040.0341.18.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1997 թ. N 341
քաղ. Երևան
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ (ԶՈՀՎԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1 և 34 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության բազային կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
2. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց հարազատներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 199,3 հազարական դրամի չափով գումար:
3. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հարազատների ուժերով արդեն բարեկարգված գերեզմանների առկայության դեպքում` համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ (բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի)` թույլատրել գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքի փոխհատուցում:
4. Սահմանել, որ զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքների պատվիրատու են հանդիսանում զոհված զինծառայողների թաղման վայրի համայնքների ղեկավարները:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում հուղարկավորված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` զոհված զինծառայողների փաստաթղթերը (ճշտված ցուցակները) տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու համայնքների ղեկավարներին:
7. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գումարները տրամադրվում են մահացած (զոհված) զինծառայողների հարազատներին` զինծառայողի թաղման վայրի տեղական գանձապետական բաժանմունքի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած փաստաթղթերի (ցուցակների) հիման վրա:
8.«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը և նրանց` տնամերձ հողամասով ապահովումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի «Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման մասին» N 64, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի N 64 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 3, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 25-ի «Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով նրանց հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու մասին» N 91 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |