ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 նոյեմբերի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Բայբուրդյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սևծովյան տնտեսական համագործակցության խարտիան ստորագրվել է 1998 թվականի հունիսի 5-ին Յալթա քաղաքում` Համագործակցության հիմնադիր անդամ պետությունների կողմից:
Խարտիայով անդամ պետությունները հիմնում են տարածաշրջանային տնտեսական համագործակցության կազմակերպության, պայմանավորվում համագործակցության սկզբունքների և ոլորտների, կազմակերպության հիմնական ու օժանդակ մարմինների ձևավորման և գործունեության կազմակերպման շուրջ:
Արտաքին գործերի նախարարների խորհուրդը Սևծովյան տնտեսական համագործակցության հիմնական, մշտական որոշումներ կայացնող մարմինն է, որի նիստերն իրավազոր են անդամ պետությունների երկու երրորդի մասնակցության դեպքում, իսկ որոշումների ընդունման կարգը սահմանվում է նույն խորհրդի կողմից ընդունվող կանոնակարգով:
Կազմակերպությունը նախագահողը, որը փոխվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, համակարգում է Համագործակցության ամբողջ գործունեությունը, հետևում ընդունվող արձանագրությունների և որոշումների իրականացմանը:
Անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին ներկայացնում և նրանց անունից գործում է Ավագ պաշտոնյաների կոմիտեն, որը վերահսկում է օժանդակ մարմինների գործունեությունը, հետևում Խորհրդի որոշումների իրականացմանը, Խորհրդին ներկայացնում կազմակերպության տարեկան բյուջեն, կազմակերպում բյուջեի հաշվեքննությունը:
Համագործակցության գործավարությունն իրականացնում է Մշտական միջազգային քարտուղարությունը:
Կազմակերպության բյուջեն կազմված է Խորհրդի անդամ պետությունների կողմից կատարված մուծումներից: Կազմակերպությունն ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
Խարտիայով սահմանվում է Կազմակերպությանն անդամակցելու և անդամակցության դադարեցման կարգը:
Խարտիան չի կարող ընդունվել որևէ վերապահումով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
