ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 247/11)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 մարտի 2020 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]` Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ, և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Լաուրա Մեհրաբյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին Դատարան ներկայացված գանգատը,
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2020 թվականի փետրվարի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Իր գանգատի մեջ դիմումատուն բողոքել է, որ ազգային իշխանությունների կողմից չի իրականացվել արդյունավետ քննություն աշխատավայրում տեղի ունեցած պատահարի հետևանքով իր ամուսնուն պատճառված մահվան հանգամանքներով: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածներին:
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն ծնվել է 1941 թվականին և ապրում է Երևանում: Նրան ներկայացրել են Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղազարյանը և պրն Ա. Զեյնալյանը:
2. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Գործի փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
4. Դիմումատուն հանգուցյալ պրն Ալբերտ Մկրտումյանի այրին է, որն աշխատել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում (Երևանի ՋԷԿ)՝ որպես էլեկտրակայանի տեխնիկական սպասարկում իրականացնող էլեկտրիկ: Նա ունեցել է էլեկտրիկի քառասունհինգ տարվա աշխատանքային փորձ, որից երեսունվեց տարին աշխատել է Երևանի ՋԷԿ-ում:
5. 2008 թվականի մարտի 5-ին նրան խնդրել են տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարել էլեկտրակայանի 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահում: Ըստ համապատասխան աշխատանքային կարգադրության՝ Ալբերտ Մկրտումյանին հանձնարարվել է կատարել էլեկտրակայանի 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասի տեխնիկական սպասարկումը: Աշխատանքային կարգադրության մեջ այնուհետև նշվել են այն սարքավորումները, որոնք պետք է անջատվեին՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար: Մասնավորապես պետք է անջատվեին 41Տ և 64Տ լարման տրանսֆորմատորները, իսկ 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասը պետք է հողակցվեր:
6. Նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ալբերտ Մկրտումյանը և նրա օգնական Վ.Մ.-ն սկսել են աշխատանքները: Համաձայն տեխնոլոգիական բլոկում իրականացվող բոլոր աշխատանքները գրանցող օպերատիվ տեղեկագրի համապատասխան արձանագրության՝ ժամը 10:30-ին անջատվել է 41Տ լարման տրանսֆորմատորը, և ժամը 10:45-ին սկսվել է վերանորոգման աշխատանքն առաջին հատվածամասում:
7. 2008 թվականի մարտի 6-ին աշխատանքները վերսկսվել են: 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ալբերտ Մկրտումյանը տեղում մահացել է էլեկտրահարման հետևանքով:
8. Նույն օրը Երևանի ՋԷԿ-ի ղեկավարությունը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Հետաքննիչն ուսումնասիրել է դեպքի վայրը և նշանակել մահացածի դիահերձում:
9. 2008 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հետաքննիչը հարցաքննել է տեխնոլոգիական բլոկի ղեկավարին, վերջինիս տեղակալին, հերթափոխի պետին, ընկերության անվտանգության ծառայության պետին, գլխավոր ինժեներին և միակ ականատես Վ.Մ.-ին: Վերջինս հարցաքննվել է 2008 թվականի մարտի 27-ին և նշել է, inter alia (ի թիվս այլնի), որ ինքն Ալբերտ Մկրտումյանին հիշեցրել է, որ ռեզերվային էլեկտրաապահովման խուցը պատված է լարերով, սակայն վերջինս իր աշխատանքային գործիքներով բացել է դրա դուռը և մտել է խուց, որտեղ կարճ ժամանակ անց էլեկտրահարվել է:
10. 2008 թվականի ապրիլի 3-ին դիահերձումն ավարտվել է: Փորձագետը եզրակացրել է, որ Ալբերտ Մկրտումյանի մահը վրա է հասել տեխնիկական էլեկտրականության հետևանքով առաջացած էլեկտրահարումից: Փորձագետի եզրակացության մեջ նաև նշվել է, որ դեպքի վայրի զննության արձանագարության բացակայության պայմաններում հնարավոր չի եղել որոշել մահվան ճշգրիտ ժամանակը:
11. Երևանի ՋԷԿ-ի տնօրենի պահանջով 2008 թվականի մարտի 7-ին Էներգետիկայի պետական տեսչության կողմից ստեղծվել է հանձնաժողով՝ դեպքի առթիվ ծառայողական քննություն իրականացնելու նպատակով: Հանձնաժողովը կազմված է եղել Էներգետիկայի պետական տեսչության, Երևանի ՋԷկ-ի և Էլեկտրաարհմիության մասնագետներից: Հանձնաժողվի 2008 թվականի ապրիլի 4-ի եզրակացության համապատասխան՝ մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Հանձնաժողովը եզրակացնում է, որ պատահարի պատճառը եղել է այն, որ Ալբերտ Մկրտումյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը և ընդլայնել է աշխատանքային տարածքը, ինչպես նաև աշխատանքային կարգադրության մեջ նշված աշխատանքի սահմանները՝ նշված աշխատանքները կամայական կերպով կատարելով լարերով պատված ռեզերվային էլեկտրաապահովման խցում: Անտեսելով ... նախազգուշացնող և արգելող ցուցանակները՝ նա բացել է ռեզերվային էլեկտրաապահովման խցի դուռը ... և մտել է խուց..., շփոթել է միացված և անջատված լարերի տեղերը, չթույլատրված հեռավորությամբ մոտեցել է 9Տ տրանսֆորմատորից մատակարարվող միաջիղ լարին և էլեկտրահարվել է:
Միաժամանակ, Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ պատահարը տեղի է ունեցել հանգամանքների համակցության հետևանքով՝ տուժողի կողմից իրեն վնասելու մտադրության բացակայության պայմաններում»:
12. 2008 թվականի մարտի 10-ին հետաքննիչն Էլեկտրաարհմիությանը խնդրել է ուսումնասիրել 2008 թվականի մարտի 6-ին Երևանի ՋԷԿ-ում տեղ ունեցած պատահարը: 2008 թվականի ապրիլի 18-ի եզրակացության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Ալբերտ Մկրտումյանը չի հետևել էլեկտրակայանի անվտանգության կանոնների պահանջներին: Եզրակացության մեջ այնուհետև նշվել է, որ պատահարի համար որևէ անձ պատասխանատու չէ:
13. 2008 թվականի ապրիլի 22-ին հետաքննության մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Որոշումը հիմնվել է Էլեկտրաարհմիության և Էներգետիկայի պետական տեսչության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունների, ինչպես նաև Վ. Մ.-ի ցուցմունքների վրա: Որոշման մեջ նշվել է, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Մկրտումյանն իրեն հանձնարարված աշխատանքը կատարել է կամայական կերպով՝ փորձելով վերանորոգել ռեզերվային էլեկտրաապահովման խուցը, որը, ըստ համապատասխան աշխատանքային կարգադրության, եղել է լարերով պատված, և վերանորոգման որևէ աշխատանք չպետք է կատարվեր այնտեղ: Որոշման մեջ այնուհետև նշվել է, որ Ալբերտ Մկրտումյանը ռեզերվային էլեկտրաապահովման խցի դուռը բացել է իր մոտ եղած աշխատանքային գործիքներով և, inter alia, փորձել է մաքրել մեկուսիչները, որոնք իր կարծիքով միացված չեն եղել: Այնուհետև նա չթույլատրված հեռավորությամբ մոտեցել է 6 000 վոլտ հզորությամբ միաջիղ լարերին և էլեկտրահարվել է:
14. 2008 թվականի մայիսի 4-ին դիմումատուն հետաքննության մարմնին խնդրել է իրեն տրամադրել 2008 թվականի ապրիլի 22-ի որոշումը և Էլեկտրաարհմիության, ինչպես նաև Էներգետիկայի պետական տեսչության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունները: Դիմումատուին տրամադրվել է միայն 2008 թվականի ապրիլի 22-ի որոշման պատճենը:
15. 2008 թվականի մայիսի 7-ի դիմումով դիմումատուն դատախազին բողոքարկել է 2008 թվականի ապրիլի 22-ի որոշումը: Նա բողոքում նշել է, որ իրեն տրամադրել են միայն քրեական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ չնայած այն հանգամանքին, որ ինքը պահանջել էր նաև մասնագետների եզրակացությունների պատճենները: Հետևաբար ինքը գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել: Դիմումատուն պնդել է, որ հետաքննության մարմնի եզրակացությունների մեջ եղել են մի շարք անհամապատասխանություններ դեպքի հանգամանքների առնչությամբ:
16. 2008 թվականի մայիսի 21-ին դատախազը դիմումատուին պատասխանել է, որ հետաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 22-ի որոշումը եղել է օրինական, և այն վերացնելու հիմքեր չկան:
17. 2008 թվականի հունիսի 3-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի [ընդհանուր իրավասության] դատարան (Վարչական շրջանի դատարան)` բարձրաձայնելով այն նույն բողոքները, որոնք ներկայացրել էր դատախազին ուղղված իր դիմումի մեջ:
18. 2008 թվականի հունիսի 19-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և վերացրել է 2008 թվականի ապրիլի 22-ի որոշումը: Այն նշել է, որ պետք է հարուցվեր քրեական գործ՝ անպատասխան մնացած մի շարք հարցեր պարզաբանելու համար, այդ թվում՝ այն աշխատանքի ճշգրիտ ծավալը, որը պետք է կատարվեր ըստ աշխատանքային կարգադրության, այն սարքավորումները, որոնք ենթադրվում էր, որ պետք է անջատված լինեին, այն պատասխանատու անձը, որի մոտ գտնվել է ռեզերվային էլեկտրաապահովման խցի բանալին, և այն, թե ինչպես է Ալբերտ Մկրտումյանը կարողացել առանց բանալիի բացել այդ դուռը: Վարչական շրջանի դատարանը նաև նշել է, որ հետաքննության մարմինը պետք է ուսումնասիրեր, թե արդյոք Երևանի ՋԷԿ-ի ղեկավարությունը հետևել է էլեկտրակայանների անվտանգության կանոնների պահանջներին, և որ պետք է նշանակվեր համապատասխան դատական փորձաքննություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էլեկտրաարհմիության եզրակացությունը չի կարող համարվել դատավարական իրավունքի պահանջները բավարարող փորձագիտական եզրակացություն:
19. Դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ հիմնականում վիճարկելով Վարչական շրջանի դատարանի եզրահանգումներն այն հանգամանքների առնչությամբ, որոնց նկատմամբ [ըստ Վարչական շրջանի դատարանի] պետք է իրականացվեր հետագա քննություն:
20. 2008 թվականի հուլիսի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը։ Իր որոշմամբ այն գտել է, որ հետաքննության մարմինն իր եզրակացությունները չի հիմնավորել վերաբերելի ապացույցներով, և որ պետք է նշանակվեին դատական փորձաքննություններ, այդ թվում՝ տարբեր ոլորտների փորձագետների ներգրավմամբ՝ դեպքի առնչությամբ մի շարք հանգամանքներ պարզելու համար:
21. 2008 թվականի հուլիսի 23-ին դատախազը քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացրել:
22. 2008 թվականի հուլիսի 29-ին դիմումատուն խնդրել է իրեն վարույթի շրջանակներում տալ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ: Դիմումատուն նաև ներկայացրել է հարցեր և միջնորդել է դրանք ներառել դատաձեռագրաբանական, էլեկտրատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու ժամանակ փորձագետներին առաջադրվող հարցերի ցանկում:
23. 2008 թվականի հուլիսի 30-ին քննիչը նշանակել է էլեկտրատեխնիկական փորձաքննություն. փորձագետին խնդրել են որոշել, inter alia, հետևյալը.
ա) արդյո՞ք Ալբերտ Մկրտումյանին թույլատրվել էր մտնել ռեզերվային էլեկտրաապահովման խուց՝ աշխատանքային կարգադրությամբ իրեն հանձնարարված աշխատանքը կատարելու համար.
բ) կոնկրետ աշխատանքները, որոնք պետք է իրականացվեին ըստ աշխատանքային կարգադրության.
գ) արդյո՞ք ռեզերվային էլեկտրաապահովման խուցը վերանորոգման աշխատանքների ընթացքում անջատված է եղել, և արդյո՞ք այն կարող էր հանկարծակի միանալ.
դ) արդյո՞ք ռեզերվային էլեկտրաապահովման խցի դուռը կարող էր առանց բանալիի բացվել, և եթե այո, ապա ի՞նչ գործիքի օգնությամբ.
ե) հաշվի առնելով Ալբերտ Մկրտումյանի հասակը և խցի չափը՝ արդյո՞ք կարող էր մարմինը լինել այն դիրքով, որով այն գտել էին.
զ) արդյո՞ք վերանորոգման աշխատանքները կատարելու ընթացքում տեղի է ունեցել էլեկտրակայանների անվտանգության կանոնների պահանջների խախտում, և եթե այո, ապա ովքե՞ր են պատասխանատու անձինք:
24. 2008 թվականի օգոստոսի 8-ի գրությամբ քննիչը դիմումատուին տեղեկացրել է, որ բավարար հիմքեր չկան նրան որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար: Միևնույն ժամանակ նշվել է, որ նրա հարցերը կներառվեն փորձագետներին առաջադրվող հարցերի ցանկում:
25. Վերջում դիմումատուի՝ էլեկտրատեխնիկական փորձագետին ուղղված հարցերի մեծ մասը չի ներառվել քննիչի կողմից առաջադրված հարցերի ցանկում:
26. Իր 2008 թվականի օգոստոսի 15-ի եզրակացության մեջ էլեկտրատեխնիկական փորձագետը եկել է այն եզրակացության, որ պատահարը տեղի է ունեցել աշխատանքային կարգապահությունը խախտելու, ինչպես նաև էլեկտրակայանների անվտանգության կանոնակարգերի պահանջները չկատարելու հետևանքով: Փորձագետի եզրակացության մեջ նշվել է, որ 2008 թվականի օգոստոսի 4-ին նա զննել է դեպքի վայրը, 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասի ռեզերվային էլեկտրաապահովման խուցը, սակայն պատահարից հետո խցի վիճակը չի պահպանվել, և հետևաբար իր եզրակացությունները հիմնված են գործի նյութերի և զննության արդյունքների վրա: Փորձագետը նշել է, inter alia, որ ըստ Ալբերտ Մկրտումյանի որակավորման՝ նրան չէր թույլատրվում մտնել ռեզերվային էլեկտրաապահովման խուց, և որ աշխատանքային կարգադրությամբ նրան հանձնարարվել է վերանորոգել 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասը: Նա այնուհետև նշել է, որ ռեզերվային էլեկտրաապահովման խուցը փակված է եղել ներսից, և դրսից այն կարող էր բացվել աքցանով, երկու պտուտակահանով կամ այլ գործիքներով: Փորձագետը նաև նշել է, որ 9Տ տրանսֆորմատորից մատակարարվող 6 000 վոլտ հզորությամբ առաջին հատվածամասի ռեզերվային միաջիղ լարերը միացված են եղել: Ինչ վերաբերում է անվտանգության կանոնակարգերի պահանջները չկատարելուն, փորձագետը նշել է, որ Ալբերտ Մկրտումյանը խախտել է դրանք՝ կամայական կերպով կատարելով աշխատանքային կարգադրության մեջ չնշված աշխատանքներ և չթույլատրված հեռավորությամբ (0,6 մետրից քիչ) մոտենալով միացված լարերին:
27. 2008 թվականի սեպտեմբերի 2-ին քննիչը նշանակել է ձեռագրադատաբանական փորձաքննություն՝ որոշելու համար, թե արդյոք աշխատանքային հրամանի վրա առկա ստորագրությունը պատկանում է Ալբերտ Մկրտումյանին, թե ոչ:
28. 2008 թվականի սեպտեմբերի 4-ին դիմումատուն Աշխատանքի պետական տեսչությանը հարցում է արել, թե արդյոք Երևանի ՋԷԿ-ն իրեն անհապաղ, ինչպես պահանջվում է օրենքով, տեղեկացրել է 2008 թվականի մարտի 6-ի պատահարի մասին, թե ոչ:
29. 2008 թվականի սեպտեմբերի 17-ի գրությամբ Աշխատանքի պետական տեսչությունը նշել է, որ Երևանի ՋԷԿ-ը 2008 թվականի մարտի 6-ի պատահարի մասին չի հաղորդել անհապաղ, և որ պատահարի առնչությամբ իրականացված ծառայողական քննությանը վերաբերող նյութերն ուղարկվել են 2008 թվականի ապրիլի 25-ին:
30. 2008 թվականի սեպտեմբերի 22-ի եզրակացությամբ ձեռագրաբան փորձագետը հաստատել է, որ աշխատանքային կարգադրությունը ստորագրել է Ալբերտ Մկրտումյանը:
31. 2008 թվականի սեպտեմբերի 23-ին քննիչը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել այն հիմքով, որ Ալբերտ Մկրտումյանը մահացել է անվտանգության կանոնները խախտելու, ինչպես նաև ռեզերվային էլեկտրաապահովման խցում կամայական կերպով վերանորոգման աշխատանքներ կատարելու հետևանքով, ինչը հակասել է աշխատանքային կարգադրությանը: Մասնավորապես նա մտել է ռեզերվային էլեկտրաապահովման խուց և չթույլատրված հեռավորությամբ մոտեցել է 9Տ տրանսֆորմատորից մատակարարվող միացված լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել է: Նույն օրը քննիչը դիմումատուին տրամադրել է այդ որոշման պատճենը:
32. 2008 թվականի սեպտեմբերի 29-ին դիմումատուն դիմում է ներկայացրել դատախազին՝ բողոքարկելով նախ քննիչի կողմից անօրինական ձևով իրեն վարույթի շրջանակներում որպես մահացած ամուսնու իրավահաջորդ չճանաչելը, ապա նաև իր ներկայացրած հարցերը փորձագետներին առաջադրվող հարցերի ցանկում չներառելը: Նա այնուհետև նշել է բողոքում, որ քննիչը փորձագետին չի առաջադրել նաև Վարչական շրջանի դատարանի 2008 թվականի հունիսի 19-ի որոշման մեջ ներառված հարցերը:
33. 2008 թվականի նոյեմբերի 12-ի գրությամբ դատախազը դիմումատուին տեղեկացրել է, որ վարույթի շրջանակում նրան որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու հիմքեր չկան, քանի որ չի հաստատվել, որ Ալբերտ Մկրտումյանին վնաս է պատճառվել հանցագործության հետևանքով: Միևնույն ժամանակ դատախազը նշել է, որ դիմումատուն չունի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոք ներկայացնելու իրավունք:
34. 2008 թվականի նոյեմբերի 24-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ պահանջելով վերացնել քննիչի՝ 2008 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը: Նա մասնավորապես բողոքել է այն փաստի առնչությամբ, որ իրեն չի տրվել գործի նյութերին ծանոթանալու, դիմումներ ներկայացնելու և միակ վկային հարցեր ուղղելու հնարավորություն: Նա պնդել է, inter alia, որ հետաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել դեպքի վայրի վիճակը պահպանելու համար, և որ գործի նյութերը պարունակել են միայն դրա հետ կապված լուսանկարներ: Արդյունքում էլեկտրատեխնիկական փորձագետը վերահաստատել է Էլեկտրաարհմիության և Հանձնաժողովի (որում ներառված էր նաև Երևանի ՋԷԿ-ի ներկայացուցիչը) եզրակացությունները: Նա այնուհետև պնդել է, որ քննիչը չի քննել, թե ինչ ձևով է բացվել ռեզերվային էլեկտրաապահովման սենյակի դուռը, և որ ղեկավար անձն էր պատասխանատու բանալին պահելու համար: Դիմումատուն բարձրաձայնել է քննության հետ կապված մի շարք այլ թերություններ, ինչպես նաև բողոքել է այն փաստի առնչությամբ, որ Երևանի ՋԷԿ-ը ծառայողական քննությունն սկսել է միայն պատահարից մեկ ամիս հետո և իրեն չի տեղեկացրել այդ մասին: Բացի այդ, Երևանի ՋԷԿ-ը պատահարի մասին անհապաղ չի տեղեկացրել Աշխատանքի պետական տեսչությանը, ինչպես պահանջվում էր օրենքով:
35. 2009 թվականի ապրիլի 3-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և վերացրել է 2008 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումն այն հիմքով, որ նախաքննության մարմինը չի պատասխանել 2008 թվականի հունիսի 19-ի իր որոշման մեջ ներառված հարցերին, որն անփոփոխ էր թողնվել Վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ:
36. 2009 թվականի մայիսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որին պատասխանել էր դիմումատուն, և անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի ապրիլի 3-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը մասնավորապես գտել է, որ քննիչը չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի առնչությամբ պատշաճ քննություն իրականացնելու համար:
37. 2009 թվականի հունիսի 15-ին դատախազը ցուցում է տվել քննիչին՝ նշելով, որ վերջինս պետք է վերսկսի քրեական գործով վարույթը, դիմումատուին ճանաչի որպես տուժողի իրավահաջորդ և հարցեր ուղղի էլեկտրատեխնիկական փորձագետին իր եզրակացության առնչությամբ:
38. 2009 թվականի հունիսի 18-ին քննիչը կայացրել է գործի վարույթը վերսկսելու և դիմումատուին այդ մասին տեղեկացնելու մասին որոշում:
39. 2009 թվականի հունիսի 19-ին դիմումատուն խնդրել է իրեն ճանաչել որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդ: Նույն օրը նրա միջնորդությունը բավարարվել է:
40. Վերաբացված վարույթի շրջանակներում քննիչը ևս մեկ անգամ հարցաքննել է Վ.Մ.-ին, տեխնոլոգիական բլոկի ղեկավարին և վերջինիս տեղակալին: Քննիչը հարցաքննել է նաև էլեկտրատեխնիկական փորձագետին:
41. 2009 թվականի հուլիսի 9-ին դիմումատուն խնդրել է իրեն տրամադրել գործի նյութերը, ինչպես նաև տալ ժամանակ՝ միջնորդություններ ներկայացնելու համար:
42. 2009 թվականի հուլիսի 10-ին քննիչը քրեական գործի վարույթը նույն հիմքերով կարճելու որոշում է կայացրել: Համապատասխան որոշման պատճենը 2009 թվականի հուլիսի 13-ի գրությամբ ուղարկվել է դիմումատուին: Վ.Մ.-ի, տեխնոլոգիական բլոկի ղեկավարի, վերջինիս տեղակալի և էլեկտրատեխնիկական փորձագետի հարցաքննությունների արձանագրությունները կցվել են գրությանը:
43. 2009 թվականի հուլիսի 13-ին դիմումատուն համալիր դատական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել քննիչին, ինչպես նաև ներկայացրել է հարցեր՝ փորձագետներին առաջադրելու համար:
44. 2009 թվականի հուլիսի 17-ին դիմումատուն դատախազին ուղարկել է գրավոր դիմում՝ խնդրելով վերացնել քննիչի 2009 թվականի հուլիսի 10-ի որոշումը: Նա պնդել է, որ քննիչը իրեն չի տվել գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն, ինչպես նաև չի անդրադարձել իր՝ 2009 թվականի հուլիսի 13-ի դիմումին: Բացի այդ, քննիչը չի կատարել դատարանների որոշումների պահանջները և չի նշանակել համալիր դատական փորձաքննություն՝ դեպքերի իրական եղելությունը պարզելու նպատակով:
45. 2009 թվականի օգոստոսի 3-ի գրությամբ դատախազը դիմումատուին տեղեկացրել է, որ գործը հետ է ուղարկվել քննիչին, քանի որ վերջինս չի կատարել Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 262-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես քննիչը նրան՝ որպես տուժողի իրավահաջորդի, չի տեղեկացրել գործի նյութերին ծանոթանալու և որոշումը բողոքարկելու իր իրավունքների մասին:
46. Ըստ դիմումատուի՝ 2009 թվականի օգոստոսի 5-ին քննիչն այցելել է իր տուն և վերցրել է իր ստորագրությունը, որով հաստատում էր, որ ինքը ծանոթացել է գործի նյութերին: Դիմումատուն նշում է, որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է, քանի որ ստացել էր փորձագետի և երեք վկաների հարցաքննությունների արձանագրությունների պատճենները՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հետ մեկտեղ: Այնուամենայնիվ, քննիչն այդ օրը իրեն չի տրամադրել այլ լրացուցիչ փաստաթղթերի պատճեններ:
47. 2009 թվականի օգոստոսի 10-ին դիմումատուն բողոք է ներկայացրել դատախազին առ այն, որ ինքը նախաքննության ընթացքում գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել:
48. 2009 թվականի օգոստոսի 21-ի գրությամբ դատախազը դիմումատուին տեղեկացրել է, որ նրա՝ 2009 թվականի օգոստոսի 10-ի բողոքը մերժվել է: Դատախազի որոշման պատճենը կցվել է գրությանը: Որոշման մեջ նշվել է, inter alia, որ քննիչն ապահովել է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաև նրան տրամադրել է գործի նյութերի պատճենները: Որոշման մեջ այնուհետև նշվել է, որ ՔԴՕ-ով տուժողի իրավահաջորդի համար սահմանված չէ նախաքննության ընթացքում գործի ամբողջ նյութերին ծանոթանալու կամ վարույթը կարճվելուց հետո լրացուցիչ քննչական միջոցների ձեռնարկում կամ որոշումների ընդունում պահանջող դիմումներ ներկայացնելու որևէ իրավունք: Ավելին, համաձայն ՔԴՕ-ի 262-րդ և 263-րդ հոդվածների՝ տուժողի իրավահաջորդն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին միայն քրեական գործով վարույթը կարճելուց հետո, ինչպես նաև դրա հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի համապատասխան որոշման դեմ բողոքարկելու:
49. 2009 թվականի սեպտեմբերի 4-ին դիմումատուն Վարչական շրջանի դատարան է ներկայացրել բողոք 2009 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ: Բողոքի մեջ նա նշել է, inter alia, որ իրեն Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումը ձևական բնույթ է կրել, քանի որ ինքը որևէ իրական մասնակցություն չի ունեցել վարույթի ընթացքում: Հետևաբար, չնայած այդ առնչությամբ իր կողմից ներկայացված հատուկ պահանջին, իրեն չեն տրամադրվել գործի նյութերը, որպեսզի կարողանար ծանոթանալ դրանց, իսկ իր միջնորդությունները մնացել են առանց քննության: Դիմումատուն նաև բողոքել է, որ քննիչը կրկին չի կատարել դատարանների նախորդ որոշումների պահանջներն այն միջոցների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեին քննության արդյունավետությունն ապահովելու համար: Մասնավորապես քննիչը չի նշանակել համալիր դատական փորձաքննություն և հարցաքննել է միայն էլեկտրատեխնիկական փորձագետին վերջինիս եզրակացության առնչությամբ, ինչը որևէ կերպ չէր կարող փոխարինել համալիր դատական փորձաքննությանը: Դիմումատուն բարձրացրել է նաև նախաքննության ընթացքում չպարզաբանված մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ իր այն պնդումները, որ աշխատանքային կարգադրությունների տեղեկագիրը կեղծվել է այն ամսաթվերի մասով, երբ պետք է տեղի ունենային տեխնիկական սպասարկման աշխատանքները:
50. 2009 թվականի նոյեմբերի 10-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը և կարգադրել է վերաբացել [վերսկսել] նախաքննությունը՝ նշելով, որ Վարչական շրջանի դատարանի և Վերաքննիչ դատարանի՝ համապատասխանաբար 2008 թվականի հունիսի 19-ի և 2008 թվականի հուլիսի 10-ի որոշումների մեջ մատնանշված հարցերը չեն պարզաբանվել նախաքննության ընթացքում: Վարչական շրջանի դատարանն անդրադարձել է այն հարցը չպարզաբանելուն, թե արդյոք Ալբերտ Մկրտումյանն իրավունք է ունեցել կատարելու աշխատանքային կարգադրության մեջ նշված աշխատանքը, ինչպես նաև նրա մարմնի հնարավոր դիրքը հայտնաբերելու համար դատական փորձաքննություն չնշանակելուն:
51. Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս որոշման դեմ: Դիմումատուն վերաքննիչ բողոքի դեմ իր առարկություններն է ներկայացրել՝ վերահաստատելով Վարչական շրջանի դատարանում արած իր հայտարարությունները:
52. 2010 թվականի հունվարի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը: Կայացնելով այդ որոշումը՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել նախորդ երկու դատական վարույթների ժամանակ դատարանների կողմից մատնանշված՝ պարզաբանման ենթակա որոշ հարցերի: Մասնավորապես անհրաժեշտ էր որոշել էլեկտրահարումից առաջ և դրանից հետո Ալբերտ Մկրտումյանի մարմնի ունեցած դիրքը, և թե արդյոք իր որակավորումներով նա իրավունք ուներ կատարելու հանձնարարված աշխատանքը, ինչպես նաև պարզաբանել Վ.Մ.-ի ցուցմունքներում առկա անհամապատասխանությունները: Բացի այդ, այն պնդումը, որ Ալբերտ Մկրտումյանը ռեզերվային էլեկտրաապահովման խցի դուռը բացել է սեփական գործիքներով, եղել է առանց հիմքերի և ոչ պատշաճ հիմնավորված: Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատախազի փաստարկները հիմնավորված չեն եղել համապատասխան փաստերով կամ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով: Վերաքննիչ դատարանը նաև անդրադարձել է քննիչի՝ վարույթը կարճելու մասին որոշման մեջ ներկայացված եզրակացությունների դեմ դիմումատուի կողմից բերված փաստարկներին և նշել է, որ դրանք պետք է հաշվի առնվեին քննիչի կողմից:
53. 2010 թվականի փետրվարի 4-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է:
54. 2010 թվականի փետրվարի 23-ին քննիչը դատափաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում է կայացրել՝ պարզելու համար, թե արդյոք աշխատանքային կարգադրությունը փոփոխվել է:
55. 2010 թվականի մարտի 3-ին փաստաթղթաբանական փորձագետը տվել է իր եզրակացությունը, ըստ որի՝ աշխատանքային կարգադրության համապատասխան աղյուսակում, որտեղ թվարկված էին անջատման ենթակա տրանսֆորմատորները, կատարվել է փոփոխություն՝ սկզբնական 42Տ տրանսֆորմատորի փոխարեն նշելով 41Տ տրանսֆորմատոր:
56. 2010 թվականի մարտի 4-ին դիմումատուն միջնորդել է թույլ տալ գործի նյութերից փաստաթղթեր պատճենել, ինչպես նաև տալ ժամանակ՝ փաստաթղթերին ծանոթանալու և իր գրավոր միջնորդությունները ներկայացնելու համար:
Նույն օրը դիմումատուին տրամադրվել են 2010 թվականի փետրվարի 4-ին վարույթը վերսկսելուց հետո իրականացված քննչական գործողություններին վերաբերող փաստաթղթերի պատճենները:
57. Նույն օրը քննիչը որոշել է քրեական գործի վարույթը կարճել այն նույն հիմքերով, որոնցով կարճվել էր նախկինում: Որոշման մեջ անդրադարձ է կատարվել, inter alia, Վ.Մ.-ի և դատաբժշկական փորձագետի լրացուցիչ հարցաքննությունների արձանագրություններին:
58. 2010 թվականի մարտի 11-ին դիմումատուն բողոք է ներկայացրել քննիչի վերադասին [վերադաս դատախազին] առ այն, որ քննիչն իրեն գործի նյութերին ծանոթանալու, դրանցից պատճեններ հանելու և բողոքներ ներկայացնելու [իր իրավունքների] մասին չի տեղեկացրել:
59. 2010 թվականի մարտի 20-ին դիմումատուն բողոք է ներկայացրել դատախազին քննիչի գործողությունների և քրեական գործով վարույթը կարճելու՝ 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ սահմանված հիմքերի առնչությամբ։ Նա պնդել է, որ քննիչը չի կատարել Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 15-ի որոշման պահանջները:
60. 2010 թվականի մարտի 24-ի գրությամբ դատախազը դիմումատուին տեղեկացրել է, որ ՔԴՕ-ի որևէ դրույթով չի երաշխավորվում տուժողի իրավահաջորդի՝ մինչև նախաքննության ավարտը գործի նյութերին ծանոթանալու կամ նախաքննության ավարտից հետո լրացուցիչ քննչական միջոցներ կամ դատավարական որոշումների ընդունում պահանջող դիմումներ ներկայացնելու իրավունքը: Ավելին, համաձայն ՔԴՕ-ի 262-րդ և 263-րդ հոդվածների՝ տուժողի իրավահաջորդն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին միայն քրեական գործով վարույթը կարճելուց հետո:
61. 2010 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ դատախազը նույն հիմքերով մերժել է դիմումատուի՝ 2010 թվականի մարտի 20-ի բողոքը և ամբողջությամբ անփոփոխ է թողել քրեական գործի վարույթը նույն հիմքերով կարճելու մասին քննիչի որոշումը:
62. Դիմումատուն Վարչական շրջանի դատարանում վիճարկել է քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2010 թվականի մարտի 4-ի որոշումը: Նա հիմնականում վերահաստատել է դատախազին ներկայացված իր բողոքի մեջ բերված փաստարկները և պնդել է, որ քննիչը չի կատարել Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 15-ի որոշման պահանջները:
63. 2010 թվականի մայիսի 10-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ նշելով, որ 2010 թվականի մարտի 4-ի որոշումը վերացնելու հիմքեր չկան:
64. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ ներկայացնելով նույնաբնույթ փաստարկներ: Ի լրումն դրա, դիմումատուն բողոքել է, որ Վարչական շրջանի դատարանն անտեսել է այն փաստը, որ քննիչը չի անդրադարձել Վերաքննիչ դատարանի կողմից 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ բարձրացված հարցերին:
65. 2010 թվականի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ այն համարելով անհիմն:
66. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք: Ի լրումն նախաքննության հետ կապված ենթադրյալ թերություններին վերաբերող իր նախորդ փաստարկների՝ դիմումատուն պնդել է, որ Վարչական շրջանի դատարանի և Վերաքննիչ դատարանի՝ համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 10-ի և հունիսի 18-ի որոշումները չեն եղել պատճառաբանված:
67. 2010 թվականի օգոստոսի 4-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի կողմից բերված վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Քրեական դատավարության օրենսգիրք
68. 59-րդ հոդվածով սահմանվում են տուժողի իրավունքները, այդ թվում՝ նրա` իր մասնակցությամբ իրականացված քննչական [և այլ դատավարական] գործողությունների արձանագրություններին ծանոթանալու (59-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ) և նախաքննության ավարտման պահից գործի բոլոր նյութերին ծանոթանալու և դրանցից պատճեններ հանելու (59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ) իրավունքները:
69. 80-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները: Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը` նրա խնդրանքով (80-րդ հոդվածի 2-րդ մաս): Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից (80-րդ հոդվածի 4-րդ մաս): Տուժողի իրավահաջորդն ունի նաև ՔԴՕ-ով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ (80-րդ հոդվածի 6-րդ մաս):
70. 247-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, inter alia, փորձաքննություն նշանակելիս և կատարելիս քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում փորձագետի եզրակացությանը ծանոթանալու տուժողի իրավունքը (247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ):
71. 262-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը, inter alia, տուժողին և նրա ներկայացուցչին ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Տուժողն իրավունք ունի ծանոթանալու կարճված գործի նյութերին (262-րդ հոդվածի 3-րդ մաս):
72. 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, inter alia, տուժողի կողմից կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:
Բ. Աշխատանքային օրենսգիրք
73. Համաձայն 261-րդ հոդվածի 1-ին մասի՝ կազմակերպությունում դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:
74. Համաձայն 261-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալու դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերին, պարտավոր է ստանալ դժբախտ դեպքի ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին կամ դատական կարգով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ75. Հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածների վրա՝ դիմումատուն բողոքել է, որ ներպետական մարմիններն իր ամուսնու մահվանն առնչվող հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականցրել: Դատարանը գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է քննվեն բացառապես Կոնվենցիայի 2–րդ հոդվածի շրջանակներում, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Կողմերի փաստարկները
76. Դիմումատուն պնդել է, որ ներպետական մարմիններն ունեցել են արդյունավետ քննություն իրականացնելու դրական պարտավորություն՝ ամուսնու մահվան պատճառ դարձած պատահարի հետ կապված հանգամանքները պարզելու համար: Այնուամենայնիվ, նրանք չեն կատարել այս պարտավորությունը: Մասնավորապես իր ամուսնու մահվան պատճառի և դրա հետ կապված հանգամանքների առնչությամբ նրանց եզրակացությունները հիմնված են եղել զուտ ենթադրությունների, այլ ոչ թե ապացույցների վրա հիմնված եզրահանգումների վրա: Չնայած իր կողմից ներկայացված բազմաթիվ դիմումների՝ չեն պարզաբանվել մի շարք կարևոր հարցեր՝ մասնավորապես մարմնի դիրքը, այն եղանակը, որով բացվել է ռեզերվային էլեկտրաապահովման խցի դուռը, պատճառը, թե ինչու էլեկտրամատակարարումը չի դադարեցվել տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում, աշխատանքային կարգադրության մեջ կատարված փոփոխությունների պատճառները և այլն: Բացի այդ, նախաքննությունն իր համար հասանելի չի եղել այնքանով, որքանով դա անհրաժեշտ էր իր օրինական շահերը երաշխավորելու համար:
77. Կառավարությունը նշել է, որ ներպետական մարմինները կատարել են 2-րդ հոդվածով սահմանված իրենց դրական պարտավորությունը, քանի որ անհապաղ իրականացրել են դեպքի արդյունավետ քննություն: Կառավարությունն այդ առնչությամբ ընդգծել է, որ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է: Ներպետական մարմինները ձեռնարկել են հնարավոր և անհրաժեշտ միջոցներ՝ դեպքին վերաբերող ապացույցները պահպանելու համար, իսկ նախաքննությունը դիմումատուի համար եղել է հասանելի այնքանով, որքանով անհրաժեշտ էր՝ նրա՝ որպես տուժողի իրավահաջորդի օրինական շահերը երաշխավորելու համար: Մասնավորապես նա կարողացել է բողոքներ ներկայացնել գործի քննությունը կարճելու մասին որոշումների դեմ և դրանց հետ կապված հասել է դրական արդյունքի:
Բ. Ընդունելիությունը
78. Դատարանը նշում է, որ գանգատը ո՛չ ակնհայտ անհիմն է և ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Գ. Ըստ էության քննությունը
1. Ընդհանուր սկզբունքները
79. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետությունը պարտավորվում է ոչ միայն զերծ մնալ կյանքից դիտավորյալ կամ անօրինական ձևով զրկելուց, այլ նաև դրա մեջ ներառում է պարտականություն՝ իր իրավասության շրջանակում անհրաժեշտության դեպքում ողջամիտ միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի անվտանգությունն ապահովելու և երաշխավորելու համար (տե՛ս Էլ.Սի.Բի.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 8, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑III, Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Osman v. the United Kingdom], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 115, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑VIII, և Փաուլը և Օդրի Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Paul and Audrey Edwards v. the United Kingdom]), թիվ 46477/99, § 71, ՄԻԵԴ 2002-II):
80. 2-րդ հոդվածով սահմանված այդ դրական պարտավորությունն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ (տե՛ս Չիխոինսկան ընդդեմ Լեհաստանի [Ciechońska v. Poland], թիվ 19776/04, §§ 62-63, 2011 թվականի հունիսի 14) և սկզբունքորեն առաջ է գալիս ցանկացած գործունեության համատեքստում՝ լինի այն հանրային, թե ոչ, որտեղ կյանքի իրավունքը կարող է վտանգված լինել (տե՛ս Օներյլդըզն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Öneryıldız v. Turkey [GC]], թիվ 48939/99, §§ 71 և 89-96, ՄԻԵԴ 2004 XII):
81. Լուրջ վնասվածքի կամ մահվան դեպքում Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված պարտականությունը պետք է դիտարկվի նաև որպես պարտականություն, որով պետությունից պահանջվում է ունենալ արդյունավետ անկախ դատական համակարգ՝ փաստերը պարզելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու և տուժողին պատշաճ փոխհատուցում տրամադրելու հնարավորություն տվող իրավական միջոցներ ապահովելու համար: Այդպիսի համակարգը կարող է, իսկ որոշակի հանգամանքներում պետք է ներառի քրեաիրավական պաշտպանության միջոց: Այնուամենայնիվ, եթե դրսևորվել է անզգուշություն, ապա պարտավորությունը կարող է նաև կատարվել այն դեպքում, երբ իրավական համակարգը տուժողներին տալիս է քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորություն՝ կա՛մ առանձին, կա՛մ քրեաիրավական պաշտպանության միջոցների համակցությամբ: Դատարանն ընդգծում է, որ այս պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միայն միջոցի պարտավորություն է (տե՛ս Սինիմն ընդդեմ Թուրքիայի [Sinim v. Turkey], թիվ 9441/10, § 59, 2017 թվականի հունիսի 6, և դրանում հիշատակված գործերը):
2. Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
82. Դատարանը նկատում է, որ դիմումատուի ամուսինը՝ քառասունհինգ տարվա փորձ ունեցող էլեկտրիկը, մահացել է պետական էլեկտրակայանում տեղի ունեցած պատահարի հետևանքով:
83. Դատարանը նշում է, որ հաշվի առնելով առկա նյութերը, չկա որևէ փաստ՝ նշելու, որ դիմումատուի ամուսնու մահը պատճառվել է դիտավորությամբ: Բացի այդ, դիմումատուն ինքն էլ չի պնդում, որ պետական մարմիններն են պատասխանատու այդ պատահարի համար: Նա սակայն բողոքում է, որ նրանք պատշաճ կերպով արդյունավետ քննության միջոցով չեն պարզել իր ամուսնու մահվան պատճառ դարձած պատահարի հանգամանքները, այդ թվում՝ նրան հանձնարարված տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների հավանական անտեսումը:
84. Դատարանը նկատում է, որ դիմումատուն չի ունեցել քաղաքացիաիրավական պաշտպանության որևէ միջոց, և որ Կառավարությունը չի վիճարկել այն, որ նրա համար իրավական պաշտպանության այլ արդյունավետ միջոցներ հասանելի չեն եղել՝ բացի քրեական գործով վարույթից: Ցանկացած դեպքում Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի հանգամանքները, քրեական գործով արդյունավետ քննությունը, ըստ էության, բավարար կլիներ՝ կատարելու համար Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները:
85. Դատարանը կրկին նշում է, որ պաշտոնական քննության համապատասխանությունը 2-րդ հոդվածի պահանջներին գնահատվում է մի քանի հիմնական չափորոշիչներով, այդ թվում՝ քննչական գործողությունների համարժեքությունը, քննության անհապաղ իրականացումը և մահացած անձի ընտանիքին ներգրավելը: Սրանք չափորոշիչներ են, որոնք միասին վերցված հնարավորություն են տալիս գնահատելու քննության արդյունավետության աստիճանը (տե՛ս վերևում հիշատակված՝ Սինիմի գործը, § 65):
86. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ դիմումատուի ամուսնու մահվան դեպքով քրեական գործի քննությունն իրոք սկսվել է անհապաղ: Այն փաստը, որ հետաքննության մարմինը հետաքննության ավարտից հետո մերժել է քրեական գործի հարուցումը, և որ եղել են որոշ ուշացումներ, ինչպես օրինակ՝ միակ ականատես Վ.Մ.-ին պատահարից միայն քսան օր հետո հարցաքննելը, չեն ազդում այս եզրահանգման վրա: Չնայած դրան՝ Դատարանը գտնում է, որ ներպետական մարմինների կողմից կատարված նախնական քննությունը բավարար չի եղել մի քանի պատճառներով:
87. Դատարանը նկատում է, որ դիմումատուի ամուսնու մահվան գործով նախնական քննությունը դադարեցվել է չորս անգամ, և որ նախնական քննությունը դադարեցնելու մասին որոշումը դատական վերանայումից հետո վերացվել է երեք անգամ, քանի որ հետաքննության և նախաքննության մարմինները ամբողջությամբ չէին պարզել պատահարի հանգամանքները (տե՛ս վերևում՝ 18-րդ, 35-րդ և 50-րդ պարբերությունները)։ Դատարանն այնուհետև նկատում է, որ այն դատական որոշումների մեջ, որոնցով վերացվել են նախնական քննությունը դադարեցնելու մասին որոշումները, մանրամասն ներկայացվել են նախնական քննության հետ կապված անհամապատասխանությունները և թերությունները, որոնց դատարանների կարծիքով պետք է անդրադարձ կատարվեր, մինչդեռ նախաքննության մարմինները լիարժեք չեն կատարել այդ հանձնարարականները. այս փաստը մատնանշվել է հետագա դատական որոշումներով (տե՛ս վերևում՝ 35-րդ, 50-րդ և 52-րդ պարբերությունները): Ավելին, ի տարբերություն նախնական քննությունը դադարեցնելու մասին որոշումների դեմ դիմումատուի կողմից ներկայացված բողոքները բավարարող նախորդ դատական որոշումների՝ այն որոշումներում, որոնցով անփոփոխ են թողնվել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումերը, անդրադարձ չի կատարվել ավելի վաղ կայացված որոշումներում մատնանշված թերություններին և այն հարցին, թե արդյոք դրանք փաստացի շտկվել են նախնական քննություն իրականացնող մարմինների կողմից, թե ոչ (տե՛ս վերևում՝ 63-րդ և 65-րդ պարբերությունները):
Դատարանը գտնում է, որ այն դատական որոշումների կրկնությամբ, որոնցով գործը հետ է ուղարկվել մեղադրողին այն պատճառով, որ մեկ վարույթի շրջանակում նախաքննության մարմինը թույլ է տվել մի քանի սխալներ, դիմումատուի գործով բացահայտվել է դատական համակարգի գործունեության լուրջ անկատարություն (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Բիրզիկովսկին ընդդեմ Լեհաստանի [Byrzykowski v. Poland], թիվ 11562/05, § 111, 2006 թվականի հունիսի 27):
88. Ավելին, եղել են մի շարք թերություններ մասնավորապես վարույթի վաղ փուլում, որոնք բացասական ազդեցություն են ունեցել գործի փաստերը պարզելու ցանկացած հեռանկարի վրա: Մասնավորապես չի պահպանվել դեպքի վայրը, իսկ պատահարից հետո քննիչի կողմից չի նշանակվել որևէ փորձագիտական եզրակացություն: Դա կատարվել է միայն այն բանից հետո, երբ Վարչական շրջանի դատարանը վերացրել է քրեական գործի վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը և մեղադրողին կոնկրետ հանձնարարել է ձեռք բերել փորձագիտական եզրակացություն (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Արդյունքում էլեկտրատեխնիկական փորձաքննությունը նշանակվել է դեպքից ավելի քան չորս ամիս անց: Այնուամենայնիվ, փորձագետը չի կարողացել իրականացնել դեպքի վայրի առաջնային զննություն, քանի որ 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասի ռեզերվային էլեկտրաապահովման խցի վիճակը պահպանված չի եղել (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Բացի այդ, մի շարք հարցեր, օրինակ՝ մարմնի դիրքը, հանձնարարված աշխատանքի ծավալը և Երևանի ՋԷԿ-ում աշխատանքների անվտանգության համար պատասխանատու անձնակազմի կողմից անվտանգության համապատասխան կանոնակարգերի պահանջների պահպանումը, ռեզերվային էլեկտրաապահովման խցի դռան բացումը և գործը երրորդ անգամ հետ ուղարկելուց հետո փաստաթղթաբանական փորձագետի կողմից հաստատված՝ աշխատանքային կարգադրության մեջ կատարված փոփոխությունների պատճառները (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը) նույնպես չեն պարզաբանվել նախաքննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 52-րդ և 59-րդ պարբերությունները):
89. Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել այն դժվարությունները, որոնց դիմումատուն բախվել է տուժողի կարգավիճակ ձեռք բերելու և հետևաբար վարույթին ամբողջությամբ մասնակցելու իր փորձերի ժամանակ (տե՛ս վերևում՝ 24-րդ, 32-րդ և 33-րդ պարբերությունները):
90. Հաշվի առնելով վերոնշյալ լուրջ անկատարությունները և թերությունները՝ Դատարանը կարծում է, որ դիմումատուի ամուսնու մահվան պատճառ դարձած պատահարի հանգամանքների քննությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին: Հետևաբար այն եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում: Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում ուսումնասիրել, թե արդյոք քննության մյուս ասպեկտները բավարարել են Կոնվենցիայի պահանջները:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
91. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
92. Դիմումատուն պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
93. Կառավարությունն այս պահանջը համարել է չափազանցված:
94. Ղեկավարվելով արդարության սկզբունքով, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով, Դատարանը որոշում է բավարարել դիմումատուի՝ ոչ նյութական վնասի մասով պահանջը և այդ առնչությամբ նրան շնորհել 10 000 եվրո:
Բ. Ծախսերը և ծախքերը
95. Դիմումատուն պահանջել է 1 600 եվրո՝ իր կրած ծախսերի և ծախքերի համար: Նա ներկայացրել է իր ներկայացուցիչ պրն Ա. Ղազարյանի հետ կնքված՝ ըստ արդյունքի վարձատրության վերաբերյալ պայմանագիրը՝ ի հավաստումն ծախսերի և ծախքերի մասով ներկայացրած իր պահանջների:
96. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի նշել իր ներկայացուցիչների կողմից կատարված աշխատաժամերի քանակը և դրանց ժամային դրույքաչափերը` ի հավաստումն ծախսերի և ծախքերի մասով իր ներկայացրած պահանջների, և պահանջել է, որ դրանք ամբողջությամբ մերժվեն:
97. Դատարանը նախկինում վավեր է ճանաչել ըստ արդյունքի վարձատրության վերաբերյալ պայմանագրերը՝ փաստաբանական ծախսերի փոխհատուցում շնորհելու նպատակով (տե՛ս, օրինակ, Ասատրյանն ընդդեմ Հայաստանի [Asatryan v. Armenia], թիվ 3571/09, §§ 78-79, 2017 թվականի ապրիլի 27, և Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի [Safaryan v. Armenia], թիվ 576/06, §§ 62-63, 2016 թվականի հունվարի 21): Դատարանը սույն գործում վերոնշյալ մոտեցումից շեղվելու որևէ պատճառ չի տեսնում և դիմումատուին շնորհում է 1 600 եվրո՝ որպես Դատարանում կրած դատավարական ծախսերի հատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
98. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 10,000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 600 եվրո (հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի մարտի 19-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ Քրշիշթոֆ Վոյտիչեկ
![loading...](/static/img/loader.gif)