040.0042.02.02.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1999 թվականի N 42
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պետական և ոչ պետական օբյեկտների (գույքի) պահպանությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը (կցվում է):
2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետին համապատասխան թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայությանն ունենալ արտաբյուջետային բանկային հաշիվ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության ստեղծման մասին» N 362 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եվ ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայությունը (այսուհետև` պահպանության ծառայություն) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգ է` բյուջետային հիմնարկի կարգավիճակով:
2. Իր գործունեության ընթացքում պահպանության ծառայությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով:
3. Պահպանության ծառայության աշխատանքը կազմակերպվում է օրինականության, հրապարակայնության, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ փոխհամագործակցության սկզբունքով:
II. Պահպանության ծառայության խնդիրներն ու գործառույթները
4. Պահպանության ծառայության հիմնական խնդիրներն են`
ա) պայմանագրային հիմունքներով պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող այլ օբյեկտների (գույքի) պահպանությունը.
բ) պահպանվող օբյեկտներում և դրանց հարակից տարածքներում հասարակական կարգի ու անվտանգության ապահովումը.
գ) պահպանության ապահովմանն ուղղված պետական, տարածքային այլ ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը, պահպանության բնագավառի աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
դ) պահպանության իրականացման առաջավոր փորձի ամփոփումը, վերլուծումը և ներդրումը:
5. Պահպանության ծառայությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) օբյեկտի (գույքի) սեփականատիրոջ կամ դրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ որոշում է իրականացվող պահպանության տեսակը (ոստիկանության, ռազմականացված ջոկատների, պահակների, կենտրոնացված պահպանության դիտակետի և այլնի միջոցով).
բ) պայմանագրային հիմունքներով իրականացնում է պահպանության ահազանգման միջոցների մոնտաժման, վերանորոգման և պրոֆիլակտիկ սպասարկման աշխատանքները.
գ) հետագայում ներդնելու նպատակով ապահովում է պահպանության տեխնիկական միջոցների նմուշների փորձարկումը, որոշում դրանց գործնական կիրառման նպատակահարմարությունը.
դ) օժանդակում է իրավաբանական և ֆիզիկական անձանց` վերջիններիս գույքի անվտանգության ապահովման միջոցառումների մշակման հարցերում.
ե) ուղեկցումների ընթացքում իրականացնում է գույքի պահպանություն, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան` այլ պահպանական ծառայություններ.
զ) կնքում է պայմանագրեր պահպանության տեխնիկական միջոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման, դրանց մոնտաժման և կարգավորման հարցերի վերաբերյալ.
է) միջոցառումներ է իրականացնում պահպանության բնագավառում ավտոմատ կառավարման և օպերատիվ կապի համակարգերի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ.
ը) կազմակերպում է իրավաբանական և ֆիզիկական անձանց` պահպանության ահազանգման միջոցների մոնտաժմամբ, վերանորոգմամբ, պրոֆիլակտիկ սպասարկմամբ և պահպանությամբ զբաղվող աշխատողների ուսուցումը.
թ) նախագծում է պահպանության ահազանգման միջոցներ, իրականացնում դրանց ստեղծմանն ու կիրառմանն ուղղված գիտական հետազոտություններ, փորձնական-կոնստրուկտորական աշխատանքներ:
III. Պահպանության ծառայության գործունեության կազմակերպումը
6. Պահպանության ծառայության համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության վարչությունը (այսուհետև` վարչություն), ներքին գործերի տարածքային բաժիններին կից պահպանության բաժանմունքները, ոստիկանության, ռազմականացված և պահակային, ինչպես նաև այդ ծառայությունների առջև դրված խնդիրների իրականացման նպատակով ստեղծված այլ ստորաբաժանումները:
7. Պահպանության ծառայության համակարգը ղեկավարում է վարչությունը, որի պետին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը:
8. Պահպանության ծառայության ստորաբաժանումներն ստեղծում և լուծարում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը` վարչության ներկայացմամբ:
9. Պահպանության ծառայության ստորաբաժանումների կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը` վարչության ներկայացմամբ:
Պահպանության ծառայության հաստիքները չեն ընդգրկվում ներքին գործերի մարմինների հաստիքացուցակներում:
Տարածքային ներքին գործերի մարմիններին կից պահպանության ստորաբաժանումները գտնվում են այդ մարմինների ղեկավարների ենթակայության ներքո` օպերատիվ գործունեության մասով:
10. Պահպանության ծառայության` ոստիկանության, ռազմականացված և պահակային ստորաբաժանումների կողմից պահպանության ծառայության կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը:
Ռազմականացված և պահակային ստորաբաժանումների աշխատողները ծառայության կատարման ընթացքում ապահովվում են հատուկ համազգեստով` պահպանության ծառայության միջոցների հաշվին:
11. Պահպանության ծառայության համակարգի զինծառայողների վրա տարածվում է ներքին գործերի մարմինների անձնակազմի ծառայության անցնելու մասին կանոնակարգի գործողությունը:
12. Պահպանության ծառայության համակարգում ոստիկանության շարքային և ղեկավար կազմի, ինչպես նաև ազատ վարձու աշխատողների պաշտոնների համալրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության սահմանած կարգերով:
13. Ոստիկանության, ռազմականացված և պահակային պահպանության մեկ պահակետի անձնակազմի անդամները թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմաներից, ներքին գործերի մարմինների անձնակազմի ծառայության անցնելու մասին կանոնակարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներից:
14. Պահպանության բնագավառում պահպանության ծառայության փոխհարաբերություններն իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ սահմանվում են պայմանագրով:
Պահպանության վերաբերյալ պայմանագիրը կնքվում է օբյեկտը տեխնիկական ամրացվածության և ահազանգման միջոցներով կահավորելու վերաբերյալ պահպանության ծառայության պահանջները կատարելուց հետո:
15. Պահպանության ծառայությունն իր ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացնում է պայմանագրերի հիման վրա ստացվող միջոցների հաշվին:
Պահպանության ծառայության գործունեությունը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:
16. Աշխատողների աշխատավարձի ֆոնդը ձևավորվում է պայմանագրերի հիման վրա ստացվող միջոցների շրջանակներում:
17. Պահպանության ծառայության ստորաբաժանումներն իրենց ֆինանսական գործունեությունն իրականացնում են ըստ եկամուտների և ծախսերի հաշվեկշռի (ֆինանսական պլանի), որը հաստատում է վարչությունը:
18. Պահպանության ծառայությանն իրավունք է վերապահվում`
ա) գույքի հափշտակմանը նպաստող պատճառներն ու պայմանները կանխելու նպատակով գերատեսչական պահպանության ծառայությունները ենթարկելու տեսչական ստուգման և հայտնաբերված թերությունների վերացման համար առաջարկություններ ներկայացնելու համապատասխան մարմիններ.
բ) պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների պահպանության հուսալիությունն ապահովելու, մասնավորապես, օբյեկտները պահպանիչ-ահազանգման միջոցներով կահավորելու նպատակով պահպանվող օբյեկտի ղեկավարությանը տալու պարտադիր կատարման ենթակա կարգագրեր:
19. Իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները կատարելիս, կնքված պայմանագրի համաձայն, պահպանության ծառայության աշխատողներն իրավունք ունեն`
ա) պահպանվող օբյեկտի աշխատողներից կամ այլ անձանցից պահանջելու օբյեկտի անցագրային ռեժիմի սահմանված կանոնների կատարումը.
բ) պայմանագրի պայմաններին համապատասխան, օրենքով սահմանված կարգով, հսկիչ անցագրային կետերում կատարելու առարկաների, ավտոտրանսպորտի, իսկ բացառիկ դեպքերում` անձանց զննություն, ստուգելու պահպանվող օբյեկտից հանվող (ներս բերվող) ապրանքների համապատասխանությունը դրանց փաստաթղթերին.
գ) անօրինական դուրս հանվող (ներս բերվող) գույքի հայտնաբերման համար անհրաժեշտության դեպքում օգտագործելու տեխնիկական միջոցներ.
դ) օրենքով նախատեսված դեպքերում կիրառելու զենք.
ե) պահպանվող օբյեկտի պաշտոնատար անձանցից պահանջելու նյութական արժեքների պահպանության ապահովմանն ուղղված պայմանագրային պարտավորությունների կատարումը: