ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
22 հունվարի 2008 թ. |
N 1-Ն |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2007 թվականի, ՀՕ-192-Ն` ուժի մեջ է 2008 թվականի հունվարի 1-ից) 6-րդ հոդվածի համաձայն այդ օրենքի հետևանքով պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները ֆինանսական երկու տարիների ընթացքում կարող են վարել պարզեցված հարկային հաշվառում (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայություների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 50,0 մլն դրամը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում կատարելու մասին» N 1385-Ն որոշմամբ սահմանվել է, որ այդ հարկ վճարողների համար 2008 և 2009 ֆինանսական տարիների համար կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 և «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշումներով հաստատված կարգերի կիրառման առանձնահատկությունները:
Այդ առանձնահատկությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) կարգը սահմանելու մասին» N 1386-Ն որոշմամբ, որը տարածվում է այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք 2007 թվականի որևէ ժամանակահատվածում հանդիսացել են պարզեցված հարկ վճարողներ և 2008 թվականին կարող էին հանդիսանալ պարզեցված հարկ վճարողներ` մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պայմաններում: Այդ հարկ վճարողները 2007 թվականի ընթացքում կամ 2007 թվականի որևէ ժամանակահատվածում հարկային հաշվառումը վարում էին Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Պարզեցված հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի մասին» N 471 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից հետո հարկային հաշվառումը վարում են (կարող են վարել) ընդհանուր սահմանված կարգով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում`ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) կարգը սահմանելու մասին» N 1386-Ն որոշմամբ սահմանված առանձնահատկությունները:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում, թե այդ դեպքում ինչպես են հաշվառվելու 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքանյութական արժեքների մնացորդները և 2008 թվականի հունվարի 1-ից հետո դրանց շարժը (այդ թվում` 2008 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված ապրանքանյութական արժեքների հաշվառմանը զուգընթաց):
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Պարզեցված հարկային հաշվառում վարող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ապրանքների (սեփական արտադրանքի) անմիջական ցուցադրության ու վաճառքի վայրերում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի N 315 որոշմամբ նախատեսված արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերի 1-ից 8-րդ սյունակներում վաճառքի համար նախատեսված ապրանքների (սեփական արտադրանքի) վերաբերյալ պահանջվող տվյալները գրանցում են.
ա) 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքանյութական արժեքների (ապրանք, սեփական արտադրանք) մնացորդները` 2008 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում (2008 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ձեռքբերմանը զուգընթաց), ընդ որում`
- վերավաճառքի համար նախատեսված ապրանքները գրանցվում են սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում (այդ թվում` միակողմանի կնքված փաստաթղթերում) նշված ձեռքբերման գներով (Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերման դեպքում` ներառյալ անուղղակի հարկերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` առանց մաքսային վճարումների), իսկ դրանց բացակայության դեպքում` վաճառքի գներով,
- սեփական արտադրանքը գրանցվում է սկզբնական արժեքով կամ վաճառքի գներով (ըստ հարկ վճարողի կողմից վարվող հարկային հաշվառման սկզբունքների), իսկ այդ արտադրանքը կազմող ապրանքանյութական այլ արժեքները (հումք և նյութեր, կիսապատրաստուկներ և այլն) գրանցման ենթակա չեն,
- միավորի վաճառքի գինը (8-րդ սյունակում).
բ) 2008 թվականի հունվարի 1-ից հետո`
- ձեռք բերված ապրանքները` մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքները ստանալու օրվա ավարտը)` սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում (այդ թվում` միակողմանի կնքված փաստաթղթերում) նշված ձեռքբերման գներով (Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերման դեպքում` ներառյալ անուղղակի հարկերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` առանց մաքսային վճարումների), իսկ դրանց բացակայության դեպքում` վաճառքի գներով,
- վաճառքի իրականացման վայրում ընդունված սեփական արտադրանքը` մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև սեփական արտադրանքը ստանալու օրվա ավարտը)` սկզբնական արժեքով կամ վաճառքի գներով (ըստ հարկ վճարողի կողմից վարվող հարկային հաշվառման սկզբունքների), իսկ այդ արտադրանքը կազմող ապրանքանյութական այլ արժեքները (հումք և նյութեր, կիսապատրաստուկներ և այլն) գրանցման ենթակա չեն,
- միավորի վաճառքի գինը (8-րդ սյունակում):
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ |
Ա. Ալավերդյան |