Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.23/55(1508).1 Հոդ.181
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2019
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2019 թ.
քաղ. Երևան

N 264-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-43-րդ կետերով.

«21. Կալանավորված անձի կամ դատապարտյալի (սույն հավելվածում այսուհետ` ազատազրկված անձ) հետ ամուսնանալ ցանկացող անձը ամուսնության մասին համատեղ դիմում (սույն հավելվածում այսուհետ՝ դիմում) է ներկայացնում իր մշտական բնակության վայրի կամ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների (սույն հավելվածում այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկ) գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

22. ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմումում և դիմողի ինքնությունը հաստատող փաստաթղթում նշված տեղեկությունները համեմատում է, հաստատում նրա ստորագրությունը ու դիմումը վերադարձնում է դիմումատուին` այն քրեակատարողական հիմնարկ ուղարկելու և ազատազրկված անձին հանձնելու նպատակով:

23. Դիմումն ստանալուց հետո քրեակատարողական հիմնարկն այն հանձնում է ազատազրկված անձին: Ամուսնության փոխադարձ համաձայնության դեպքում ազատազրկված անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն: Դիմումի մեջ բացակայող տեղեկությունները լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումում նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, հաստատում է նրա ստորագրությունը և այն ուղարկում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Եթե ազատազրկված անձի անձնական գործում տեղեկություններ չկան նրա ընտանեկան դրության մասին կամ որոշ տեղեկություններ թերի են, միմյանց հակասող, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դրանք պահանջելու կամ ճշտելու ուղղությամբ:

24. Եթե ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պետք է նրան տրամադրի դիմումի ձև: Ազատազրկված անձի կողմից դիմումի՝ իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Ազատազրկված անձի ստորագրությունը հաստատելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դիմումն ուղարկվում է այն անձին, որի հետ ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ՝ միաժամանակ հայտնելով քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ կարող է կատարվել ամուսնության գրանցումը:

25. Ամուսնության փոխադարձ համաձայնության դեպքում դիմում ստացող անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն և հանձնում իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

26. Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը, ընդունելով դիմումը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը և այդ մասին նախապես իրազեկում ամուսնացող անձանց:

27. Ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում:

28. Ազատազրկված անձի հետ ամուսնացած անձին ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրվում է ամուսնության վկայական:

29. Ազատազրկված անձի անձնական գործում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում ամուսնության գրանցման մասին, ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ժամանակը, ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը և ամուսնությունը գրանցելու ժամանակը:

30. Եթե ազատազրկված անձն ամուսնանալիս ընտրել է ամուսնու ազգանունը, ապա անձնական գործում ամուսնության գրանցման վերաբերյալ նշման տակ կատարվում է համապատասխան գրառում: Այդ դեպքում ազատազրկված անձի անձնագրի առաջին էջում նշում է կատարվում, որը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կլոր կնիքով:

31. Ազատությունից զրկված անձանց միջև ամուսնությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (սույն հավելվածում այսուհետ՝ գործակալություն) պետի կողմից ընտրված՝ ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժնի կողմից՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկների ղեկավարների համաձայնությամբ ընտրված քրեակատարողական հիմնարկում:

32. Ազատազրկված անձանց կողմից ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրանց տրամադրում է դիմումի ձև, որի մեջ պետք է հաստատվի՝

1) ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը,

2) ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

3) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված՝ ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:

33. Ազատազրկված անձի կողմից դիմումի՝ իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը ամուսնացող ազատազրկված անձին հանձնելու նպատակով ուղարկում է վերջինիս պահման վայրի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:

34. Ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնության դեպքում սույն հավելվածի 32-րդ կետում նշված դիմումն ստացող ազատազրկված անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն: Ազատազրկված անձի կողմից դիմումի՝ իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը:

35. Դիմումին կից պետք է ներկայացվեն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը։

36. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը և սույն հավելվածի 35-րդ կետով սահմանված կից փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գործակալություն:

37. Դիմումն ընդունված է համարվում գործակալություն մուտքագրվելու օրը:

38. Գործակալությունը, ստանալով դիմումը և կից փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունն ու ճշտությունը:

39. Գործակալության պետը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջարկության հիման վրա ընտրում է ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժինը, որը գրանցում է ամուսնությունը:

40. ՔԿԱԳ համապատասխան տարածքային մարմինը, ընդունելով դիմումը և կից փաստաթղթերը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը, վայրը և այդ մասին նախապես իրազեկում ամուսնացող անձանց:

41. Քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմն ապահովում է ամուսնացող անձանց ներկայությունը այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետք է իրականացվի ամուսնության պետական գրանցումը:

42. ՔԿԱԳ համապատասխան տարածքային մարմնի կողմից ազատազրկված անձանց ամուսնության պետական գրանցումից հետո ամուսնացած անձանցից մեկին տրվում է ամուսնության վկայական:

43. Սույն հավելվածի 21-30-րդ կետերով սահմանված դրույթները տարածվում են ազատազրկման վայրերում պահվող անձանց միջև ամուսնության գրանցման վերաբերյալ դրույթների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:»:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 2-ի «Ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնության գրանցման կարգը սահմանելու մասին» N 153-Ն հրամանը:

 

 

Ռ. Բադասյան