ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 սեպտեմբերի 1996 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի զեկուցումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագրի բովանդակությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում:
Ըստ պայմանագրի Կողմերը, համարելով, որ իրենց միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, առաջնորդվելով անկախության, պետական ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, պարտավորվում են, մասնավորապես, ձեռնպահ մնալ մյուս Կողմի դեմ ուղղված որևէ գործողությունների մասնակցելուց կամ դրանց աջակցելուց, թույլ չտալ իր տարածքն օգտագործելու մյուս Կողմի դեմ ագրեսիա կամ բռնի այլ գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու նպատակով: Կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է մյուս Կողմի տարածքում բնակվող իր քաղաքացիների իրավունքները, հովանավորություն և աջակցություն է ցույց տալիս նրանց` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Կողմերն իրենց տարածքում ապահովում են ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնատիպությունը և պայմաններ ստեղծում այն պահպանելու և զարգացնելու համար:
Կողմերը պարտավորվում են նաև իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն ծավալել բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, շրջակա միջավայրի պահպանության, հանցագործությունների դեմ պայքարի և այլ ոլորտներում: Կողմերն անհրաժեշտ են համարում այդ ոլորտներում համագործակցության առանձին համաձայնագրեր կնքել: Կողմերը տարեկան առնվազն մեկ անգամ, հերթականությամբ` Երևանում և Կիևում կանցկացնեն պայմանագրի կատարման հարցերին վերաբերող խորհրդակցություններ և բանակցություններ:
Պայմանագրի մեկնաբանման և կիրառման առնչությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման Կողմերի բանակցությունների միջոցով: Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրը:
Պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սահմանվում է պայմանագրի գործողության երկարացման կարգը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ պայմանագրի առանձին հոդվածներում տեղ են գտել ձևակերպումների անճշտություններ և սխալներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
6 սեպտեմբերի 1996 թվականի ՍԴՈ-20 |