ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 1995 թվականի N 187
քաղ. Երևան
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի և բաժնետերերի հաշվառման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ հրահանգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
3. Սահմանել, որ գործող բաժնետիրական ընկերությունները պարտավոր են, սկսած 1995 թվականի հունիսի 1-ից, իրենց բաժնետոմսերի ռեեստրը վարել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման կանոնները խախտելու համար համապատասխան պատասխանատվություն սահմանելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ոչ թողարկողի կողմից բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրը (այսուհետև` բաժնետոմսերի ռեեստր) բաժնետոմսերի, դրանց հետ
կատարվող բոլոր գործարքների (գործառնությունների) և բաժնետերերի մասին ամբողջական տեղեկությունների համակարգ է:
2. Բաժնետոմսերի ռեեստրը պարտադիր պետք է վարվի բոլոր փակ և բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի համար: Բաժնետոմսերի ռեեստրի վարումն ու պահպանությունն իրականացնում է թողարկողը կամ նրա կողմից լիազորված իրավաբանական անձը (այսուհետև` բաժնետոմսերի ռեեստր վարող):
3. Բաժնետոմսերի ռեեստրը բացվում և վարվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում ընկերության գրանցման պահից` փակ բաժնետիրական ընկերությունների համար, բաժնետոմսերի տեղաբաշխման սահմանված կարգով կայացումից և պետական լիազորված մարմնում բաժնետոմսերի գրանցումից հետո` բաց բաժնետիրական ընկերությունների համար:
4. Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում թողարկողը կամ նրա կողմից լիազորված անձը բացում է բաժնետոմսերի տեղաբաշխման գրանցամատյան, որտեղ արտացոլվում են բաժնետոմսերի ձեռքբերման համար ներկայացված հայտերում նշված տվյալները:
5. Պետական լիազորված մարմնում բաժնետոմսերի` սահմանված կարգով գրանցումից հետո բաժնետոմսերի տեղաբաշխման գրանցամատյանի տվյալները գրառվում են բաժնետոմսերի ռեեստրի բաժնետոմսերի հաշվառման գրանցամատյանում:
II. Բաժնետոմսերի ռեեստրի վարման ընդհանուր կանոնները
6. Բաժնետոմսերի ռեեստրը բաղկացած է հետևյալ գրանցամատյաններից`
ա) բաժնետոմսերով կատարված գործարքների,
բ) բաժնետոմսերի հաշվառման,
գ) բաժնետերերին բաժնետոմսերի սերտիֆիկատներ տալու դեպքում` բաժնետոմսերի սերտիֆիկատների տրման և ոչնչացման:
7. Բաժնետոմսերով կատարված գործարքների գրանցամատյանը (այսուհետև` ԲԿԳԳ) վարվում է ամեն օր: Դրա մեջ հաջորդականությամբ արտացոլվում են յուրաքանչյուր բաժնետոմսի հետ, տեղաբաշխման ավարտից հետո, երկրորդային շուկայում կատարված`
առուծախի,
նվիրատվության և ժառանգության,
բաժնետոմսերի գրավադրման,
լիազորագրային սեփականատերերին հանձնման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս գործարքները:
8. ԲԿԳԳ-ում գրանցումները կատարվում են նշված գործարքները հաստատող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ:
9. ԲԿԳԳ-ում նշվում են`
գործարքի կատարման ամսաթիվը,
գործարքի հերթական համարը,
գործարքի տեսակը,
գործարք կատարող կողմերի անվանումները,
տեղեկություններ գործարքի համար վճարման մասին (առկայության դեպքում),
ԲԿԳԳ-ում գրանցման ամսաթիվը:
10. ԲԿԳԳ-ում օրվա ընթացքում կատարված գրանցումները յուրաքանչյուր օրվա վերջում վավերացնում է տվյալ բաժնետոմսերի ռեեստրի վարման համար պատասխանատու անձը: Պատասխանատու անձը նշանակվում է բաժնետոմսերի ռեեստր վարողի կառավարման իրավասու մարմնի կողմից:
11. ԲԿԳԳ-ում կատարվող յուրաքանչյուր գրանցում ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, արտացոլվում է բաժնետոմսերի հաշվառման գրանցամատյանում:
12. Բաժնետոմսերի հաշվառման գրանցամատյանը կարող է վարվել նաև էլեկտրոնային գրառումների միջոցով:
13. Բաժնետոմսերի հաշվառման գրանցամատյանում պարտադիր նշվում են`
թողարկողի (բաժնետոմսերի տեղաբաշխողի, եթե վերջինս թողարկողը չէ) անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) կարգավիճակը, բաժնետոմսերի յուրաքանչյուր թողարկման մասին որոշման կայացման ամսաթիվը, պետական լիազորված մարմնի կողմից բաժնետոմսերի գրանցման համարը և ամսաթիվը,
տեղաբաշխված բաժնետոմսերի քանակն ըստ թողարկումների և տեսակների, դրանց անվանական արժեքը, հերթական համարներն ու սերիաները,
բաժնետոմսերի ռեեստրն այլ իրավաբանական անձի կողմից վարվելու դեպքում` տեղեկություններ այդ իրավաբանական անձի մասին,
բաժնետոմսերի ռեեստրի վարման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը:
14. Բաժնետոմսերի հաշվառման գրանցամատյանում յուրաքանչյուր անվանական բաժնետոմսի համար տարվում է առանձին հաշվառում, նշելով`
բաժնետոմսի հերթական համարը և սերիան, տեսակը, մարման ամսաթիվը (վերադարձվող բաժնետոմսերի համար),
հերթական բաժնետիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները), գտնվելու վայրը (հասցեն), սեփականատիրոջ իրավունքների ձեռքբերման ամսաթիվը, ԲԿԳԳ-ում կատարված համապատասխան գրանցման ամսաթիվն ու համարը.
տեղեկություններ տվյալ բաժնետոմսի դիմաց վճարման մասին,
տեղեկություններ բաժնետոմսի գրավադրման (ժամկետը, գրավառուի անվանումը) մասին,
լիազորագրային սեփականատիրոջ անվանումը, նրան բաժնետիրոջ կողմից լիազորագրային սեփականատեր ճանաչելու ամսաթիվն ու ժամկետը, ԲԿԳԳ-ում կատարված համապատասխան գրանցման ամսաթիվն ու համարը,
տեղեկություններ տվյալ բաժնետոմսով հաշվարկված ու վճարված շահաբաժինների մասին,
բաժնետոմսի սերտիֆիկատի տրման ամսաթիվը, հերթական համարն ու սերիան:
15. Բաժնետոմսերի ռեեստր վարողը բաժնետոմսերի հաշվառման գրանցամատյանում իր հայեցողությամբ կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:
16. Բաժնետոմսերի սերտիֆիկատների տրման և ոչնչացման գրանցամատյանը պարունակում է բաժնետոմսերի սեփականատերերին տրված և նրանցից հետ ստացած ու մարված սերտիֆիկատների մասին տեղեկություններ: Յուրաքանչյուր տրված սերտիֆիկատի համար նշվում են`
բաժնետիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները), գտնվելու վայրը (հասցեն).
սերտիֆիկատի համարը և սերիան, տրման ամսաթիվը.
սերտիֆիկատով հաստատվող բաժնետոմսերի քանակը.
տվյալ սերտիֆիկատի վերադարձման և մարման ամսաթիվը.
տվյալ բաժնետոմսերի վերաբերյալ սեփականության իրավունքը հաստատող նոր սերտիֆիկատների հերթական համարներն ու սերիաները, ինչպես նաև տրման ամսաթիվը:
III. Բաժնետոմսերի ռեեստր վարողի պարտականությունները
17. Բաժնետոմսերի ռեեստր վարողն իրականացնում է բաժնետոմսերի ռեեստրի վարումն ու պահպանությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և սույն կարգի:
18. Բաժնետոմսերի ռեեստր վարողը պարտավոր է`
թողարկողի կողմից սահմանված կարգով և պարբերականությամբ վերջինիս տրամադրել բաժնետոմսերի ռեեստրի տվյալները.
իր կողմից սահմանված և թողարկողի հետ համաձայնեցված կարգով բոլոր դիմողներին տրամադրել բաժնետոմսերի ռեեստրից քաղվածքներ:
19. Սույն կարգին համապատասխան բաժնետոմսերի վարման սահմանված կանոնների խախտումների համար բաժնետոմսերի ռեեստր վարողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Բաժնետոմսերի ռեեստրի` տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի դեպքում բաժնետոմսերի ռեեստր վարողը պարտավոր է`
մեկօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել արժեթղթերի շուկայի կարգավորման ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմնին.
կորցրած փաստաթղթերը վերականգնելու նպատակով շահագրգիռ անձանց կողմից անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու մասին հայտարարել մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով.
15- օրյա ժամկետում, առանց գրառումների դադարեցման, վերականգնել կորցրած փաստաթղթերը:
21. Թողարկողի, բաժնետերերի կամ նրանց կողմից լիազրված` արժեթղթերի շուկայի մասնակիցների և համապատասխան պետական մարմինների դիմելու դեպքում բաժնետոմսերի ռեեստր վարողը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում նրանց տրամադրել բաժնետոմսերի ռեեստրից քաղվածք: Բաժնետոմսերի ռեեստր վարողը քաղվածքների տրամադրման համար կարող է սահմանել համապատասխան վճար:
22. Բաժնետոմսերի ռեեստրից քաղվածքը պետք է պարունակի`
բաժնետիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները), գտնվելու վայրը (հասցեն),
թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),
բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի քանակը, տեսակը, հերթական համարներն ու սերիաները,
յուրաքանչյուր բաժնետոմսի ձեռքբերման ամսաթիվը և տեղեկություններ դրա վճարման ու գրավադրման մասին,
տեղեկություններ տվյալ բաժնետոմսերով հաշվարկված և վճարված շահաբաժինների մասին,
քաղվածքի տրման ամսաթիվը եվ բաժնետոմսերի ռեեստր վարողի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) և պատասխանատու անձի ստորագրությունը: