«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 2-րդ մասը`
(նախաբանը լրաց. 06.05.13 N 15-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Դ. Դումանյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 7 օգոստոսի 2012 թ. N 12-Ն հրամանի |
ԱՐՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են արյան (այսուհետ` դոնորական արյան փորձանմուշ) պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները:
2. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն ուղղված են արյան միջոցով վարակների փոխանցման վտանգի նվազեցմանը:
3. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոխորհրդի Արյան փոխներարկման կոմիտեի «Արյան բաղադրամասերի ստացման, օգտագործման և որակի ապահովման R(95)15» ուղեցույցի երաշխավորագրերի, դոնորական արյան փորձանմուշը պարտադիր հետազոտվում է հետևյալ ինֆեկցիաների /վարակների/ հարուցիչների նկատմամբ`
1) վիրուսային հեպատիտ Բ-ի,
2) վիրուսային հեպատիտ Ց-ի,
3) սիֆիլիսի,
4) մարդու իմունային անբավարարության վարակի,
5) բրուցելոզի:
4. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտությունների միջոցով որոշվում է դոնորական արյան փորձանմուշի խմբային և ռեզուս պատկանելիությունը:
5. Դոնորական արյան փորձանմուշի մեջ պարտադիր որոշվում է ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) քանակը:
6. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն իրականացվում են հետևյալ կարգով ու մեթոդներով՝
1) մարդու իմունային անբավարարություն առաջացնող վիրուս 1 և 2 տիպի հարուցիչների հակածինների և հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
2) ավստրալիական հակածնի Էյջ Բի ս Էյ ջի- (HBsAg) որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
3) հակա- Էյջ բի սի Օ էռ (Hbcor) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
4) հակա-Էյջ Սի Վի (HCV) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
5) հակապալլիդում հակամարմինների որոշում պրեցիպիտացիայի ԷռՓիԷռ (-RPR) և ագլյուտինացիայի Թի Փի Էյջ Էյ -(TPHA) կամ իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
6) հակաբրուցելոզային հակամարմինների որոշում ագլյուտինացիայի կամ իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,
7) Դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի և մարդու իմունային անբավարարության վարակների նկատմամբ պարտադիր իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով:
(6-րդ կետը լրաց. 07.02.20 N 04-Ն)
7. Դոնորական արյան փորձանմուշում ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) ակտիվության որոշում կինետիկական մեթոդով՝ թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն:
8. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում են՝ էրիթրոցիտային Օ (Օ), Էյ-(A), B- (Բի), հակածինները և շիճուկում որոշվում են α (ալֆա), β (բետա) հակամարմինները խաչաձև մեթոդով: Հակածին Այ-A-ի թույլ արտահայտվածության դեպքում որոշվում է նաև Էյջ (H) հակածինը:
9. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում են ռեզուս համակարգի Դի ՍԻ (D, C) հակածինները՝ մոնոկլոնալ հակամարմիններով կամ կոնգլյուտինացիայի մեթոդով:
10. Հնարավոր հետփոխներարկումային ռեակցիաների և բարդությունների պատճառների վերլուծման նպատակով հետազոտված փորձանմուշները պահպանվում են`
1) վարակային անվտանգության հետազոտման նպատակով վերցված փորձանմուշները սառեցվում և պահպանվում են –200 C ջերմաստիճանի պայմանում մեկ օրացուցային տարի, որից հետո խոտանվում են.
2) խմբային և ռեզուս պատկանելիության որոշման նպատակով վերցված փորձանմուշները պահպանվում են +2 +400C ջերմաստիճանի պայմանում 14 օրացուցային օր, որից հետո խոտանվում են:
11. Դոնորական արյան փորձանմուշի հետազոտությունների իրականացման դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված N 4, N 6, N 7, N 8, N 9, N 10 ձևերը:
12. Ռեզուս բացասական դոնորների արյան փորձանմուշում որոշվում է հակա-Դե (հակա-D) հակամարմինների առկայությունը:
(12-րդ կետը լրաց. 27.04.15 N 18-Ն)
(հավելվածը լրաց. 27.04.15 N 18-Ն, 07.02.20 N 04-Ն)