Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.04.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 ապրիլի 2008 թ.
ք. Երևան

  N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

Նկատի ունենալով, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) մեքենայացված խաղերի շահագործումը շահումով խաղ որակելու կամ չորակելու հետ կապված հարաբերությունները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի (ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն) իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի այն խաղը, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն:

Օրենքի վերը նշված դրույթների տառացի մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ ցանկացած խաղալիք շահելու հնարավորություն տվող խաղ ևս համարվում է շահումով խաղ և ենթակա է լիցենզավորման: Սակայն նման մեկնաբանությունը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքներին: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի.

ա) 5-րդ հոդվածի համաձայն վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են,

բ) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայեցողական լիազորություն իրականացնելիս (վարչական մարմնի կողմից մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը ընտրելիս) վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ,

գ) 7-րդ հոդվածի համաձայն վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ: Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում,

դ) 8-րդ հոդվածի համաձայն վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Վերը նշվածի հիման վրա պաշտոնապես պարզաբանում ենք «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

Այն մեքենայացված խաղը, որի մասնակցի (մասնակիցների) շահելու հնարավորությունը կախված է բացառապես այդ խաղի մասնակցի (մասնակիցների) գործողություններից և խաղի շահման որևէ փուլ չի գտնվում մասնակցի (մասնակիցների) վերահսկողությունից կամ ազդեցությունից դուրս և այդ մեքենայացված խաղը որևէ կերպ չի կարող ազդել խաղի մասնակցի (մասնակիցների) շահելու հնարավորության վրա և որի շահումը հանդիսանում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 9503 41 000, 9503 49 100, 9503 49 300 ծածկագրին դասվող ապրանք` շահումով խաղ չի համարվում:

Մնացած ցանկացած մեքենայացված խաղ համարվում է շահումով խաղ:

Սույն պաշտոնական պարզաբանման պաշտոնական հրապարակման պահից ուժը կորցրած ճանաչել 15 մայիսի 2006 թվականի Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի N 13 (222) տեղեկագրում հրապարակված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնական պարզաբանումը:

 

Նախարար

Վ. Խաչատրյան