Գլխավոր տեղեկություն
Համար
N 74
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.1998-10.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/58(582)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.1998

040.0074.22.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.Տեր-Պետրոսյան

22 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 1998 թվականի N 74

քաղ. Երևան

 

«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան և, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես) լուծարելու և «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 511 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության`

ա) կանոնադրությունը (կցվում է).

բ) կանոնադրական հիմնադրամը` 12180 հազ. դրամի չափով.

գ) հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը (կցվում է):

Հիմնադրի կողմից լիազորված անձանց լիազորությունները և պատասխանատվությունը սահմանվում են «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՄԲ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ
_____________ 199 Թ.

ԳՐԱՆՑՄԱՆ N
ՎԿԱՅԱԿԱՆԻ N
ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ
ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք: Ընկերության կանոնադրական հիմնադրամը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնետոմսերի:

Ընկերությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես) լուծարելու և «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 511 որոշմամբ` հայկական պետական ինֆորմացիոն գործակալության (Արմենպրես) վերակազմավորման միջոցով:

Ընկերությունը հայկական պետական ինֆորմացիոն գործակալության (Արմենպրես) (գրանցված 1995 թվականի նոյեմբերի 8-ին) իրավահաջորդն է:

2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք), Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ:

4. Ընկերության ֆիրմային անվանումն է`

հայերեն լրիվ` «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերություն

կրճատ` Արմենպրես

ռուսերեն լրիվ` Государственное акционерное общество  «Арменпресс»

կրճատ` Арменпресс

անգլերեն լրիվ` Armenpress State Joint Stock Company

կրճատ` Armenpress

5. Ընկերության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան-9, Իսահակյան 28:

 

II. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

6. Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն (այդ թվում` տեղեկատվական ու ֆոտոտեղեկատվական արտադրանքի ստեղծում և վաճառք, հրատարակչական գործ, գովազդի պատրաստում ու տեղադրում, համակարգչային սպասարկումներ, ծառայությունների մատուցում և այլն) իրականացնելու միջոցով շահույթի ստացումն է:

1) Ընկերությունը պատասխանատվություն է կրում ոլորտի հեռանկարային զարգացման, տեղեկատվական քաղաքականության, համաշխարհային տեղեկատվական ասպարեզում իր հաստատուն տեղն ապահովելու համար:

2) Ընկերության գլխավոր խնդիրներն են`

ա) բնակչության համակարգված լրատվության և ֆոտոլրատվության պահանջների բավարարումը, հասարակության ժողովրդավարական փոփոխությունների, ազգային ինքնագիտակցության վերածնման և անկախ պետականության զարգացման գործընթացների տեղեկատվական և գաղափարական ապահովումը.

բ) միջազգային հանրությանը, արտերկրի հայությանը Հայաստանի Հանրապետության քաղաքական-տնտեսական և մշակութային կյանքի մասին, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, լայն, համապարփակ ու ճշմարտացի լրատվության և ֆոտոլրատվության ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության, տնտեսական բարեփոխումների լայնորեն լուսաբանումը.

դ) պետական պատվերի կատարման ապահովումը.

ե) Հայաստանում և աշխարհում կատարվող իրադարձությունների քննական վերլուծությունն ու մեկնաբանությունը.

զ) օտարերկրյա պետությունների լրատվական գործակալությունների, զանգվածային լրատվության միջոցների և այլ կազմակերպությունների հետ` իր իրավասության սահմաններում համագործակցությունը, տեղեկատվական կապերի խթանումը.

է) Հայաստանի Հանրապետության մասին լրատվության և ֆոտոլրատվության հավաքումն ու տարածումը մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով` ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս.

ը) միջազգային լրատվության և ֆոտոլրատվության ստացումն արտերկրյա գործակալություններից ու դրա տարածումը հանրապետությունում.

թ) տեղեկատվական տեղեկագրերի և տեղեկատուների պատրաստումն ու տարածումը հանրապետությունում և արտերկրում.

ժ) գործակալության հեռուստածառայության միջոցով տեսանորությունների պատրաստումն ու տարածումը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս.

ժա) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքաղաքական, տնտեսական կյանքի մասին տեղեկատվական և վերլուծական տեսահաղորդումների, տեսաֆիլմերի պատրաստումն ու տարածումը Հայաստանում և Հայաստանից դուրս.

ժբ) հրատարակչական գործունեության իրականացումը.

ժգ) լրատվության և ֆոտոլրատվության արխիվացումը` ժամանակակից պահանջներին համապատասխան:

3) Ընկերությունը պատասխանատվություն է կրում լրատվության և թարգմանությունների ճշգրտության ու որակի, տեղեկատվական ժապավենների օպերատիվ թողարկման համար:

4) Անհրաժեշտության դեպքում, պաշտոնական հաղորդագրություններ տարածելիս, ընկերությունը սահմանում է հրատարակման պարտադիր հերթականություն, կարգ ու ժամկետներ:

5) Ընկերությունն ստեղծում է թղթակցական կետեր հանրապետությունում և հանրապետությունից դուրս:

6) Ընկերությունը լրատվության և ֆոտոլրատվության ստացման ու առաքման համար օգտագործում է ինչպես իրեն պատկանող, այնպես էլ տարբեր կազմակերպությունների պատկանող միջոցներն ու սարքավորումները` պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա:

7) Ընկերության լրատվական, ֆոտոլրատվական և այլ արտադրանքը տարածվում է օրենքով սահմանված կարգով, կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա:

 

III. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Ընկերությունը ստեղծված է համարվում և կարող է գործել ընկերության` սահմանված կարգով պետական գրանցման պահից:

8. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում:

9. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ` հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ:

10. Ընկերությունն իր պարտավորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատու չէ ընկերության պարտավորությունների համար:

11. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար:

12. Ընկերությունն իրավունք ունի`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք (այդ թվում` արժեթղթեր), տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու դրանք և դրանից ստացված եկամուտը.

ինքնուրույնաբար կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները (այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ), Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալու բանկային և առևտրային վարկեր, այդ թվում` արտարժույթով.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկելու և տարածելու արժեթղթեր.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.

ինքնուրույնաբար ընտրելու իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնելու անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով.

ունենալու միջոցներ արտարժույթով, դրանք ստանալու որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերելու և ինքնուրույնաբար տնօրինելու, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք վաճառելու պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին.

ինքնուրույնաբար պլանավորելու իր գործունեությունը, որոշելու թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալները, գները, իրենց մատակարարներին և արտադրանքն սպառողներին.

ստեղծելու մասնաճյուղեր և բացելու ներկայացուցչություններ` օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան.

հիմնադրելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ ընկերություններ և մասնակցելու դրանց գործունեությանը:

13. Ընկերությունը պարտավոր է`

օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն.

ապահովել ընկերության փաստաթղթերի (ընկերության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ընկերության ներքին փաստաթղթեր, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.

հրապարակել կախյալ ընկերությունում իր մասնակցության վերաբերյալ տվյալներ:

 

IV. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

 

14. Ընկերության կանոնադրական հիմնադրամը 12180000 դրամ է, որը կազմում է 1218 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

Բոլոր 1218 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են հիմնադրին:

Ընկերության բոլոր բաժնետոմսերը սովորական են:

15. Ընկերությունը կարող է կանոնադրական հիմնադրամի չափը փոխել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցվելու պահից:

1) Կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը.

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են:

Ընկերությունը կարող է լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշում ընդունել միայն ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի թվի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:

Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է`

շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր.

իրեն պատկանող կանոնադրական հիմնադրամի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամ:

Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքը մարելու համար:

2) Կանոնադրական հիմնադրամի փոքրացումը

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է փոքրացվել`

բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ. բաժնետոմսերի ընդհանուր թվի կրճատմամբ, այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:

Ընկերությունն իրավունք չունի փոքրացնելու կանոնադրական հիմնադրամը, եթե դրա հետևանքով դրա չափն ավելի կփոքրանա օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից:

Կանոնադրական հիմնադրամի չափը փոքրացնելու հետևանքով առնվազն մեկ տարի ժամկետում ընկերությանը չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր: Ընկերությունը դրանց փոխարեն կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:

Ընկերության կանոնադրական հիմնադրամը փոքրացնելու և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնետիրոջ վճարումները կատարվում են ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:

 

V. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

16. Ընկերությունը կարող է տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:

17. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխելու միայն սովորական բաժնետոմսեր:

Ընկերության թողարկած սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:

18. Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են ընկերության բաժնետերերի ռեեստրում` բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:

19. Ընկերության հիմնադրին ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո ընկերությունը տալիս է բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ):

Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ:

Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

20. Բաժնետոմսն անբաժանելի է:

21. Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:

Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական:

Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով:

Ընկերության հիմնադրման ժամանակ հիմնադիրի կողմից, ինչպես նաև լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ոչ դրամական միջոցներով ձեռքբերման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը (չվճարված կամ վերադարձված) չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացնի ընկերությունը` դրանք ընկերությանը փոխանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է ընդունի որոշում նշված բաժնետոմսերի մարման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին:

22. Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ:

Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական հիմնադրամի 15 տոկոսի չափով:

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, այդ հիմնադրամին հատկացումները կատարվում են շահույթի 5 տոկոսի չափով, ինչպես նաև ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե ընկերության շահույթն այդ նպատակին չի բավարարում:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար (բացի օրենքով սահմանված դեպքերից):

23. Ընկերությունը կարող է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ստեղծել նաև սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ:

24. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:

Եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունն ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի:

Եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքն օրենքով սահմանված` ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է ընդունել որոշում իր լուծարման մասին:

Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա ընկերության հիմնադիրը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջելու ընկերության լուծարումը դատական կարգով:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները:

Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը` հիմնադիրը, իրավունք ունի`

իրականացնելու ընկերության կառավարումը.

ստանալու շահաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

ստանալու ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի (անձանց).

ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքը.

ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում անվճար ստանալու համապատասխան թվով սովորական բաժնետոմսեր.

օգտվելու օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

26. Հիմնադիրը (բաժնետերը) պարտավոր է`

մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ.

չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ:

 

VII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Ընկերությունն իրավունք ունի հայտարարելու (որոշում ընդունելու) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային և (կամ) տարեկան շահաբաժինների վճարման մասին:

Շահաբաժինները վճարվում են ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից:

Ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային և կիսամյակային շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի ու դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի ընդունելու որոշում շահաբաժինները չվճարելու կամ ոչ լրիվ չափով վճարելու մասին: Այդ որոշումների գործունեության ժամկետը (որը չի կարող մեկ տարուց ավելի լինել) սահմանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

Շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:

28. Ընկերությունն իրավունք չունի հայտարարելու (որոշում ընդունելու) տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե`

լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.

շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով.

ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի և պահուստային հիմնադրամի գումարից կամ այդ գումարից կփոքրանա շահաբաժինների վճարման հետևանքով:

 

VIII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

29. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո` մեկ ամսվա ընթացքում:

Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցեր քննարկելու համար: Ընկերության ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարում է հիմնադիրը (բացառությամբ օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որը որոշում է`

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է հիմնադիրը կամ նրա կողմից նշանակված անձը:

30. Օրենքի 86 հոդվածի համաձայն, ընկերությունում չի ստեղծվում խորհուրդ, և դրա իրավասություններն իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

31. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`

ա) ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը` նոր խմբագրությամբ.

բ) ընկերության վերակազմավորումը.

գ) ընկերության լուծարումը, լուծարքային հանձնաժողովի նշանակումը, լուծարքային հաշվեկշիռների հաստատումը.

դ) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

ե) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

զ) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը.

է) բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը.

ը) ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը.

թ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) ընտրությունը և դրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ժ) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

ժա) ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը.

ժբ) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը.

ժգ) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը.

ժդ) ընկերության տեղաբաշխած բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը.

ժե) ընկերության գործադիր տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարչության ձևավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ժզ) ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.

ժէ) ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.

ժը) ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը.

ժթ) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը.

