040.0124.07.05.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
7 մայիսի 1997 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
7 մայիսի 1997 թվականի N 124
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 581 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրության 20, 21 և 22-րդ կետերը:
Այդ կապակցությամբ նշված ժամանակավոր կանոնադրության 23 և 24-րդ կետերը համապատասխանաբար համարել 20 և 21-րդ կետեր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
կ ա ր գ
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման
i. ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգը:
Աուդիտորական գործունեության համար լիցենզիա տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետև` լիազորված մարմին) սահմանած կարգով ատեստավորված անհատ ձեռներեցներին (այսուհետև` աուդիտորներ) և աուդիտորական ձեռնարկություններին` անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից (բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների) հետևյալ պայմանների ապահովման դեպքում`
ա) աուդիտորներին, եթե նրանք սահմանված կարգով ատեստավորվել են.
բ) աուդիտորական ձեռնարկություններին (ներառյալ օտարերկրյա ներդրումներով աուդիտորական ձեռնարկությունները), եթե`
դրանց հիմնադիրների (փայատերեր, բաժնետերեր, անդամներ) առնվազն 1/2-ը սահմանված կարգով ատեստավորվել է.
դրանց կանոնադիր հիմնադրամի առնվազն 1/2-ը պատկանում է ատեստավորված հիմնադիրներին (փայատերեր, բաժնետերեր, անդամներ).
դրանց ղեկավարը (գործադիր տնօրենը, նախագահը, կառավարիչը և ուրիշներ) սահմանված կարգով ատեստավորվել է:
2. Աուդիտորական ձեռնարկության պետական գրանցման պահից եռամսյա ժամկետում նրա հիմնական աշխատողներ համարվող մասնագետների առնվազն 1/2-ը լիազորված մարմնի սահմանած կարգով պետք է ատեստավորվի:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը 5 տարի է, և լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել:
Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում աուդիտորը կամ աուդիտորական ձեռնարկությունը սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել լիազորված մարմնին` նոր լիցենզիա ստանալու համար:
4. Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է լիազորված մարմինը: Լիցենզիայում պարտադիր կարգով նշվում են լիցենզիայի հերթական համարը, աուդիտորի անունը, ազգանունը, աուդիտորական ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գործունեության ոլորտը, լիցենզիա տալու ամսաթիվը և գործողության ժամկետը:
ii. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը
5. Լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացվում հայտ, որին կցվում են`
ա) աուդիտորական ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճենները.
բ) լիցենզիա տալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը.
գ) աուդիտորի, աուդիտորական ձեռնարկության հիմնադիրների (փայատերեր, բաժնետերեր, անդամներ), ղեկավարի (կոմանդիտային ընկերակցության դեպքում` լիակատար անդամի) ատեստավորումը հավաստող փաստաթուղթը:
Բանկային աուդիտի մասնագետների և աուդիտորական ձեռնարկության հիմնադիրների (փայատերեր, բաժնետերեր, անդամներ) ատեստավորումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահից 15-օրյա ժամկետում լիազորված մարմինը պարտավոր է որոշում կայացնել լիցենզիա տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտ ներկայացնողին:
7. Լիազորված մարմինը կարող է մերժել լիցենզիա տալը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
Լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը:
8. Լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
iii. Լիցենզիաների հաշվառումը
9. Լիազորված մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ գրառվում են`
ա) աուդիտորի անունը, ազգանունը, աուդիտորական ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը.
բ) աուդիտորի և աուդիտորական ձեռնարկության իրավաբանական հասցեն.
գ) աուդիտորական ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը.
դ) աուդիտորական ձեռնարկության պետական գրանցման վկայականի համարը.
ե) հարկ վճարողի հաշվառման հերթական համարը.
զ) լիցենզիայի հերթական համարը.
է) լիցենզիա տալու ամսաթիվը.
ը) աուդիտորական գործունեության ոլորտը.
թ) աուդիտորական ձեռնարկության հիմնադիրների (փայատերեր, բաժնետերեր, անդամներ) կազմը և նրանց մասնաբաժինների չափերը:
10. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիազորված մարմինը:
11. Աուդիտորական ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ձեռնարկության ղեկավարը պարտավոր է այդ մասին մեկամսյա ժամկետում ծանուցել լիազորված մարմնին:
iv. Լիցենզիայի գործողության կասեցումը
12. Լիազորված մարմինն իրավունք ունի կասեցնելու աուդիտորին կամ աուդիտորական ձեռնարկությանը տրված լիցենզիայի գործողությունը` սահմանելով խախտումների վերացման ժամկետը:
Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանում է լիազորված մարմինը, և այն չի կարող գերազանցել 45 օրը:
13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե աուդիտորները և աուդիտորական ձեռնարկությունները`
ա) չեն ապահովել սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմանները.
բ) հիմնադիր փաստաթղթերում (վկայականում) կատարված փոփոխությունների կամ լրացումների մասին սահմանված ժամկետում չեն ծանուցել լիազորված մարմնին.
գ) իրենց տված եզրակացության հետևանքով մեկ տարվա ընթացքում կրկնակի վնաս են պատճառել պատվիրատուներին և (կամ) վերջիններիս հետ պայմանագիր կնքած երրորդ անձին:
14. Աուդիտորը կամ աուդիտորական ձեռնարկությունը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և այդ մասին տեղեկացնել լիազորված մարմնին:
15. Սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում լիազորված մարմնի որոշմամբ լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած:
v. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը
16. Աուդիտորին կամ աուդիտորական ձեռնարկությանը տրված լիցենզիան լիազորված մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) աուդիտորի կողմից լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում աուդիտ չի անցկացվել.
բ) լիցենզավորման կամ ատեստավորման համար լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են հաղորդվել.
գ) խախտվել են աուդիտորական գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարել է աուդիտորական ձեռնարկության գործունեությունը.
ե) օրացուցային մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողության ժամկետը:
17. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշումը հրապարակվում է մամուլում:
18. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշման ընդունման պահից աուդիտորը կամ աուդիտորական ձեռնարկությունը զրկվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունքից:
19. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշման պատճենը եռօրյա ժամկետում տրվում է աուդիտորին կամ աուդիտորական ձեռնարկությանը:
20. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
21. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում աուդիտորը կամ աուդիտորական ձեռնարկությունը կարող է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով դիմել նոր լիցենզիա ստանալու` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից մեկ տարի հետո:
22. Լիցենզիան կորցնելու դեպքում աուդիտորը կամ աուդիտորական ձեռնարկությունն այդ մասին գրավոր հայտնում է լիազորված մարմնին: Վերջինս, աուդիտորի կամ աուդիտորական ձեռնարկության գրավոր դիմումի հիման վրա, 15-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա` դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.1998, N 782 | 01.01.1999, N 124 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|