ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱ-ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 նոյեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հունիսի 7-ին` Բրյուսելում:
Համաձայնագրի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է, ինչպես նաև ներդրումների փոխադարձ խրախուսումը և պաշտպանությունը:
2. Համաձայնագրով կարգավորվում են ներդրումների պահպանման, օգտագործման, տնօրինման և այլ հարցեր, որոնց նկատմամբ չի կարելի կիրառել անարդար և խտրական միջոցներ, ինչպես նաև սահմանվում է, որ Կողմերն իրենց տարածքներում միմյանց ներդրողների ներդրումների խրախուսման համար կստեղծեն և կապահովեն տնտեսական և իրավական նպաստավոր պայմաններ:
3. Համաձայնագիրը երաշխավորում է Կողմի ներդրողներին համապատասխան ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր միջոցների ազատ փոխանցումը:
4. Համաձայնագիրը նախատեսում է առաջին դեպքերում` օրենքի հիման վրա, համարժեք փոխհատուցմամբ, սեփականության օտարման հնարավորություն:
5. Համաձայնագրով սահմանված է նաև ներդրումների հետ առնչվող վեճերի լուծման կարգը:
6. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ներդրողների ներդրումների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական կամ 3-րդ պետության ներդրողի ներդրումների նկատմամբ:
7. Համաձայնագիրը կոչված է նպաստելու հայ-բելգիալյուքսեմբուրգյան միջպետական տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|