ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 1995 թվականի N 17
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Համաձայն տնտեսական քաղաքականության մասին արված հայտարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների հետագա խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգ:
Նշված կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և դրանք, ինչպես նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններ, այնպես էլ օտարերկրյա պետություններ արտահանման գործառնությունների վրա, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսավարող բոլոր սուբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից և պետական գրանցման վայրից (բացի սույն որոշման 7-րդ կետում նախատեսված դեպքերից):
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզիաների տրման կարգը (կցվում է).
բ) այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով (N 1 ցանկը կցվում է).
գ) առանձնահատուկ այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց արտահանումը և ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով` այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների եզրակացությունների հիման վրա (N 2 ցանկը կցվում է).
դ) այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց արտահանման գները վերահսկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից (N 3 ցանկը կցվում է):
4. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների վերաարտահանման թույլատվությունը տրվում է միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված անվանացանկերում նշված և 4-րդ կետով նախատեսված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումը և ներմուծումը կատարվում է ազատ, առանց լիցենզիաների:
5. Սահմանել, որ «դեղամիջոցների -13.02, 29.38, 29.41, 30.03, 30.04» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա:
6. Սահմանել, որ «բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ-38.08» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա:
7. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորվող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թմրադեղերի ու հոգենյարդային նյութերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
8. Սույն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ունեցող` կանոնադրական Ֆոնդին 30 տոկոսից ոչ պակաս օտարերկրյա ներդրումներ ունեցող ձեռնարկությունների սեփական արտադրանքի արտահանման, ինչպես նաևկանոնադրական Ֆոնդի լրացման ու սեփական արտադրանքի համար անհրաժեշտ հումքի ներմուծման վրա, բացառությամբ Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ արտահանվող տեքստիլ արտադրանքի:
9. Նախկին ԽՍՀՄ-ի և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների միջև տեքստիլ ապրանքների առևտրի մասին կնքված համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով պահպանել տեքստիլ ապրանքների առանձին տեսակների լիցենզավորումը Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ, համաձայն սույն որոշման N 1 ցանկի:
Տեքստիլ ապրանքների արտահանման լիցենզիաների ձևակերպումը Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
10. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`
ա) սույն որոշման N 3 ցանկում նշված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման դեպքում կատարել արտահանման պայմանագրի ստուգում` հաշվի առնելով պայմանագրի կնքման պահին արտահանվող ապրանքների նվազագույն հսկիչ գները, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից.
բ) սահմանված նվազագույն գներից (FOB-ՀՀ սահմանագները) ցածր գնով արտահանելու դեպքում արտահանող ձեռնարկություններից պահանջել համապատասխան տեղեկանք` հանրապետական բյուջե գնային տարբերության վճարման մասին: Մինչև նոր գների հաստատումը ղեկավարվել վերջին հաստատված գներով.
գ) թույլատրել նվազագույն գներից ցածր գներով, առանց գնային տարբերության, վճարման գործարքի իրականացում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով նախատեսված դեպքերում.
դ) Հայաստանի Հանրապետությունից «գունավոր և սև մետաղներ-74.01-74.14, 75, 76.01-76.14, 78-80, 81.01-81.13, 72, 26.03, 26.13» ապրանքատեսակների արտահանման դեպքում պահանջել արտահանող ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից տրվող համապատասխանելիություն սերտիֆիկատ:
11. Սահմանել, որ տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորվող ապրանքների արտահանումն ու ներմուծումն իրականացնում են միայն սահմանված կարգով տրված լիցենզիաներն ստանալուց հետո:
12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայանցնել տեղեկանքներ սույն որոշման կատարման մասին:
13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վերահսկողության վարչության վրա:
14. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման ու լիցենզավորման կարգի մասին» N 520 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, այսուհետև` ապրանք) լիցենզիաների տրման կարգը:
2. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան:
3. Լիցենզիաները տրվում են տնտեսավարող սուբյեկտներին (անկախ սեփականության ձևից) և ենթակա չեն փոխանցման այլ անձանց: Լիցենզիաների տրման համար գանձվում է վճար պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
4. Լիցենզիաների տրման հիմք են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների մատակարարման, ինչպես նաև նախօրոք համաձայնեցված արտահանման պայմանագրերը.
բ) առանձնահատուկ ապրանքների արտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության եզրակացությունները:
5. Տնտեսավարող սուբյեկտներին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ: Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում ապրանքների արտահանման կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը: Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա: Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի պայմանագրերով, արտասահմանյան տարբեր գործընկերների հետ, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում` միայն մեկ պայմանագրով:
6. Պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:
7. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) տնտեսավարող սուբյեկտի դիմումը.
բ) ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթերը`
պայմանագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ ապրանքի ձեռքբերման մասին (արտահանող ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության արտադրության ապրանքների համար պետք է ներկայացնի արտադրողի հետ կնքված պայմանագիրը), միջնորդների առկայության դեպքում` նրանց հետ կնքված պայմանագրերը և ֆինանսական փաստաթղթերը (եթե ապրանքը չի արտադրված Հայաստանի Հանրապետությունում, ապա պետք է ներկայացնել ներմուծման բոլոր փաստաթղթերը).
ձեռքբերումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (հաշիվ-ֆակտուրա կամ ելքի ապրանքագիր կամ ապրանքի բեռնագիր).
ապրանքի որակի մասին սերտիֆիկատ` տրված արտադրողի կամ համապատասխան իրավասու կամ լիազորված կազմակերպությունների կողմից.
գ) արտահանման կամ ներմուծման պայմանագիրը և պայմանագրի կողմերի պետական գրանցման մասին համապատասխան փաստաթղթերը (տեղեկանք ձեռնարկությունների պետական ռեգիստրից), բացառությամբ պետական ձեռնարկությունների:
Դիմողները սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:
8. Լիցենզիաները տրվում են պարտավորություններ կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով: Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել:
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ներմուծման և արտահանման համար լիցենզիա տվող մարմինը սահմանված կարգով կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը կամ անվավեր ճանաչել այն:
9. Լիցենզիա տալու մերժման կամ տրված լիցենզիայի գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը` կապված միջկառավարական համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն ռեսուրսների անվերահսկելի արտահանման կանխման հետ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անբարեխիղճ մրցակցությունը.
գ) ներկայացվող փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
10. Լիցենզիան տրվում է դիմելու օրվանից 10-օրյա ժամկետում:
11. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով: