ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 1993 թվականի N 635
քաղ. Երևան
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և իրենց աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների (բացառությամբ մահճակալային տիպի հանրակացարանների) սեփականաշնորհման վերաբերյալ կոլեկտիվների միջնորդություններն ընդունվում են տվյալ գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիաների հետ համատեղ` կոլեկտիվի ընդհանուր ժողովում: Միջնորդությունները կարող են հարուցվել այն աշխատողների նկատմամբ, որոնք առնվազն 3 տարի բնակվում են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունում:
2. Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները ներկայացվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ:
Ձեռնարկություների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրնության տակ գտնվող և իրենց աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ է ներկայացվում վերադաս կառավարման մարմնի համաձայնությամբ:
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները` իրենց եզրակացությունների հետ միասին, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, միջնորդությունների ստացման պահից 20-օրյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով աշխատողներին հատկացնելու մասին համաձայնության դեպքում պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն իրականացնում են դրանց սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: