«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
26 ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 1997 թվականի N 354
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» N 278 և 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի N 278 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 9 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (արտադրանքի) և այլ առարկաների (այսուհետև` ապրանքներ) համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարման կարգը:
2. Հայաստանի հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ներմուծող) կողմից ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը վճարվում է ներմուծողի ընտրությամբ հետևյալ կարգով`
ա) մինչև ներմուծումը` կանխավճարի ձևով.
բ) անմիջապես ներմուծման պահին (մաքսային ձևակերպումների ժամանակ).
գ) ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում, եթե մաքսային ձևակերպման ժամանակ ակցիզային հարկի և (կամ) ավելացված արժեքի հարկի վճարման համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած չափանիշները բավարարող բանկի կողմից տրված երաշխիքային նամակ:
4. «Ժամանակավոր ներմուծում», «Մաքսային պահեստ», «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Նշված մաքսային ռեժիմներով նախկինում հայտարարագրված ապրանքները «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վերահայտարարագրման դեպքում ներմուծողը պարտավոր է ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ վճարել սույն կարգի 3-րդ կետի համաձայն` վերահայտարարագրման ժամանակ կամ դրա մասին հայտնի դառնալու օրվանից տասը օրվա ընթացքում:
5. Ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ներմուծողից գանձվում է տույժ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և չափով: