ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 հունիսի 2021 թ. |
N 309-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածը 2-րդ մասի 8-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. Ջանջուղազյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 25-ի թիվ 309-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություն հանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման հարաբերությունները:
2. Դեբիտորական պարտքը Կազմակերպությանը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից (դեբիտորներից) վճարման ենթակա պարտքի գումարն է, որն առաջացել է նրանց հետ տնտեսական փոխհարաբերությունների արդյունքում: Դեբիտորական պարտքերի ճանաչման, ապաճանաչման և չափման հարցերը կարգավորվում են ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 725-Ն հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի «Ֆինանսական գործիքներ» բաժին 19-ի դրույթներով:
3. Դեբիտորական պարտքը համարվում է ժամկետանց`
1) պայմանագրով նշված ժամկետում չմարվելու օրվան հաջորդող օրացուցային օրվանից, կամ՝
2) մինչև պայմանագրով նշված մարման ժամկետի լրանալը կողմերի համաձայնությամբ նշված ժամկետը պայմանագրային կարգով երկարաձգելու դեպքում` նոր ժամկետում չմարվելու օրվան հաջորդող օրացուցային օրվանից:
Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել դեբիտորական պարտքի մարման ժամկետը, դեբիտորական պարտքի մարման ժամկետ է համարվում գործառնության (գործարքի, փաստի) կատարման օրվան հաջորդող 60-րդ օրը:
4. Սույն կարգում սահմանված ժամկետները չեն նույնանում հայցային վաղեմության ժամկետների հետ:
5. Սույն կարգը չի տարածվում Կազմակերպության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով առաջացած դեբիտորական պարտքերի և դրանց գծով հաշվարկված տույժերի և տուգանքների վրա:
6. Սույն կարգի նպատակներով դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը, դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչումը և դուրսգրումը չի տարածվում ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի հաշվարկման և վճարման նպատակով շահութահարկ վճարողների կողմից դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման հետ կապված հարաբերությունների վրա:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
7. Դեբիտորական պարտքերը, ելնելով ժամկետանց օրերի թվից, դասակարգվում են 5 դասի` ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, ռիսկային, անհուսալի: Ստանդարտ, ոչ ստանդարտ, կասկածելի, ռիսկային և անհուսալի դեբիտորական պարտքերի համար Կազմակերպությունը պետք է ձևավորի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ՝ հետևյալ տոկոսադրույքներով.
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԱՍԸ |
ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻՆ ՄԱՍՀԱՆՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ |
1) Ստանդարտ` դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ |
- |
2) Ոչ ստանդարտ` դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ |
25 տոկոս |
3) Կասկածելի` դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 181-րդ օրվանից մինչև 270-րդ օրը ներառյալ |
50 տոկոս |
4) Ռիսկային` դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 271-րդ օրվանից մինչև 365-րդ օրը ներառյալ |
75 տոկոս |
5) Անհուսալի` դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 366-րդ օրվանից |
100 տոկոս |
8. Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստը ենթակա է ճշգրտման առնվազն յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ ճշգրտման արդյունքներն արտացոլելով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հավելուրդում կամ պակասուրդում:
9. Ժամկետանց դեբիտորական պարտքի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների համար ստեղծվում է առանձին հնարավոր կորուստների պահուստ:
10. Ժամկետանց դեբիտորական պարտքի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են այն նույն տոկոսադրույքի չափով, որով ձևավորվել է տվյալ ժամկետանց դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստը:
11. Ժամկետանց դեբիտորական պարտքի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների հնարավոր կորուստների պահուստի մեծությունը ենթակա է ճշգրտման յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ ճշգրտման արդյունքներն արտացոլելով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հավելուրդում կամ պակասուրդում:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
12. Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքը ենթակա է դուրսգրման միայն այն դեպքում, երբ պարտապանը «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ (անվճարունակ) կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել է պարտքի մարման անհնարինությունը:
13. Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքը դուրս գրելիս դուրս են գրվում նաև տվյալ դեբիտորական պարտքի գծով հաշվարկված տույժերը, տուգանքները կամ տոկոսները:
14. Կազմակերպությունը, որը տվյալ դեբիտորական պարտքի (ներառյալ՝ տույժերի, տուգանքների կամ տոկոսների) համար ձևավորել է հնարավոր կորուստների պահուստ, անհուսալի դեբիտորական պարտքը (ներառյալ՝ տույժերը, տուգանքները կամ տոկոսները) դուրս է գրում այդ պահուստի հաշվին:
15. Եթե տվյալ անհուսալի դեբիտորական պարտքի (ներառյալ՝ տույժերի, տուգանքների կամ տոկոսների) համար հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվել կամ ձևավորված պահուստը չի բավարարում այդ դեբիտորական պարտքի (ներառյալ՝ տույժերի, տուգանքների կամ տոկոսների) դուրսգրման համար, ապա անհուսալի դեբիտորական պարտքը (ներառյալ՝ տույժերը, տուգանքները կամ տոկոսները) կամ դրա` պահուստի հաշվին չմարված մասը համարվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ծախս և վերագրվում է հաշվետու ժամանակաշրջանի հավելուրդին կամ պակասուրդին:
16. Դուրսգրման պահից սկսած՝ անհուսալի դեբիտորական պարտքը (ներառյալ՝ տույժերը, տուգանքները կամ տոկոսները) առնվազն 5 տարի հաշվառվում է Կազմակերպության արտահաշվեկշռում:
17. Դուրսգրված դեբիտորական պարտքերը (ներառյալ՝ տույժերը, տուգանքները կամ տոկոսները) մարվելու դեպքում դրանց մարման արդյունքում ստացված միջոցները համարվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հասույթ և վերագրվում են այն հաշվետու ժամանակա-շրջանի հավելուրդին կամ պակասուրդին, որում դրանք ստացվել են:
4. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ
18. Սույն կարգով սահմանված դեպքերում դեբիտորական պարտքերի, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների և տոկոսների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը, դրա ճշգրտումը, անհուսալի դեբիտորական պարտքերի և դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների դուրսգրումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են հետևյալ ձևակերպումների միջոցով.
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
ԴԵԲԵՏ |
ԿՐԵԴԻՏ |
1) Ժամկետանց դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորում |
739 |
223 |
2) Ժամկետանց դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ճշգրտում ա. պահուստի ավելացում
բ. պահուստի նվազեցում |
739
223 |
223
639 |
3) Ժամկետանց դեբիտորական պարտքերի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում |
739 |
223 |
4) Ժամկետանց դեբիտորական պարտքերի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների հնարավոր կորուստների պահուստի ճշգրտում ա. պահուստի ավելացում
բ. պահուստի նվազեցում |
739
223 |
223
639 |
5) Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի հաշվին |
223 |
221, 222 կամ դեբիտորական պարտքերի համապատասխան այլ հաշիվ |
6) Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրում հաշվետու ժամանակաշրջանի հավելուրդի կամ պակասուրդի միջոցով |
739 |
221, 222 կամ դեբիտորական պարտքերի համապատասխան այլ հաշիվ |
7) Ժամկետանց դեբիտորական պարտքերի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների դուրսգրում ժամկետանց դեբիտորական պարտքերի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների հնարավոր կորուստների պահուստի հաշվին |
223 |
239 |
8) Ժամկետանց դեբիտորական պարտքերի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների դուրսգրում հաշվետու ժամանակաշրջանի հավելուրդի կամ պակասուրդի միջոցով |
739 |
239 |
9) Դուրսգրված դեբիտորական պարտքի և վերջինիս գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների վճարում. ա. պարտքի հակադարձում
բ. պարտքի վճարում |
221, 222, 239 կամ դեբիտորական պարտքի համապատասխան այլ հաշիվ
9943, 9999 կամ ներհոսքի համապատասխան այլ հաշիվ
251, 252 կամ համապատասխան այլ հաշիվ |
639
221, 222, 239 կամ դեբիտորական պարտքի համապատասխան այլ հաշիվ
9943, 9999 կամ ներհոսքի համապատասխան այլ հաշիվ |
5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի մարտի 13-ի թիվ 254-Ն հրամանով հաստատված հաշվետվությունների պատրաստման նպատակով դեբիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման միայն այն դեպքում, երբ պարտապանը «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ (անվճարունակ) կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել է պարտքի մարման անհնարինությունը: Դեբիտորական պարտքերը դուրս են գրվում ֆինանսավորման (ֆոնդերի) հաշվին:
Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը Կազմակերպության արտահաշվեկշռում հաշվառված դեբիտորական պարտքերը առանց սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրված լինելու դեպքում, Կազմակերպությունը պարտավոր է այդ դեբիտորական պարտքերը տեղափոխել և հաշվառել ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:
Դուրսգրման պահից սկսած՝ դուրսգրված դեբիտորական պարտքը առնվազն 5 տարի հաշվառվում է Կազմակերպության արտահաշվեկշռում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2021 թվական: