Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» հուլիսի 2023 թ.

N 81-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի
2023 թվականի հուլիսի 3-ի 

N 81-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

 

«ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

 

8- ՐԴ և 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

 

8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1. Ժողովրդավարության հիմնարար արժեքներ

Նպատակ

Ձևավորել արժեքների ուղղորդող ազդեցությունը գիտակցելու կարողություն։

Վերջնարդյունքը

8.1․1․ Սահմանի «արժեք» հասկացությունը, հիմնավորի դրանց անհրաժեշտությունը։

8.1.2. Թվարկի ժողովրդավարության հիմնարար արժեքները և դրանք կապի առօրյա կյանքի հետ։

8. 1․3․ Ցույց տա ժողովրդավարության հիմնարար արժեքների նշանակությունը իր և հանրային կյանքի կազմակերպման, հասարակական համերաշխության ապահովման գործում։

8. 1․4․ Օրինակների հիման վրա գնահատի արժեքների անտեսման, աղճատման հետևանքները։

Թեմայի բովանդակություն

1․ Արժեք։ Ժողովրդավարության հիմնարար արժեքներ։

2. Ազատություն հասկացությունը: Ազատության դրսևորումները և սահմանափակումները։

3․ Արդարություն։ Արդարության տեսակները։ Արդարության բարոյական և իրավական կողմերը:

4․ Հավասարություն։ Սոցիալական հավասարություն։ Իրավահավասարություն։

5․ Պատասխանատվություն։ Պատասխանատվության արժեքն ու անհրաժեշտությունը։ Իրավունք, պարտականություն և պատասխանատվություն։

6․ Հանդուրժողականություն։ Հանդուրժողականության սահման։

Ուղղորդող հարցեր

1. Ինչպե՞ս են արժեքներն օգնում մեզ կյանքն ավելի իմաստալից դարձնելու հարցում։

2. Ինչպե՞ս են իրար հետ կապված ազատությունը և արդարությունը։

3. Կարո՞ղ են գոյություն ունենալ արդար անհավասարությունը և անարդար հավասարությունը։ Ինչպե՞ս վերաբերվել դրանց։

4. Ինչպե՞ս են կապված իրավունքը, պարտականությունը և պատասխանատվությունը։

5. Ի՞նչ կլինի, եթե մարդիկ ամեն ինչ հանդուրժեն։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

 Իրավիճակային խնդիրների վրա կատարել արժեքների ընտրություն, առաջնահերթությունների դասակարգում։

Ներկայացնել տարբեր բնագավառներում արդարության արտահայտման ձևերը և վերլուծել դրանք:

Ներկայացնել պատասխանատվություն ստանձնելու դրական և բացասական հետևանքները, օրինակ՝ ֆինանսական պարտքը իրավական և բարոյական պատասխանատվության տեսանկյունից. «Ի՞նչ կլինի, եթե ես պարտք վերցնեմ և չվերադարձնեմ»։

Համակարգեր և մոդելներ

 Ուսումնասիրել արժեքների կարևորությունը և ազդեցությունը ժողովրդավարական հասարակության մոդելավորման վրա։

Միջառարկայական կապերը թեմայում

Գրականություն - Համապատասխան տեքստի մեկնաբանում։

Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Ժողովրդավարության հիմնարար արժեքների էվոլյուցիան պատմության մեջ։

Հանրակրթական չափորոշիչ

Հ20, Հ35, Հ42

Թեմա 2. Մարդու իրավունքներ

Նպատակ

Ձևավորել իրավունքները բազմակողմանիորեն դիտարկելու, համակեցության գործընթացում իրավունքի կարևորությունը գիտակցելու կարողություն։

Վերջնարդյունք

8.2․1․ Մեկնաբանի մարդու իրավունքների հիմնական բնութագրիչները՝ հիմնավորելով դրանց կարևորությունը անձնական մակարդակում։

8.2․2․Ճանաչի բացարձակ իրավունքները, բացատրի, թե որն է դրանց առանձնահատկությունը։

8.2․3․Տարբերակի իրավունքի սերունդները՝ ըստ իրենց բովանդակային և գաղափարական առանձնահատկությունների՝ համադրելով դրանց առաջացումը պատմական գործընթացների հետ։

8.2․4․Թվարկի մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքները՝ համադրելով մարդու հիմնարար իրավունքների հետ, օրինակներ բերի այդ իրավունքների իրացման և խախտման վերաբերյալ։

8.2․5․Սահմանի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներն ու վերլուծի օրինակներ, որոնց մեջ առկա են այս իրավունքների խախտումները։

8.2․6․Առանձնացնի «կանաչ իրավունքները» և քննի դրանք տարբեր բնապահպանական շարժումների և գործողությունների համատեքստում։

8.2․7․ Կարևորի հատուկ խմբերի իրավունքները և դրանց միջոցով հավասարության գաղափարի հաստատումը` ցուցաբերելով հարգալից վերաբերմունք իր և այլոց իրավունքների նկատմամբ։

8.2․8․Համեմատի ատելության խոսքն ու ազատ արտահայտվելու իրավունքը՝ բերելով ատելության խոսքի օրինակներ։

Թեմայի բովանդակություն

1. Մարդու իրավունքների հիմնական բաղադրիչները (անօտարելի, անբաժանելի, համընդհանուր, փոխկապակցված). բացարձակ իրավունքներ։ Մարդու իրավունքների սերունդներ:

2. Մարդու քաղաքական ու քաղաքացիական, սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքներն ու ազատությունները։ Ատելության խոսք։

3. Կոլեկտիվ իրավունքներ ու ազատություններ. Էությունը, առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակը։ «Կանաչ իրավունքներ» և բնապահպանական շարժումներ։

4. Առանձին խմբերի իրավունքները։ «Կանանց իրավունքներ», «Երեխաների իրավունքներ», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ»։

Ուղղորդող հարցեր

1. Որո՞նք են մարդու իրավունքների սերունդները, ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանցից յուրաքանչյուրը, ի՞նչ խնդիրներ են լուծում դրանցից յուրաքանչյուրը։

2. Որո՞նք են կոլեկտիվ իրավունքները, ո՞րն է դրանց կիրառելիության ոլորտը։ Ի՞նչ է «Կանաչ իրավունքը», ի՞նչ է բնապահպանական շարժումը և ի՞նչ խնդիր է այն լուծում։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Հետազոտական աշխատանք

Ձևակերպել հետազոտական հարցեր, նպատակներ և վերլուծություններ՝ հղումներ անելով մարդու իրավունքների հիմքում ընկած փաստաթղթերին և օգտվելով այդ փաստաթղթերում առկա բառապաշարից։ Սոցիալական ցանցերում գտնել ակնհայտ և թաքնված ատելության խոսքը, համեմատել ազատ արտահայտման իրավունքի հետ։

Քննարկել օրինակներ բացարձակ իրավունքների և դրանց խախտումների վերաբեյալ, այդ թվում և մարդկության արդի հիմնախնդիրներից թրաֆիքինգի և ստրկության վերաբեյալ։

Բանավեճեր և դերախաղեր առանձին խմբերի իրավունքների, դրանց առաջացման պատճառների և նշանակության վերաբերյալ։

Արդարություն և զարգացում

Վերլուծել մարդու իրավունքների սերունդների գաղափարական առանձնահատկությունները:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Լուսավորական շարժում, իրավունքի նորմերը պատմական տարբեր ժամանակներում և տարբեր քաղաքակրթություններում։

Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի հետազոտում և մեկնաբանում։

Հանրակրթական չափորոշիչ

Հ21, Հ23, Հ39, Հ40, Հ41, Հ42

 Թեմա 3. Մտածողություն և հասարակական խնդիրներ

Նպատակ

Ձևավորել հասարակական կյանքում մտածողության, համագործակցության, մրցակցության և կոնֆլիկտի նշանակությունը գիտակցելու կարողություն։

Վերջնարդյունք

8.3.1 Բացատրի և տարբերակի ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողությունը։

8.3.2 Տարբերակի փաստը և կարծիքը։

8.3.3 Օրինակներից բխեցնի համագործակցության, մրցակցության և կոնֆլիկտի՝ որպես համակեցության բաղադրիչների նշանակությունը։

Թեմայի բովանդակություն

1. Մտածողություն։ Ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողություն։

2. Համագործակցությունը, մրցակցությունը, կոնֆլիկտը որպես հասարակական կյանքի բաղադրիչներ և շարժիչ ուժեր։

Ուղղորդող հարցեր

1. Ինչպե՞ս են ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողությունները դրսևորվում մեր կյանքում։

2. Ի՞նչ կլինի, եթե համագործակցությունը, մրցակցությունը, կոնֆլիկտը չլինեն մեր կյանքում։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Օրինակների միջոցով մտածողության կանոնների, հմտությունների կիրառում։

Կոնֆլիկտային իրավիճակներում հնարավոր վարքագծերի քննարկում։

Անհատական և մշակութային արտահայտում

Մտածողության կանոնների իմացությունը՝ որպես անհատական և մշակութային արտահայտման միջոց։

Անհատներ և հարաբերություններ

Համագործակցությունը, մրցակցությունը, կոնֆլիկտը՝ որպես անհատների միջև հարաբերությունների կարգավորման եղանակներ։

Միջառարկայական կապերը թեմայում

Կենսաբանություն - Մրցակցությունը, բնական ընտրությունը բնության մեջ։

Հանրահաշիվ - Հաշվարկներ, խնդիրների ստեղծում։

Գրականություն - Համապատասխան տեքստի ուսումնասիրում և մեկնաբանում։

Հանրակրթական չափորոշիչ

Հ20, Հ25, Հ26, Հ31, Հ32, Հ34, Հ36, Հ37

 Թեմա 4. Ուսումնական նախագծային աշխատանք

Նպատակ

Ձևավորել թիմային աշխատանքների միջոցով հիմնախնդիրներ ձևակերպելու, հետազոտելու, որոշումներ կայացնելու կարողություն։

Վերջնարդյունք

8.4.1 Սահմանի «առաջնորդություն» հասկացությունը։ Տարբերակի առաջնորդության ձևերը։

8.4.2 Դրսևորի խնդիրներ, խնդրակենտրոն հարցեր ձևակերպելու և դրանց լուծումներ առաջարկելու հնարների իմացություն։

8.4.3 Ձևավորի անհատական և խմբային նախագծեր իրականացնելու հմտություններ։

8.4.4 Ցուցադրի սեփական գործունեությունը պլանավորելու, ժամանակը և այլ ռեսուրսներ արդյունավետ տնօրինելու կարողություններ։

8.4.5. Իրականացնի նպատակային ուսումնասիրություն՝ ընտրելով պիտանի մեդիա նյութեր, տեսակավորելով տեղեկությունները և փաստագրելով արդյունքները։

8.4.6. Իրողությունները դասակարգի ըստ ժամանակային, տարածական և կառուցվածքային կապերի՝ օգտագործելով կողմնորոշող գիտելիք (օրինակ՝ մտքի քարտեզագրում, պատմական փաստեր և այլն)։

8.4.7 Հիմնավորի թիմային աշխատանքի արդյունավետությունը, տարբեր կարողություններ ունեցող մարդկանց համագործակցության առավելությունները` գիտակցելով անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը։

Թեմայի բովանդակություն

1. Իշխանություն։

2. Առաջնորդություն։ Առաջնորդության ձևերը։

3. Հիմնախնդրի ընտրություն, աշխատանք տեղեկատվական աղբյուրների հետ։

4. Տեղեկատվության նպատակները և մեդիագրագիտության հմտություններ։

Ուղղորդող հարցեր

1. Ինչպիսի՞ն պիտի լինի առաջնորդը։

2. Ինչպե՞ս ձևակերպել խնդիրներ, հարցեր։

3. Ինչպե՞ս օգտվել տարբեր աղբյուրներից և օգտագործել մտքի ձևակերպման տարբեր ձևաչափեր (քարտեզագրում, ժամանակագրություն, գծապատկերում):

4. Ի՞նչ քայլերից է բաղկացած ուսումնական նախագծային աշխատանքը։

5. Ինչո՞ւ են կարևոր թիմային աշխատանքը և ժամանակի կառավարումը։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Դերային խաղ առաջնորդության վերաբերյալ։

Ուսումնասիրել համայնքում առկա հիմնախնդիրները։

Օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից՝ համադրել տեղեկատվությունը տարբեր տեսանկյուններից, հիմնավորել աղբյուրի արժանահավատությունը։

Անցկացնել հարցազրույցներ հիմնախնդրի վերաբերյալ։

Անհատներ և հարաբերություններ

Դիտարկի առաջնորդությունը, խնդիրները անհատների, խմբերի հարաբերությունների համատեքստում։

Միջառարկայական կապերը թեմայում

Հանրահաշիվ - Հաշվարկներ, խնդիրների ստեղծում:

Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն - Առաջնորդության խնդիրը պատմության մեջ։

Հանրակրթական չափորոշիչ

Հ27, Հ29

 

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

 

 Թեմա 1. Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ

Նպատակ

Ձևավորել պատկերացում արդարադատության համակարգի և դատական իշխանության վերաբերյալ։

Վերջնարդյունք

11.1.1 Ներկայացնի Հայաստանում առկա իրավունքի համակարգը՝ քննելով իրավունքի ճյուղերն ու սահմանադրական իրավունքի դերը տվյալ համակարգում և ՀՀ հասարակության կյանքում։

11.1.3 Տարբերակի քաղաքացիական, վարչական և քրեական վարույթները՝ օրինակների վրա քննելով դրանց առանձնահատությունները։

11.1.4 Վերլուծի դատավորների, դատախազության, ոստիկանության, իրավապաշտպանների ու փաստաբանների լիազորությունները ու անկախությունը՝ բացահայտելով յուրաքանչյուրի ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա։

11.1.5 Վերլուծի քաղաքացիական և քրեական իրավունքի հիմքերը, առարկան և առանձնահատկությունները՝ քննելով դրանց զարգացման վրա ազդող գործոնները և անհատների, կառավարությունների ու դատարանների դերն այդ գործընթացում։ Բացատրի իրավախախտումն ու իրավական պատասխանատվությունը։

Թեմայի բովանդակություն

1. ՀՀ իրավունքի համակարգ։

2. Դատավորներ, դատախազություն, ոստիկանություն, փաստաբաններ, իրավապաշտպաններ։

3. Վարչական, քաղաքացիական/ընտանեկան և աշխատանքային իրավունք/ և քրեական վարույթներ։

4. Քաղաքացիական և քրեական իրավունք։

Ուղղորդող հարցեր

1. Ո՞րն է դատավորների, դատախազների, ոստիկանության, փաստաբանների և իրավապաշտպանների դերը ժողովրդավարության կայացման գործընթացում և ի՞նչ ոլորտ է կարգավորում նրանցից յուրաքանչյուրը։

2. Որո՞նք են վարչական, քրեական ու քաղաքացիական վարույթների առանձնահատկությունները և տարբերությունները միմյանցից։

3. Որոնք են իրավախախտման և իրավական պատասխանատվության տարբերություններն ու նմանությունները։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Պաշտոնական կայքերում ներառված իրավիճակային օրինակներով տարբերակել քաղաքացիական և քրեական դատավարությունների ընթացակարգային առանձնահատությունները։

Մեկնաբանել և վերլուծել ՀՀ-ում կոռուպցիային, թրաֆիքինգին առնչվող իրավական խնդիրներ և իրավիճակներ։

Սիմուլյացիոն խաղեր

Անցկացնել դատական նիստեր՝ ստանձնելով տարբեր դերեր։

Այցելություններ դատարաններ և դատական նիստերի ունկնդրում։

Կառուցվածք և գործառույթ

Արդարադատության համակարգ և դատական իշխանություն (վարչական, քաղաքացիական և քրեական վարույթներ, քաղաքացիական և քրեական իրավունք)։

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Իրավական ակտեր, պետություն:

Հանրակրթական չափորոշիչ

Մ35, Մ36, Մ38, Մ39

Թեմա 2. Պետության դերը տնտեսության մեջ

Նպատակ

Ներկայացնել զարգացող և զարգացած տնտեսությունների տարբերությունները։

Ձևավորել գնաճը, գործազրկությունը, զբաղվածությունը և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները նկարագրելու կարողություն։

Վերջնարդյունքը

11.2.1 Նկարագրի, թե ինչպես են զարգանում տնտեսությունները։

11.2.2 Նկարագրի ու վերլուծի գնաճը, դրա հետևանքները տնտեսության ու առանձին տնտեսավարողների վրա:

11.2.3 Նկարագրի ու վերլուծի զբաղվածության և գործազրկության ցուցանիշները, դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները։

11.2.4 Նկարագրի առաջարկի և պահանջարկի կարգավորման քաղաքականությունների նշանակությունը, բացատրի, թե ինչպես են պետական տարբեր կառույցները կիրառում այդ քաղաքականությունները։

Թեմայի բովանդակություն

1. Հարուստ և աղքատ երկրներ, ՀՆԱ և տնտեսական աճ։ Գնաճ. սոցիալ-տնտեսական հետևանքները։

2. Զբաղվածություն և գործազրկություն. սոցիալ-տնտեսական հետևանքները։

4. Պետության միջամտությունը տնտեսությանը։

Ուղղորդող հարցեր

1. Ո՞ր երկրներն են հարուստ/զարգացած, իսկ որո՞նք՝ ոչ։ Ինչո՞ւ։

2. Ինչպե՞ս են զարգանում տնտեսությունները։

3. Ի՞նչ տեղեկություն են տալիս գնաճի, գործազրկության, զբաղվածության ցուցանիշները։

4. Առաջարկի և պահանջարկի կարգավորման ինչպիսի՞ քաղաքականություններ կան, ո՞ր կառույցներն են դրանք կիրառում։

Ուսումնական գործունեության տեսակ

Խաչվող հասկացություններ

Հետազոտական աշխատանք

Նախորդ եռամսյակի կտրվածքով պարզել, թե որ ապրանքատեսակների գների փոփոխությունն է հանգեցրել գնաճի:

Հաշվարկային առաջադրանքներ

Հաշվել սպառողական գների ինդեքսի փոփոխությունը տարբեր տարիների կտրվածքով:

 

Ուսուցողական ֆիլմերի դիտում ու քննարկում

 

Ի՞նչ դեր ունեն հարկերը, սուբսիդիաները տնտեսական ու սոցիալական զարգացման գործում։

Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում

Կայունություն և փոփոխություն

Միջառարկայական կապերը թեմայում

Հանրահաշիվ - Չափումներ, հաշվարկներ, թվեր:

Հայոց և համաշխարհային պատմություն - Հասարակական կյանք, տնտեսական մոդելներ:

Աշխարհագրություն - Տնտեսություն, բնակչություն:

Հանրակրթական չափորոշիչ

Մ19, Մ22

 

 Թեմա 3 Քաղաքական մասնակցություն և ընտրություններ

Նպատակ

Ձևավորել ժողովրդավարության և անձի իրավունքների ու շահերի իրացման տեսանկյուններից քաղաքական և քաղաքացիական մասնակցության նշանակությունը գիտակցելու կարողություն։

Վերջնարդյունք

11.3․1․Մեկնաբանի Հայաստանի օրենսդրությամբ չարգելված քաղաքացիական և քաղաքական մասնակցության ձևերն ու տեսակները ժողովրդավարության և անձի իրավունքների ու շահերի իրացման տեսանկյուններից։

11.3․2․Նկարագրի Հայաստանում իշխանության մարմինների ընտրությունների տիպերն ու մակարդակները, ընթացակարգերը, մեկնաբանի դրանց նշանակությունը հասարակական համակարգի բնականոն գործառության, անձի քաղաքական և քաղաքացիական իրավունքների ու շահերի իրացման տեսանկյուններից։

11.3.3. Քննարկի հակասական դիրքորոշումներ, այդ թվում՝ դրանց սահմանադրականության տեսանկյունից:

11.3.4 Ներկայացնի ընտրական իրավունքի իրացման նորմերը և միջազգային չափանիշները:

11.3․5. Դատողություններ անի ընտրական իրավունքի իրացման վրա ընտրախախտումների ազդեցության և Հայաստանի օրենսդրությամբ դրանց դեմ պայքարի միջոցների մասին։

Թեմայի բովանդակություն

1. Քաղաքական գիտակցություն և սոցիալականացում:

2. Մասնակցային ժողովրդավարություն, քաղաքական և քաղաքացիական մասնակցություն։

3. Քաղաքական և քաղաքացիական մասնակցության ձևերն ու տեսակները Հայաստանում։

4. ՀՀ պետական և համայնքային իշխանության մարմինների ընտրությունները։ Հանրաքվե:

5. Ընտրախախտումների տեսակներն ու դրանց դեմ պայքարը Հայաստանում։

Ուղղորդող հարցեր

1․Ինչպե՞ս է անձի քաղաքական սոցիալականացումը կապակցում քաղաքական մշակույթը, քաղաքական գիտակցությունը և անձի քաղաքական ու քաղաքացիական մասնակցությունը։

2․ Ի՞նչ նշանակություն ունի քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը մասնակցային ժողովրդավարության տեսանկյունից։

3․ Ինչպե՞ս կարող է մարդկանց՝ հասարական–քաղաքական կյանքին չմասնակցելն անդրադառնալ քաղաքական վարչակարգի վրա։

4. Ինչպե՞ս են ընտրախախտումներն ազդում ընտրությունների վրա։

5. Որո՞նք են ամենահաճախ հանդիպող ընտրախախտումների տեսակները և ինչպե՞ս են դրանց դեմ պայքարում Հայաստանում։

Գործնական աշխատանք

 Խաչվող հասկացություններ

Հավաստի աղբյուրների հիման վրա ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված քաղաքական և քաղաքացիական մասնակցության ձևերը:

 

Նախագծային հետազոտական աշխատանք

ԶԼՄ-ների հրապարակումների, դիտորդական առաքելությունների զեկույցների հիման վրա դասակարգել ու համեմատել համապետական և համայնքային վերջին երկու ընտրարշավների ժամանակ կատարված ընտրախախտումների դեպքերը։

 

Դերախաղ համադասարանցիների ներգրավմամբ Մոդելավորել համապետական կամ համայնքային ընտրարշավ։

Օրինաչափություն

Քաղաքական սոցիալականացման ազդեցությունն անձի քաղաքական ու քաղաքացիական վարքի վրա, քաղաքացու մասնակցության նշանակությունը քաղաքական համակարգի բնականոն գործառության համար:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Մոդելների ուսումնասիրում

Աշխարհագրություն - Երկրներ, բնակչություն:

Հանրակրթական չափորոշիչ

Մ16

Թեմա 4. Կուսակցություններ և շահերի խմբեր

Նպատակ

Ձևավորել բազմակարծիք հասարակության մեջ կուսակցության և շահերի խմբի ընդհանրություններն ու տարբերությունները վերլուծելու կարողություն։

Վերջնարդյունք

11.4.1.Մեկնաբանի կուսակցությունների և շահերի խմբերի նշանակությունը Հայաստանի քաղաքական համակարգի գործառության, անձի քաղաքական մասնակցության, քաղաքացու շահերի արտահայտման և պաշտպանության տեսանկյուններից։

11.4.2 Բնութագրի Հայաստանի կուսակցական համակարգը։

Թեմայի բովանդակություն

1. Կուսակցություններ, շահերի խմբեր, հասարակական շարժումներ և ժողովրդավարություն։

2. Կուսակցությունների տեսակները։

3. Շահերի խմբերի տեսակները։

4. Հայաստանի կուսակցական համակարգը։

Ուղղորդող հարցեր

1․Ի՞նչ նշանակություն ունեն կուսակցություններն ու շահերի խմբերը ժողովրդավարական հասարակարգում ընդհանրապես և մասնակցային ժողովրդավարության համար՝ մասնավորապես։

2․ Ինչպե՞ս են կապված կուսակցական համակարգը և քաղաքական վարչակարգը։

3․ Ինչպիսի՞ն է Հայաստանի կուսակցական համակարգը։

4. Ինչո՞ւ է կարևոր կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Ուսումնասիրություններ

Ուսումնասիրել կուսակցությունների ու շահերի տարբեր խմբերի իրավական կարգավիճակը և գնահատել դրա արտացոլումն իրական կյանքում։

Տարբեր երկրների օրինակով ցույց տալ կուսակցական համակարգի և քաղաքական վարչակարգի փոխկապվածությունը։

Դասակարգել ՀՀ խորհրդարանական և գլխավոր արտախորհրդարանական կուսակցությունները՝ ըստ տեսակների:

Կառուցվածք և գործառույթ

Կուսակցությունների և շահերի խմբերի նշանակությունը քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում, նրանց ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում

Օրինաչափություն

Կուսակցական համակարգի տեսակի և պետական կառավարման ռեժիմի փոխկապվածությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Հասարակական շարժումներ:

Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի ուսումնասիրում:

Հանրակրթական չափորոշիչ

Մ16

 

Թեմա 5. Միջազգային իրավունք

Նպատակ

Ձևավորել միջազգային իրավունքի աղբյուրները տարբերակելու կարողություն։

Վերջնարդյունքը

11.5.1 Ուսումնասիրի միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները՝ հիմնավորելով սկզբունքների նշանակությունը պետությունների հարաբերությունների և համագործակցության տեսանկյունից։

11.5.2 Բացատրի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային, տարածաշրջանային գործառույթները և նշանակությունը՝ օգտագործելով տարբեր պատմական և ժամանակակից/առօրյա իրավիճակներ։

11.5.3 Մեկնաբանի պետության (մասնավորապես՝ ՀՀ) դերը մարդու իրավունքների պաշտպանության մեջ՝ քննելով այն պետությունների կողմից ստորագրված և վավերացված փաստաթղթերի և դրանց արդյունքում առաջ եկած պարտավորությունների համատեքստում։

11.5.4 Առանձնացնի միջազգային վեճերի տարբեր տեսակներ և համեմատի դրանց լուծման խաղաղ և ոչ խաղաղ մեթոդների ուժեղ և թույլ կողմերը։

11.5.5 Դատողություններ անի, թե տեխնոլոգիական զարգացումն ինչպես է ազդել արդարադատության վրա միջազգային և տեղական մակարդակում։

Թեմայի բովանդակություն

1. Միջազգային իրավունքի աղբյուրները։

2. Միջազգային իրավունքի սկզբունքները։

3. Միջազգային իրավունքի պաշտպանության միջազգային, տարածաշրջանային և տեղական մեխանիզմներ։

4. Միջազգային վեճեր։

5. Ժողովուրդները՝ որպես միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ։

Ուղղորդող հարցեր

1. Ինչու՞ է ստեղծվել միջազգային իրավունքը։ Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները։ Որո՞նք են միջազգային պայմանագրերը և դրանց տեսակները։ Ի՞նչ է միջազգային սովորութային իրավունքը, որո՞նք են դրա բաղկացուցիչները։

2. Ո՞րն է պետության դերը միջազգային իրավունքի զարգացման գործընթացում, որոնք են նրա պարտավորությունները։

3. Ի՞նչ դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային, տարածաշրջանային ու տեղական կառույցները: (Միջազգային կազմակերպությունների կառուցվածքը) (ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի և այլ կառույցների ազդեցությունը պետության վրա, որպես իրավունք ստեղծող և/կամ պաշտպանող կառույց)։

4. Ո՞ր է միջազգային կազմակերպությունների դերը միջազգային վեճերի լուծման գործընթացում (ՄԱԿ-ի հիմնական գործունեության բնագավառները միջազգային վեճերի լուծման գործընթացում)։

Ուսումնական գործունեության տեսակ

Խաչվող հասկացություններ

Ուսումնասիրել Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը վերլուծող և ներկայացնող միջազգային համաթվերը, բարոմետրերը, զեկույցներն ու ամփոփագրերը։

Վերլուծել ներքին օրենսդրության և գործելակերպի օրինակներ, որոնք խախտել կամ խախտում են միջազգային օրենսդրությամբ կամ կոնվենցիաներով պաշտպանված մարդու իրավունքները ։

Քննել, վերլուծել և եզրահանգումներ անել տարբեր իրավական դեպքերի ու խնդիրների վերաբերյալ՝ օգտագործելով և հղումներ տալով առաջնային և երկրորդային ռեսուրսներին, ճշտելով դրանց վստահելիության մակարդակը, բերելով փաստարկներ, ապացույցներ։

Կառուցվածք և գործառույթ

Միջազգային իրավունքի աղբյուրներ, մարդու իրավունքների արդի հիմնախնդիրներն ու ՀՀ դերը միջազգային իրավունքի համատեքստում։

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Իրավական ակտեր, պետության ձևեր ու մոդելներ:

Աշխարհագրություն - Բնակչություն, տնտեսություն, պետություն, իրավական նորմեր:

Հանրակրթական չափորոշիչ

Մ18, Մ21, Մ35, Մ38

 

Թեմա 6. Միջազգային հարաբերություններ և արտաքին քաղաքականություն

Նպատակ

Ձևավորել միջազգային համակարգի կառուցվածքը և դրա հիմնական մասնակիցների փոխազդեցության ձևերը մեկնաբանելու կարողություն։

Ներկայացնել միջազգային հարաբերություններում մեծ, միջին և փոքր պետությունների արտաքին քաղաքականության հատկանիշները։

Վերջնարդյունք

11.6.1 Նկարագրի միջազգային համակարգի կառուցվածքը, դատողություններ անի միջազգային իրավանորմերի և կազմակերպությունների նշանակության վերաբերյալ։

11.6.2 Թվարկի Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներն ու հիմնական սկզբունքները, մեկնաբանի գլխավոր գործընկերների հետ հարաբերությունների նշանակությունը Հայաստանի զարգացման համար։

Թեմայի բովանդակություն

1. Միջազգային համակարգ և աշխարհակարգ:

2. Միջազգային կազմակերպություններ, շարժումներ և միջազգային ինտեգրում:

3. Մեծ, միջին և փոքր պետությունները միջազգային համակարգում:

4. Արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն:

5. Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներն ու հիմնական սկզբունքները:

Ուղղորդող հարցեր

1․ Ո՞րն է պետությունների, միջազգային կազմակերպությունների և շարժումների նշանակությունը միջազգային համակարգում։

2․ Ինչպե՞ս է բնորոշվում ժամանակակից աշխարհակարգը։ Ինչո՞ւ։

3․ Ինչո՞վ են տարբերվում մեծ, միջին և փոքր պետությունների միջազգային կշիռները։

4․ Ինչո՞վ են տարբերվում արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Աղյուսակի միջոցով վեր հանել 1․ աշխարհակարգի, 2․ միջազգային կազմակերպությունների տեսակների և 3․ մեծ, միջին ու փոքր պետությունների արտաքին քաղաքականության ընդհանրություններն ու տարբերությունները։

Գործնական օրինակների միջոցով ցույց տալ արտաքին քաղաքականության տարրերի նշանակությունն անձի և հասարակության կյանքում:

Համակարգ

Միջազգային հարաբերությունները՝ որպես դրա մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորող համակարգ:

Կառուցվածք և գործառույթ

Միջազգային համակարգի հիմնական բաղադրիչ–դերակատարները, պետությունների ու դրանց խմբավորումների, միջազգային կազմակերպությունների և շարժումների դերը միջազգային համակարգում:

Համաշխարհայնացում (գլոբալիզացիա) և կայուն զարգացում

Համաշխարհայնացման ազդեցությունը միջազգային համակարգի վրա, գլոբալ հիմնախնդիրներ և գլոբալ մարտահրավերներ:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց և համաշխարհային պատմություն - Պետություն-պետություն համագործակցությունը:

Երկրաչափություն - Չափումներ, հաշվարկներ, մոդելների ստեղծում:

Հանրակրթական չափորոշիչ

Մ16

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան