ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 1995 թվականի N 197
քաղ. Երևան
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 3-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմնի մասին» N 559 որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի տեղաբաշխման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱճՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
Սույնով սահմանվում են աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման (հետագայում` աճուրդ) նպատակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու ձևերը, գնորդների մասնակցության պայմանները, արժեթղթերի սեփականության իրավունքի ձևակերպումը, կատարվող հաշվարկների իրականացումը:
2. Սույն կարգի համաձայն աճուրդի առարկա են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերը:
3. Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխումը կատարում է արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետև` վաճառող):
4. Իբրև վաճառող կարող է հանդես գալ թողարկողը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայում տեղաբաշխում իրականացնելու իրավունք և համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձը` ինվեստիցիոն ընկերությունը, լիազորված բանկը, թողարկման կազմակերպությունը:
Վաճառողը կազմակերպում է աճուրդով վաճառվող արժեթղթերի մասին տեղեկատվության հրապարակումը, աճուրդի անցկացումը, մասնավորապես, որոշում է հայտերի ընդունման ձևը, աճուրդի մասնակիցների հետ կատարում է հաշվարկներ, ձևակերպում գնորդի սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ, հաշվետվություն է ներկայացնում թողարկողին (եթե վերջինս վաճառողը չէ), աճուրդի արդյունքների մասին տեղեկատվություն է հրապարակում` աճուրդի ավարտման պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:
5. Յուրաքանչյուր թողարկման ազդագրի սահմանված կարգով գրանցումից հետո վաճառողը կարող է անցկացնել մեկ աճուրդ:
6. Սույն կարգով սահմանված աճուրդները կարող են անցկացվել ինչպես բաց, այնպես էլ փակ ձևով:
7. Աճուրդի ընթացքում չվաճառված արժեթղթերը համարվում են չտեղաբաշխված:
8. Աճուրդի անցկացման մասին տեղեկատվությունը զետեղվում է արժեթղթերի թողարկման ազդագրում: Վերջինիս հրապարակումից հետո աճուրդի անցկացման պայմանների փոփոխության դեպքում վաճառողը պարտավոր է դրա մասին լրացուցիչ տեղեկատվություն տալ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
II. Փակ աճուրդի մասնակցելու պայմանները
9. Փակ աճուրդին մասնակցողները աճուրդի անցկացման օրվանից սկսած ոչ ուշ, քան 3 օր առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացնում իրենց հայտերը` փակ ծրարներով:
10. Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, եթե թողարկման ազդագրով սահմանափակումներ չեն նախատեսված:
11. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձը (գնորդը) վաճառողին է ներկայացնում հայտ, որի մեջ նշվում են`
ա) այն արժեթղթերի քանակը և տեսակը, որոնք գնորդը ցանկանում է գնել.
բ) մեկնարկային գինը.
գ) այն առավելագույն գինը, որը գնորդը պատրաստ է վճարել արժեթղթերի վաճառքի միավորի (լոտի) համար.
դ) գնորդի հասցեն և հեռախոսահամարը:
12. Գնորդի հայտը կարող է մերժվել, եթե նա`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող գնորդ լինել.
բ) հայտը չի ներկայացրել սահմանված ժամկետում:
III. Փակ աճուրդի անցկացման կարգը
13. Աճուրդն անցկացնում է վաճառողի կողմից կազմված հանձնաժողովը, որը պետք է բաղկացած լինի առնվազն 3 անդամից: Անդամներից մեկը պետք է լինի թողարկողի ներկայացուցիչը:
14. Հանձնաժողովը հայտերը նշված ժամկետում ընդունելուց հետո կազմում է արձանագրություն, որի մեջ գրանցվում է ներկայացված հայտերի թիվը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:
15. Աճուրդային հանձնաժողովը թողարկման ազդագրում նշված օրը գնորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ բացում է ծրարները և դրանց միջից հանում հայտերը:
16. Հայտերի մեջ նշված տեղեկությունները գրանցվում են հատուկ արձանագրությունում:
17. Հայտերի բավարարումը կատարվում է առաջարկված գների նվազման հաջորդականությանը համապատասխան` մինչև վաճառվող արժեթղթերի քանակի սպառումը:
18. Երբ հայտերում նշված արժեթղթերի քանակը գերազանցում է վաճառվող արժեթղթերի քանակին և հայտերում առաջարկված է նույն գինը, ապա բավարարվում է արժեթղթերի ավելի մեծ քանակ պարունակող հայտը: Իսկ արժեթղթերի` հայտերում նշված քանակների հավասարության դեպքում այդ հայտերը ներկայացնողների միջև անցկացվում է բաց աճուրդ:
19. Վաճառողն աճուրդի բոլոր հաղթողներին հայտնում է իրենց կողմից ձեռք բերված արժեթղթերի ընդհանուր քանակի և արժեքի մասին:
20. Վաճառողը (եթե նա թողարկողը չէ) աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը պետք է ուղարկի արժեթղթեր թողարկողին, որպեսզի նա աճուրդի հաղթողներին կարողանա գրանցել իր կողմից վարվող հատուկ գրանցամատյանում:
IV. Բաց աճուրդին մասնակցելու պայմանները
21. Արժեթղթերը բաց աճուրդով տեղաբաշխելու դեպքում արժեթղթերի վաճառքը կատարվում է գնորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ, որոնք իրենց առաջարկությունները հայտարարում են հրապարակայնորեն:
22. Բաց աճուրդին մասնակցել ցանկացող դիտորդները ձեռք են բերում մուտքի տոմս, որին կցվում է վաճառվող արժեթղթերի մասին տեղեկատվություն պարունակող գնացուցակ, իսկ գնորդները` նաև գնորդի հերթական համարով քարտ:
23. Մուտքի տոմսի արժեքը որոշում է վաճառողը:
24. Մուտքի վճարներից գոյացած եկամուտները աճուրդի անցկացման ծախսերի փոխհատուցման նպատակով մուտքագրվում են վաճառողի հաշվին:
2. Աճուրդը կարող է սկսվել առնվազն 3 գնորդի առկայության դեպքում:
V. Բաց աճուրդի անցկացման կարգը
26. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հայտարարում է վաճառվող արժեթղթերի դիրքը գնացուցակում, թողարկողի լրիվ ֆիրմային անվանումը, վաճառվող արժեթղթերի տեսակը, անվանական արժեքը, մեկնարկային գինը, վաճառքի միավորի և արժեթղթի գնի բարձրացման նվազագույն քայլի մեծությունը:
27. Աճուրդին մասնակցող գնորդը հայտնում է նշված արժեթղթերը գնելու իր ցանկությունը` բարձրացնելով իր հերթական համարով քարտը: Յուրաքանչյուր գնորդ կարող է վաճառվող արժեթղթերի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով:
28. Աճուրդավարը արժեթղթերի աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել առավելագույն գին առաջարկող գնորդը:
29. Աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարվելուց հետո հաղթող է ճանաչվում այդ գինն առաջարկողը, որից հետո տվյալ վաճառքի միավորի աճուրդը դադարեցվում է:
30. Հաղթողը երեսուն րոպեի ընթացքում պարտավոր է աճուրդային հանձնաժողովին ներկայացնել մուտքի տոմսը և տեղում վճարել գնված վաճառքի միավորի (լոտի) 10 տոկոսից ոչ պակաս գումար` դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատներով, որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է սեփականաշնորհման հատուկ հաշվին:
(խմբ.03.09.96 N 280 որոշում)
31. Եթե աճուրդի հաղթողը հրաժարվում է արժեթղթերի ձեռքբերումից, ապա նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից և դուրս է հրավիրվում աճուրդի անցկացման վայրից: Այդ դեպքում արժեթղթերի վաճառքը սկսվում է նորից:
32. Եթե աճուրդավարի կողմից արժեթղթերի մեկնարկային գինը երեք անգամ հայտարարվելուց հետո գնելու առաջարկություն չի լինում, ապա այդ արժեթղթերի վաճառքի միավորը հանվում է աճուրդից կամ, կրճատվելով, վերստին դրվում է աճուրդի:
33. Վաճառողն արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ կարող է կիրառել հոլանդական աճուրդի պայմանները: Հոլանդական աճուրդի դեպքում մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև գնորդներից մեկը, քարտը բարձրացնելով, վավերացնում է արժեթղթերի վաճառքի միավորը հայտարարված գնով գնելու իր համաձայնությունը: Այդ դեպքում թողարկողն ինքն է որոշում արժեթղթի առավելագույն մեկնարկային և նվազագույն գները: Աճուրդի հաղթող է համարվում այն գնորդը, որն առաջինն է տալիս արժեթղթերի վաճառքի միավորը հայտարարված գնով գնելու իր համաձայնությունը:
VI. Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կասեցման և անվավեր ճանաչման հիմքերը
34. Թողարկողի կողմից արժեթղթերի շրջանառության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների խախտման դեպքում գրանցող մարմինն իրավունք ունի 7-օրյա ժամկետով կասեցնելու աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխումը: Արժեթղթերի աճուրդի կասեցման դեպքում թողարկողը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում վերացնել այն թերություններն ու խախտումները,
որոնք արժեթղթերի աճուրդի կասեցման հիմք են հանդիսացել, որից հետո կարող է շարունակել արժեթղթերի տեղաբաշխման գործընթացը` միայն գրանցող մարմնի թույլտվությամբ:
35. Գրանցող մարմինը կարող է աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխումն անվավեր ճանաչել հետևյալ դեպքերում`
ա) եթե թողարկողը կրկին անգամ թույլ է տվել սույն կարգի 34-րդ կետում նշված խախտումները.
բ) եթե աճուրդի արդյունքները հանձնաժողովի անդամների կողմից աղավաղվել կամ կեղծվել են.
գ) եթե թողարկողը (վաճառողը, աճուրդային հանձնաժողովը) ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր և ապատեղեկատվություն.
դ) եթե վաճառողը հրաժարվում է կատարել գրանցող մարմնի` արժեթղթերի աճուրդի ժամանակ թույլ տրված սխալների և խախտումների վերացման պահանջները:
Թողարկողը (վաճառողը) գրանցող մարմնի` արժեթղթերի աճուրդն անվավեր ճանաչելու մասին որոշմանը տեղեկացվում է գրավոր, որը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
36. Թողարկողն իրավունք ունի արբիտրաժային կամ դատական կարգով գանգատարկելու գրանցող մարմնի` արժեթղթերի աճուրդի կասեցման կամ անվավեր ճանաչելու մասին որոշումը: