ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
«19» մայիսի 2025 թ. |
N 1383-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՈՎ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասով՝
հրամայում եմ.
1. Սահմանել «Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, մեթոդները և ընթացակարգը»՝ համաձայն hավելվածի։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին։
|
Գ. ՊապոՅԱՆ |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի մայիսի 19 N 1383-Ն հրամանի |
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՈՎ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն հավելվածով կարգավորվում են աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (այսուհետ՝ աշխարհագրական նշումով արտադրանք) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները։
2. Աշխարհագրական նշումով արտադրանքի հսկողությունն (այսուհետ՝ հսկողություն) իրականացվում է աշխարհագրական նշում օգտագործել ցանկացող հայտատուի հայտի հիման վրա՝ տեխնիկական հատկորոշումներով սահմանված պահանջներին արտադրանքը սերտիֆիկացնելու նպատակով։
3. Աշխարհագրական նշումով արտադրանքի սերտիֆիկացումն իրականացնում են ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտով սահմանված պահանջներին, սկզբունքներին և մեթոդներին համապատասխան «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինները (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին)։
4. Սերտիֆիկացման մարմինը հսկողությունն իրականացնելիս առաջնորդվում է սույն հավելվածով սահմանված պահանջների հիման վրա մշակված և հաստատված հսկողության պլանով:
5. Հսկողության պլանի նախագիծը մշակվում է սերտիֆիկացման մարմնի կողմից, որը գրավոր համաձայնեցվում է արտադրողի (արտադրողների խմբի) և Էկոնոմիկայի նախարարության հետ։
6. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված համաձայնեցումները ստանալուց հետո հսկողության պլանը հաստատվում է սերտիֆիկացման մարմնի կողմից։
7. Հսկողության պլանը ներառում է հսկողությունների ժամկետները, կետերը, միջոցները, արտադրողի գրառումների տեսակները, հսկողության ընթացքում հայտնաբերվող անհամապատասխանություններից բխող հետևանքները և անհամապատասխանությունների (զգալի, չնչին) վերացմանն ուղղված ուղղիչ գործողությունները:
8. Զգալի և չնչին անհամապատասխանությունների դասակարգումը և նկարագրությունը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի կողմից մշակված հսկողության պլանով:
9. Ուղղիչ գործողություններն իրականացվում են հայտատուի կողմից՝ հայտնաբերված անհամապատասխանությունը վերացնելու համար:
10. Հսկողության պլանը հանդիսանում է սերտիֆիկացման մարմնի սերտիֆիկացման ընթացակարգի անբաժանելի մասը։
11. Գրանցված աշխարհագրական նշումով արտադրանք արտադրելու ցանկություն ունեցող այլ արտադրողներ արտադրանքը սերտիֆիկացնելու նպատակով պետք է դիմեն այն սերտիֆիկացման մարմնին, որի վերաբերյալ տվյալները (անվանում, հասցե և այլն) ներկայացված են տվյալ արտադրանքի տեխնիկական հատկորոշումներում։
12. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի հսկողության գործընթացը սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ տեղեկացնում է ԱՐՄՆԱԲ-ին հսկողության օրվա և վայրի մասին՝ Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի N 915-Ն հրամանի հավելվածի և ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգերի պահանջներն ապահովելու նպատակով։
13. Հայտատուն հայտ է ներկայացնում այն սերտիֆիկացման մարմնին, որը սերտիֆիկացնում է տվյալ աշխարհագրական նշումով արտադրանքը: Հայտատու կարող է հանդիսանալ համապատասխան աշխարհագրական տարածքում գործունեություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ արտադրողների խումբը, ասոցիացիան, որն արտադրում, վերամշակում կամ պատրաստում է արտադրանք՝ պահպանվող աշխարհագրական նշման տեխնիկական հատկորոշումների դրույթներին համապատասխան։
14. Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի ձևը, ինչպես նաև դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանվում են սերտիֆիկացման մարմնի կողմից՝ հիմք ընդունելով ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջները։
15. Սերտիֆիկացման մարմինը պետք է.
1) սերտիֆիկացման ժամանակ իրականացնի բոլոր հայտատուների (արտադրողների խմբի դեպքում) արտադրության, վերամշակման և մշակման գործընթացների գնահատում.
2) իրականացնի արտադրության (այդ թվում` արտադրանքի հոսքագծի) վիճակի վերլուծություն՝ համոզվելու համար, որ արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները տեխնիկական հատկորոշումների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու ուղղությամբ.
3) ստուգի աշխարհագրական նշումների ճիշտ կիրառումը՝ հետագծելիության միջոցով.
4) հաստատի, որ պահպանվում են արտադրանքի արտադրության ստանդարտներով (մեթոդներով), տեխնիկական հատկորոշումներով սահմանված պահանջները.
5) գնահատի վերջնական արտադրանքը:
16. Սույն հավելվածի 15-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու արդյունքում սերտիֆիկացման մարմինը գործընթացը կասեցնում կամ դադարեցնում է՝ համաձայն հսկողության պլանով սահմանված հայտնաբերվող անհամապատասխանություններից բխող հետևանքների և անհամապատասխանությունների (զգալի, չնչին) վերացմանն ուղղված ուղղիչ գործողությունների:
17. Սերտիֆիկացման մարմինը հսկողությունն իրականացնում է հսկողության պլանով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ։
18. Արտադրանքի հոսքագծի, հետագծելիության և վերամշակման պահանջների հսկողության գործընթացները, պարբերականությունը, ինչպես նաև ռիսկերի վերլուծությունը, փորձարկման նմուշների ընտրությունը սահմանվում են սերտիֆիկացման ընթացակարգում:
19. Պահպանվող աշխարհագրական նշումների դեպքում վերջնական արտադրանքի (մինչև շուկայահանումը) գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ՝ փորձարկման ներկայացվող նմուշի հիման վրա։
20. Վերջնական արտադրանք իրացնող յուրաքանչյուր հայտատուի մոտ գնահատումներն իրականացվում են առնվազն տարին մեկ անգամ՝ հսկողության պլանի և ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի համաձայն։
21. Այն դեպքում, երբ գրանցված աշխարհագրական նշումով արտադրանք արտադրողը ցանկանում է շուկայահանել մի քանի արտադրողների արտադրանք, ապա շուկայահանվող արտադրանքի խմբաքանակի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր արտադրողի արտադրանքի խմբաքանակից պատահականության սկզբունքով ընտրված նմուշի հիման վրա:
22. Աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշումը կիրառվում է յուրաքանչյուր առանձին ապրանքի համար, որը թույլ կտա նույնականացնել խմբաքանակը և արտադրողին: Եթե հնարավոր չէ մակնշումը փակցնել արտադրանքի կամ սպառողական տարայի վրա, ապա այն փակցվում է խմբային փաթեթվածքի վրա։
23. Աշխարհագրական նշումով արտադրանքի գնահատումը ներառում է փաստաթղթային փորձաքննություն, լաբորատոր (անալիտիկ) և զգայաբանական փորձարկումներ, որոնք սահմանված են տեխնիկական հատկորոշումներով։
24. Զգայաբանական ցուցանիշների նկատմամբ հսկողությունն իրականացվում է համային և տեսողական (վիզուալ) գնահատմամբ սերտիֆիկացման մարմնի կամ հատուկ համտեսային (զգայաբանական գնահատում կատարող) խմբի միջոցով՝ ենթակապալի ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն։
25. Նմուշառման պատասխանատվությունը կրում է սերտիֆիկացման մարմինը՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի։
26. Հսկողության գործընթացի արդյունքում արտադրանքի՝ աշխարհագրական նշումով արտադրանքի տեխնիկական հատկորոշումներին համապատասխանությունը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմինը երեք տարի ժամկետով տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ։
27. Համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում է հայերեն, իսկ հայտատուի ցանկության դեպքում ռուսերեն, անգլերեն լեզուներով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունիսի 21-ի N 1612-Ն հրամանի հավելված N 3-ով հաստատված ձևով:
28. Տրված համապատասխանության սերտիֆիկատը և հսկողության արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, որոնց վարման կարգը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի ներքին ընթացակարգով:
29. Սերտիֆիկացման մարմինը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԱՐՄՆԱԲ-ին, որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
1) հայտատուների ցանկը՝ դասակարգված ըստ «արտադրություն», «վերամշակում» և «մշակման վերջնական փուլ» տեսակների․
2) շուկայահանված աշխարհագրական նշումով արտադրանքի ընդհանուր քանակը․
3) ուղղիչ գործողությունների թիվը և անհամապատասխանությունների տեսակը (զգալի, չնչին), ինչպես նաև յուրաքանչյուր աշխարհագրական նշումով արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համար համապատասխանության սերտիֆիկատների կասեցման կամ դադարեցման դեպքերը և քանակը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2025 թվական:
