«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2001 թվականի N 536
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության`
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մինչև 1, 3, 7 և 12 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս` անձնագրերի վավերականության ժամկետը 6 ամսվանից պակաս լինելու դեպքում դրանք տրվում են մեկ տարի, իսկ մինչև 16 տարին լրանալը` 6 ամիս ժամկետով:
Մինչև 16 տարեկան անչափահասների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մասին տվյալների (անունը, ազգանունը) գրառում».
15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ, և մեկամսյա ժամկետում` կորած անձնագրի փոխարեն տրվում է նորը, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դեպքերում` 15-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում կազմված կորստյան գործի դեպքում` նշված ժամկետները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններում կորստյան գործը մուտքագրվելու օրվանից».
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագրում անձնագրի 3-րդ էջի նկարագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լուսանկարի ներքևի մասում դրվում է հոլոգրամ: Հոլոգրամի վրա և տվյալ էջի աջ անկյունում տպագրվում են անձնագրի սերիան ու համարը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագրին համապատասխան տրված անձնագրերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր չեն ճանաչվում մինչև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վավերականության ժամկետը լրանալը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |