Գլխավոր տեղեկություն
Համար
N 48
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.1993-01.01.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
17.02.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1993 թվականի N 48

 

քաղ. Երևան

 

ՊԱՇՏՈՆԻ ԲԵՐՈՒՄՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Պաշտոնի բերումով ստացված նվերներ են համարվում պաշտոնատար անձանց կողմից ստացված բոլոր նվերները, բացառությամբ նրանց, որոնք ստացվել են ազգակցական կապի մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև այն անձանցից, որոնց հետ տվյալ պաշտոնատար անձը ծառայողական փոխհարաբերությունների մեջ չի գտնվում:

2. Արտասահմանյան գործուղումների ժամանակ պաշտոնատար անձանց կողմից ստացված բոլոր նվերները (բացառությամբ ազգակցական կապի մեջ գտնվող անձանցից ստացված նվերների) համարվում են պաշտոնի բերումով ստացված նվերներ:

Արտասահմանյան պատվիրակություններից և նրանց առանձին անդամներից ստացված բոլոր նվերները համարվում են պաշտոնի բերումով ստացված նվերներ:

3. Ենթակա են հանձնման պաշտոնի բերումով ստացված այն նվերները, որոնց արժեքը հինգ անգամ կգերազանցի պաշտոնատար անձի ամսական աշխատավարձը:

Ցանկության դեպքում պաշտոնատար անձը կարող է նվերը չհանձնել պետությանը` վճարելով իր 5 ամսվա աշխատավարձի չափի և նվերի փաստացի արժեքի տարբերությունը:

4. Նվերի արժեքը որոշվում է ելնելով գոյություն ունեցող միջին շուկայական գներից:

5. Եթե նվերը ստացվել է նախարարության, պետական վարչության, գերատեսչության, ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության անունով (անկախ նրա արժեքից) պաշտոնատար անձը պարտավոր է փոխանցել նվերը տվյալ նախարարության, պետական վարչության, գերատեսչության, ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության հաշվեկշռին:

6. Հանձնման ենթակա նվերը պաշտոնատար անձը պարտավոր է պետությանը հանձնել հնարավորին չափ կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան նվերը ստանալուց կամ արտասահմանից վերադառնալուց հետո 15 օրվա ընթացքում:

7. Պաշտոնի բերումով ստացված նվերները ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» N 585 որոշմամբ նախատեսված մարմիններին: Դրանց հետագա տնօրինումն իրականացվում է նշված որոշմամբ սահմանված կարգով:

8. Պաշտոնի բերումով ստացված նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելն առաջացնում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2023, N 1370-Ն 01.01.2024, N 48
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան