ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1962 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ)» ԹԻՎ 118 ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 հունիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1962 թվականի հունիսի 28-ին Ժնևում ստորագրված` Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1962 թվականի հունիսի 28-ին, Ժնևում` սոցիալական ապահովության բնագավառում քաղաքացիների և ոչ քաղաքացիների միջև իրավահավասարություն ապահովելու նպատակով: Այն ուժի մեջ է մտել 1964 թվականի ապրիլի 25-ին:
2. Կոնվենցիան, սահմանելով սոցիալական ապահովության բնագավառները, յուրաքանչյուր մասնակից պետության հնարավորություն է ընձեռում ընդունել դրանցից մեկ կամ մի քանի ուղղության կատարման պարտավորություն, որոնց վերաբերյալ ունի իր տարածքում իր քաղաքացիների նկատմամբ արդյունավետ կերպով կիրառվող օրենսդրություն: Հայաստանի Հանրապետությունը կից հայտարարությամբ պարտավորվում է կիրառել Կոնվենցիայի դրույթները բոլոր նշված ուղղություններով, այն է` բուժօգնության, հիվանդության, մայրության, հաշմանդամության, ծերության, աշխատանքային խեղման, գործազրկության, ընտանեկան նպաստների, ինչպես նաև կերակրողին կորցնելու կապակցությամբ նախատեսված նպաստների առումով:
Նշված ուղղությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- Կոնվենցիայի մասնակից այլ պետությունների քաղաքացիներին, փոխադարձության սկզբունքով, իր տարածքում ցուցաբերել իր քաղաքացիներին հավասար վերաբերմունք` ինչպես նրանց նկատմամբ օրենսդրության կիրառման, այնպես էլ նպաստների իրավունքի առնչությամբ.
- Կոնվենցիայի դրույթները կիրառել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ առանց փոխադարձության պայմանի:
Կոնվենցիայի դրույթները հետադարձ ուժ չունեն և չեն կիրառվում մինչև տվյալ մասնակից պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը վճարված նպաստների նկատմամբ:
3. Քննության առարկա Կոնվենցիան համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված դրույթին, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում է սոցիալական պետություն: ՀՀ Սահմանադրության 33 հոդվածով քաղաքացիներին ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքի վերապահումը չի բացառում ոչ քաղաքացիների նույն իրավունքները, ինչը նշված է ՀՀ Սահմանադրության 43 հոդվածում, որով սահմանվում է, որ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները սպառիչ չեն և չեն կարող մեկնաբանվել որպես մարդու հանրաճանաչ իրավունքների բացառում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1962 թվականի հունիսի 28-ին Ժնևում ստորագրված` Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|