«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հուլիսի 2016 թ. |
N 743-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 753-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.07.22 N 29-Ն)
Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի
Հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.07.22 N 29-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. հուլիսի 27-ի «ՀՀ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» N 753-Ն հրամանը:
3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Սուքիասյան), իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Լ. Գրիգորյան)` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Լ. Մկրտչյան
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի N 743-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
(վերնագիրը խմբ. 13.07.21 N 49-Ն, 29.07.22 N 29-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհեր) բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) տվյալ ուսումնական տարվա համար հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի:
3. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը, համաձայն սույն կանոնների, տալիս է ընդունելության վերաբերյալ հայտարարություն` նշելով հայտագրման ժամկետները և պահանջվող փաստաթղթերի ցանկը:
4. Հայաստանի Հանրապետության բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
5. Հանրակրթական առարկաներից քննությունները (այսուհետ՝ քննություններ) անցկացվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի համաձայն մշակված առարկայական ծրագրերով: Ներբուհական քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և առկա ուսուցման քննությունների համար Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով: Գնահատման չափանիշ են ընդունվում «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԳԹԿ-ի) կողմից տվյալ տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման քննությունների համար սահմանված չափանիշները: Ներբուհական քննությունների ժամանակացույցը հաստատում է քննություններն իրականացնող բուհը:
II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6. Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։
7. Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում
8. Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ կողմից տրամադրված անձնական համար:
9. Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը: Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցության համար 1500 դրամ փոխանցվում է տվյալ բուհին: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:
10.Ընդունելության դիմում-հայտի տվյալների մուտքագրումից հետո ԳԹԿ-ն նախապատրաստում է դիմորդների ցուցակները ՝ ըստ քննական առարկաների և կենտրոնների:
11 Հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են ընդունելության քննությունների անցաթղթեր, որոնք քննությունների մեկնարկից առնվազն հինգ օր առաջ ԳԹԿ-ն ուղարկում է բուհեր և էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին: Ներբուհական քննություններ հանձնող դիմորդին անցաթուղթը տրամադրում է բուհը:
12. Դիմորդը (մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո) բուհին ներկայացնում է՝
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
2) 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) (բնօրինակը և պատճենը,բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),
5) սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության (կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
7) տեղեկանք տվյալ տարվա տվյալ բուհի առկա ուսուցման ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),
8) ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր(առկայության դեպքում),
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
10) սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունն հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:
III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
13. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննությունները անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միևնույն օրը: Քննությունների օրերը ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննությունները անցկացվում են հոկտեմբերի 20-ից 27-ը: Ներբուհական քննությունների անցկացման համար բուհերի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ:Քննությունները անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 5-ը հաստատում է ԳԹԿ-ը տնօրենը: Համաձայն քննական կենտրոնների հաստատված ցանկի, քննությունների համար սահմանված օրերի և տվյալ քննական կենտրոնում քննություն հանձնող դիմորդների քանակի բուհերի ընդունող հանձնաժողովները իրականացնում են քննությունների նախապատրաստական աշխատանքները:
14. Բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:
15. Քննական կենտրոնի ղեկավարների ցանկը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 10-ը հաստատում է ԳԹԿ տնօրենը: Միասնական քննությունների անցկացման գործընթացի մասնակիցներն են՝ քննական կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ-ի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 20 դիմորդի համար ԳԹԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը քննությունների ընթացքում իրականացնում են ԳԹԿ-ի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
16. Քննական կենտրոնում քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են ԳԹԿ-ի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.
1) Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.
2) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: ԳԹԿ-ի տնօրենը հաստատում է նաև պատասխանատու օպերատորների ցուցակը, ովքեր իրենց քննական կենտրոններում կազմակերպում են օպերատորների աշխատանքը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.
3) կազմակերպիչներն ըստ սենյակների բաշխվում են քննության օրը` քննական կենտրոնի ղեկավարի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը ԳԹԿ-ի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.
քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի դիմորդ` ևս մեկ կազմակերպիչ.
17. Քննությունները բոլոր քննական կենտրոններում սկսվում են ժամը 10:00-ին:
18. Քննությունների անցկացումը.
1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.
2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ: Քննության սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած դիմորդի մուտքը քննասենյակ.
3) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.
4) քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.
5) քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով՝ քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.
6) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.
7) քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է՝ «Խոտանված է».
8) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ԳԹԿ-ի ներկայացուցիչը,
9) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.
10) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.
11) ԳԹԿ-ի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.
12) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում են այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.
19. Քննության ավարտը` քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.
1) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.
2) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.
3) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.
պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.
4) կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը։
20. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`
1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար.
2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.
3) ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
21. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`
1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.
2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.
3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք։
22. Քննությունների արդյունքների հրապարակումը և բողոքարկումը.
1) Քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քանի մինչև ժամը 18.00-ն:
2) Քննությունների արդյունքները կարող են բողոքարկվել տվյալ տարվա առկա ուսուցման ընդունելության համար Նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովին` հրապարակվելու հաջորդ օրը՝ ժամը 9։00-18։00-ի ընթացքում:
3) Բողոք դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահմպանման, բարձրացման կամ իջեցման մասին:
4) Բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ քննության բողոքարկման ժամկետի ավարտից հետո 2-օրյա ժամկետում:
IV. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
23. Ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 27-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով), որոնք՝
1) կազմված են նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից.
2) կազմում են քննական աշխատանքների տարբերակները և քննական այլ նյութեր.
24. Ներբուհական քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը.
1) ներբուհական քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.
2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան և դիմորդների ցուցակում ստորագրում իրենց անվան դիմաց.
3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննության անցաթղթի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.
4) ներբուհական քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.
դիմորդի պատասխանը գնահատվում է 20-միավորային համակարգով.
5) անբավարար գնահատականները և 8, 18-20 միավորները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.
6) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով.
7) ներբուհական քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում է ևս 2 քննող դասախոս.
8) ներբուհական քննությունները տեսաձայնագրվում են.
9) քննության ավարտից հետո քննական հանձնաժողովի նախագահը կազմում ու ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն, որի պատճենը հանձնում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողովին:
25. Ներբուհական քննության արդյունքների հրապարակումը և բողոքարկումը.
1) ներբուհական քննությունների գնահատականները, քննության առանձնահատկություններով պայմանավորված, դիմորդին հայտնվում են քննության օրը՝ քննասենյակում կամ հաջորդ օրը՝ մինչև 16։00-ն.
2) ներբուհական այն քննությունը, որի արդյունքը գնահատվում և դիմորդին հայտնվում է քննասենյակում, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում դիմորդը, մինչև քննասենյակից դուրս գալը, կարող է բողոքարկել քննական հանձնաժողովի նախագահին.
3) ներբուհական այն քննությունը, որի գնահատականը դիմորդը ստանում է հաջորդ օրը, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում գնահատականների փակցնելու հաջորդ օրը՝ ժամը 9։00-18։00-ի ընթացքում կարող է բողոքարկել` դիմում ներկայացնելով պատասխանատու քարտուղարին:
4) Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.
5) դիմումում նշվում է ներբուհական քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.
6) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չեն թույլատրվում.
7) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված ներբուհական քննության քննական աշխատանքը ստուգած անդամը քննարկում են ներբուհական քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.
բողոքարկված ներբուհական քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.
8) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.
26.Ներբուհական քննական աշխատանքի գնահատականի փոփոխման դեպքում ԳԹԿ է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը.
ներբուհական քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է ներբուհական քննության քննական կենտրոնում։
27. Ներբուհական քննության ընթացքում հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն հանձնաժողովի նախագահի, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ու ԳԹԿ-ի ներկայացուցչի կողմից, որը քննական հանձնաժողովի նախագահը ներկայացնում է բողոքարկման հանձնաժողով` քննության ավարտից անմիջապես հետո: Բողոքարկման հանձնաժողովն արձանագրության հիման վրա որոշում է ընդունում քննությունն ընդհատած դիմորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:
28. Տվյալ առարկայի քննություններին բացակայած կամ քննությունն ընդհատած դիմորդները չեն կարող հանձնել այդ քննությունը:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
29. Բուհերի ընդունելության մրցույթը, բացառությամբ ներբուհական քննություններ հանձնած դիմորդների մրցույթի, անցկացնում է ԳԹԿ-ն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), հատկացված տեղերի և միավորների: Մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության (կրթական ծրագրի) գերակայությամբ:
30. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննությունից ստացել են դրական միավոր:
31. Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
32. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն կարող են միասնական (գրավոր) քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն):
33. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ:
34. Քննության վերահանձնում չի թույլատրվում:
35. Զորակոչային տարիքը լրացած, միաuնական քննություններին և մրցույթին մասնակցած արական uեռի դիմորդները կարող են միասնական քննություններից uտացած դրական գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:
36. Առաջին հայտագրված մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
37. Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր տարիների գերազանցության մեդալ ստացած շրջանավարտ դիմորդներին.
2) ներբուհական քննություն հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում.
3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
4) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.
5) պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
38. Ավարտական ամփոփիչ տարեկան գնահատականները 20 միավորանոց համակարգին հավասարեցվում են հետևյալ կերպ՝
1) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «4»-ը համարժեք է 9 միավորին,
բ. «5»-ը համարժեք է 11 միավորին,
գ. «6»-ը համարժեք է 13 միավորին,
դ. «7»-ը համարժեք է 15 միավորին,
ե. «8»-ը համարժեք է 17 միավորին,
զ. «9»-ը համարժեք է 19 միավորին,
է. «10»-ը համարժեք է 20 միավորին.
2) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,
բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,
գ. «5»-ը համարժեք է 20 միավորին։
39. Մրցույթի արդյունքները հաստատում է Նախարարը: Մրցույթով անցած դիմորդների հաստատված ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:
40. Ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և այլ օտար լեզուների քննությունների):
VI. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
41. Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից.
1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)
2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
42. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:
43. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
44. Բուհի հետ համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագիր) կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած կազմակերպության ֆինանսավորման դեպքում համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագիր) կազմակերպության աշխատողների ընդունելությունը կազմակերպվում է կազմակերպության ներկայացրած անվանացանկի համաձայն՝ առանց ընդունելության քննությունների կամ բուհի սահմանած կարգով:
45.Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները, բուհ են ընդունվում մրցույթից դուրս, նախապատրաստական դասընթացների ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20% չափով:
(հավելվածը խմբ. 13.07.21 N 49-Ն, 29.07.22 N 29-Ն)