ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2008 թ. |
N 16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքներն ու պարտականությունները, ընդ որում, պետական ծառայության մեջ գտնվող կամ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող թեկնածուների համար ընտրությունների ընթացքում նախատեսում է նաև աշխատանքային պարտականությունների կատարումից ազատում:
2. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով ստեղծված այլ ծառայությունները, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրներն ու գործառույթներն իրականացվում են մասնագիտական գործունեություն հանդիսացող համայնքային ծառայության միջոցով:
3. «Քաղաքացիական ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն քաղաքական և հայեցողական պաշտոնները պետական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոնների ցանկերում ընդգրկված չեն:
4. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայությունն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ նախադասությունների միջև հակասություն առկա չէ և այդ կետի պահանջները պետք է ընկալել դրանում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |