ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1995 թվականի N 159
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդը» և «Հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը» վերահաստատելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի կանոնադրությունը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն ստեղծելու մասին» N 585 որոշման N 1 հավելվածը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական և սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի (այսուհետև` ֆոնդ) միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների կողմից կատարված ստուգումներով (վերստուգումներով) հայտնաբերված միջոցների հաշվին, այդ թվում`
ա) հանրապետական և տեղական բյուջեներ լրացուցիչ գանձված եկամուտների 5 (հինգ) տոկոսի չափով մասհանումների հաշվին.
բ) պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների օգտին վերականգնված միջոցների 10 (տասը) տոկոսի չափով հատկացումների հաշվին.
գ) պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օգտին վերականգնված միջոցների 10 (տասը) տոկոսի չափով հատկացումների հաշվին:
2. Ֆոնդի միջոցները պահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների անունով համապատասխան բյուջեների դրամարկղային սպասարկումներն իրականացնող բանկային հիմնարկներում նոր բացվող «Գումարներ` ըստ հանձնարարությունների» անվանվող ընթացիկ հաշիվներում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների կողմից կատարված ստուգումներով (վերստուգումներով) հայտնաբերված և հանրապետական ու տեղական բյուջեների եկամուտներին լրացուցիչ գանձված գումարներից սույն կանոնադրության 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված նորմատիվով մասհանումը համապատասխան ֆոնդի միջոցներին կատարվում է ստուգում իրականացնող մարմնի (ստորաբաժանման) կողմից, յուրաքանչյուր դեպքում ներկայացվող տեղեկանքի և բյուջեից գումարների տրամադրման սահմանված ձևի եզրակացության հիման վրա, 5-օրյա ժամկետում հաշվարկային չեկերով այդ գումարը բյուջետային հաշվից համապատասխան ֆոնդի ընթացիկ հաշվին հաշվանցելու միջոցով:
Պետական կառավարման հանրապետական ու տեղական մարմինների և պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օգտին վերականգնված միջոցներից սույն կանոնադրության 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված նորմատիվով հատկացումները համապատասխան ֆոնդի միջոցներին կատարվում են ստուգման ակտերի հիման վրա, դրանց ստորագրումից և (կամ) վերականգնված գումարների մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում, հատկացումը` կատարողի կողմից վճարման հանձնարարագրով փոխանցման կամ ֆոնդի միջոցները տնօրինող մարմնի կողմից վճարման պահանջագրով գանձման միջոցով:
4. Ֆոնդի միջոցներն ունեն նպատակային բնույթ և ծախսվում են հետևյալ հիմնական ուղղություններով`
ա) ֆոնդի միջոցները հայտնաբերող աշխատողի (աշխատողների խմբի, բրիգադի) պարգևատրման համար.
բ) գույքի, գրասենյակային և գրենական պիտույքների, սարքավորումների, կազմակերպական տեխնիկայի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար.
գ) հիմնական գործունեությանը նպաստող այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` ավտոտրանսպորտային ծառայությունների) դիմաց վճարման համար.
դ) ուսուցման վճարովի համակարգում կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ծախսերի ֆինանսավորման համար.
ե) հաստիքային աշխատողներին կարճատև դրամական փոխառությունների տրամադրման և այլ աղբյուրներից նախկինում ստացած վարկերի մարման ծախսերի կատարման համար.
զ) աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, նրա բուժման, ինչպես նաև դժբախտ պատահարի դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալու համար.
է) ֆոնդի միջոցները հայտնաբերող աշխատողի (աշխատողների խմբի, բրիգադի) կողմից կատարվող ստուգումներին (վերստուգումներին) առնչվող և այդ աշխատանքների իրականացմանը նպաստող աշխատողների, ինչպես նաև առավել արդյունավետ և նախաձեռնող մյուս աշխատողների, այդ թվում նաև ղեկավար անձնակազմի (ղեկավար, ղեկավարի տեղակալ, գլխավոր հաշվապահ) պարգևատրման համար.
ը) աշխատողների հանգստի (բուժման) ուղեգրերի ձեռքբերման ծախսերի մասնակի հատուցման համար:
5. Ֆոնդի միջոցները հայտնաբերող աշխատողին (աշխատողների խմբին, բրիգադին) պարգևավճարի հատկացումը կատարվում է յուրաքանչյուր ստուգման արդյունքներով, հետևյալ դրույքաչափերով`
Ստուգման արդյունքներով ֆոնդի միջոցներին մուտքագրված գումարի չափը |
Ֆոնդի միջոցները հայտնաբերող աշխատողին (աշխատողների խմբին, բրիգադին)հասանելիք պարգևավճարի չափը |
1 |
2 |
Մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկը ներառյալ |
մուտքագրված գումարի 35 տոկոսը
|
Նվազագույն աշխատավարձի 50-ապատիկը գերազանցող գումարից մինչև 100-ապատիկը ներառյալ |
նվազագույն աշխատավարձի 1750 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 50-ապատիկը գերազանցող գումարի 30 տոկոսը
|
Նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող գումարից մինչև 150-ապատիկը ներառյալ |
նվազագույն աշխատավարձի 3250 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող գումարի 25 տոկոսը
|
Նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը գերազանցող գումարի չափից ավելի | նվազագույն աշխատավարձի 4500 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը գերազանցող գումարի 20 տոկոսը |
6. Ֆոնդի միջոցները հայտնաբերող աշխատողին (աշխատողների խմբին, բրիգադին), հասանելիք պարգևավճարը վճարվում է ֆոնդի միջոցները տնօրինող մարմնի ղեկավարի հրամանով, որի տրման համար հիմք է հանդիսանում ստուգումը (վերստուգումը) իրականացնող ծառայության (ստորաբաժանման) ղեկավարի կազմած և տվյալ մարմնի գլխավոր հաշվապահի հաստատած զեկուցագիրը` հայտնաբերված և ֆոնդի միջոցներին փաստացի մուտքագրված գումարի և տվյալ աշխատողի կամ աշխատողների խմբի (բրիգադի) յուրաքանչյուր անդամի համար նախատեսվող պարգևավճարի չափի մասին:
7. Ֆոնդի միջոցներին մուտքագրված և ֆոնդի միջոցները հայտնաբերող աշխատողի (աշխատողների խմբի, բրիգադի) համար հաշվարկված պարգևավճարի գումարների տարբերության բաշխումն ու օգտագործումը` ըստ ծախսման ուղղությունների, իրականացվում է հետևյալ կարգով`
ա) մասհանումներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության արտաբյուջետային ֆոնդին` տարբերության գումարի 10 (տասը) տոկոսի չափով:
Նշված հատկացումները կատարվում են ամսական հաշվարկով` մինչև հաշվետու ամսվա 15-ը: Միջոցների մուտքագրումն ու հաշվառումը կատարվում են ֆոնդի հաշվապահական հաշվառման համապատասխան հաշվին կից բացվող ենթահաշվում, և այդ միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանների հիման վրա` տեղական մարմինների կարիքների բավարարմանն ուղղված ծախսերի ֆինանսավորման նպատակով.
բ) սույն կանոնադրության 4-րդ կետի «բ» , «գ» , «դ» և «ե» ենթակետերով նախատեսված ծախսեր` տարբերության գումարի 40 (քառասուն) տոկոսի չափով, ընդ որում`
տեղական մարմիններն իրավունք ունեն սույն կանոնադրության 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված միջոցներն օգտագործելու, դրա թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից նախապես ստանալուց հետո.
սույն կանոնադրության 4-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված միջոցներն օգտագործվում են պայմանագրային հիմունքներով` յուրաքանչյուր աշխատողի հաշվով` տարեկան մեկ անգամից ոչ ավելի, և այդ գումարը չպետք է գերազանցի նշված արտոնությունից օգտվող աշխատողի տարեկան պաշտոնային դրույքի 50 տոկոսը.
գ) սույն կանոնադրության 4-րդ կետի «զ» , «է» և «ը» ենթակետերով նախատեսված ծախսերը` տարբերության գումարի 50 (հիսուն) տոկոսի չափով:
Նշված նպատակներով միջոցների օգտագործումն իրականացվում է ֆոնդը տնօրինող մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա:
8. Սույն կանոնադրությամբ նախատեսված պարգևավճարները կրում են միանվագ բնույթ և հաշվի չեն առնվում ամսական աշխատավարձի հաշվարկման բոլոր դեպքերում:
9. Սույն կանոնադրության պահանջները խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ
1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության (այսուհետև` ՀՊՏ) նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդն արտաբյուջետային ֆոնդ է, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձված հարկերի, պարտադիր վճարումների ու դրանց հետ կապված ֆինանսական պատժամիջոցների 10 տոկոսի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ների աշխատողների կողմից ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ կատարված փաստաթղթային ստուգումներով և պետական բյուջե վճարումների հաշվարկների վերստուգումներով` «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերի թաքցման կամ պակաս ցույց տրման բացահայտման հետևանքով ձևավորված արտաբյուջետային ֆոնդի միջոցներն ուղղվում են ՀՊՏ-ների սոցիալական զարգացման ու աշխատողների, առաջին հերթին` լրացուցիչ գումարների անմիջական հայտնաբերողների նյութական խրախուսմանը:
Լրացուցիչ գումարների անմիջական հայտնաբերողների խրախուսումները պետք է կատարվեն ելնելով յուրաքանչյուր ստուգման ակտում արձանագրված ընդհանուր գումարից:
3. Լրացուցիչ գումարներից պարգևավճարները կատարվում են միայն հայտնաբերված գումարի 90 տոկոսի նախ` պետական բյուջե և, երկրորդ, 10 տոկոսի` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության արտաբյուջետային ֆոնդի միջոցներին մուտքագրումից հետո:
4. Միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և ՀՊՏ-ի կողմից հաշվարկված տույժերից (առանց թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարների) գանձված գումարներից 10 տոկոսը չի հաշվարկվում և չի բաշխվում, նշված տույժերից գանձված գումարներն ուղղվում են պետական բյուջե:
5. Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկից ավելի` հայտնաբերված գումարների բաշխումը կատարվում է 10 տոկոսների բաշխման ՀՊՏ-ի կենտրոնական հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության վարչության պետի, շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ի պետի ներկայացրած զեկուցագրի հիման վրա, անմիջական պարգևատրվողների ցանկում ընդգրկելով տվյալ գումարի հայտնաբերման գործում մեծ ներդրում ունեցող ՀՊՏ-ի աշխատողներին:
6. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերից բացի, մյուս պարտադիր վճարումների, ինչպես նաև շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ի աշխատողների կողմից կատարված նախնական (կամերալ) ստուգումներով, ուսումնասիրություններով հայտնաբերված գումարներից հայտնաբերողներին խրախուսումները կատարվում են լրացուցիչ գումարների 10 տոկոսի հաշվին ձևավորված նյութական խրախուսման ֆոնդից հետևյալ դրույքաչափերով`
ա) ամսական տարիֆային մեկ դրույքի չափով, եթե ամսվա ընթացքում հայտնաբերողի բացահայտած գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկը.
բ) ամսական տարիֆային երեք դրույքի չափով, եթե ամսվա ընթացքում հայտնաբերողի բացահայտած գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 500-ապատիկը.
գ) ամսական տարիֆային հինգ դրույքի չափով, եթե ամսվա ընթացքում հայտնաբերողի բացահայտած գումարը կազմում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 1000-ապատիկը.
դ) ամսական տարիֆային յոթ դրույքի չափով, եթե ամսվա ընթացքում հայտնաբերողի բացահայտած գումարը գերազանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը:
7. Արտաբյուջետային ֆոնդի միջոցների բաշխումը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատում կատարվում է` 10 տոկոսների բաշխման ՀՊՏ-ի կենտրոնական հանձնաժողովի կողմից, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը` կենտրոնական ապարատի վարչությունների բաժինների պետերի ներկայացմամբ:
8. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ում բացված 10 տոկոսների արտաբյուջետային ֆոնդերի միջոցների բաշխումը կատարվում է շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ների հանձնաժողովների կողմից, որոնց կազմը հաստատում է շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ի պետը` կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրված թեկնածուներից: Առանց համապատասխան հանձնաժողովների որոշումների լրացուցիչ գումարներից հարկային պետական տեսչությանը հասանելիք գումարները չեն բաշխվում և չեն օգտագործվում:
9. Լրացուցիչ գումարների նախ` պետական բյուջե, այնուհետև Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության արտաբյուջետային ֆոնդի միջոցներին մուտքագրումից հետո, հիմք ընդունելով ստուգման ակտերը և բանկից ստացված համապատասխան քաղվածքները, բաժնի (խմբի) պետը, գլխավոր հաշվապահի հետ համաձայնեցնելով, հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում խրախուսման ենթակա աշխատողների ցուցակը: Խրախուսումը կատարվում է հանձնաժողովի որոշման և ՀՊՏ-ի պետի հրամանի հիման վրա:
10. Նյութական խրախուսման ֆոնդի միջոցները ՀՊՏ-ն տնօրինում է ինքնուրույնաբար` դրանք ուղղելով միայն ՀՊՏ-ի աշխատողների նյութական խրախուսմանը, ելնելով յուրաքանչյուր աշխատողի անհատական աշխատանքային ցուցանիշներից:
11. Սոցիալական զարգացման ֆոնդի միջոցները տնօրինում է ՀՊՏ-ն` հանձնաժողովի համապատասխան որոշումների հիման վրա`
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բոլոր հարկ վճարողների միասնական հաշվառման, ըստ գործունեության ոլորտի, կազմակերպաիրավական տեսակի, հարկատեսակների վճարման և այլ գործոնների տարբերակման գործընթացների կոմպյուտերացման նպատակով.
նոր հարկատեսակների գծով պետական բյուջեի եկամուտներն ապահովելու համար բյուջետային ֆինանսավորման միջոցների լրացման նպատակով.
ՀՊՏ-ի աշխատողների համար անհատական տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով`
ՀՊՏ-ի համակարգի ավտոտրանսպորտային տնտեսության ձևավորման, համալրման, շահագործման և պահպանման նպատակով.
ՀՊՏ-ի աշխատողների գործուղումների ժամանակ լրացուցիչ ֆինանսավորման նպատակով.
ՀՊՏ-ի համակարգում առկա համակարգիչների շահագործման, ինչպես նաև համակարգչային ծրագրերի մշակման և շահագործման նպատակով.
շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ների վարչական շենքերի, տարածքների վարձակալման, պահպանման և նորոգման, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի ձեռքբերման նպատակով:
Կենտրոնացված կարգով ձևավորված նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջև հարաբերակցությունը սահմանվում է 10 տոկոսների բաշխման ՀՊՏ-ի կենտրոնական հանձնաժողովի կողմից, սոցիալական ֆոնդին եռամսյակային կտրվածքով բաշխման ենթակա միջոցներից հատկացնելով դրանց առնվազն 50 տոկոսը:
12. Համատեղ ստուգումներով հայտնաբերված և գանձված լրացուցիչ գումարների 10 տոկոսից դրանց անմիջական հայտնաբերողներին հասանելիք գումարը բաշխվում է ստուգում կատարողների միջև` ելնելով տվյալ գումարի հայտնաբերման գործում նրանց ունեցած ներդրումից:
13. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության շրջանային (քաղաքային) ՀՊՏ-ները լրացուցիչ գումարների բաշխման և օգտագործման վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն` հաշվապահական հաշվետվությունների համար սահմանված ժամկետներում: