ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ՄԻՋՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 օգոստոսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1998 թվականի մայիսի 5-ին Ստրասբուրգում ստորագրված` Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիային կից «Միջտարածքային համագործակցության մասին» թիվ 2 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Տերտերյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 1998 թ. մայիսի 5-ին` Ստրասբուրգում, և ուժի մեջ է մտել 2001 թ. փետրվարի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունն ստորագրել է 2002 թ. ապրիլի 3-ին:
Թիվ 2 արձանագրության նպատակը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև միջտարածքային համագործակցության խրախուսումն է:
2. Թիվ 2 արձանագրությունը նախատեսում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը սույն արձանագրությունը չի կարող ստորագրել առանց վավերացման, հաստատման կամ վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելու պայմանի, եթե մինչ այդ կամ միաժամանակ ավանդապահին չի հանձնել նաև շրջանակային կոնվենցիայի վավերագիրը:
3. Թիվ 2 արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- ճանաչել և հարգել Շրջանակային կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը` իրենց իրավասություններին համապատասխան քննարկումներին մասնակցելու և կազմելու միջտարածքային համագործակցության համաձայնագրեր,
- միջտարածքային համագործակցության նկատմամբ կիրառել շրջանակային կոնվենցիայի դրույթները «mutatis mutandis»,
- չկատարել ոչ մի վերապահում թիվ 2 արձանագրության դրույթների վերաբերյալ,
- հայտարարել շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 4-րդ և (կամ) 5-րդ հոդվածների կիրառման մասին` թիվ 2 արձանագրության ստորագրման, հաստատման մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու ժամանակ:
4. Թիվ 2 արձանագրության դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը (հոդվածներ 4, 8, 9, 110 և այլն) և կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության համար, ապահովել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998 թվականի մայիսի 5-ին Ստրասբուրգում ստորագրված` Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիային կից «Միջտարածքային համագործակցության մասին» թիվ 2 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|