ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
09 դեկտեմբեր 2022 թ. |
N 5693-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 03-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-001330 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 01/16387-2022 գրությունը այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Աննա Մանուկյանին պատկանող ք. Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց 38 շենք, 46 մերսման սրահ հասցեում հայտնաբերվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, այն է.
1. Առողջապահության նախարարության կողմից անհատ ձեռնարկատեր Աննա Մանուկյանին 2022 թվականի մայիսի 03-ին տրված թիվ Ա-ԲՕ-001330 բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային՝ վերականգնողական (բուժական մերսում) տեսակն իրականացնելու լիցենզիայի շրջանակում իրականացվում է գործունեությունը, չունենալով տվյալ տեսակն իրականացնելու համար համապատասխան մասնագիտացում ստացած և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում անցած ավագ բուժաշխատող։ Այդ գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից, ովքեր չունեն բարձրագույն բժշկական կրթություն, ինչպես նաև մանուալ թերապևտի մասնագիտացում, որով խախտվել է ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածի 1.3.2-րդ կետի և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման N 5-րդ հավելվածի 18-րդ կետի պահանջով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Աննա Մանուկյանին (ք. Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց 38 շենք, 46 մերսման սրահ հասցեում) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի մայիսի 03-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-001330 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր Աննա Մանուկյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |