Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական կոմիտեի եվ Բելառուսի Հանրապետության սպորտի եվ տուրիզմի նախարարության միջեվ ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
ընդունելով, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցությունը երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման կարևոր և անհրաժեշտ տարրերից մեկն է,
ձգտելով հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև փոխհարաբերությունների ընդլայնման և խրախուսման համար,
կնքեցին սույն Համաձայնագիրը ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Միջազգային սպորտային համագործակցությունն ամրապնդելու նպատակով Կողմերը կհամակարգեն իրենց գործունեությունը` միջազգային սպորտային և օլիմպիական շարժման հարցերով հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու, միջազգային սպորտային մարմիններում իրենց գործունեությունը համակարգելու միջոցով:
Կողմերը կաջակցեն հայ և բելառուս մարզիկների, մարզիչների, մարզական շարժման կազմակերպիչների մասնակցությանը մրցումներին և միջազգային մարզական միջոցառումներին, որոնք կազմակերպվում են Կողմերի պետություններում:
Կողմերը կխրախուսեն ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, ազգային, հավաքական և ակումբային թիմերի տարբեր մարզաձևերով համատեղ մարզումները Կողմերի պետությունների մարզական բազաներում` նպատակ ունենալով բարձրացնել պատրաստվածությունը և մարզական վարպետությունը:
Հոդված 2
Կողմերը կաջակցեն մարզական մասսայական միջոցառումների կազմակերպմանը, բնակչությանը ֆիզիկական կուլտուրայով կանոնավոր զբաղվելու ներգրավման բնագավառներում փորձի փոխանակմանը:
Կողմերը կփոխանակեն գիտամեթոդական տեղեկատվություն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության կազդուրման և հանգստի կազմակերպման հարցերի մասին:
Հոդված 3
Կողմերը կաջակցեն մարզչական և գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և փոխանակմանը:
Կողմերը կնպաստեն հայ և բելառուս գիտնականների, մասնագետների մասնակցությանը երկու պետություններում սպորտի հարցերով կազմակերպվող համագումարներին, գիտաժողովներին, սեմինարներին:
Կողմերը կաջակցեն գիտական աշխատությունների, սպորտի բնագավառում բարձրագույն վարպետության նորագույն ձեռքբերումների, սպորտային կանխատեսման, բարձրակարգ մարզիկների պատրաստման համար բժշկակենսաբանական ապահովման մեթոդների և ժամանակակից գիտական տեխնիկայի և սարքավորումների օգտագործման մասին տեղեկատվության փոխանակմանը:
Հոդված 4
Կողմերը, հաստատելով իրենց հավատարմությունը արդարացի խաղի սկզբունքներին, համատեղ գործողություններ կիրականացնեն մրցումներին և մրցումներից դուրս մարզիկների պատրաստվելու ընթացքում արգելված միջոցների և մեթոդների օգտագործման դեմ:
Հոդված 5
Կողմերը կնպաստեն փորձի փոխանակմանը մարզակառույցների կառուցման և շահագործման, մարզահագուստի և մարզագույքի արտադրության և ձեռքբերման բնագավառում:
Հոդված 6
Կողմերը կնպաստեն մարզաձևերի ֆեդերացիաների, օլիմպիական հերթափոխի կենտրոնների, սպորտային ուղղվածության գիտական և ուսումնական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը, որոնք կիրականացվեն փոխադարձաբար ընդունելի պայմաններով:
Հոդված 7
Համագործակցությունն արդյունավետ իրականացնելու նպատակով Կողմերը պայմանավորվեցին ընդունել մարզական փոխանակումների ամենամյա ծրագիր, որը կմշակեն և կստորագրեն Կողմերի միջև նախապես համաձայնեցված ժամկետներում:
Հոդված 8
Կողմերը սահմանում են, որ սույն Համաձայնագրի հոդվածներում շարադրված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ձևերը կիրականացվեն փոխադարձ հարգանքի, հավասարության, Կողմերի իրավունքների և պարտականությունների պահպանման պայմաններով: Սույն Համաձայնագրի իրագործման ձևը, ծրագիրը և ֆինանսական պայմանները կորոշվեն Կողմերի պետությունների սպորտի և մարզական կազմակերպությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից` խորհրդատվությունների միջոցով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է 4 (չորս) տարվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ չորսամյա ժամանակահատվածով, պայմանով, որ Կողմերից ոչ մեկը այդ ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով, գրավոր ծանուցմամբ չի հայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկությունը:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ժամանակ սկսված բոլոր ծրագրերի և նախագծերի կատարման ընթացքի վրա, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է 1993 թվականի հոկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 7-ից:
