Գլխավոր տեղեկություն
Համար
N 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.02.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1993 թվականի N 63

 

քաղ. Երևան 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ 1992 թվականին հանրապետությունում դրամաշրջանառության վիճակը եղել է խիստ լարված: Դա առաջին հերթին պայմանավորված է դրամաշրջանառության մուտքային մասի դանդաղ աճով: Գների ազատ արձակման պայմաններում ապրանքների գները և բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագներն ավելացել են 8,3 անգամ, մինչդեռ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը համադրելի գներով կազմել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ծավալի 27,8 տոկոսը, թեև փաստացի ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է 2,1 անգամ:

Դրամարկղային շրջանառության մուտքային մասի դանդաղ աճի և ծախսերի անհամեմատ ավելի արագ աճի հետևանքով շրջանառության մեջ լրացուցիչ բաց է թողնվել 14,8 մլրդ. ռուբ. կանխիկ դրամ, կամ ծախսերի շուրջ 45,4 տոկոսը կատարվել է էմիսիայի հաշվին` նախորդ տարվա 22,0 տոկոսի դիմաց: Ըստ որում, 1992 թվականին էմիսիայի ծավալը 2,1 անգամ ավելին է եղել, քան 1961-1991 թվականներին միասին վերցրած:

Հանրապետության բոլոր քաղաքներն ու շրջաններն աշխատել են էմիսիայով, ըստ որում, էմիսիայի հաշվին է կատարվել Բաղրամյանի և Կրասնոսելսկի շրջանների բանկային բաժանմունքների ծախսերի ավելի քան 80, Սիսիանի, Աշոցքի, Սպիտակի շրջանների բաժանմունքներում` 70-75, Թումանյանի շրջանի, Դիլիջան ու Քաջարան քաղաքների բաժանմունքներում` 60-70 տոկոսը: Նման վիճակը հետևանք է այն բանի, որ տեղերում պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները և առանձին նախարարություններ ու գերատեսչություններ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում լայն սպառման ապրանքների արտադրությունն ավելացնելու և դրամի էմիսիան կրճատելու ուղղությամբ, իսկ բանկային համակարգի հիմնարկությունները բավարար հսկողություն չեն իրականացնում տնտեսությունների գործունեության նկատմամբ, որպեսզի ապահովվի դրամական հասույթների, այդ թվում` վալյուտայի, ժամանակին և լրիվ մուծումները բանկերի դրամարկղեր:

Լուրջ դժվարություններ են ստեղծվել հանրապետությունում կանխիկ դրամի ինկասացիայի գործում:

1992 թվականին Երևան քաղաքում ինկասացիայի ենթակա օբյեկտների շուրջ 60 տոկոսը հրաժարվել է կանխիկ դրամի փոխադրումն ինկասացիայի միջոցով կատարելուց:

Ներկայումս վալյուտայով գործառնություններ կատարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները վալյուտային միջոցների փոխադրումն ինկասացիայի միջոցով չեն կատարում:

Դրամաշրջանառության կարգավորման, աշխատավարձերի, կենսաթոշակների և մյուս անհրաժեշտ ծախսերի առաջնահերթ վճարումները, ինչպես նաև կանխիկ դրամի ինկասացիայի աշխատանքները բարելավելու և վալյուտային գործառնություններից ստացված հասույթների մուծումները բանկերի դրամարկղեր ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Կանխատեսվող դրամարկղային շրջանառության մուտքերի կատարման համար կառավարման տեղական մարմինների և տնտեսությունների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով սահմանել, որ, սկսած 1993 թվականից, եռամսյակային կանխատեսվող դրամարկղային շրջանառությունը ըստ քաղաքների և շրջանների հաստատում է Հայաստանի Հանրապետության բանկը:

2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովելու դրամաշրջանառության մուտքային մասի կատարումը և էմիսիայի կրճատումը:

3. Հայաստանի Հանրապետության բանկի կողմից որոշվող ցանկում մտցված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` կանխատեսվող դրամարկղային շրջանառության մասին եռամսյակային ամփոփ տվյալները, ըստ շրջանների ու քաղաքների, ներկայացնել Հայաստանի Հանրապետության բանկ` վերջինիս կողմից սահմանվող ժամկետում և կարգին համապատասխան:

Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության բոլոր կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) եռամսյակային դրամարկղային շրջանառության նախագծերը ներկայացնել սպասարկող բանկային հիմնարկություն` Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանվող ժամկետում:

4. Հանրապետության բանկային հիմնարկություններում հաշիվներ ունեցող բոլոր ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից)` հումքի, սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև կատարվող ծառայությունների գծով փոխադարձ հաշվարկները միմյանց միջև կատարել հանրապետությունից դուրս, անկանխիկ կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության բանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության թույլատրած դեպքերի:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր բանկերին` տեղերում ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության աշխատանքի 1992 թվականի առաջին եռամսյակի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի ու ձեռնարկվող միջոցառումների մասին» N 328 որոշման կատարման ընթացքը` դրամաշրջանառության գծով (3-րդ և 5-րդ կետեր), արդյունքները ներկայացնել պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների քննարկմանը և մինչև 1993 թվականի մարտի 10-ը համապատասխան տեղեկագրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության բանկ:

Հայաստանի Հանրապետության բանկին` ստուգման նյութերն ամփոփել և մինչև 1993 թվականի մարտի 25-ը արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

6. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, մանրածախ առևտրի ցանց և սեփական արտադրանքն իրացնող արտադրական ձեռնարկություններ ունեցող նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` խստիվ արգելել դրամամուտքերից սահմանված նորմաներից ավելի և գործող կարգով չնախատեսված ծախսերի կատարումը:

7. Բոլոր նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ապահովել մշտական դրամամուտքեր ունեցող ենթակա ձեռնարկությունների հասույթների հանձնումը բանկերին` Հայաստանի Հանրապետության բանկի ինկասացիայի վարչության ապարատի միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության բանկին`

ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 20-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և առևտրային գործունեությամբ զբաղվող ոչ պետական ձեռնարկությունների դրամական հասույթները բանկերի դրամարկղեր մուծելու մասին» N 643 որոշմամբ հաստատված հասույթների ինկասացիայի գումարի չափերում փոփոխություններ մտցնելու մասին.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության կայունացման մասին» N 2 որոշման 1-ին կետում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) մշտական հասույթներ ունեցող տնտեսությունների սահմանաքանակներից ավելի կանխիկ դրամը բանկերի դրամարկղեր ժամանակին և լրիվ հանձնելու նպատակով մեկամսյա ժամկետում վերանայել ինկասացիոն ապարատի երթուղիները և տեխնիկական հագեցվածությունը:

9. Հայաստանի Հանրապետության բանկին և վալյուտային գործառնություններ կատարելու համար բանկի կողմից տրված լիցենզիա ունեցող բոլոր բանկերին` անհրաժեշտ հսկողություն սահմանել վալյուտայով գործառնություններ կատարող ձեռնարկությունների գործունեության նկատմամբ և ապահովել վալյուտային հասույթների մուծումները բանկերի դրամարկղեր, իսկ այդ հասույթների մուծումների սահմանված կարգը խախտած ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ կիրառել գործող օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցներ:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն ներկայացնել հայտեր` հանրապետության առևտրի բոլոր օբյեկտները (անկախ սեփականության ձևից) ինչպես մեխանիկական, այնպես էլ էլեկտրականությամբ աշխատող դրամարկղային ապարատներով ապահովելու մասին:

11. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն ներկայացնել տեխնիկական առաջադրանք դրամարկղային ապարատների արտադրություն կազմակերպելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան