ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1978 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 սեպտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի
երկրորդ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով Երկրորդ լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Երկրորդ լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 1978 թ. մարտի 17-ին` Ստրասբուրգում, և ուժի մեջ է մտել 1983 թ. հունիսի 5-ին: Հայաստանի Հանրապետությունը նշված Արձանագրությունն ստորագրել է 2001 թ. նոյեմբերի 8-ին:
Երկրորդ լրացուցիչ արձանագրության նպատակն է ֆինանսական հանցագործությունների ոլորտում պարզեցնել Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի կիրառումը, ինչպես նաև բուն կոնվենցիայում լրացումներ կատարելը: Նշված կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 2001 թ. նոյեմբերի 21-ին:
2. Երկրորդ լրացուցիչ արձանագրությամբ մասնավորապես սահմանվում է.
ա) կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետը լրացվում է «Սույն իրավունքը կիրառվում է նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնց համար նշանակվում են դրամական բնույթի պատիժներ» դրույթով,
բ) կոնվենցիայի 5-րդ հոդվածը փոխարինվում է ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ հստակեցված դրույթներով:
3. Հիշյալ Արձանագրությամբ սահմանվում է նաև, որ ցանկացած պետություն ստորագրելու, միանալու մասին փաստաթուղթը կամ վավերագիրն ի պահ տալիս կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունել արձանագրությամբ նշված մի շարք պահանջներ:
4. Երկրորդ լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- հարկերի, մաքսատուրքերի և դրանց առնչվող հանցագործությունների դեպքում հանձնումն իրականացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան նույնաբնույթ հանցագործությունների պարագայում,
- չմերժել հանձնումը, եթե անգամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն նույնաբնույթ հարկեր կամ տուրքեր, կամ նախատեսված չէ հարկի, տուրքի, մաքսատուրքի և փոխանակման նույնաբնույթ կարգավորում,
- չկատարել հանձնումն այն հանցագործության համար, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է համաներում,
- անձի բացակայությամբ կայացված դատավճիռն ի կատար ածելու համար պահանջվող անձին հանձնել այն ժամանակ, եթե Հայցողը բավարար հիմքեր է ներկայացնում` պաշտպանական նվազագույն իրավունքներն ապահովելու վերաբերյալ, կամ
- երաշխավորվում է պահանջվող անձի գործով կրկնակի դատավարության անցկացումը:
5. Երկրորդ լրացուցիչ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 4, 9, 38 և այլն) կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ապահովել մարդու իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|