ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1993 թվականի N 63
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ 1992 թվականին հանրապետությունում դրամաշրջանառության վիճակը եղել է խիստ լարված: Դա առաջին հերթին պայմանավորված է դրամաշրջանառության մուտքային մասի դանդաղ աճով: Գների ազատ արձակման պայմաններում ապրանքների գները և բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագներն ավելացել են 8,3 անգամ, մինչդեռ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը համադրելի գներով կազմել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ծավալի 27,8 տոկոսը, թեև փաստացի ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է 2,1 անգամ:
Դրամարկղային շրջանառության մուտքային մասի դանդաղ աճի և ծախսերի անհամեմատ ավելի արագ աճի հետևանքով շրջանառության մեջ լրացուցիչ բաց է թողնվել 14,8 մլրդ. ռուբ. կանխիկ դրամ, կամ ծախսերի շուրջ 45,4 տոկոսը կատարվել է էմիսիայի հաշվին` նախորդ տարվա 22,0 տոկոսի դիմաց: Ըստ որում, 1992 թվականին էմիսիայի ծավալը 2,1 անգամ ավելին է եղել, քան 1961-1991 թվականներին միասին վերցրած:
Հանրապետության բոլոր քաղաքներն ու շրջաններն աշխատել են էմիսիայով, ըստ որում, էմիսիայի հաշվին է կատարվել Բաղրամյանի և Կրասնոսելսկի շրջանների բանկային բաժանմունքների ծախսերի ավելի քան 80, Սիսիանի, Աշոցքի, Սպիտակի շրջանների բաժանմունքներում` 70-75, Թումանյանի շրջանի, Դիլիջան ու Քաջարան քաղաքների բաժանմունքներում` 60-70 տոկոսը: Նման վիճակը հետևանք է այն բանի, որ տեղերում պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները և առանձին նախարարություններ ու գերատեսչություններ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում լայն սպառման ապրանքների արտադրությունն ավելացնելու և դրամի էմիսիան կրճատելու ուղղությամբ, իսկ բանկային համակարգի հիմնարկությունները բավարար հսկողություն չեն իրականացնում տնտեսությունների գործունեության նկատմամբ, որպեսզի ապահովվի դրամական հասույթների, այդ թվում` վալյուտայի, ժամանակին և լրիվ մուծումները բանկերի դրամարկղեր:
Լուրջ դժվարություններ են ստեղծվել հանրապետությունում կանխիկ դրամի ինկասացիայի գործում:
1992 թվականին Երևան քաղաքում ինկասացիայի ենթակա օբյեկտների շուրջ 60 տոկոսը հրաժարվել է կանխիկ դրամի փոխադրումն ինկասացիայի միջոցով կատարելուց:
Ներկայումս վալյուտայով գործառնություններ կատարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները վալյուտային միջոցների փոխադրումն ինկասացիայի միջոցով չեն կատարում:
Դրամաշրջանառության կարգավորման, աշխատավարձերի, կենսաթոշակների և մյուս անհրաժեշտ ծախսերի առաջնահերթ վճարումները, ինչպես նաև կանխիկ դրամի ինկասացիայի աշխատանքները բարելավելու և վալյուտային գործառնություններից ստացված հասույթների մուծումները բանկերի դրամարկղեր ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Կանխատեսվող դրամարկղային շրջանառության մուտքերի կատարման համար կառավարման տեղական մարմինների և տնտեսությունների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով սահմանել, որ, սկսած 1993 թվականից, եռամսյակային կանխատեսվող դրամարկղային շրջանառությունը ըստ քաղաքների և շրջանների հաստատում է Հայաստանի Հանրապետության բանկը:
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովելու դրամաշրջանառության մուտքային մասի կատարումը և էմիսիայի կրճատումը:
3. Հայաստանի Հանրապետության բանկի կողմից որոշվող ցանկում մտցված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` կանխատեսվող դրամարկղային շրջանառության մասին եռամսյակային ամփոփ տվյալները, ըստ շրջանների ու քաղաքների, ներկայացնել Հայաստանի Հանրապետության բանկ` վերջինիս կողմից սահմանվող ժամկետում և կարգին համապատասխան:
Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության բոլոր կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) եռամսյակային դրամարկղային շրջանառության նախագծերը ներկայացնել սպասարկող բանկային հիմնարկություն` Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանվող ժամկետում:
4. Հանրապետության բանկային հիմնարկություններում հաշիվներ ունեցող բոլոր ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից)` հումքի, սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև կատարվող ծառայությունների գծով փոխադարձ հաշվարկները միմյանց միջև կատարել հանրապետությունից դուրս, անկանխիկ կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության բանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության թույլատրած դեպքերի:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր բանկերին` տեղերում ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության աշխատանքի 1992 թվականի առաջին եռամսյակի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի ու ձեռնարկվող միջոցառումների մասին» N 328 որոշման կատարման ընթացքը` դրամաշրջանառության գծով (3-րդ և 5-րդ կետեր), արդյունքները ներկայացնել պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների քննարկմանը և մինչև 1993 թվականի մարտի 10-ը համապատասխան տեղեկագրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության բանկ:
Հայաստանի Հանրապետության բանկին` ստուգման նյութերն ամփոփել և մինչև 1993 թվականի մարտի 25-ը արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
6. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, մանրածախ առևտրի ցանց և սեփական արտադրանքն իրացնող արտադրական ձեռնարկություններ ունեցող նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` խստիվ արգելել դրամամուտքերից սահմանված նորմաներից ավելի և գործող կարգով չնախատեսված ծախսերի կատարումը:
7. Բոլոր նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ապահովել մշտական դրամամուտքեր ունեցող ենթակա ձեռնարկությունների հասույթների հանձնումը բանկերին` Հայաստանի Հանրապետության բանկի ինկասացիայի վարչության ապարատի միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության բանկին`
ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 20-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և առևտրային գործունեությամբ զբաղվող ոչ պետական ձեռնարկությունների դրամական հասույթները բանկերի դրամարկղեր մուծելու մասին» N 643 որոշմամբ հաստատված հասույթների ինկասացիայի գումարի չափերում փոփոխություններ մտցնելու մասին.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության կայունացման մասին» N 2 որոշման 1-ին կետում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) մշտական հասույթներ ունեցող տնտեսությունների սահմանաքանակներից ավելի կանխիկ դրամը բանկերի դրամարկղեր ժամանակին և լրիվ հանձնելու նպատակով մեկամսյա ժամկետում վերանայել ինկասացիոն ապարատի երթուղիները և տեխնիկական հագեցվածությունը:
9. Հայաստանի Հանրապետության բանկին և վալյուտային գործառնություններ կատարելու համար բանկի կողմից տրված լիցենզիա ունեցող բոլոր բանկերին` անհրաժեշտ հսկողություն սահմանել վալյուտայով գործառնություններ կատարող ձեռնարկությունների գործունեության նկատմամբ և ապահովել վալյուտային հասույթների մուծումները բանկերի դրամարկղեր, իսկ այդ հասույթների մուծումների սահմանված կարգը խախտած ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ կիրառել գործող օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցներ:
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն ներկայացնել հայտեր` հանրապետության առևտրի բոլոր օբյեկտները (անկախ սեփականության ձևից) ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրականությամբ աշխատող դրամարկղային ապարատներով ապահովելու մասին:
11. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն ներկայացնել տեխնիկական առաջադրանք դրամարկղային ապարատների արտադրություն կազմակերպելու մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |