ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 փետրվարի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գ. Նանագուլյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների միջև` 1994 թվականի ապրիլի 15-ին` Մոսկվայում, նպատակ ունենալով ձևավորել պայմաններ` ապրանքների և ծառայությունների ազատ շարժի համար, ապահովել մասնակից պետությունների փոխադարձ առևտրի հաշվեկշռվածությունը, տնտեսական վիճակի կայունացումը և հետագա զարգացումը:
Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը մասնավորապես պարտավորվում են միջոցներ ձեռնարկել փոխադարձ առևտրում վճարումների արդյունավետ համակարգի ստեղծման, տնտեսական քաղաքականության կոորդինացման ուղղությամբ:
Պայմանավորող կողմերն իրենց իրավունք են վերապահում ինքնուրույնաբար և անկախորեն որոշելու արտաքին տնտեսական հարաբերությունների ռեժիմն այն երկրների հետ, որոնք չեն մասնակցում սույն համաձայնագրին:
Ցանկացած Պայմանավորող կողմ կարող է դադարեցնել իր մասնակցությունը համաձայնագրին` մյուս Պայմանավորվող կողմերին իր այդ մտադրության մասին, դադարեցման պահից 6 ամիս առաջ, պաշտոնական ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|