Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար
_________________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
13 հունիսի 2011 թ. |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն (2011թ. հունվարի 1-ից գործող խմբագրությամբ)՝ նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտ կազմակերպությունը կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն (հայտարարության ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26.01.2011թ. N 20-Ն հրամանով): Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 2/3-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտ կազմակերպությունը վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 1/6-ի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման վերջնաժամկետից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
Միաժամանակ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում իրավական ակտերի դրույթները` գործունեություն ժամանակավոր (այդ թվում` անորոշ ժամկետով) չիրականացնելու և հարկվող օբյեկտ չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացրած և այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման առումով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Գործունեություն ժամանակավոր (առնվազն` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձևով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած և այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները`
- հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո մինչև գործունեությունը վերսկսելու եռամսյակը ընկած ժամանակահատվածների համար շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում,
- եթե հայտարարությունը հարկային մարմին ներկայացրել են մինչև տվյալ եռամսյակի շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետը, ապա այդ եռամսյակի շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարում (անգամ եթե հայտարարության մեջ չի նշվել շահութահարկի կանխավճարներ չկատարելու մասին),
- եթե հայտարարությունը ներկայացնելուց հետո գործունեությունը վերսկսվում է տվյալ եռամսյակի շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների` օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետից հետո, ապա այդ եռամսյակի շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարում (անգամ եթե հայտարարության մեջ չի նշվել շահութահարկի կանխավճարներ չկատարելու մասին):
2. Հարկային տեսչություն գրավոր հայտարարություն ներկայացնելուց հետո ռեզիդենտ կազմակերպության կողմից գործունեություն իրականացնելու դեպքում տույժերը հաշվարկվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով` հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող առաջիկա կանխավճարային մուծման վճարման վերջնաժամկետից սկսած: