ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
19 ապրիլի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2005 թ. փետրվարի 7-ին Երևանում` Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակի` տեղում հավաքագրված անձնակազմին գրասենյակի կողմից վճարվող աշխատավարձի և այլ համանման վարձատրության մասով հարկումից ազատելու նպատակով:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հարկումից ազատել Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակի` տեղում հավաքագրված անձնակազմին գրասենյակի կողմից վճարվող աշխատավարձի և այլ համանման վարձատրության մասով:
3. Միջազգային պրակտիկայի ուսումնասիրումը վկայում է, որ ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին 1946 թ. փետրվարի 13-ի կոնվենցիայի 5 հոդվածի (բաժին 18, կետ «բ») համաձայն` ՄԱԿ-ի պաշտոնյաներն ազատվում են ՄԱԿ-ի կողմից իրենց վճարվող աշխատավարձերի և վարձատրության հարկումից: Այդ արտոնությունից օգտվող պաշտոնյաների թվում կարող են լինել նաև ընդունող պետության քաղաքացիներ և տեղաբնակ անձինք: Այս պրակտիկան կիրառվում է նաև ՀՀ-ում:
Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի համաձայն` Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներն ազատվում են Եվրոպայի խորհրդի կողմից վճարված աշխատավարձերի կամ վարձատրությունների հարկումից:
4. ՀՀ Սահմանադրության 15 հոդվածի համաձայն` «Քաղաքացիները անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները»: Արձանագրությամբ ՀՀ ստանձնած ֆինանսական պարտավորությունը, ՀՀ հարկային օրենսդրության վերլուծության արդյունքներով, վերաբերում է եկամտահարկից ազատելուն: Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 15 հոդվածի ուժով, Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակի` տեղում հավաքագրված անձնակազմը, մասնավորապես` ՀՀ քաղաքացիների մասով, անկախ նրանց` ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ հանդիսանալու հանգամանքից, պետք է ՀՀ մյուս քաղաքացիների հետ համահավասար ունենան ՀՀ Սահմանադրության 46 հոդվածով և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային միևնույն պարտականությունը:
Սակայն, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահանջները, ինչպես նաև ՀՀ իրավակիրառական պրակտիկան, որևէ իրավունքի, ազատության իրացման և որևէ պարտականության կատարման սահմանված կարգը կարող է ներառել նաև որոշակի իրավական պայմաններ, որոնք կարող են դրսևորվել որոշակի արտոնությունների սահմանման, այդ թվում նաև` պարտականության կատարումից ազատելու ձևով, որոնք օբյեկտիվ և ողջամիտ կերպով արդարացված են, հետապնդում են իրավաչափ նպատակ և համաչափ են հետապնդվող իրավաչափ նպատակին:
5. Անդրադառնալով պետություններում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների (գրասենյակների) ծառայողներին` իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման շրջանակներում, արտոնությունների տրամադրման, ինչպես նաև նրանց իրավունքի տարբերակման իրավակիրառական պրակտիկային, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն դիվանագիտական գործունեությամբ պայմանավորված այդպիսի արտոնությունների պարտադիր տրամադրման, այդ գործունեությանն օժանդակող անձնակազմի հարկային արտոնությունների մասով կիրառվում են տարբերացված սկզբունքներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` իրավունքի տարբերակումը կամ տարբերությունը չի հանդիսանում խտրական, եթե այն ունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` այդ տարբերակումը կամ տարբերությունը հետապնդում է իրավաչափ նպատակ:
Քննության առարկա արձանագրությամբ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի` տեղում հավաքագրված անձնակազմին վճարվող աշխատավարձի և այլ համանման վարձատրության մասով հարկումից ազատումը պայմանավորված է իրավաչափ նպատակով և համաչափ է այդ նպատակին, քանի որ պայմանավորված է այդ գրասենյակի միջոցով և ՀՀ կողմից ճանաչված միջազգային իրավական հիմքով իրականացվող գործառույթներով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի փետրվարի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|