ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2020 թ. |
N 116-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
Ռ. Բադասյան |
Հավելված արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ
1. Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացվում է սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ կառավարիչ) կողմից՝ բաց աճուրդով, որը կազմակերպում և անցկացնում է կառավարիչը:
2. Կառավարիչը հրապարակային սակարկություններով գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից՝ հնգօրյա ժամկետում ապահովում է առաջին աճուրդի անցկացման մասին հայտարարության հրապարակումը: Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվում են նախորդ աճուրդը չկայացած համարվելու օրվանից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
3. Աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև փակցվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի համապատասխան նստավայրի (այսուհետ` դատարան) շենքում` հատուկ հատկացված տեղում: Կառավարիչը հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության միջոցներով:
4. Աճուրդի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) սնանկության գործի համարը, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, կառավարչի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) աճուրդի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը (հասցեն).
3) լոտի համարը, անվանումը, նկարագիրը, (եթե լոտը բաղկացած է մեկից ավելի գույքերից, ապա դրանց նկարագիրը, եթե լոտն իրավունք է, ապա դրա գործողության ժամկետը), լոտի մեկնարկային գինը, մեկից ավելի լոտերի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը, կիրառելի լինելու դեպքում` գույքի ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), գտնվելու վայրը, լոտի նկատմամբ սահմանափակումները (գույքի նկատմամբ գրանցված իրավունքները).
4) աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
5) աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար` մուտքի վճարի չափը, վճարման կարգը և սնանկության հատուկ հաշվի հաշվեհամարը, որին պետք է կատարվեն վճարումները.
6) աճուրդի մասնակցության հայտի, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար` աճուրդին ներկա գտնվելու համար ծանուցման ներկայացման կարգը և վայրը (հասցեն).
7) աճուրդի ձևը, աճուրդի անցկացման և հաղթողին որոշելու կարգը.
8) աճուրդում հաղթած մասնակցի կողմից վաճառքի գնի վճարման ժամկետները.
9) լոտն ուսումնասիրելու ժամանակը, վայրը և կարգը.
10) նշում այն մասին, որ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգին համապատասխան:
5. Աճուրդը պետք է անցկացվի աճուրդի մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 15 օր, և ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:
6. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել աճուրդի մասին հայտարարությունում նշված հասցեում գտնվող դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար: Հայտը գրասենյակում մուտքագրվելու դեպքում դրա վրա կատարվում է նշում մուտքագրման ամսաթվի և ժամի վերաբերյալ:
(6-րդ կետը փոփ. 03.08.20 N 300-Ն)
7. Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
8. Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
9. Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
10. Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:
11. Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում աճուրդի մասին հայտարարությունում նշված հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
(11-րդ կետը փոփ., լրաց. 15.05.20 N 173-Ն)
12. Աճուրդն անցկացվում է աճուրդի մասին հայտարարությունում նշված` աճուրդի անցկացման վայրում, օրը և ժամին:
13. Աճուրդի ողջ ընթացքը ձայնագրվում, իսկ հնարավորության դեպքում` նաև տեսագրվում է կառավարչի կողմից, ինչի մասին կառավարիչը պարտավոր է նախազգուշացնել աճուրդի մասնակիցներին և ներկա գտնվող այլ անձանց:
14. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել սույն կարգով սահմանված կանոններին, ինչպես նաև օրենքից և սույն կարգից բխող և աճուրդի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված կառավարչի օրինական ցուցումներին:
15. Եթե աճուրդի են ներկայացված մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ:
16. Աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ կառավարիչը ստուգում է հայտերի (ծանուցումների) և դրանց կից փաստաթղթերի՝ սույն կարգին համապատասխանությունը: Սույն կարգին համապատասխան հայտ (ծանուցում) ներկայացրած հայտատուները (աճուրդի մասնակից չհամարվող անձինք) համարվում են աճուրդին մասնակցելու (աճուրդին ներկա գտնվելու) իրավունք ստացած, ինչի մասին ծանուցվում են կառավարչի կողմից աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները նախարարի գրավոր հանձնարարականի ուժով համարվում են աճուրդին ներկա գտնվելու իրավունք ստացած:
(16-րդ կետը լրաց. 15.05.20 N 173-Ն)
17. Աճուրդն սկսելուց անմիջապես առաջ կառավարիչը իրականացնում է աճուրդին մասնակցելու իրավունք ստացած հայտատուների, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց գրանցում, որի համար աճուրդին ներկայացած անձինք կառավարչին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթը: Գրանցված մասնակիցները ստանում են աճուրդի վկայական (աճուրդի մասնակից չհամարվող անձինք` աճուրդի տոմս), որում նշվում է աճուրդի մասնակցի (մասնակից չհամարվող անձի) անունը, ազգանունը, աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը, սնանկության կառավարչի անունը, ազգանունը:
18. Հայտը (ծանուցումը) համարվում է սույն կարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու (մասնակից չհամարվող անձը` ներկա գտնվելու) իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից (մասնակից չհամարվող անձ) չի գրանցվում, եթե՝
1) հայտը (ծանուցումը) ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ կամ
2) հայտը (ծանուցումը) ներկայացնելու պահին ամբողջությամբ վճարված չի եղել նախավճարի և մասնակցության վճարի (սույն կարգով նախատեսված դեպքում` մուտքի վճարի) գումարը կամ
3) չեն ներկայացվել հայտին (ծանուցմանը) կից ներկայացվող փաստաթղթերը կամ
4) հայտատուն (մասնակից չհամարվող անձը) կամ հայտատուի ներկայացուցիչը գրանցվելու համար կառավարչին չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների:
(18-րդ կետը լրաց. 15.05.20 N 173-Ն)
19. Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում կառավարչի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են կառավարիչը և համապատասխան անձը: Անձի կողմից ստորագրելուց հրաժարվելու կամ ցանկացած այլ պատճառով արձանագրությունը չստորագրվելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում արձանագրությունում: Եթե անձը չի ներկայացել աճուրդին, ապա արձանագրությունը ստորագրում է միայն կառավարիչը` արձանագրությունում նշում կատարելով այդ մասին: Արձանագրության մեկ օրինակը անձի պահանջով տրամադրվում է նրան:
20. Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում աճուրդին մասնակցելու համար չգրանցված հայտատուի կողմից վճարված նախավճարը վերադարձվում է նրան՝ սույն կարգին համապատասխան:
21. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով գրանցումն ավարտելուց հետո կառավարիչը հայտարարում է լոտի աճուրդի մեկնարկը՝ նշելով աճուրդի ներկայացվող լոտի համարը, անվանումը, մեկնարկային գինը, որից հետո հայտատուները կարող են ներկայացնել գնային առաջարկ՝ ըստ աճուրդի քայլերի:
22. Հայտատուի առաջին գնային առաջարկը չի կարող պակաս լինել աճուրդի մեկնարկային գնից, իսկ երկրորդ և հաջորդ առաջարկված գները չեն կարող պակաս լինել նախորդ առաջարկված գնից:
23. Գնային առաջարկը կատարվում է նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով (աճուրդի քայլով): Նվազագույն հավելման չափը որոշվում է՝ ելնելով լոտի մեկնարկային գնից՝ հետևյալ կարգով.
1) մինչև 100 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 500 ՀՀ դրամ.
2) 100 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ.
3) 500 000 ՀՀ դրամից մինչև 1 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 10 000 ՀՀ դրամ.
4) 1 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 50 000 ՀՀ դրամ.
5) 10 000 000 ՀՀ դրամից բարձր մեկնարկային գնի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ:
(23-րդ կետը փոփ. 15.05.20 N 173-Ն)
24. Որևէ մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացվելուց հետո կառավարիչը հայտարարում է այդ մասնակցի առաջարկած գինը և այն առաջարկած մասնակցի անունը, ազգանունը (կամ անվանումը), որից հետո երեք անգամ, երկուական վայրկյան ընդմիջումներով հայտարարում է վերջին առաջարկված (ամենաբարձր) գնային առաջարկը: Մինչև առաջարկված ամենաբարձր գնային առաջարկի մասին վերջին՝ երրորդ անգամը հայտարարելը մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել նոր գնային առաջարկ՝ սույն կարգի 23-րդ կետին համապատասխան ավելի բարձր գին առաջարկելով: Վերջին ամենաբարձր գինն առաջարկած մասնակցի տվյալները երրորդ անգամ հայտարարելուց հետո այլ գնային առաջարկ չի կարող ներկայացվել, իսկ տվյալ պահին ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթող և աճուրդը համարվում է ավարտված:
25. Կառավարիչը գրառման թերթիկում գրառում է աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից առաջարկված գները և գրառման թերթիկը աճուրդի ավարտին ներկայացնում է մասնակիցների ստորագրմանը: Մասնակիցների կողմից ստորագրելուց հրաժարվելու կամ չստորագրվելու դեպքում կառավարիչը այդ մասին նշում է կատարում գրառման թերթիկում:
26. Աճուրդում հաղթող մասնակցի հետ աճուրդի ավարտից անմիջապես հետո ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
27. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունում, ի թիվս այլնի, պետք է նշվեն.
1) սնանկության գործի համարը, պարտապանի անվանումը կամ անունն ու ազգանունը, կառավարչի անունն ու ազգանունը,
2) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը (հասցեն),
3) լոտի համարը, անվանումը և նույնականացնող տվյալները, լոտի աճուրդի մեկնարկային գինը,
4) աճուրդի հաղթողի անվանումը և ՀՎՀՀ-ն կամ անունը, ազգանունն ու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հասցեն,
5) լոտի վաճառքի գինը, աճուրդում հաղթած մասնակցի կողմից վաճառքի գնի վճարման ժամկետները:
28. Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
29. Եթե աճուրդին մասնակցելու համար ներկայացվել է մեկ հայտ, հայտատուն ստացել է աճուրդին մասնակցելու իրավունք և աճուրդի քայլ չի կատարում, ապա հայտատուն համարվում է լոտի մեկնարկային գնով աճուրդի հաղթող:
30. Եթե աճուրդին մասնակցելու համար մեկից ավելի հայտատուներ ստացել են աճուրդին մասնակցելու իրավունք, սակայն նրանցից որևէ մեկը գնային առաջարկ չի ներկայացնում, ապա աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդին մասնակցելու իրավունք ստացած հայտատուների կողմից վճարված մասնակցության վճարներն ու նախավճարները հետ չեն վերադարձվում:
31. Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
(31-րդ կետը փոփ., լրաց. 15.05.20 N 173-Ն)
32. Եթե սույն կարգի 31-րդ կետում նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
33. Սույն կարգով նախատեսված դեպքերի բացի աճուրդը չկայացած է համարվում նաև, եթե՝
1) աճուրդին մասնակցելու համար որևէ անձ սույն կարգի պահանջներին համապատասխան հայտ չի ներկայացրել.
2) հայտ ներկայացրած բոլոր անձինք չեն մասնակցել աճուրդին կամ աճուրդին մասնակցելու իրավունք չեն ստացել կամ չեն գրանցվել որպես աճուրդի մասնակից.
3) աճուրդի հաղթողը և սույն կարգի 28-րդ կետի ուժով հաղթող համարված բոլոր անձինք հրաժարվել են ստորագրել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չի ստորագրվել.
4) դատարանի որոշմամբ ընդհատվել է լոտում ներառված գույքի իրացումը և եթե այլ լոտեր առկա չեն:
34. Եթե աճուրդը համարվել է չկայացած սույն կարգի 33-րդ կետի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա յուրաքանչյուր հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը նվազեցվում է հետևյալ չափով.
1) անշարժ գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.
2) շարժական գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.
3) լոտում և՛ անշարժ և շարժական գույքեր ներառված լինելու դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.
4) թանկարժեք մետաղ կամ քարեր պարունակող պերճանքի առարկաների դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 2 տոկոսի չափով.
5) պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
35. Եթե աճուրդին մասնակցելու իրավունք է ստացել առնվազն մեկ հայտատու և այդ աճուրդը համարվել է չկայացած կամ անվավեր, ապա հաջորդ աճուրդի համար աճուրդի մեկնարկային գինը չի նվազեցվում, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» օրենքով:
36. Տասնհինգերորդ աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» օրենքով:
37. Եթե սույն կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
38. Հայտ ներկայացրած անձի կողմից վճարված և սույն կարգով նախատեսված դեպքերում վերադարձման ենթակա վճարի գումարը կառավարիչը վերադարձնում է այդ անձի դիմումն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարը փոխանցելով դիմումում նշված բանկային հաշվի հաշվեհամարին կամ այն տրամադրելով առձեռն՝ ստացող անձից պահանջելով գումարը ստանալու մասին գրավոր հավաստում: Սույն կետով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել մինչև սնանկության գործի ավարտը:
(38-րդ կետը լրաց. 15.05.20 N 173-Ն)
39. Աճուրդը չկայացած համարվելու օրը կառավարիչը կազմում է համապատասխան արձանագրություն՝ որում, ի թիվս այլնի, նշվում է աճուրդը չկայանալու հիմքերն ու պատճառները:
(39-րդ կետը փոփ. 15.05.20 N 173-Ն)
40. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդը չկայանալու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների: Սույն կետով նախատեսված հիմքով գույքը գնելու համար պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումը սնանկության հատուկ հաշվին կատարում են գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը չկայացած աճուրդի մեկնարկային գնի մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է: Գնման գործարքը կնքվում է սույն կետով սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(40-րդ կետը լրաց. 15.05.20 N 173-Ն)
41. Պարտապանի գույքի իրացումը դատարանի կողմից ընդհատվելու դեպքում այդ գույքը ընդգրկող լոտը հանվում է աճուրդից:
42. Սույն կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի հիմքով աճուրդը չկայացած համարվելու մասին կառավարիչը անհապաղ ծանուցում է աճուրդին մասնակցելու հայտ ներկայացրած, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց և համապատասխան հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Կառավարիչը սույն կարգի 38-րդ կետին համապատասխան իրականացնում է համապատասխան վճարների վերադարձը:
43. Կազմակերպված աճուրդների արդյունքում հավաքագրված աճուրդի մասնակցության վճարները օրենքով սահմանված կարգով ուղղվում են պարտատերերի պահանջների բավարարմանը:
44. Կառավարիչը պարտավոր է աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն), ինչպես նաև ձայնագրությունները (տեսագրությունները) աճուրդի ավարտից հետո` առնվազն երեք տարվա ընթացքում պահպանել սնանկության գործում:
(44-րդ կետը լրաց. 15.05.20 N 173-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 15.05.20 N 173-Ն, փոփ. 03.08.20 N 300-Ն)