ի) այլ կազմակերպություններին մասնակցելը.

իա) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

իբ) այլ հարցեր, որոնք օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի իրավասության հարցեր:

32. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է հիմնադիրը (բաժնետերը) կամ նրա կողմից լիազորված անձը (անձինք)` հիմնադրի սահմանած լիազորությունների շրջանակում:

33. Սույն կանոնադրության 31-րդ կետի «ժբ», «ժգ», «ժդ», «ժէ», «ժը», «ժթ», «ի», «իա» ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը ընկերության գործադիր տնօրենի ներկայացմամբ:

34. Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցում են հիմնադրի մեկից ավելի լիազոր ներկայացուցիչներ, ապա այդ ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող` համապատասխան ձայնի իրավունքով լիազորված լիազոր ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ, բացի սույն կանոնադրության 33-րդ կետում սահմանված դեպքերից: Իսկ սույն կանոնադրության 31-րդ կետի «ա», «բ», «գ», «ե», «ժգ» ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների երեք քառորդով:

35. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն ընկերության գործադիր տնօրենը, ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը:

36. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր տնօրենը:

Ընկերության գործադիր տնօրենը`

ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից.

բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

է) առաջարկություններ է նախապատրաստում ընկերության վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ.

ը) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ընկերության աշխատողներին.

ժա) աշխատողի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

IX. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

37. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու նպատակով ընտրում է ընկերության վերահսկիչ հանձնաժողով (հսկիչ):

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին, այլ իրավական ակտերի և ընկերության կանոնադրությանը:

Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) գործունեության կարգը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթերով` վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կանոնակարգով:

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով ստուգելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքները, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը:

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի պահանջելու գումարել ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով:

Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) պահանջով նրան պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) ընտրվում են (է) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) հաշվետու են (է) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ (հսկիչ) կարող են (է) լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք:

Վերահսկիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

38. Վերստուգիչ հանձնաժողովի իրավասություններն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են դրվել հսկիչի վրա:

39. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգելու նպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպության կամ ֆիզիկական անձի)` նրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր: Ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն:

Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքում է ընկերության գործադիր տնօրենը, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

 

X. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ (կամ թվարկվում են ընկերության բոլոր մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները` նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրերը, գրանցման տվյալները):

 

XI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

41. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքերում` ձայների մեծամասնությամբ:

42. Մասնաճյուղի և (կամ) ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են ընկերության կանոնադրության մեջ: Այդ տեղեկությունների փոփոխությունների հետ կապված կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պետական գրանցումն իրականացնող մարմիններին ծանուցելու պահից:

43. Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձի (անձանց) համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից:

 

XII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

44. Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրենքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցով:

Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման դեպքերի, վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից: Ընկերությունն այլ ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում առաջինը վերակազմավորված է համարվում ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից այդ ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարելու պահից:

Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցրած ընկերությունների գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

45. Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության գործունեության դադարեցմանը` առանց ընկերության իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու:

Ընկերության լուծարման հիմքերն են`

ա) դատարանի կողմից ընկերության պետական գրանցումն անվավեր ճանաչելը.

բ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության` առանց իրավահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը.

գ) ընկերությունը սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը.

դ) ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը.

ե) օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Ընկերության լուծարման և լուծարքային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում ընդունում է հիմնադիրը:

Լուծարքային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայացուցիչներ:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախքան ընկերության լուծարման մասին որոշում ընդունելը պետք է հաստատի ընկերության գործադիր տնօրենի ներկայացրած ամփոփիչ հաշվեկշիռն ու ընկերության լուծարման նախագիծը:

Ընկերության լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը` դադարած` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐՄԵՆՊՐԵՍՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ

 

Ա. Անտինյան
Ա. Ավագյան
Լ. Զուրաբյան
Տեր-Հ. Լազարյան
Ա. Խանբաբյան
Շ. Կարամանուկյան
Տ. Հակոբյան
Ա. Հարությունյան
Հ. Պետրոսյան

6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս
6456 բաժնետոմս

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան