Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.368
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1167-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԸ, ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԱՅՐ ՄՈՒՏՔԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել փրկարար ուժերի խմբավորման կազմը, շարասյուների և պահեստային ուժերի խնդիրները, խմբավորման մեջ ընդգրկված ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի վայր մուտքի երթուղիների ապահովման պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017 թվականի հոկտեմբերի 9-ի
թիվ
1167-Ն հրամանի

 

ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԸ, ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԱՅՐ ՄՈՒՏՔԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են փրկարար ուժերի խմբավորման կազմը, շարասյուների և պահեստային ուժերի խնդիրները, խմբավորման մեջ ընդգրկված ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի վայր մուտքի երթուղիների ապահովման պայմանները:

2. Սույն ակտում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) փրկարար ուժեր - փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.

2) փրկարար ուժերի խմբավորումներ - փրկարար ուժերի մի մաս, որը նախատեսված կոնկրետ վայրում (թաղամասում, ուղղությունում) փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կազմակերպելու և իրականացնելու համար.

3) վթարափրկարարական ստորաբաժանում - հետախուզության, տուժածների որոնման, տուժածներին առաջին օգնության ցուցաբերման ու տեղափոխման և միաժամանակ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանում.

4) մեխանիզացված ստորաբաժանում - դեպի խոցման օջախներ և առավել կարևոր աշխատանքային տեղամասեր անցուղիների ապահովման, հատուկ բարդության և այլ ինժեներական աշխատանքների իրականացման համար նախատեսված ստորաբաժանում.

5) ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզության ստորաբաժանում - ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգ իրականացնող ստորաբաժանում.

6) հրշեջ-փրկարարական ստորաբաժանում - փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված ստորաբաժանում.

7) սանիտարական ստորաբաժանում - խմբավորումների կազմի մեջ մտնող առողջապահության հետ կապված միջոցառումների և բժշկական ծառայության իրականացման ստորաբաժանում.

8) վթարային-տեխնիկական ստորաբաժանում - տեխնոլոգիական, կոմունալ և էներգետիկ ցանցերի (գազի, հոսանքագծերի, ջրատարների, ջերմատարների) վթարների հայտնաբերման և վերացման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանում:

 

II. ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

3. Արտակարգ իրավիճակներում գործելու և հետևանքների վերացման ու քաղաքացիական պաշտպանության պլաններում նախատեսվում են փրկարար ուժերի խմբավորումների ստեղծումը, որոնք նախատեսված են ռազմական դրության և արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

4. Լիազոր մարմնի ղեկավարի կամ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով աղետի գոտում ստեղծվում են փրկարար ուժերի խմբավորումներ, որտեղ կարող են ընդգրկվել նաև այլ ստորաբաժանումներ` փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար:

5. Փրկարար ուժերի խմբավորումները ստեղծվում են նախօրոք` համաձայն մշակված համապատասխան պլանների, հաշվի առնելով ուժերի և միջոցների իրական վիճակն ու առկայությունը, աղետի գոտում փրկարարական աշխատանքների ծավալը:

 

III. ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Փրկարար ուժերի խմբավորումների ղեկավար կազմը պատասխանատու է նախատեսված գործողությունների իրականացման համար և ապահովում է`

1) ուժերի լրիվ պատրաստականության բերումը նախատեսված ժամանակներում.

2) ուժերի մուտքը դեպի խոցման օջախ և փրկարարական աշխատանքների իրականացումը.

3) հիմնական ուժերի և միջոցների կենտրոնացումն աշխատանքների առավել կարևոր տեղամասերում` մարդկանց փրկման, տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման և բուժհիմնարկներ տեղափոխելու կազմակերպման նպատակով.

4) փրկարարական աշխատանքների կազմակերպումը, իրականացումն ու ավարտը հնարավոր սեղմ ժամկետներում.

5) ուժերի մանևրելու հնարավորությունը.

6) աշխատանքային տեղամասերում համապատասխան ստորաբաժանումների ժամանակին արձագանքումն ու հերթափոխը.

7) ստորաբաժանումների պաշտպանությունը զանգվածային խոցման զենքից.

8) ուժերի կայուն կառավարումը և նրանց միջև անընդմեջ փոխգործողության մշտական ապահովումը:

 

IV. ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Փրկարարական, հասարակական կազմավորումների, պետական և տարածքային կառավարման մարմինների ծառայողների և աշխատակիցների բազայի հիման վրա կազմվում է ուժերի խմբավորում, որը նախատեսված է փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար:

8. Փրկարար ուժերի խմբավորումները կազմված են`

1) առաջին շարասյունից, որը նախատեսված է իրավիճակը բացահայտելու, գնահատելու, փրկարարական աշխատանքներ սկսելու և հետագայում ժամանող ուժերի ներգրավումն ապահովելու համար: Այդ նպատակներով շարասյան կազմում ընդգրկվում են առավել շարժունակ և լավ համալրված ուժեր, որոնք ընդունակ են սեղմ ժամկետներում ժամանել աշխատանքների տեղամասեր և անցնել դրված խնդիրների կատարմանը: Դրանք են`

ա. լիազոր մարմնի ստորաբաժանումների 2/3-ը (մնացած ուժերը մնում են հիմնական տեղակայման վայրերում՝ ամենօրյա խնդիրների լուծման համար),

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ուժերը.

2) երկրորդ շարասյունից, որը նախատեսված է փրկարարական աշխատանքների ծավալը կտրուկ ընդլայնելու համար: Ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների մշտական պատրաստականության ուժերը` յուրաքանչյուր մարզի փրկարարական համալիր ջոկատը և վթարավերականգնողական խմբերը.

3) պահեստային շարասյունից, որը նախատեսված է անսպասելի ծագող խնդիրների լուծման համար: Ընդգրկում է երկրորդ շարասյունում չընդգրկված մարզային և համայնքային ուժերը, հասարակական փրկարարական խմբերը և ներգրավված բնակչությանը:

9. Առաջին շարասյան պատրաստվածության ժամկետը մինչև «Ժ»+6 ժամ, երկրորդ շարասյան պատրաստվածության ժամկետը «Ժ»+6 ժամից մինչև «Ժ»+12 ժամ, և պահուստը` «Ժ»+12 ժամ և ավելի:

10. Փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով ուժերի և միջոցների ստեղծման ժամանակ պահպանվում են նրանց չմասնատելու սկզբունքները՝ գլխավոր խնդրի իրականացման համար, հաշվի առնելով բնակավայրերի ավերվածության աստիճանը և նրանցում բնակչության թիվը (խտությունը): Ուժերի տեղակայման վայր ընտրելիս՝ հաշվի են առնվում հիգիենիկ - համաճարակային իրավիճակը, գերակշռող քամիների ուղղությունը, ճանապարհների առկայությունը արտակարգ իրավիճակներից ավերված գոտիներում (հատվածներում), փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելիս՝ ուժերի և միջոցների կենտրոնացված ղեկավարումն իրագործելու հնարավորությունները, նյութատեխնիկական ապահովումը, ուժերի և միջոցների ուղղումը ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասեր՝ փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարելու համար:

11. Փոքրաթիվ ուժերի առկայության դեպքում, ելնելով իրավիճակից, ուժերի խմբավորումը կազմվում է մեկ շարասյունից:

12. Շարասյուների կազմում ընդգրկված ուժերը (ստորաբաժանումները) տեղաբաշխվում են ըստ հերթափոխերի` պահպանելով իրենց կազմակերպչական կառուցվածքի ամբողջականությունը: Հերթափոխերի կազմում ընդգրկվում են փրկարարական աշխատանքների ողջ համալիրն իրականացնող տարբեր ուժերն ու միջոցները:

13. Շարասյուների կազմում ընդգրկվում են հետևյալ ստորաբաժանումները`

1) վթարափրկարարական ստորաբաժանում, որը նախատեսված է հետախուզության, տուժածների որոնման, տուժածներին առաջին օգնության ցուցաբերման ու տեղափոխման, շարժման երթուղին որոշելու և միաժամանակ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար.

2) մեխանիզացված ստորաբաժանում, որը նախատեսված է դեպի խոցման օջախներ և առավել կարևոր աշխատանքային տեղամասեր անցուղիների ապահովման և այլ ինժեներական աշխատանքների իրականացման համար.

3) ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզության ստորաբաժանում` որն իրականացնում է աղետի գոտու և դեպի աշխատանքային տեղամասեր տանող երթուղիների ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգ, որոշում դրանց ներգործության վերացման և կասեցման աշխատանքների եղանակները, ծավալները և հաջորդականությունը.

4) հրշեջ-փրկարարական ստորաբաժանում` որը որոշում է հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման օբյեկտները և եղանակները, հակահրդեհային միջոցների ծավալման և ջրի հավաքման վայրերը, դեպի հրդեհի օջախ շարժման երթուղին և կարգը.

5) սանիտարական ստորաբաժանում` որը որոշում է բուժկետի տեղակայման վայրը, տուժածների որոնման և առաջին օգնության տրամադրման տեղամասը (օբյեկտը), տուժածների ընդունման, գրանցման և տեսակավորման հաջորդականությունը` ըստ վնասվածության աստիճանի և բուժօգնության ծավալի, տուժածների նախապատրաստման և տարհանման կարգը, նրանց տրանսպորտ նստեցնելու տեղերը և դուրսբերման երթուղիները, փոխադրման ոչ ենթակա հիվանդների առաջին բուժօգնության և ժամանակավոր հոսպիտալացման տեղերը.

6) վթարային-տեխնիկական ստորաբաժանում` որը նախատեսված է տեխնոլոգիական, կոմունալ և էներգետիկ ցանցերի (գազի, հոսանքագծերի, ջրատարների, ջերմատարների) վթարների հայտնաբերման և վերացման աշխատանքներ իրականացնելու համար:

14. Շարասյուների կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումներին տրվում են առաջադրանքներ, ըստ իրենց նշանակության: Առաջադրանքները առաջին հերթին տրվում են այն ստորաբաժանումներին, որոնք լուծում են հիմնական խնդիրները, սկսում են գործել առաջնային կարգով:

15. Ջրային ճանապարհով դեպի խոցման օջախ ուժերի մուտքի ապահովման համար ստեղծվում են երթուղու ապահովման ջրային (գետային) ստորաբաժանումներ:

16. Իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում, ուժերի ու միջոցների փոխարինման, աշխատանքների նոր տեղամասերի ստեղծման և տեղափոխման համար, շարասյուների մեջ ստեղծվում են պահեստային ուժեր: Պահեստային ուժերի կազմում սովորաբար ընդգրկվում են մեխանիզացված հատուկ սարքավորումներով հագեցած ուժերը: Կախված կոնկրետ իրավիճակից, հնարավոր խնդիրների բնույթից և ուժերի ու միջոցների առկայությունից` պահեստային ուժերի կազմերը կարող են փոխվել:

17. Պահեստային ուժերի կազմում ընդգրկվում են շարասյուների կազմում չընդգրկված ստորաբաժանումները և կազմավորումները, ինչպես նաև դրված խնդիրների կատարումից հետո խոցման օջախներից դուրս բերված ուժերն ու միջոցները:

18. Շարասյուների և պահուստային ուժերի խնդիրներն են՝

1) հետախուզության իրականացումը.

2) ժամանակավոր ճանապարհների բացումը դեպի արտակարգ իրավիճակի վայր.

3) տուժածներին օգնության ցուցաբերմանն ուղղված անհետաձգելի վթարային աշխատանքների կատարումը.

4) տուժած բնակչության առաջին բժշկական օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

 

V. ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների հաջող կերպով իրականացումը կախված է, առաջին հերթին, ղեկավարների օպերատիվ և համակարգված գործողություններից, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավված կազմավորումների անձակազմի՝ ծայրահեղ պայմաններում ճշգրիտ խնդիր լուծելու պատրաստականությունից:

20. Ստորաբաժանման հրամանատարը հանդիսանում է ողջ անձնակազմի ուղղակի ղեկավարը և կրում է պատասխանատվություն ենթակաների նախապատրաստության համար:

21. Ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է`

1) գիտենալ ստորաբաժանման կառուցվածքը, նրա խնդիրները և հնարավորությունները.

2) գիտենալ ենթակաների պատրաստվածության մակարդակը.

3) մշտապես կատարելագործել ՔՊ և ԱԻ ոլորտներում գիտելիքները, կազմակերպել և անձնակազմի հետ անցկացնել ընդհանուր ու հատուկ պատրաստվածության վարժանքներ.

4) ղեկավարել ստորաբաժանման աշխատանքը և վթարափրկարարական ու այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ընթացքում անընդհատ ապահովել փոխգործակցությունն այլ ստորաբաժանումների հետ.

5) անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կայացնել որոշումներ՝ ելնելով իրավիճակից, չսպասելով ավագ ղեկավարների ցուցումներին.

6) հոգալ ստորաբաժանման անձնակազմի՝ պաշտպանության միջոցներով ապահովման մասին.

7) հետևել տեխնիկայի հետ աշխատելու, երթուղու իրականացման, աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության կանոններին.

8) ճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկել ժամանակակից խոցման միջոցներից և արտակարգ իրավիճակների խոցող գործոններից անձնակազմի պաշտպանության համար.

9) ունենալ տեղեկատվություն ստորաբաժանման կազմի, ինչպես նաև տեխնիկայի, վառելիքի և այլ նյութական միջոցների առկայության և վիճակի վերաբերյալ.

10) կազմակերպել ստորաբաժանման նյութական և տեխնիկական ապահովումը:

22. Ստորաբաժանման հրամանատարը և իր տեղակալները (օգնականները) պետք է գիտենան`

1) տարածքի և հնարավոր աշխատանքների տեղամասերի (օբյեկտներ) կառուցապատման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց մոտենալու ուղիները.

2) պաշտպանական կառույցների տեղադրությունը, դրանց տարողունակությունը և տեխնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց մոտենալու ուղիները.

3) շենքերի փլուզման և փլատակների առաջացման դեպքում, օբյեկտի արդյունաբերական առանձնահատկությունները.

4) հնարավոր վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների բնույթը.

5) քիմիական վտանգավոր նյութերի, դյուրավառ հեղուկների և պայթյունավտանգ նյութերի պահպանման վայրերը, աշխատանքների իրականացման տարածքում (օբյեկտում) և հարակից տարածքներում կոմունալ - էներգետիկ ցանցերի տեղադրությունը ու այլ տվյալներ, որոնք ներառված են օբյեկտի անվտանգության անձնագրում:

23. Ստորաբաժանման հրամանատարը և իր տեղակալները (օգնականներ) նախապես մշակում են ստորաբաժանման պատրաստության բերելու պլանը: Պլանում նախատեսվում է ստորաբաժանման իրազեկման կարգը աշխատանքային և ոչ աշխատանքային ժամանակ, անձնակազմի հավաքի վայրը և ժամկետները, անձնակազմին տաբելային գույքի և այլ նյութական միջոցների տրամադրման, շարժվելու և հավաքի կամ աշխատանքների իրականացման տարածք ժամանելու կարգը, հավաքի ժամանակ ստորաբաժանման կառավարման, այն լրիվ պատրաստության բերելու և հավաքի կամ աշխատանքների իրականացման տարածք ժամանելու կարգը, պարետային ծառայության կազմակերպման, նյութական և տեխնիկական ապահովման կարգը:

24. Ստորաբաժանումը ժամանակին լրիվ պատրաստության բերելու պատասխանատվությունը կրում է հրամանատարը: Ստանալով ստորաբաժանումը լրիվ պատրաստության բերելու հանձնարարություն՝ հրամանատարը կազմակերպում է անձնակազմի իրազեկում նախապես մշակված պլանով, ըստ տիրող իրադրության: Անձնակազմը և տեխնիկան ժամանում են հավաքման վայր, որը սովորաբար սահմանվում է կազմակերպության (ձեռնարկության, օբյեկտի) տարածքում:

25. Ստորաբաժանման մեջ ընդգրկված ծառայողները իրենց գործունեության ընթացքում իրավունք ունեն՝

1) փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս անարգել մուտք գործելու կազմակերպությունների տարածքներ, իսկ բացառիկ դեպքերում` նաև քաղաքացիների բնակարաններ, բացելու փակ դռները, պատուհանները, քանդելու ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ.

2) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու անձանց և տրանսպորտային միջոցների շարժը` մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար առաջնահերթ օգտվելու տրանսպորտի, կապի միջոցներից և հաղորդակցության ուղիներից` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իրենց իրավասությունների շրջանակներում.

5) պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները:

26. Ստորաբաժանման մեջ ընդգրկված ծառայողների պարտականություններն են՝

1) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելը.

2) արտակարգ իրավիճակների հետևանքով և մարտական գործողությունների ընթացքում տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովող միջոցառումներ իրականացնելը.

3) աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին) օժանդակելը:

 

VI. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԱՅՐ ՄՈՒՏՔԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

27. Ճանապարհները կառուցվում են` 6-6.5 մ լայնությամբ, երկկողմանի շարժման նպատակով: Եթե երկկողմանի ճանապարհ կառուցելն անհնար է կամ կապված է մեծ աշխատանքների հետ, ապա շարժումը ապահովող ջոկատը կառուցում է երկու միակողմանի ճանապարհ` 3-3.5 մ նվազագույնը լայնությամբ` զուգահեռ ճանապարհներում: Դա իրականացնում են ճանապարհները փլվածքների կտորներից մաքրելու կամ հավասարեցնելու և ամրացնելու միջոցով: Ճանապարհների մաքրումն իրականացվում է այն դեպքում, երբ փլուզման չափերը շատ տարածված չեն և բարձրությունը չի գերազանցում 0.5 մ:

28. Ելնելով իրավիճակից` խմբավորման հրամանատարը ապահովում է ստորաբաժանումների շարժումը, պարզաբանում ստորաբաժանումների խնդիրները և փլուզված տարածքում անցումների կառուցման ընթացքում կազմակերպում է`

1) անցումների ուղղությունների ընտրություն.

2) փլուզման ենթակա շենքերի հայտնաբերում և վերացում.

3) աշխատանքի ընթացքում անհրաժեշտ տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովում.

4) պայթեցման աշխատանքների անվտանգ իրականացում.

5) տեղեկատվական ցուցատախտակների տեղադրման ապահովում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան