040.0416.02.07.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 1998 թվականի N 416
քաղ. Երևան
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով և համատեղ հաստատել ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար ֆոնդային բորսայի և բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն (անդերռայթինգ) իրականացնող անձի (անձանց) (այսուհետև` անձ) մրցույթով ընտրության կարգը.
բ) ելնելով սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված չափանիշներից` իրականացնել ֆոնդային բորսայում յուրաքանչյուր ընկերության տեղաբաշխման ենթակա նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնող անձի և ֆոնդային բորսայի ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում մրցույթով ընտրված անձանց հետ կնքել ֆոնդային բորսայում նոր բաժնետոմսերի իրացման մասին պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրի օրինակելի ձևը:
5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը և նոր բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնեմասը տնօրինող լիազորված պետական կառավարման մարմիններին` սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունները վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների և դրանք ներկայացնել պետական գրանցման:
6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունների պետական գրանցումը:
7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ձեռնարկել միջոցներ սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունների ցուցակում (լիստինգ) ապահովելու համար և մրցույթով ընտրված ֆոնդային բորսայի հետ կնքել ցուցակման մասին պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի (այսուհետև` բաժնետոմսեր) տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվում է այդ բորսաների առևտրի կանոններին համապատասխան:
3. Մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Որոշման մեջ նշվում են`
ա) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը, ընկերության հայտարարված բաժնետոմսերի քանակը, ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքը.
բ) բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները.
գ) տեղեկություններ ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի հաստատման, դրանց գրանցման ներկայացնելու և հրապարակման ժամկետների մասին.
դ) այլ տեղեկություններ:
4. Բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնետոմսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության (այսուհետև` նախարարություն) տնօրինությանը:
II. Ֆոնդային բորսայի ընտրության չափանիշները
5. Ֆոնդային բորսայի ընտրության համար սահմանվում են հետևյալ չափանիշները`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բորսայական գործունեություն իրականացնելու լիցենզիայի առկայությունը.
բ) ֆոնդային բորսայում գրանցված են արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելու համար համապատասխան լիցենզիա ունեցող բրոքերային գործունեություն իրականացնող երկուսից ավելի անձինք.
գ) ֆոնդային բորսան պետք է ունենա`
ցուցակման-ապացուցակման (լիստինգ-դելիստինգ) կարգ,
արժեթղթերի շուկայի մասնակցին (առևտրի մասնակից) սակարկություններին մասնակցելու թույլտվության կարգ,
ֆոնդային բորսայում գործարքների կնքման, ստուգման, գրանցման և կատարման կարգ,
ֆոնդային բորսայում գների մանիպուլացման սահմանափակման կարգ,
արբիտրաժային հանձնաժողով և նրա գործունեության կարգ:
III. Բաժնետոմսերի տեղաբաշխման համար բրոքերային գործունեություն իրականացնող անձի ընտրության չափանիշները
6. Բաժնետոմսերի տեղաբաշխման համար բրոքերային գործունեություն իրականացնող անձի ընտրության նպատակով սահմանվում են հետևյալ չափանիշները`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիայի առկայությունը.
բ) ֆոնդային բորսայի անդամ լինելը (տեղ ունենալը).
գ) բրոքերային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տնօրենների համար (անկախ ինվեստիցիոն բրոքերից) առաջին կարգի որակավորման սերտիֆիկատի (հավաստագրի) առկայությունը.
դ) ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման համար բրոքերային կամ արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնող անձի մրցութային ընտրության կարգով սահմանված այլ չափանիշներ, ներառյալ մատուցվող ծառայությունների գների, իրացման ծավալների չափանիշները:
IV. Բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները
7. Մրցույթով ընտրված անձը բաժնետոմսերի թողարկման ազդագիրը հրապարակվելուց հետո 15-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է տվյալ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման մասին:
8. Բաժնետոմսեր թողարկող ընկերության ցուցակումը կատարում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում:
9. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:
10. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրամով:
11. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված, եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են:
Մրցույթով ընտրված անձը բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո 10-օրյա ժամկետում բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու բաժնետոմսեր թողարկող ընկերություն: Ընկերության կառավարման իրավասու մարմինն այդ հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մասին և ընկերությունը ներկայացնում պետական գրանցման:
12. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:
13. Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում իրացված բաժնետոմսերը` ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցվում են մրցույթով ընտրված անձի անունով: Տվյալ դեպքում վերջինս հանդես է գալիս որպես անվանական սեփականատեր:
14. Եթե սույն կարգով սահմանված ժամկետում ոչ մի բաժնետոմս չի տեղաբաշխվել, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է նոր որոշում տվյալ ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:
V. Նախարարության ԵՎ մրցույթով ընտրված անձի փոխհարաբերությունները
15. Նախարարության և մրցույթով ընտրված անձի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրով, որում նշվում են`
ա) տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը.
բ) բաժնետոմսերի տեղաբաշխման և բաժնետոմսերի սերտիֆիկատների տրամադրման ժամկետները.
գ) մրցույթով ընտրված անձի կատարվելիք վճարումների չափը և կարգը.
դ) բաժնետոմսերն անվանական արժեքից ավելի բարձր գնով տեղաբաշխվելու դեպքում մրցույթով ընտրված անձին կատարվելիք վճարումների չափը և կարգը, կատարվելիք մասհանումները հետևյալ համամասնությամբ`
բաժնետոմսերի անվանական արժեքից ավելի վճարված գումարի մինչև 30 տոկոսը փոխանցվում է մրցույթով ընտրված անձին (որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չնախատեսված` մասնավորեցման նախապատրաստման ծախսեր), իսկ 70 տոկոսը` մասնավորեցվող ընկերությանը.
ե) մրցույթով ընտրված անձի կողմից նախարարություն ներկայացվող հաշվետվությունների հաճախականությունը.
զ) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն ներկայացնելու ժամկետը և կարգը.
է) տվյալ ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ պայմաններ:
VI. Եզրափակիչ դրույթներ
16. Բաժնետոմսերի դիմաց վճարումներն ընդունվում են մրցույթով ընտրված անձին սպասարկող բանկում և փոխանցվում բաժնետոմսեր թողարկող ընկերության հաշվին` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: