ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1995 թվականի N 291
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգի պետական ուսումնական հաստատությունների ազատված շենքերն ու տարածությունները վերասարքավորում են բնակելիի` վերջինիս ներկայացվող պահանջներին համապատասխան, և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ ընդգրկում պետական բնակարանային ֆոնդում:
Թույլտվություն ստանալու համար ըստ շենքերի և տարածությունների պատկանելության Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը կամ պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջնորդություն` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ.
բ) բնակելիի վերասարքավորված շենքերն ու տարածությունները հատկացվում են Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող ուսուցիչներին` Հայաստանի Հանրապետության գործող բնակարանային օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) ազատված շենքերը և տարածությունները բնակելիի վերասարքավորելու նախագծման ծախսերը կատարվում են համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին.
դ) ազատված շենքերը և տարածությունները բնակելիի վերասարքավորելու շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գործող բնակարանային օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող ուսուցիչների միջոցների հաշվին: Այդ դեպքում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները, ըստ սահմանված բնակելի տարածություններ հատկացնելու հերթականության, նրանց առաջարկում են մասնակցել ազատված շենքերի և տարածությունների բնակելիի վերասարքավորման շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը:
Այդպիսի ցանկություն հայտնած քաղաքացիների հետ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները կնքում են համապատասխան պայմանագիր:
2. Ազատված շենքերի և տարածությունների բնակելիի վերասարքավորման շինարարական աշխատանքների ավարտից հետո պայմանագիր կնքած քաղաքացուն հանձնվում է այդ բնակարանի նկատմամբ նրա սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |