ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 1993 թվականի N 524
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստականների հիմնահարցերի լուծման, մարդասիրական օգնության գծով աշխատանքների համակարգման, փախստականների թվաքանակի և բնակության վայրի վերջնական ճշգրտման, ինչպես նաև նրանց փաստաթղթերի հաշվառման գործում անհրաժեշտ կարգ ու կանոնի հաստատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը`
ա) 1993 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում սկսել փախստականներին նախկինում տրված սկզբնական հաշվառման փաստաթղթերի փոխարեն նոր նմուշի միասնական «Փախստականի ընտանիքի վկայական» տալու աշխատանքները:
Սահմանել, որ վկայականի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կողմից.
բ) վարչությանը կից ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանած փախստականներին «Փախստականի ընտանիքի վկայական» տալու աշխատանքները համակարգող կենտրոնական հանձնաժողով:
2. Պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) ստեղծել քաղաքի (շրջանի) տարածքում բնակություն հաստատած փախստականների փաստաթղթերի փոխանակման և միասնական վկայական տալու քաղաքային (շրջանային) ժամանակավոր հանձնաժողով` գործկոմի նախագահի տեղակալի նախագահությամբ.
բ) հանձնաժողովում ընդգրկել քաղաքային (շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեների ապարատի փախստականների հարցերով պատասխանատու հաստիքային աշխատողների, ներքին գործերի նախարարության քաղաքային (շրջանային) մարմինների անձնագրային բաժինների ներկայացուցիչների և այլ հիմնարկ-ձեռնարկությունների փորձառու պաշտոնատար անձանց: Այդ աշխատանքներում ներգրավված անձանց ազատել հիմնական աշխատանքային պարտականություններից` պահպանելով նրանց աշխատավայրում ունեցած միջին աշխատավարձը.
գ) «Փախստականի ընտանիքի վկայական» տալու աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով հանձնաժողովների համար ստեղծել աշխատանքային անհրաժեշտ պայմաններ (աշխատասենյակ, հեռախոսային կապ, տրանսպորտ և այլն):
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստականներին «Փախստականի ընտանիքի վկայական» տալու կարգը և գրաֆիկը (կցվում են):
4. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը, պատգամավորների քաղաքային (շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` փախստականներին «Փախստականի ընտանիքի վկայական» տալու աշխատանքները կատարել սույն որոշմամբ հաստատված կարգին և գրաֆիկին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» ՏԱԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստականներին «Փախստականի ընտանիքի վկայական» տալու աշխատանքներն իրականացվում են երկու փուլով`
առաջին փուլում Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կողմից հաստատված «Փախստականների ընտանիքի վկայական» տրվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական գրանցում չունեցող և ժամանակավոր կացարաններում ապրող, ինչպես նաև բարեկամների և ծանոթների բնակարաններում առանց բնակտարածությունից օգտվելու իրավունքի գրանցված փախստականներին:
Երկրորդ փուլում «Փախստականի ընտանիքի վկայական» տրվում է Հայաստանում մշտական գրանցում ունեցող փախստականներին:
2. Փախստականներին վկայական տալու աշխատանքներն իրականացվում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներում ստեղծվող հանձնաժողովների միջոցով:
3. Վկայական ստանալու համար փախստականները հանձնաժողովին պետք է ներկայացնեն`
տեղեկանք փաստացի բնակության վայրից.
փախստականներին 1988 թվականին տրված հաշվառման թերթիկը,
փախստականի ընտանիքի քարտը, փախստականի վկայականը.
ընտանիքի բոլոր չափահաս անդամների անձնագրերը, անչափահասների ծննդյան վկայականները.
տնամերձ հողամաս ստացած փախստականները`
տեղեկանք տվյալ շրջանային խորհրդի գործադիր կոմիտեից հողամաս ստանալու մասին.
բնակարանային-շինարարական կոոպերատիվներում ընդգրկված փախստականները` տեղեկանք բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամության մասին.
պետական բնակելի ֆոնդից բնակարան ստանալու հերթացուցակներում ընդգրկված փախստականները` տեղեկանք բնակարանի հերթում գտնվելու մասին.
դպրոցում, բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող փախստականները ներկայացնում են տեղեկանք սովորելու վայրից.
տեղեկանք աշխատանքի վայրից կամ զբաղվածության կենտրոնի կողմից գործազրկության մասին.
տեղեկանք կենսաթոշակներ և նպաստներ ստանալու մասին` հաստատված պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինների կողմից:
4. Անձնագրերը (ծննդյան վկայականները) կորցրած փախստականներին վկայական տրվում է սահմանված կարգով` միայն նոր անձնագիր (ծննդյան վկայականներ) ստանալուց հետո:
5. Շրջանային (քաղաքային) հանձնաժողովները սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի (տեղեկանքների) հիման վրա փախստականներին տալիս են Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կողմից հաստատված ձևի «Փախստականի ընտանիքի վկայական», որը հանձնվում է ընտանիքի գլխավորին:
Ընտանիքի անդամների թվաքանակի, նրանց սոցիալական կազմի և այլ փոփոխություններ կատարվում են փախստականների վերահաշվառման նախկինում լրացված և արխիվ ուղարկված հարցաթերթերում:
Նոր վկայական տալու վերաբերյալ հատուկ նշումներ են կատարվում նաև չափահաս փախստականների գործող անձնագրերում, իսկ անչափահասների` ծննդյան վկայականներում:
6. Փախստականներին նոր վկայականներ հանձնելու ժամանակ հանձնաժողովի կողմից նրանցից հետ են վերցվում 1988 թվականի նմուշի «Հաշվառման թերթիկները», «Փախստականի ընտանիքի քարտը» և «Փախստականի վկայականը», որոնք կցվում են նրանց հարցաթերթիկներին:
7. Փախստականների մասին, վկայական հանձնելուց հետո, ունեցած տեղեկությունները «Որոնում» ԻՏԿ-ում մտցվում են համակարգիչների մեջ և ամրակցվում:
8. Փախստականի ընտանիքի վկայականը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ:
Փոխանակման ժամանակ փչացված վկայականները շրջանային (քաղաքային) հանձնաժողովների կողմից հատուկ ակտով խոտանվում են և դրանց փոխարեն լրացվում են նորերը: Խոտանված վկայականները հատուկ արձանագրությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը, կից ստեղծված կենտրոնական հանձնաժողովին, որի կողմից դրանք ճանաչվում են անվավեր և ոչնչացվում:
9. «Հաշվառման թերթիկները», «Փախստականների ընտանիքի քարտը» և «Փախստականի վկայականը» համարվում են անվավեր` տվյալ շրջանում (քաղաքում) «Փախստականի ընտանիքի վկայական» տալու օրվանից:
10. Այն փախստականները, որոնք սահմանված ժամկետում իրենց բնակության վայրում չեն կարողացել փոխանակել փաստաթղթերը և ստանալ «Փախստականի ընտանիքի վկայական» պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության փախստականների փոխանակման կենտրոնական հանձնաժողովին: