«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32617355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 օգոստոսի 2017 թ. |
N 894-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետով`
Հրամայում եմ`
1. Սահմանել լեռնափրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետին` սահմանված ժամկետներում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Տոնոյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները:
2. Սույն կարգը մշակված է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) լեռներ` տեկտոնիկ և հրաբխային պրոցեսների հետևանքով երկրակեղևի բարձրացում (200 մետրից մինչև մի քանի հազար մետր), ցածր (մինչև 1500 մետր), միջին բարձրության (1500 մետրից մինչև 3000 մետր) և բարձր (ավելին քան 3000 մետր).
2) տեկտոնական խզվածքներ` աշխարհագրական թաղանթի ամբողջականության խախտվածություն, որը միասնական զանգվածը բաժանում է երկու մասի.
3) լանդշաֆտ` աշխարհագրական թաղանթի բնական զարգացման ընթացքում առաջացած համասեռ տեղամաս.
4) սողանք` լեռանով ապարների զանգվածի սահք` պայմանավորված ծանրության կենտրոնի տեղաշարժով, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման գերխոնավացման, լանջի լրացուցիչ բեռնվածության, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ գործընթացների հետևանքով.
5) ձյունապատ լանջ` տեղումների տեսքով ձյուն, որը պահպանվում է լանջին շփման ուժի հաշվին.
6) քարանձավ` աշխարհագրական թաղանթի վերին մասում առաջացած դատարկություններ կապված մակերևույթի հետ մեկ կամ մի քանի մուտքային ճեղքվածքներով.
7) քարաթափում` բեկորների կուտակում և անկում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա` ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից:
ԳԼՈՒԽ 2.
ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխատանքներն ունեն իրենց առանձնահատկությունները: Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխատանքների առանձնահատկությունները պայմանավորված են բարդ ժայռային, կտրտված ռելիեֆով, մթնոլորտային օդի նոսրությամբ, ուժեղ քամիների, ամպամածության, ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայությամբ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով, սննդի բնական աղբյուրների սահմանափակությամբ կամ դժվարամատչելիությամբ, ջրի օգտագործման, տաքացման դժվարություններով, ձնահյուսերի, քարաթափերի, սողանքների, սելավների առաջացման վտանգներով։
5. Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխատանքները բաժանվում են հետևյալ խմբերի՝
1) բարձր լեռնային գոտիներում.
2) ձնահոսքերի, սելավների, փլուզումների գոտիներում.
3) կանաչապատ, անտառածածկ, ձյունապատ լեռնային տեղանքում.
4) քարանձավներում.
5) սառցադաշտերի և սառցաթափերի տարածքներում.
6) ժայռային հատվածներում.
7) լեռնային գետերում և ջրային տարածքներում.
8) զբոսաշրջիկների երթուղիներում և լեռնային մարդաշատ հանգստավայրերում, մարզաբազաներում, լեռնագնացների ճամբարներում:
ԳԼՈՒԽ 3.
ԼԵՌՆԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԸ
6. Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտություն է առաջանում տեղաշարժվել լեռնային տարբեր լանդշաֆտներով։ Երկարատև անցումների և բարդ տեղամասերի հաղթահարման դեպքում ռիսկի նվազեցման և ուժերի խնայողության նպատակով անհրաժեշտ է պահպանել շնչառական և տեղաշարժման ներդաշնակ ռեժիմ։ Հավասարաչափ շնչառությունը` երկարատև բեռնվածության ժամանակ գլխավոր գործոնն է։ Ծանր վերելքներին քայլերի հաճախականությունը համապատասխանեցվում է ռիթմի հետ (օրինակ ձախ քայլով արտաշնչել, աջ քայլով շնչել)։ Մեկ շնչառության փուլին կարող են համապատասխանել մեկ կամ շատ քայլեր (լեռնային պայմաններում)։ Քայլի և շնչառության հավասարաչափությունը թույլ կտա պահպանել ուժերը։ Օրգանիզմի գերհոգնածությունից խուսափելու համար պետք է շնչել քթով։ Քայլի երկարությունը որոշվում է վերելքի աստիճանով։ Ոչ կտրուկ ռելիեֆում քայլերը երկարում են, զառիթափում կարճանում։ Քայլելու ընթացքում պետք է հնարավորինս չափով հենվել ամբողջ ներբանի վրա։ Որոշ դեպքերում պետք է քայլել ոտնաթաթերի վրա։ Միջին թեքության լանջերը նպատակահարմար է անցնել զիգզագաձև։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խոնավ, զառիթափ, կանաչապատ լանջերին։ Կանաչապատ լանջով բարձրանալիս ոտքը դնում են ամբողջ ոտնաթաթով, որպեսզի ավելացվի կոշիկի շփման մակերեսը լանջի հետ։ Լանջի 10° թեքության դեպքում ոտնաթաթերը վերելքի ժամանակ թեքում են դեպի դուրս (եղևնաքայլ)։ Վայրէջքի ժամանակ ոտնաթաթերը դրվում են ուղիղ ամբողջ ներբանով, մի փոքր ծալված ոտքերը զսպանակում են։ Վազքով իջնելու դեպքում փոքր և արագ քայլեր են արվում։
7. Զառիթափ, կանաչապատ լանջերի վրա նպատակահարմար է քայլել կատվիկներով։ Փլվածքներով և լեռնապարների կույտերի վրայով շարժումը քարաթափումների վտանգ է ներկայացնում։ Վերելքի ժամանակ ոտքերի հենման համար պետք է ընտրել մեծ բեկորներ։ Շարժումը դեպի վեր հնարավոր չափով իրականացվում է նույնպես ուղիղ գծով կամ շեղակի։ «Կենդանի» փլվածքով տեղանքում պետք է շարժվել շեղակի, որ հանկարծակի պոկված քարը չվնասի փլվածքից ներքև գտնվող փրկարարներին։ Այն դեպքում, երբ շեղակի քայլել հնարավոր չէ, դանդաղ բարձրանալ ուղիղ վերև, գտնվելով հնարավորին չափ իրար մոտ։ Առավել վտանգավոր են այն փլվածքները, որոնք առաջացել են ժայռային հիմքերի կամ շարժվող սառցադաշտերի վրա։ Մեծ ուշադրություն է պահանջում տեղափոխությունը փլվածքներով անձրևի և մառախուղի ժամանակ, որովհետև կտրուկ աճում է քարաթափումների վտանգը։ Մանր քարերից կազմված քարաթափման դեպքում կարելի է իջնել քարերի հոսանքի հետ սողալով։ Եթե ներքև է իջնում քարերի մեծ զանգված, ապա պետք է արագ տեղափոխվել քարաթափի հարևան հատված։ Եթե մեծ քարը չի հաջողվել կանգնեցնել կամ էլ, եթե որևէ մեկը տեսնում է վերևից եկող քարը, պետք է անմիջապես բարձր հստակ ձայնով բացականչել «Քար», բայց ոչ խուճապահար։ Դեպի ներքև եկող քարից պետք է կամ կողք կանգնել կամ կքանստել։ Մեծ քարաթափից պետք է թաքնվել մոտակա ժայռերի կամ մեծ քարերի հետևում:
8. Ձյունապատ լանջերով շարժվելիս փրկարարները դնում են պաշտպանիչ ակնոցներ, հագնում լեռնային համազգեստներ, ձեռնոցներ, լեռնային կատվիկներով կոշիկներ։ Փափուկ ձյան միջով քայլելիս խուսափելով ոտնաթաթերով ուժեղ հարվածից, անհրաժեշտ է ձյունը սեղմելով աստիճաններ ստեղծել։ Խոշոր փաթիլներով ձյան պայմաններում աստիճանները ստեղծվում են լեռնային կոշիկների տակաեզրերով։ Եթե ձյան շերտը սառած է, ապա աստիճանները ստեղծվում են սառցակտրիչով։ Ամուր ձյան շերտի վրա կատվիկները լավ են պահում։ Որպես կանոն ձյունապատ լանջի վրա գործում է երկու հենման կետի սկզբունքը և միայն շատ զառիթափ լանջերին, սառցակտրիչով, ստեղծվում է երեք հենման կետ։ Պահպանվում է մարմնի ուղղահայաց դիրքը, որը կանխարգելում է աստիճանների փլուզումը։
9. Քայլել անհրաժեշտ է քայլ-քայլ, առաջնորդող փրկարարին պետք է պարբերաբար փոխել։ Ձյունահյուսի վտանգ ունեցող գոտիներում պետք է խուսափել երկար անցագոտիներից, որպեսզի չկտրել ձյունապատ լանջը, քանի որ ձյունապատ լանջում անցագոտիների բացումը կարող է բերել ձնահոսքի։ Ձյունահոսքն առաջինը նկատող փրկարարն անհապաղ բացականչում Է «Ձնահոսք վերևից» (աջից կամ ձախից)։ Այդ դեպքում փրկարարները թաքնվում են ելնելով տեղանքից (ժայռ, քար, ծառ և այլն), ծածկում դեմքը որևէ իրով, որպեսզի չխեղդվեն։ Եթե ձյունահոսքից դուրս գալ հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է ձերբազատվել ցանկացած բեռից և ամբողջ ուժերով փորձել մնալ ձյան մակերեսին, այնուհետև լողաշարժումներով հասնել ձնահոսքի ծայրին։ Ոչ շատ կտրուկ լանջերով փրկարարները բարձրանում են եղևնաձև լեռնային կոլիկների տակակողերով` աստիճաններ ստեղծելով։ Այն լանջերով, որտեղ ձնահոսքի վտանգ չկա, հնարավոր է զիգզագաձև վերելք։ Վերելքների ժամանակ, ձյունապատ լեռների վրա, աստիճանները ստեղծում են կոշիկների թաթով, սառցակտրիչները պահում են առջևում համարյա մինչև գլուխը խրած ձյան մեջ։ Երկու ոտքով նոր աստիճանների վրա լավ ամրանալուց հետո, կարելի է տեղափոխել սառցակտրիչները դեպի վերև։ Ոչ զառիթափ լանջով պետք է իջնել մեջքով դեպի լանջը, փոքր քայլերով` կրունկները մխրճելով ձյան մեջ։
10. Զառիթափ լանջերով վայրէջքը նման է վերելքին` հակառակ հաջորդականությամբ։ Ձյան շերտի և սառած լանջի վրա փրկարարներն իջնում են կատվիկներով, վտանգավոր լանջերի վրա տեղաշարժը կատարվում է ապահովման սարքեր օգտագործելով։ Անվտանգ լանջերից վայրէջք կարող է իրականացվել երկու ոտքով սահելով։ Վայրէջքի ժամանակ սառցակտրիչի ծայրով հենվում են հետևից։ Ծանր ուսապարկով 40° կտրուկ լանջերից վայրէջքն արգելվում է։ Մինչև 30° սառցալանջերով բարձրանալիս փրկարարները բարձրանում են ուղղահայաց ոտքը ելքաձև դնելով։ Ոտքը սառույցին դնելով, միանգամից կատվիկի բոլոր ատամներով (բացի դիմացի) ոչ ուժեղ խփում են նրա մակերեսին։ Մինչև 40° զառիթափ սառցալանջերով քայլում են զիգզագաձև։ Մարմնի դիրքը պետք է պահել ուղղահայաց` չմոտեցնելով լանջին։ Երկու ձեռքով սառցակտրիչի ծայրով հենվում են լանջին։ 40°֊ից բարձր լանջերը պետք է բարձրանալ կատվիկների չորս դիմացի ատամների օգնությամբ, ոտքի հարվածով զույգ ատամները մխրճելով սառույցի մեջ։ Երկրորդ զույգ ատամներն այդ դեպքում արագ մխրճվում են սառույցի մեջ և մարդու զանգվածի շնորհիվ, չեն թողնում սահել։ Ոտքը պետք է քիչ ծալել ծնկներում, ոտնաթաթերը դնելով հորիզոնական դիրքում։ Վերելք պետք է կատարել երկու հենման կետի կանոնով, հենվելով սառցակտրիչի վրա։
11. Մեծ բարդություն է ներկայացնում ժայռային տեղանքում տեղաշարժը։ Այն երթուղիներում, որտեղ կա քարաթափումների վտանգ, պետք է օգտագործել պաշտպանիչ սաղավարտներ։ Գոյություն ունեն ժայռամագլցման մի շարք կանոններ, որոնց պահպանումը պարտադիր է բոլոր փրկարարների համար, որի համար անհրաժեշտ է`
1) երթուղու այն հատվածի մանրակրկիտ ուսումնասիրումը, որը պետք է հաղթահարի փրկարարը։ Երթուղու վրա պետք է նշել այն տեղերը, որոնք նախատեսված են ապահովման և հանգստի համար; երթուղու ընտրությունը պայմանավորված է ճանապարահատվածի հաղթահարման դրությամբ, դժվարին հատվածների շրջանցման հնարավորությամբ և անվտանգությամբ.
2) հենման երեք կետերի պահպանման համար օգտվել ժայռի անհավասարություններից; փրկարարը մագլցում է ձեռքերի և ոտքերի օգնությամբ, այսինքն՝ կան չորս հենակետեր, որոնցից մեկն ազատ է և օգտագործվում է հարմար հենակետ գտնելու համար; դրա շնորհիվ ազատվում է ծանրաբեռնված հենակետից մեկ ձեռքը կամ ոտքը; բոլոր դեպքերում պահպանվում են երեք հենակետերը.
3) մինչև հենակետի ծանրաբեռնումը ստուգել վերջինիս ամրությունը; ստուգումը վերելքների ժամանակ հիմնականում կատարվում է ձեռքի օգնությամբ, իսկ վայրէջքների դեպքում՝ ազատ ոտքի հարվածով.
4) ժայռամագլցման ժամանակ չծանրաբեռնել ձեռքերը; նրանցով հիմնականում պահպանվում է մարմնի հավասարակշռությունը, իսկ մարմնի հիմնական ծանրությունը բաժին է ընկնում ոտքերին; երբ հարկ է լինում աշխատանքն ակտիվացնել, ապա շարժման ժամանակ պետք է օգտագործել բռնման և հենման տարբեր եղանակներ.
5) ժայռամագլցման ժամանակ մարմինը պահել ուղղահայաց դիրքով, նվազեցնել ճոճումներն ու թեքումները, չկատարել մեծ քայլեր.
6) ժայռերը հաղթահարելիս շարժումը կազմակերպել հավասարաչափ, առանց լարվելու, կծկվելու և գցվելու, որպեսզի հավասարակշռության կենտրոնը դուրս չգա հենման մակերեսից և քայլերը դառնան վտանգավոր, հոգնեցնող.
7) փխրուն ժայռատեսակների հաղթահարման ժամանակ հնարավորինս մոտ լինել ժայռին, իսկ միաքար և ամուր ժայռերը հաղթահարելիս պետք է նրանից քիչ զատվել.
8) ձգտել երթուղին հաղթահարել ամենակարճ ճանապարհով.
9) բարձրության վրա գործել զգույշ և մտածված։
12. Աստիճանական ժայռերով փրկարարները պետք է բարձրանան աստիճանի պես։ Ժայռամագլցման ժամանակ հենակետի վրա ոտքի ճնշումը պետք է լինի ուղղահայաց դիրքով, որը ստեղծում է կայուն վիճակ։ Հենակետի դիրքին և ամրությանը համապատասխան, ոտքերը ժայռի վրա դրվում են լրիվ ներբանով, տարբեր դիրքով։ Ժայռաճեղքերը կարող են օգտագործվել ժայռերի դժվար հատվածները հաղթահարելիս։ Ժայռից վայրէջքն առավել վտանգավոր է տեխնիկական բարդության պատճառով։ Ոչ բարդ ժայռերից պետք է իջնել լանջի մեջքով, որպեսզի երևա վայրէջքի ճանապարհը և հենման կետը։ Զառիվեր լանջերից պետք է իջնել դեմքով դեպի լանջը։
13. Պարանի օգնությամբ ամենահաճախ օգտագործվող եղանակը մարզականն է՝ զսպանակակեռիկով և «դյուլֆեռի» եղանակով։ Այն դեպքում, երբ հաղթահարման հատվածը բարդ է ինքնուրույն անցնելու համար փրկարարները պետք է գնան երկուսով կամ երեքով և իրականացնեն փոխադարձ ապահովում, որը թույլ կտա գահավիժման դեպքում պահել փրկարարին։ Կապաշարով շարժվելու ժամանակ ապահովումն ունենում է հետևյալ ձևերը՝
1) միաժամանակյա, երբ բոլոր մասնակիցները միաժամանակ են շարժվում.
2) փոփոխական, երբ մեկը շարժվում է, իսկ մյուսը՝ ապահովում։
Միաժամանակյա շարժման ժամանակ ապահովումը կազմակերպվում է շարժման ընթացքում։ Այս դեպքում պարանը գցում են ցցվածքներից, զսպանակակեռից, ճեղքերից։ Ապահովման այս ձևը կիրառվում է երթուղու հատվածներում։ Տեղանքի բարդացման դեպքում հնարավոր է միայն փոփոխական ապահովման կազմակերպումը։ Վերևում գտնվող փրկարարն իրականացնում է ապահովումը վերևից, ներքևի փրկարարը` ներքևի ապահովումը։ Փրկարարը պետք է տիրապետի բազմազան կապերի ձևերի, որպեսզի տարբեր հանգամանքներից ելնելով օգտագործի:
14. Եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել ժայռերում, տուժածներին պետք է տեղափոխել ներքև։ Եթե տուժածի վնասվածքն աննշան է, վայրէջքն իրականացվում է առանց ուղեկցողի։ Վայրէջքի երթուղին պետք է ունենա կանգառի հրապարակներ։ Վայրէջքի համակարգերն ամրացվում են մի քանի հենման կետերից (սեպերից, ժայռային ցցվածք)։ Սառույցով կամ ձյան շերտով վայրէջքի ժամանակ վայրէջքի համակարգն ամրացվում է սառցակտրիչի վրա։ Ուղեկցողի բացակայության պայմաններում տուժածին իջեցնում են պարանից հյուսված զամբյուղով և տուժածը հնարավորինս հրվում է ժայռից ձեռքով և ոտքերով:
15. Ծանր վնասվածքով տուժածին պետք է իջեցնել ուղեկցողի հետ։ Երբ չկա ուղեկցող, իրականացվում է հիմնական պարանի օգնությամբ և 1-1,2 մետրանոց երկրորդական պարանով։ Հիմնական պարանի ծայրին կապվում է կրկնակի ուղեկցողի հանգույցը, որը հագցվում է տուժածի ազդրերին։ Կապի օղակների երկարությունը չպետք է գերազանցի 40-45 սանտիմետրից։ Վայրէջքի բոլոր դեպքերում երկրորդական պարանով հիմնական պարանի վրա տուժածի գլխի մակարդակին կապվում է բռնող հանգույց և նրան միացվում ապահովման գոտին, որը թույլ կտա խուսափել տուժածի անկումից։ Եթե տուժածը իջնում է ուղեկցողի հետ, երկու պարանի, երկու ծայրին կապվում են ուղեկցողի կրկնակի հանգույցներ, որոնք ծառայում են որպես նստատեղ տուժածի և ուղեկցողի համար։ Այնուհետև երկու պարանները միացվում են հասարակ հանգույցով այնպես, որ մեկ «Զամբյուղը» գտնվի հանգույցից մոտ 1,2 մետր տարածության վրա, մյուսը՝ 90 սանտիմետր։ Ուղեկցողը հագնում է «Զամբյուղը» երկու ծայրով, տուժածը` կարճը։ Ուղեկցողը և տուժածը կապվում են բռնող հանգույցով պարանների միացման կապից քիչ ներքև։
16. Ծանր վնասվածքով տուժածներին իջեցնում են պատգարակներով հորիզոնական դրությամբ։ Ուղեկցողն ապահովման գոտիով կամ երկրորդական պարանով ամրացնում է պարանը իրեն այնպես, որ պատգարակները գտնվեն կրծքի մակարդակին։ Պատերից կամ զառիվեր լանջերից տեղափոխման ժամանակ օգտագործվում է նաև «Զամբյուղ» պատգարակը:
17. Պարաններից պատգարակները լինում են հետևյալ տեսակների`
1) գործած.
2) զամբյուղ.
3) ձողանի օգտագործմամբ:
18. Հիմնական պարանի ծայրին կապում են ուղեկցող հանգույցը (պատգարակների ստորին մասը)։ Հաշվի առնելով տեղափոխման առանձնահատկությունները պատգարակին միացնում են ձող կամ զսպանակակեռիկի օգնությամբ միացնում իջնող պարանին։ Իջնող պարանի արգելակումը կատարվում է 2-4 զսպանակակեռիկներով։ Վայրէջքը զսպանակակեռիկային արգելակման միջոցով պետք է ընթանա հավասարաչափ և դանդաղ։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում տուժածին բարձրացնել պատով կամ լանջով վեր։ Վերելքն իրականացվում է «ճախարակի» օգնությամբ, որը բաղկացած է կարճ պարաններից և զսպանակակեռից։ Տուժածին ուղեկցված պարանը դրվում է զսպանակակեռի մեջ (վերև) այնուհետև զսպանակակեռից ցած կապում են բռնող հանգույցը, որի ծայրն ամրացնում են մոտակա խփված սեպից։ Հիմնական պարանի վրա, ինչքան կարելի է ցածր կապվում է բռնող հանգույց կարճ օղակը, որն անցկացնում են ստորին զսպանակակեռիկի մեջ։ Վերին զսպանակակեռից եկող պարանը կոճկվում է ստորին զսպանակակեռիկի մեջ և բարձրանում նորից տուժածներին բարձրացնող փրկարարների մոտ։ Երբ ստորին բռնող հանգույցը մոտենում է վերին զսպանակակեռին, թուլացած կապի միջով պարանը քաշվում է։ Բեռնվածության անկման դեպքում հանգույցն ինքը կֆիքսի պարանը և ստորին բռնող հանգույցը կտեղափոխվի ելման դրություն։ Փակ կամ բաց սառցադաշւոի անցման ընթացքում մշտապես առկա է ճեղքվածքների մեջ ընկնելու վտանգը։ Ճեղքվածքի մեջ հայտնաբերելով տուժածի գտնվելու վայրը` փրկարարն իջնում է և ցույց է տալիս առաջին օգնություն։ Ճեղքվածքների մեջ ընկնելը, որպես կանոն, բերում է լուրջ վնասվածքների, այդ իսկ պատճառով տուժածին պետք է բարձրացնել «Բեսեդկա» փրկարարական հնարքով։ Վերելքի համակարգը կազմակերպվում է այնպես, որ տուժածը վերելքի ժամանակ չդիպչի պարանին: Դրա համար վերելքի պարանն անցնում է զսպանակակեռիկից, որն ամրացված է պարանից ճեղքի հակառակ կողմի վրա։ Պարանը նախ անցնում է վերը նշված զսպանակակեռիկից, բռնող կապից, զսպանակակեռիկից ամրացված սեպից և վերադառնալով սեպից ամրացած զսպանակակեռիկին, նրա միջով դուրս է գալիս դեպի փրկարարները։
19. Վերելքն իրականացվում է հետևյալ կերպ, հրահանգով վերելքի պարանը ձգվում է և ֆիքսվում բռնող հանգույցով, այնուհետև պարանը տեղափոխվում է առաջ և նորից ձգվում։ Երբ տուժածը բարձրացվել է ճեղքվածքի եզրին, հակառակ կողմում գտնվող փրկարարները ձգում են և բարձրացնում տուժածին։ Տուժածին «Բեսեդկայով» բարձրացնելու համար պահանջվում է 2-3 փրկարար, իսկ պատգարակով՝ 5-6։ Այն տուժածներին, որոնք գտնվում են ժայռային, ձյան, սառցե փլվածքների տակ` ազատում են փոքր մեխանիզացիայի միջոցով, սակրային գործիքներով։ Այդ ժամանակ անհրաժեշտ է տուժածներին ապահովել թարմ օդի հոսքով։
20. Արգելվում է վերոհիշյալ դեպքերում օգտագործել ինժեներական տեխնիկա, որովհետև մեծանում է տուժածին ծանր վնասվածքներ հասցնելու հավանականությունը։ Ինժեներական տեխնիկայի օգտագործումը հնարավոր է միայն աշխատանքների մեծ ծավալի և ժամանակի սղության դեպքում։
21. Ձյան ու սառցե փլվածքներում բացվածքներն իրականացվում են սակրային գործիքների և մի շարք հատուկ սարքավորումների օգնությամբ (հիդրավլիկ, մեխանիկական, պնևմատիկ, կարպիկներ)։ Փլվածքների տեղափոխվող հատվածները և բացվածքի առաստաղը ամրացվում է տարբեր չափերի ձողերով։ Ամրացման եղանակները, քանակը և անկյունները կախված են տվյալ իրավիճակից, բայց մշտապես պետք է ապահովել փլվածքի բացվածքի տարածքը, ինչպես լայնակի, այնպես էլ երկայնակի ուղղություններով։ Բացվածքի աշխատանքները կատարվում են խմբով` 4-ից ոչ պակաս փրկարար և հրամանատար։ Բացվածքի տրամագիծը պետք է լինի առնվազն 0.5-0.6 մ2 ։ Տուժածների գտնվելու վայրի տրամագիծը հնարավորության դեպքում պետք է մեծացվի այնքան, որը թույլ կտա ստեղծել անհրաժեշտ պայմաններ տուժածին շտապ բժշկական օգնություն ցույցաբերելու և տեղափոխումը կազմակերպելու համար։
ԳԼՈՒԽ 4.
ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՈՒՄ
22. Քարանձավներում որոնողափրկարարական աշխատանքների առանձնահատկությունները պայմանավորված են քարանձավների հնարավոր գազավորվածությամբ, ջրի հետ կապված վտանգներով, ցրտի, մթության առկայությամբ, արհեստական փլատակների, քարաթափումների վտանգներով, մոլորվելու հավանականությամբ, քարանձավի ծխապատությամբ, նեղ բացվածքներով խորշերի առկայությամբ, հոգեբանական լարվածության հետ կապված վտանգներով։ Վտանգավոր հատվածները պետք է արագ անցնել։
23. Բոլոր քարանձավներում գործնականորեն առկա են տարբեր վնասակար գազերի պարունակություններ։ Գազերի առավել բարձր խտություն է նկատվում վատ օդափոխվող «Գրպաններում», կույր խորշերում։ Վտանգավոր գազերը չունեն գույն և հոտ։ Նրանց առկայությունը հայտնաբերվում է տարբեր գազերի համար նախատեսված ինդիկատորային խողովակների և գազանալիզտորների միջոցով կամ այրվող լուցկու բոցով։ Ածխաթթու գազի առկայության դեպքում լուցկին հանգչում է, ածխաջրի ժամանակ՝ ուժեղ մրում, մեթանի դեպքում այրվում է անբնական պայծառ։ Այն քարանձավում, որտեղ լուցկին չի այրվում, առանց շնչադիմակի և հակագազի գտնվելը վտանգավոր է։ Մեթանի և ածխաջրի առկայության դեպքում խիստ անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային կանոնները։ Բավականին մեծ վտանգ է ներկայացնում բնական ռադիոակտիվ գազը` ռադոնը։ Մարդու կողմից ներշնչվելով՝ դրանք նստում են թոքերում և ընդունակ են առաջացնելու որոշ ուռուցքային հիվանդություններ։ Օդում ռադոնի առկայության հայտնաբերման համար օգտագործվում է հատուկ ռադոնային գազաչափիչ-սնիֆեռ։ Քարանձավներում իոնիզացնող ճառագայթման վտանգը կարելի է նվազեցնել։ Դրա համար անհրաժեշտ է՝ կրճատել մարդկանց աշխատելու ժամանակը, օգտագործել այնպիսի հակագազեր, որոնք ընդունակ են պաշտպանելու ռադոնի վտանգավոր տարրերից:
24. Եթե քարանձավում բացակայում են ֆոսֆոր պարունակող ռադիոակտիվ նյութերը` ապա այնտեղ բացարձակ մթություն է։ Ստորգետնյա երթուղիներում հարկավոր է ունենալ 2 լույսի աղբյուր 1 մարդու համար։ Եթե դրանք լապտերներ են, ապա իրենց հետ պետք է ունենան մարտկոցների լրացուցիչ լրակազմ։ Մոմերը և այրման միջոցները պետք է գտնվեն հերմետիկ փաթեթի մեջ։ Բացարձակ մթությունը քարանձավում թույլ չի տալիս նախօրոք նշել շարժման հատուկ երթուղին։ Քարանձավի պատերը համարյա միշտ խոնավ են լինում։ Դրա համար քարանձավում անհրաժեշտ է շարժվել փափուկ և մարմինը տեղափոխել մի ոտքից մյուսը միայն, երբ հենման ոտքը հավասար կկապակցվի ժայռային մակերեսին։ Ոտնաթաթի սխալ դիրքը թաց մակերեսին կարող է բերել վնասվածքի։ Մթության մեջ տարածության սխալ գնահատման և փլվածքների քարերի անկայունության պայմաններում թռչկոտել քարից քար քարանձավում արգելվում է։ Քարանձավում տեղաշարժման տեխնիկան համընկնում է նմանատիպ լեռնային ռելիեֆում տեղաշարժին։
25. Ուղղահայաց տարածքներում աշխատանքի ժամանակ կա քարաթափումների վտանգ, որոնք առաջանում են վերևում գտնվող մարդկանց սխալ գործունեության պատճառով (աշխատող գործիքներ, ձայնի վիբրացիա)։ Ուղղահայաց տարածքներում աշխատելիս պետք է հետևել անվտանգության կանոններին, որոնք կիրառվում են ժայռամագլցման ժամանակ։ Վտանգավոր հատվածներում խոսել կարելի է միայն շշուկով և տեղաշարժվել ամենայն զգուշությամբ։ Քարանձավներում չի կարելի բղավել։ Հնարավորինս պետք է խուսափել օգտագործել այնպիսի սարքավորումներ, որոնք բարձր ձայն են հանում կամ ստեղծում տատանումներ։ Քարանձավներում պետք է գտնվել պաշտպանական սաղավարտով։
26. Առավել վտանգավոր են շթաքարերը՝ անկայուն բնական և արհեստական հենարանի հետ, կավե հենքի վրա, որոնք կարող են հանկարծակի փլվել։ Այդպիսի գոտիները պետք է անցնել արագ, առանց ձայնի։
27. Լաբիրինթոսներում, հանքերում և բազմահարկ քարանձավներում` մոլորվելուց խուսափելու և կողմնորոշվելու համար, անհրաժեշտ է նշել երթուղային բոլոր ուղղահայաց կամ հորիզոնական խաչմերուկները։ Նշումները կարելի է անել քարով քարանձավի հիմքում կամ նշաններ փորելով նկարել պատկերի վրա։
28. Լույսի աղբյուների օգտագործումից, խարույկներից քարանձավում առաջանում է ծխապատություն։ Քարանձավների ծխապատումը թույլ, բնական օդափոխության պատճառով կարող է երկար ժամանակ պահպանվել որոշ ստորգետնյա հատվածներում և վտանգավոր լինել մարդկանց համար։
29. Վտանգներ կապված սարքավորումների սխալ օգտագործման հետ՝
1) անսարք սարքավորումների օգտագործում.
2) իմպուլսային լամպի հերմետիկ չլինելու պատճառով հոսանքահարում.
3) խտացված օդի թթվածնի բալոնների պայթյուն.
4) հատուկ հանդերձանքի անբավարարության պայմաններում աշխատանքների իրականացում։
30. Ապահովման և ինքնապահովման հրահանգների սխալ չկիրառելու համար անհրաժեշտ է նախօրոք իրականացնել նախապատրաստական աշխատանքներ և սարքավորումների ու հանդերձանքի մանրազնին ստուգումներ` պահպանելով անվտանգության կանոնները: Նեղ բացվածքներով խորշերը հաղթահարելիս դրանց մեջ խցանվելու վտանգ կա։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է՝
1) օգտագործել քարանձավային համազգեստ.
2) ընտրել երթուղու հաղթահարման ճիշտ մարտավարություն.
3) հնարավորինս մաքրել ճանապարհը.
4) ներքև իջնել, խորշերի անցումը հաղթահարել ոտքերով առաջ դրությամբ։
31. Հոգեբանական լարվածության հետ կապված վտանգները կախված են մարդու հոգեբանությունից, աշխատունակության աստիճանից, հոգնածությունից և անբարենպաստ գործոնների միաժամանակյա ազդեցության պայմաններում հարմարվելու ընդունակությունից։ Հոգեբանական լարվածությունն ի հայտ է գալիս անհատի վրա՝ վայրի, ջրի, մթության, միայնակության, բարձրության, փակ տարածության ազդեցություններից։ Քարանձավները, ի տարբերություն նորմալ պայմանների, ունեն յուրահատուկ կենսաէներգետիկա և օդի բաղադրություն։ Ստորգետնյա երկարաժամկետ աշխատանքը բերում է նրան, որ մարդու օրգանիզմը 24-ժամյա ռեժիմից անցնում է 48 ժամի։ Արդյունքում վատթարանում են մարդու տեսողությունը, հիշողությունը, բարձրանում է հոգնածությունը, իջնում օրգանիզմի պաշպանողական ֆունկցիաները։ Այդ ամենը կարող է բերել սխալների և վթարային իրավիճակի։ Ոչ բոլոր մարդկանց կարող են օգնել հատուկ մարզումները և ուսուցումը, որպեսզի նա խույս տա վտանգներ ստեղծող հոգեբանական վիճակից։ Այդ իսկ պատճառով քարանձավում փրկարարական աշխատանքներ անցկացնելու համար պետք է լինել պատրաստված։
32. Եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել քարանձավում, փրկարարական աշխատանքներին պետք է ներգրավել այն մասնագետներին, որոնք նմանատիպ աշխատանքների փորձ ունեն։ Հանդերձանքն ու սարքավորումներն ընտրվում են սպասվող աշխատանքին համապատասխան։ Այն դեպքում, եթե որոնողափրկարարական աշխատանքը տեղի է ունենալու անծանոթ քարանձավում, ապա անհրաժեշտ է պատրաստվել և վերցնել որոշ քանակությամբ հանդերձանք, որը թույլ կտա ցանկացած իրավիճակում անվտանգ աշխատել։ Եթե քարանձավի մուտքն իրենից ներկայացնում է ճեղքվածք, նախօրոք պետք է չափել նրա խորությունը, նետելով հատակին քար ու չափել վայրկյանաչափով անկման տևողությունը։ Միջին մեծության քարը նետել այնպես, որ այն գոնե տեսանելիության սահմաններում չդիպչի պատերին և չառաջացնի քարաթափում։ Այնուհետև գտնելով աղյուսակի տվյալները, կարելի է որոշել խորությունը։ Կախված խորությունից ընտրվում են անհրաժեշտ պարանների երկարությունները և ապահովման եղանակները։ Հաշվի առնելով ռեժիմի առանձնահատկությունները ընտրվում է համապատասխան ժայռամագլցման տեխնիկա։
33. Քարանձավի խորությունը որոշվում է քարի ազատ անկման միջոցով, որը ներկայացված է աղյուսակում`
Դիտարկվող անկման ժամանակը, վրկ |
Խորությունն ազատ անկման ժամանակ օդի մեջ |
1 |
4 |
2 |
18 |
3 |
40 |
4 |
60 |
5 |
85 |
6 |
112 |
7 |
142 |
8 |
170 |
34. Եթե դժբախտ դեպք է պատահել քարանձավում խմբի մեկ կամ մի քանի մասնակիցների հետ, իսկ տվյալ խումբը չի կարողանում ինքնուրույն օգնություն ցույց տալ տուժածներին, ապա որոնողափրկարարական աշխատանքներին ընդգրկում են փորձառու քարանձավագետների ու փրկարարների։
35. Բարդ քարանձավներում նախօրոք անհրաժեշտ է ընտրել անվտանգ երթուղի` տուժածներին տեղափոխելու համար։ Այդ նպատակով փրկարարները ծավալում են ստորգետնյա հիմնական ճամբար, ուր և տեղափոխում են տուժածներին։ Նրանց հագցնում են չոր, տաք հագուստ, ցուցաբերում առաջին օգնություն, կերակրում տաք սննդով, այնուհետև տեղավորում քնապարկի մեջ։
36. Քարանձավների կենսաէներգետիկան վնասակար է մարդու համար և չնչին վնասվածքը կարող է մահացու լինել։ Այդ պատճառով որքան հնարավոր է արագ պետք է տուժածին դուրս բերել քարանձավից։
37. Առաջին օգնությունից բացի, փրկարարները նախապատրաստում են քարանձավի համապատասխան հատվածները տուժածին տեղափոխելու համար: Ընտրվում է տեղափոխման լավագույն երթուղին, որոշվում են ժայռաքար հատվածին համապատասխան տեղափոխման եղանակները։
38. Հանգստի համար ընտրվում են մի քանի անվտանգ տեղամասեր։ Հորիզոնական թեք հատվածներում տուժածին նպատակահարմար է տեղափոխել փափուկ պատգարակներով։ Ուղղահայաց հատվածները հաղթահարում են ապահովման գոտիով, ուղեկցողի հետ։
39. Ստորգետնյա լճերը և գետերը հաղթահարում են փչովի նավակներով։
40. Եթե դժբախտ դեպքը քարանձավում տեղի է ունեցել ջրի վրա, ապա տուժածների փրկումն իրականացվում է ջրասուզական հանդերձանքի օգտագործումով, ջրային համազգեստը պետք է լինի կրկնակի տաք և լուսավորությունը կրկնակի հզոր։ Բավականին դժվար է տուժածների որոնումը բազմահարկ քարանձավներում։ Բնականաբար որքան շատ փրկարարներ ներգրավվեն որոնման մեջ, այդքան շուտ կգտնվեն մոլորվածները։
41. Որոնումը կարող է իրականացվել`
1) հետքերով, որոնք թողել են տուժածները, կորցրած կամ դիտմամբ թողած առարկաներով.
2) որոնողական շների ներգրավումով, եթե գազերի խտությունը թույլ է տալիս.
3) լսողական և գիշերային դիտարկման հատուկ սարքերով։
42. Ըստ փրկարարների խմբերի մեջ բաշխված հատվածների՝ միջանցքների, քարանձավային հարկերի, հնարավոր է նաև ազատ որոնման անցկացում, որի դեպքում փրկարարների մի խումբը հերթականորեն դիտարկում է քարանձավի բոլոր տեղամասերը անկախ նրա վտանգավորության աստիճանից։ Տուժածներին հայտնաբերելուց և առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրանց անհրաժեշտ է, որքան հնարավոր է արագ դուրս բերել քարանձավից։
43. Լեռնային տեղանքում փրկարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է տուժածներին արագ տեղափոխել վտանգավոր գոտուց՝ քարաթափումներից, ձնահոսքերից փակ տարածք և ցուցաբերել հնարավոր բժշկական և հոգեբանական օգնություն։