ՀՀ դրամ` Դատարանում կրած ծախսերի համար` որպես հիմնավորում ներկայացնելով իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը, ինչպես նաև 173 եվրո՝ փոստային ծառայությունների համար:
137. Կառավարությունը պնդել է, որ քանի որ դիմումատուն դեռևս չի վճարել քննարկվող գումարը և պայմանագրով պարտավոր է դա անել միայն գործի նպաստավոր ելքի դեպքում, պահանջված դատական ծախսերը չեն կարող համարվել իրականում կատարված: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանցված է և չհիմնավորված: Ինչ վերաբերում է ենթադրյալ փոստային ծառայությունների մասով ծախսերին, ապա դրանք միայն մասամբ են հիմնավորված:
138. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 000 եվրո՝ որպես բոլոր պահանջների մասով կրած ծախսերի ու ծախքերի փոխհատուցում։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
139. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Որոշում է դիմումատուի՝ տուժողի կարգավիճակի բացակայության մասով Կառավարության նախնական առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
3. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
4. Վճռում է, որ դիմումատուի ձերբակալման օրինականության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում․
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում այն առումով, որ դիմումատուի ձերբակալումը հիմնված չի եղել հիմնավոր կասկածի վրա.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում այն առումով, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել.
7. Վճռում է, որ տրիբունալի անաչառության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
8. Վճռում է, որ դիմումատուի հետապնդման և դատապարտման մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
9. Վճռում է, որ բողոքը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համակցությամբ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.
10. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 14 000 եվրո (տասնչորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
11. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ |
Քրշիշթոֆ Վոյտիչեկ Նախագահ |