ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«20» հունվարի 2025 թ. |
N 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկների, եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի), տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N300-Ն հրամանի N3 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) և լրացման կարգի 2-րդ բաժնում՝
1) «նվազեցվող» բառերից հետո լրացնել «(չհարկվող)» բառերը.
2) լրացման կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հաշվարկի (հայտարարագրի) 2-րդ բաժնում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տվյալ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Սույն բաժնում լրացվող՝ նպաստների, կենսաթոշակների, ապահովագրական հատուցումների, բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ ապահովագրական հատուցումների հաշվին ստացված գումարների, պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցների, կուտակային հատկացումների հաշվին ստացվող եկամուտների, սոցիալական օժանդակությունների, վնասի փոխհատուցման, վարկերի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցվող գումարների, ինքնավար էներգաարտադրողի ստացվող փոխհատուցումների, Հատուցման հիմնադրամից ստացվող հատուցումների եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում տվյալների առկայության դեպքում, այդ եկամուտները լրացվում են ինքնաշխատ։ Իսկ տվյալների բացակայության կամ դրանց փոփոխման անհրաժեշտության դեպքում ֆիզիկական անձը համապատասխան տողերում լրացնում է այդ եկամուտները։».
3) լրացման կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9) [2.9] տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատանքային և կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված աշխատողների (կամավորների) ստացված փոխհատուցման վճարները (այդ թվում` աշխատողների գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները, դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների։ Ընդ որում, սույն տողը լրացվում է այն դեպքում, եթե հաշվետու տարվա ընթացքում ստացված փոխհատուցման վճարների հանրագումարը կազմում է 3 միլիոն դրամ կամ ավելի, և լրացվում է ստացված փոխհատուցման վճարների ամբողջ գումարի չափով: Սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն ենթակետով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից.».
4) լրացման կարգի 6-րդ կետի 10-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Ընդ որում, սույն տողը լրացվում է այն դեպքում, եթե ֆիզիկական անձանցից ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ միանվագ ստացվող գույքի արժեքը և (կամ) դրամական միջոցները կազմում են 300 հազար դրամ կամ ավելի, և լրացվում է ստացված ժառանգության և (կամ) նվիրատվության ամբողջ գումարի չափով։ Սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն ենթակետով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից.».
5) լրացման կարգի 6-րդ կետի 11-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Ընդ որում, նշված տողը լրացվում է այն դեպքում, եթե սույն ենթակետում նշված եկամտատեսակներից հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 300 հազար դրամ կամ ավելի գումար: Նշված չափը գերազանցելու դեպքում, սույն ենթակետում նշված եկամուտները լրացվում են ամբողջ գումարի չափով։Սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն ենթակետով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից.».
6) լրացման կարգի 6-րդ կետի 12-րդ ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«[2.12] տողում լրացվում են ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացված նվազեցվող (չհարկվող) եկամուտները, եթե սույն ենթակետում նշված դեպքերում գույքի օտարումից հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 300 հազար դրամ կամ ավելի գումար, և լրացվում են գույքի օտարումից ստացվող եկամուտների ամբողջ գումարի չափով (սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն ենթակետով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից):».
7) լրացման կարգի 6-րդ կետի 15-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Ընդ որում, սույն տողում փոխառության գումարները լրացվում են այն դեպքում, եթե հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 300 հազարի դրամի կամ ավելի չափով փոխառություն։ Նշված չափը գերազանցելու դեպքում, սույն ենթակետում նշված փոխառության գումարները լրացվում են ամբողջ գումարի չափով։ Սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն ենթակետով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից.».
8) լրացման կարգի 6-րդ կետի 17-րդ ենթակետում «չգերազանցող չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները» բառերը.»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու ժամանակաշրջանների վրա։
|
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: